Հարցաքննված ոստիկանը պնդում է, թե ցուցարար Վ. Պետրոսյանին անձամբ է փողոցի երթևեկելի հատվածն ազատելու պահանջ ներկայացրել
12:31, October 9, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հավաքների և միավորումների ազատություն2017 թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Վարչական դատարանում հարցաքննվեցին ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով որպես վկա ներգրավված ոստիկանները:
Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:
Դատական նիստին ներկա էին հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը, պատասխանող և հակընդդեմ հայցվոր Վահրամ Պետրոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը։
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներ Էդգար Ռշտունին և Գագիկ Ավագյանը։
Է․ Ռշտունին իր ցուցմունքում նշեց, որ 2016 թ․ մարտի 24-ին, ռադիոկապով հրահանգ ստանալով, Մաշտոցի պողոտայում կազմակերպված հավաքի վայր են գնացել: Նշեց, որ հիշում է Վ. Պետրոսյանին, վերջինիս անձամբ պահանջ է ներկայացրել ազատել փողոցի երթևեկելի հատվածը։ Վկան հայտնեց, որ հավաքի ընթացքում իր կողմից ինչպես ընդհանրական, այնպես էլ անհատական պահանջ է ներկայացվել հավաքի մասնակիցներին։ Նա մանրամասն տեղեկություներ չէր հիշում Վ․ Պետրոսյանի ձերբակալության վերաբերյալ, սակայն, նշեց, որ պահանջից բացի՝ այլ բան չի ներկայացվել հավաքի մասնակիցներին։ Է․ Ռշտունին չկարողացավ հիշել իր կողմից կազմված զեկուցագրում նշված այլ անձանց տվյալները։
Ոստիկանության ՊՊԾ գնդի մյուս ծառայող Գ․ Ավագյանն իր ցուցմունքում հայտնեց, որ մանրամասները չի հիշում, հիշում է, որ գալով հավաքի վայր՝ լսել է, թե ինչպես Է․ Ռշտունին գոռում, որ հավաքի մասնակիցներն ազատեն փողոցը։ Նա նշեց, որ անձամբ պատասխանողին պահանջ ներկայացնելը չի տեսել, ինքը ձերբակալություններ չի իրականացրել։
Վկաների ցուցմունքից հետո պատասխանողի ներկայացուցիչը միջնորդեց գործով ևս երկու անձի որպես վկա ներգրավվելու մասին։ Նա նշեց, որ ենթադրյալ պահանջը ներկայացվելու պահին Վ․ Պետրոսյանի հետ միևնույն տարածքում են գտնվել հավաքի երկու այլ մասնակիցներ, ովքեր կարող են ցուցմունք տալ պահանջ ներկայացված լինելու կամ չլինելու վերաբերյալ։ Հայցվոր կողմն առարկեց միջնորդության դեմ։ Դատարանը որոշեց միջնորդությունը մերժել՝ բավարար համարելով գործում առկա ապացույցները։
Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին։ Ամփոփելով դատավարության ընթացքը՝ ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը խնդրեց հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել, իր հերթին Վ․ Պետրոսյանի ներկայացուցիչը խնդրեց ամբողջությամբ մերժել ՀՀ Ոստիկանության հայցը և ամբողջությամբ բավարարել հակընդդեմ հայցը։
Դատարանը գործի քննությունը համարեց ավարտված: Դատական ակտը կհրապարակվի 2017 թ․ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17։30-ին։