Տուգանված 4 քաղաքացի և ոչ մի պատասխանատու պաշտոնյա. աղբահանության խնդիրը Վանաձորում
17:01, March 12, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունՎանաձորում չսահմանված վայրում աղբ թափելու համար 2017թ.-ին տուգանվել է 4 քաղաքացի՝ յուրաքանչյուրը 20.000-ական ՀՀ դրամով: Բոլոր դեպքերում չսահմանված վայրում շինարարական աղբ է թափվել:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը այս տեղեկատվությունն է տրամադրել՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան:
2018թ. փետրվարի 8-ին Վանաձորի քաղաքապետին ուղղված հարցմամբ հետաքրքրվել էինք, թե որ կազմակերպություններն են Վանաձորում աղբահանություն իրականացնում և արդյոք որևէ անձ 2016 թ.-ից մինչ օրս ենթարկվել է վարչական պատասխանատվության ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1 հոդվածով, թե՝ ոչ:
Նշենք, որ Օրենսգրքի 43.1 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում ինչպես չսահմանված վայրում աղբ թափողների, այնպես էլ աղբահանման աշխատանքները ժամանակին չկազմակերպած պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ: Նշված ողջ ժամանակահատվածում լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են արվել Վանաձորում աղբահանության անբավարար մակարդակի, քաղաքի տարբեր մասերում աղբի կուտակումների մասին: Չնայած դրան՝ 2016 թ. հունվարի 1-ից մինչ 2018 թ. փետրվարի 8-ը վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 քաղաքացի, այն էլ շինարարական աղբը չսահմանված վայրում թափելու համար:
Համաձայն քաղաքապետի պատասխանի՝ Վանաձորում աղբահանությունն իրականացնում է 4 կազմակերպություն՝ ըստ սահմանված գոտիների՝ «Լայվ» ՍՊԸ, «Պագամի» ՍՊԸ, «Վանաձորի սանմաքրում» ԲԲԸ և «Է. Էդարյան» ՍՊԸ:
Ինչպես երևում է քաղաքապետի պատասխանից, աղբահանությունը ժամանակին չկազմակերպելու համար որևէ պաշտոնատար անձ կամ աղբահանություն իրականացնող կազմակերպություն 2016-2017 թթ. պատասխանատվության չի ենթարկվել: