Մարտի 1, քաղբանտարկյալներ, կոռուպցիա, անցում խորհրդարանական կառավարմանը և ոչ միայն. ԶԼՄ անդրադարձեր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեությանը 2018թ. մարտի 1-14
15:35, March 17, 2018 | Մամլո հաղորդագրություններ2018 թ․ մարտ ամսվա առաջին կեսին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործունեությանը լրատվամիջոցներն անդրադարձել են 56 անգամ։
Դրանցից 26 դեպքում լրատվամիջոցներն անդրադաձել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի սեփական լրատվության նյութերին։
Լրատվամիջոցների կողմից ամենաշատ արձագանք ստացած հրապարակումները վերաբերում են զինված ուժերին․ առաջին դեպքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պաշտպանում է զինծառայությանը պիտանիության մասին որոշման հետ անհամաձայնություն հայտնած զորակոչիկի իրավունքները, մյուս դեպքում՝ փոխհատուցում պահանջում զինծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռք բերած և այդ հիմքով վաղաժամ զորացրված նախկին զինծառայողի համար։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի այս հրապարակումներին լրատվամիջոցներն անդրադարձել են համապատասխանաբար՝ 5 անգամ և 9 անգամ։
Հաջորդ ամենաշատ անդրադարձեր ունեցած հրապարակումը վերաբերում է իրեն գործունակ ճանաչելու պահանջով դատարան դիմած «Սպիտակի խնամքի տան» բնակչին։
Լրատվամիջոցներն այս նյութին անդրադարձել են երեք անգամ։
Հրապարակումը տասնչորս տարի առաջ անգործունակ ճանաչված անձի մասին է, որ խնամքի փակ տիպի հաստատությունից «Սպիտակի խնամքի տուն» է տեղափոխվել 2016 թ․֊ին և որոշել է վերականգնել իր գործունակությունը։ Այդ հարցում նրան օգնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։
2018թ. մարտ ամսվա առաջին երկու շաբաթում լրատվամիջոցները 2-ական անգամ անդրադարձել են Ս. Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մերժված հայցին, Վանաձորում աղբահանության կազմակերպման վիճակի վերաբերյալ հրապարակմանը, ցուցարարի իրավունքների պաշտպանությանը դատարանում, ինչպես նաև ազատազրկված անձանց վերաբերյալ գրություններին Արդարադատության նախարարության ընտրողական պատասխաններին ու Զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկանքի շուրջ ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանման պատասխանին։
Հիշեցնենք՝ վերջին դեպքում ՀՀ Գլխավոր դատախազությունը, ոչ ճիշտ մեկնաբանելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերոնշյալ տեղեկանքը, դրանում Զինվորական դատախազության նկատմամբ անվստահություն սերմանելու միտում է տեսել։
Դատախազությանն ուղղված պատասխանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանգամանորեն պարզաբանել է տեղեկանքի բովանդակության այն կետերը, որոնց շուրջ Դատախազությունը դիտարկումներ էր արել։
Մյուս 30 հրապարակումները ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ տարբեր հարցերի շուրջ հայտնած տեսակետներին ու մեկնաբանություններին են վերաբերում։
Մարտի մեկ
Այս տարի լրացավ 2008 թ․ մարտի մեկի արյունալի իրադարձությունների տասներորդ տարելիցը։
Այս առիթով Մեդիա կենտրոնում կայացավ «Մարտի 1-ի չփակված էջ. իշխանությունը պատրա՞ստ է բացահայտել 10 քաղաքացու սպանության պատասխանատուներին» թեմայով քննարկում, որում որպես բանախոս էր հանդես գալիս նաև Ա․ Սաքունցը։
Քննարկման ընթացքում Ա․ Սաքունցի հայտնած տեսակետներին անդրադարձել է երեք լրատվամիջոց։
Այդ մասին հրապարակումներում լրատվամիջոցներն ընդգծել են այն հանգամանքը, որ Ա․ Սաքունցը 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները պետական մակարդակով ահաբեկչության դրսեւորում է համարում։
