Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակը բողոքում է Ռուսաստանում «անցանկալի կազմակերպություն» ճանաչվելու դեմ
11:55, March 15, 2018 | Այլ, ՀայտարարություններԲեռլին, 14.03.2018
2018թ.-ի մարտի 13-ին Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությունը «անցանկալի կազմակերպություններ» ճանաչեց ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անկախ կազմակերպություններից բաղկացած քաղաքացիական հասարակության ցանց Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակը (EPDE) և դրա լիտվական անդամ Ընտրությունների վերաբերյալ հետազոտությունների միջազգային կենտրոնը (IESC):
Ստեֆանի Շիֆերը, ով Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակի խորհրդի անդամ է, մեկնաբանում է, «Մենք բողոքում ենք «անցանկալի կազմակերպություններ»-ի ցանկում ընդգրկվելու և մեր ցանցի ընդհանուր քրեականացման ու վարկաբեկման դեմ: Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը հրաժարվի այս միջոցից:
«Անցանկալի կազմակերպությունների» մասին օրենքով, որն ընդունվել է 2015թ.-ին, ռուսական կառավարությունը փորձում է քրեականացնել ժողովրդավարական շարժումների միջազգային համագործակցությունը: Ցանկում ընդգրկված միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին և Ռուսաստանի Դաշնությունում նրանց գործընկերներին կարող է սպառնալ մինչև 6 տարվա ազատազրկում, Ռուսաստան մուտք գործելու արգելք և բազմաթիվ այլ պատժամիջոցներ իրենց համագործակցությունը շարունակելու համար:
Գերմանիայի կառավարությունը քննադատել է այս օրենքը 2015թ.-ին որպես «Ռուսաստանում էական նշանակություն ունեցող քաղաքացիական հասարակությանը մեկուսացնելու և վարկաբեկելու միջոց», որն էլ ավելի է մեծացնում «Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունում արդեն գոյություն ունեցող անվստահության ու վախի զգացումը»:
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակը ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների դաշինք է, որը հիմնվել է 2012թ.-ին Արևելյան գործընկերության երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում քաղաքացիների՝ ընտրությունների դիտարկմանն աջակցելու և ժողովրդավարական ընտրական գործընթացներին նպաստելու նպատակով:
EPDE-ի մասին հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ այստեղ՝ www.epde.org
Թարգմանությունը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի