Սաքունց. Հակապետական մոտեցումն ամրագրված է իշխանությունների քաղաքականության հիմքում
21:42, December 8, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից է թերևս ՀՀԿ-ական պատգամավորների մեկը մյուսին հաջորդող հայտարարությունները:
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով երկրում համատարած թանկացումներին, ասել էր. «Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:
Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ էր անդրադարձել թանկացումներին. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»:
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր հերթին նշել էր, որ վատ բան չի տեսնում երկրից հեռանալու մեջ, եթե այն ընտանիքի բարեկեցության համար է.
«Կարծում եմ, որ ընտանիքի բարեկեցության համար ճիշտ են անում, գնում են»:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան, որին միացել է նաև ՀՀ-ն, սահմանում է, որ դրանում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից: Սա փաստում է այն մասին, որ որևէ կերպ մարդկանց միջև խտրականություն չպետք է դրվի, այն էլ իրեն ժողովրդավարական հռչակած երկրում:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Հայաստան 24»-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավորների հայտարարություններին:
«Այս հայտարարությունները իշխող քաղաքական ուժի, այսինքն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխող կուսակցության քաղաքական տրամաբանության շրջանակներում են գտնվում, որի առաջին դրսևորումը՝ նկատի ունեմ սոցիալական սեգրեգացիայի (խմբ. – սեգրեգացիա՝ ռասայական, ազգային, կրոնական և սոցիալական անբարյացակամության հետևանքով բնակչության որևէ հատվածի կամավոր կամ հարկադրական մեկուսացում) սկզբունքի դրսևորումը, ի հայտ եկավ «Ազգ-բանակ» հրապարակային, բայց ոչ թղթային ու տեքստային, ներկայացված հայեցակարգի շրջանակներում՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով:
Եթե ուշադիր նայեք, այդ մոտեցումները, որոնք ամրագրվեցին «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծում, արտացոլում են սոցիալական սեգրեգացիայի սկզբունքը: Ինչու, որովհետև, ըստ էության, ժամկետային ծառայողներին առաջարկում էին 5 միլիոնի դիմաց ծառայել 3 տարի մարտական հերթապահության մեջ, իսկ բակալավրիատում սովորողներին՝ տարկետում, պայմանով, որ ծառայեն ավարտելուց հետո որպես լեյտենանտ՝ նորից մարտական հերթապահության դիրքերում:
Միաժամանակ դա այսպես էին բացատրում. նախկին Պնախարարը և այլ պաշտոնյաներ ժամանակին, երբ Ապրիլյան պատերազմից հետո հարցեր էինք բարձրացնում, որ բոլոր զոհվածները սոցիալապես անապահով ընտանիքներից են, հայտարարեցին, որ այն մարդիկ, որոնք ինստիտուտներում սովորելու գումար չունեն, աղքատներն են: Այդ կուսակցության քաղաքականության հիմքում փաստացի սոցիալական շերտավորվածությունն է, որն իր ամրագրումն է ստանում օրենսդրության մակարդակով», – ասաց Սաքունցը:
Վերջինս նշում է, որ սոցիալական սեգրեգացիայի տրամաբանությունը շարունակվում է նաև հայտարարություններում.
«Այսինքն ոչ թե մարդիկ պատասխանատվություն են զգում, որ սոցիալական շերտավորումը առկա է և դա հանդիսանում է իրենց քաղաքականության հետևանքը, ոչ թե մտահոգված են այս վիճակը փոխելու մասին, այլ իրենց հայտարարություններում ասում են, որ դա որպես փաստ արդեն գոյություն ունի և այդպես էլ պետք է լինի: Սա տրված է որպես բնութագրող չափանիշ ՀՀ հասարակության, որ մենք պետք է ունենանք ընդմիշտ աղքատներ և պետք է ունենանք քիչ հարուստներ:
Եթե հնարավոր չի ապրել, խնդրեմ, կարող եք արտագաղթել: Իրենց իսկ կողմից ավելի քան 20 տարի որպես իշխանություն իրականացրած քաղաքականության խայտառակ հետևանքների նկատմամբ բացարձակապես պատասխանատվություն չկրելու մտածողության մասին է սա խոսում: Ավելին, նույնիսկ այդ անպատասխանատվությունը հանդիսանում է որպես վարքագիծ:
Ասում են՝ մենք որևէ պատասխանատվություն չունենք հանրություն ձեր առջև, այսպիսին է մեր մոտեցումը, դուրներդ գալիս է, մնացեք, ոչ, գնացեք, հաջողություն ձեզ:
Ես համարում եմ սա հակապետական, նույնիսկ իրենց իսկ խայտառակ կերպով և բովանդակությամբ ընդունված Սահմանադրությանը հակասող գործողություն: Հակապետական, հակասահմանադրական մոտեցումն ամրագրված է որպես սկզբունք քաղաքականության հիմքում», – եզրափակեց մեր զրուցակիցը: