Դատավորը զարմացավ, թե զինվոր-վկաներին խոշտանգած քննիչների գործը ինչո՞ւ ՀՔԾ չի ուղարկվել
13:09, May 20, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Հայկ ԿալեյանՎերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Եվա Դարբինյանը, Գագիկ Ավետիսյանը Հայկ Կալեյանի ինքնասպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքի քննության ժամանակ բազմաթիվ հարցեր ուղղեցին Սյունիքի մարզում մեղադրանքը պաշտպանած զինվորական կայազորի դատախազ Մկրտչյանին:
Դատավոր Գագիկ Ավետիսյանը նախ զարմացավ, որ զինվորներին, որոնք վկա են եղել այս գործով, խոշտանգելու համար անցկացվել է ծառայողական քննություն, եւ որ քննիչների գործը չի ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:
Դատավոր Եվա Դարբինյանին զարմացրեց այն, որ հրաձգարանում, ուր տեղի է ունեցել դեպքը, զինվորներին հրաձգության ժամանակ զրահաբաճկոն չեն հագցրել, Հայկ Կալեյանը նույնպես չի ունեցել զրահաբաճկոն, հրամանատարական կազմը դրա հետ կապված որեւէ պատասխանատվության չի ենթարկվել:
Նախագահող դատավոր Եվա Դարբինյանը դատախազին հորդորեց փոխել առհասարակ իրենց գործելակերպը, մասնավորապես՝ 10 օր վկաներին տանել ռազմական ոստիկանությունում պահելու, նրանցից ցուցմունքներ կորզելու համար:
«Ինչո՞ւ եք պահում վկային ռազմական ոստիկանությունում, ինչո՞ւ քննիչն իր մոտ չի հարցաքննում:Միշա Հարությունյանի գործից հետո ոչինչ չի փոխվել»,-ասաց նա: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով 4,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել Սանթուր Դոմբրեյանը: Նա նույնպես բողոք էր բերել, կապված պատժաչափի հետ: Ամբաստանյալը նվաստացրել է իր զինակցին, ծաղրել նրա ֆիզիկականը, արտաքինը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ողջ նախաքննությունն ու դատաքննությունը համարեց ոչ օբյեկտիվ՝ «օրենքից դուրս գտնվող» դատարանի կողմից կայացված որոշումներով:
Ա. Սաքունցը նույնպես զարմանալու խնդիր ունեցավ այսօր. դատախազն իր պատասխան խոսքում վկայակոչեց վկա-զինվորների խոշտանգումների գործը կարճելու որոշման մասին: Որոշումը կայացվել է ըստ դատախազի «երեւի հոկտեմբերին, նոյեմբերին», սակայն այն անցյալ տարվանից չի տրվել տուժողի ներկայացուցչին, որի հաղորդման հիման վրա էր անցյալ տարվա ապրիլին հարուցվել քրեական գործ: Դատարանը պարտավորեցրեց դատախազին, որոշումը տրամադրել թե դատարանին, թե Ա.Սաքունցին:
Ի դեպ, սա իսկական փոթորիկ կարող էր առաջացնել նորմալ իրավական երկրի դատավարական համակարգի համար, քանի որ առաջին ատյանի դատարանը պետք է կասեցներ քննությունը, եւ միայն վկաների խոշտանգումների գործով որոշումից հետո շարունակեր զինվորի ինքնասպանության գործով դատական քննությունը: Առաջին ատյանի դատարանը գնահատական չի տվել այդ ամենին:
Արթուր Սաքունցը որոշումը ստանալուց հետո հայտնեց, որ հանդես կգա իր դիրքորոշմամբ եւ նաեւ միջնորդությամբ: Ինքնասպանության վարկածը եղել է միակ վարկածը, որի շուրջ կառուցվել է քրեական գործը: Ըստ դատախազի պատասխանի, դեպքը տեղի էր ունեցել հրաձգարանում, բոլորի աչքի առաջ, «ենթադրյալ» վարկածներ այդ իսկ պատճառով չեն ուսումնասիրվել: Սակայն որեւէ մեկը չի տեսել, թե ինչպես է կրակոցը եղել, բողոքաբեր կողմը կրակոցի ուղղությունն էլ է կասկածի տակ դրել, բողոքաբեր կողմը առաջ էր քաշել երրորդ անձի մասնակցության՝ այն է սպանության վարկածը:
Չնայած այդ ամենին, դատախազն իր պատասխանում հայտնեց, որ տարվել է բազմակողմանի քննություն: Սակայն, ինչ բազմակողմանիության մասին կարող էր խոսք լինել, երբ զինվորի առողջական խնդիրներ ունենալու մասին հարցին չկարողացավ լիարժեք պատասխանել:Ավելի խոսուն օրինակ էր այն, որ զինվորն ինքն է դիմել գիշերամիզության համար բժշկին, ասել են՝ սիմուլացիա է: Նրան զննելու, կանխարգելիչ միջոցառումներ անցկացնելու մասին տեղեկանք գոյություն չուներ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 13-ին:
Աղբյուրը՝ www.aravot.am