Այս մասին news.am-ը գրում է․ «Նրա [Ա․ Սաքունցի-ՀՔԱՎ] խոսքով՝ տեղի ունեցածի իրավաբանական գնահատականը չի համապատասխանում իրադարձությունների իրական բնույթին: «Ոչ թե զանգվածային անկարգություններ են եղել, այլ ժողովրդի նկատմամբ իշխանության զանգվածային բռնություն, իշխանության զավթում: Կան վկաների ցուցմունքներ այն մասին, որ բռնությունը կատարվել է իշխանության կողմից»,- հայտարարեց Արթուր Սաքունցը: Նա միաժամանակ ափսոսանքով արձանագրեց, որ այդ իրադարձությունների ընդդիմադիր որոշ մասնակիցներ այժմ հանդես են գալիս իշխանության կողմում: «Նրանք հենց դրա վրա էլ հույսը դրել էին: Սա, հավանաբար, «ստոկհոլմյան համախտանիշն» է»,- հավելեց Սաքունցը»։
1in.am-ն էլ Ա․ Սաքունցի ելույթին անդրադարձել է տեսանյութի տեսքով։ Դրանում, ի թիվս վերը նշվածի, հնչում է Ա․ Սաքունցի տեսակետն այն մասին, որ «Մարտի մեկի պետական ահաբեկչության գործը բացահայտված է․ դրա վերաբերյալ կան բազմաթիվ վկայություններ, տեսանյութեր, դատական գործերի ընթացքում արձանագրված ցուցմունքներ այն նույն գործի շրջանակներում, որը հարուցել էին խաղաղ ցուցարարների և քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ»։ Ա․ Սաքունցի խոսքով՝ դրանք բավարար են նոր քրեական գործ հարուցելու համար, որն ի սկզբանե պետք է հարուցվեր․ խոսքը վերաբերում է իրավական գնահատական տալուն։
«Քանի դեռ պետական ահաբեկչության փաստով իրավական գնահատականը Հայաստանի հանրապետությունում տրված չէ, դատական մարմնի կողմից, վտանգված է և ավելի է վտանգվելու Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության գոյությունը»․ քննարկման ընթացքում հայտարարել է Ա․ Սաքունցը։
Ա․ Սաքունցի ելույթին հանգամանորեն անդրադարձել է նաև epress.am-ը։
Մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ մեկ այլ հարցազրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը նշել է․ «Մարտի 1-ի դեպքերի հետևանքով մահացել է 10 հոգի, բայց դրա արդյունքում հալածանքների են ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ, հազարավորները՝ լքել երկիրը: Այդ հանցագործության բուն էությունը 10 հոգու սպանությամբ չի սահմանափակվում»։
Անցում խորհրդարանական կառավարմանը. ՀՀ նախագահի և վարչապետի լիազորությունների հարցը
Վերջին երկու շաբաթում հաջորդ ամենաշատ արծարծված հարցը Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման անցումն ու նորընտիր նախագահի լիազորություններն են։
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանրության աջակցությունն ունենալու մասին factor.am-ի հետ զրույցում Ա. Սաքունցը նշել է. «Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման միջոցով նախ և առաջ փորձեց լուծել իր լեգիտիմության խնդիրը»:
«Մեդիալաբի» հետ զրույցում էլ Ա. Սաքունցը նշել էր, որ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը վիճարկելու մի քանի իրավական մեխանիզմներ կան այսօր, որոնցից մեկն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է դիմել Սահմանադրական դատարան:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախօրեին մի շարք այլ հասարակական կազմակերպությունների հետ միացել էր Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի սահմանադրական պահանջներին չհամապատասխանելու մասին հայտարարությանը:
Մարտի 13-ին Մեդիա կենտրոնում կազմակերպված «Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում» թեմայով քննարկման ընթացքում ՀՀ նախագահի լիազորությունների առնչությամբ Ա. Սաքունցը նշել է. «ՀՀ Նախագահը բացարձակապես որևէ նշանակություն չունի, անգլուխ ձիավոր է, մեռյալ դիակ»:
Սաքունցը նշել է նաև, որ այս սահմանադրությամբ, հիմք է դրվում նոր մարտի 1-երի: Քանի որ, եթե պետության մեջ, խնդիրների լուծման համար չկան իրավական, քաղաքական լուծումներ, ապա նման պայմաններում իշխանությունները ընդունում են որոշումներ՝ առանց հանրային կարծիքը, կարիքները հաշվի առնելու, իսկ չենթարկվողների կամ բողոքողների նկատմամբ կիրառում են ուժ, որպեսզի ենթարկվեն իրենց կողմից կայացրած որոշմանը:
Թեմային անդրադարձել են a1plus.am-ը, aravot.am-ն ու politik.am-ը:
Քաղբանտարկյալներ
2018 թ. մարտի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը ելույթ ունեցավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնած հանրահավաքի ընթացքում և բարձրացրեց Հայաստանում քաղբանտարկյալների հարցը:
lragir.am-ը մեջբերել է Ա. Սաքունցի ելույթից մի հատված. «Այսօր այն մարդիկ, ովքեր ենթարկվում են ապօրինի հետապնդման՝ Անդիրաս Ղուկասյան, Կարո Եղնուկյան, Շանթ Հարությունյան, Ժիրայր Սեֆիլյան, Գևորգ Սաֆարյան և այլոք, նրանք հետապնդվում են իրենց հայացքների համար, բայց քրեորեն հետապնդելի որևէ գործողություն չեն կատարել: Ավելին, այն մարդիկ, ովքեր քրեական հանցագործություններ են կատարել ու գտնվում են ազատության մեջ, պետք է տեղերով փոխվեն նրանց հետ: Եվ մեր պրոբլեմն այն է, որ ՀՀ-ն, որը պարտավորվում է Եվրամիության հետ համաձայնագիր իրականացնել, չի կարող որևէ հավակնություն ունենալ, որ իրական ու բովանդակային փոփոխություններ կարող է կատարել, եթե ունենք քաղբանտարկյալներ: Սա պետք է լինի մեր հիմնական խնդիրներից մեկը»:
Ելույթին անդրադարձել են նաև a1plus.am-ը, 1in.am-ը, mamul.am-ը, kentron.am-ը:
tert.am-ի հետ զրույցում էլ իրավապաշտպանը խոսել է այն մասին, որ «Երևանից գաղտնի մեսիջներ են գնում միջազգային կազմակերպություններին՝ հերքելով իրենց՝ իրավապաշտպանների և անձամբ իր՝ Արթուր Սաքունցի այն գնահատականը, որ Կարո Եղնուկյանը, Անդրիաս Ղուկասյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Շանթը և ընկերները քաղբանտարկյալներ են»:
Կոռուպցիա
Մեկնաբանություններ է տվել Հայաստանում կոռուպցիայի դրսևորման ձևերի շուրջ lragir.am-ին, nt.am-ին, 1in.am-ին:
lragir.am-ի հետ զրույցում Ա. Սաքունցը նշել է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունները՝ կոռուպցիայի հետ կապված, հերթական անգամ արձանագրում են, որ Հայաստանում, չնայած իշխանության և քաղաքական մեծամասնության կողմից բազմիցս արված հայտարարություններին, կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ չէ»:
Հ1-ի մարտիության թողարկում. անազատության մեջ գտնվող կանայք ներկայացվեցին որպես ծաղրանքի օբյեկտ
Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Լավ երեկո» հաղորդաշարի շրջանակում «Աբովյան» ՔԿՀ-ում նկարահանված աղմկահարույց ռեպորտաժի շուրջ Ա. Սաքունցը մեկնաբանություններ է տվել factor.am-ին և armtimes.com-ին: Նա նշել է. «Դա անթույլատրելի է ցանկացած հեռուստաընկերության կողմից, սակայն Հանրային հեռուստաընկերության կողմից, որը գործում է մեր՝ հարկատուներիս հաշվին, դա առավել անթույլատրելի է»:
factor.am-ը գրել է. «Իրավապաշտպանի համոզմամբ՝ այդ նվաստացուցիչ ռեպորտաժը հարված էր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որի պատասխանատվությունը կրում է ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլ նաև Արդարադատության նախարարությունը»:
Մարտ ամսվա առաջին կեսին Ա. Սաքունցը մասնակցել է նաև իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման թեմայով «Նոյյան Տապան»-ում կազմակերպված մամուլի ասուլիսին:
azatutyun.am-ի հետ զրույցում դիտարկումներ է ներկայացրել Քրեական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, խոսել է իր և Մարիաննա Գրիգորյանի հասցեին հնչեցրած սպառնալիքների հիման վրա հարուցված քրեական գործերի մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը միացել է նաև Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ քաղաքակական հետապնդումները դադարեցնելու և Երևանի քաղաքապետարանի՝ ԶԼՄ-ների աշխատանքը սահմանափակելուն ուղղված կանոնակարգումների դեմ հայտարարություններին: