DIY ակումբի վրա հարձակումները շարունակվում են
13:59, May 17, 2012 | ՆորություններՄայիսի 8-ին Երևանի կենտրոնական Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY ակումբում պայթյունից հետո շարունակվում են բռնի գործողությունները ակումբի նկատմամբ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին ահազանգեց քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը, քիչ առաջ մի քանի երիտասարդներ մի տարիքով տղամարդու ուղեկցությամբ ակումբի մոտ ակումբի տնօրեն Ծոմակի վրա են թքել: Ըստ Լ. Ասլիկյանի՝ ծուխ են բաց թողել, ասել են, որ DIY-ը չի աշխատելու, պայթեցնելու են: «Չգիտեմ՝ ովքեր են: Հիմա ոստիկանությունից այնտեղ մարդ չկա»,- նշեց Լալա Ասլիկյանը։
Միջադեպին ներկա ակտիվիստների փաստմամբ՝ երիտասարդները չեն թաքցրել նույնիսկ, որ իրենք ֆաշիստ են և այս ակումբի մասին իմացել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերից: Այս պահին ակումբի տնօրինության աջակիցները հավաքվում են ակումբի մոտ Ծոմակին սատարելու նպատակով: «Առաջին լրատվական»-ին չհաջողվեց ավելի մանրամասներ իմանալ ակումբի տնօրեն Ծոմակից:
Հիշեցնենք, որ պայթյունից հետո տեղի ունեցած առաջին հարձակումից հետո ևս Լալա Ասլիկյանը որոշ լրատվամիջոցների դրա մասին տեղեկություն էր տրամադրել, որը, սակայն, ոստիկանությունը հերքել էր՝ ասելով, թե Լալա Ասլիկյանի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Նշենք նաև, որ շատերի կարծիքով՝ այս բռնությունները շարունակվում են Ծոմակի և ակումբ այցելող որոշ երիտասարդների ազատ գաղափարների և ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար: