Ինչպես կարող է զինծառայողը գնդացրի մեկ հպումով ինքն իր վրա երկու տարբեր կրակոց արձակել. Սաքունցը բողոքարկում է
15:25, May 19, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, Հայկ Կալեյան2012թ. սեպտեմբերի 6-ին մահացած ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը կարծում է, որ կատարվել է ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն, որը նախաքննական մարմինը փորձում է կոծկել:
«Ինքնասպանության վարկածը հիմնավորված չէ, ուղղակի ի սկզբանե վերցրել են որպես ինքնասպանություն, ու ամեն ինչ տարվել է ինքնասպանության այդ վարկածը ապացուցելու ուղղությամբ, բայց որեւէ հիմնավոր փաստ, կամ նույնիսկ ականատես, որ Հայկ Կալեյանն ինքն իրեն գնդացրով կրակել է, չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը՝ նշելով, որ գործով մեղադրյալ Սանթուր Դոմբրյանին դատել են հիմնականում զորամասում որպես սպա աշխատող Սամվել Մովսիսյանին դանակահարելու, այլ ոչ թե Հայկ Կալեյանին ծաղրուծանակի ենթարկելու պատճառով:
Նշենք, որ Սանթուր Դոմբրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարբերաբար Նարեկ Սերոբյանի, Արմեն Երեմյանի հետ միասին ծառայակիցների ներկայությամբ ծաղրուծանակի է ենթարկել զինծառայող Հայկ Կալեյանին եւ նման վերաբերմունքի համար Կալեյանի կողմից նկատողություն ստանալուց հետո քաշքշել է նրան: Գործով դատաքննության ժամանակ բացահայտվել է, որ Սանթուր Դոմբրյանը վիճաբանության մեջ է մտել իրեն նկատողություն արած լեյտենանտ Սամվել Մովսիսյանի հետ և դանակահարել նրան։ Երկու գործերը միացվել են եւ արդյունքում Սանթուրը դատապարտվել է դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման:
Իրավապաշտպանը, որը կարծում է, որ սա արվել է սպանությունը կոծկելու նպատակով, առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, քանի որ կարծում է, որ առաջին ատյանի դատարանը չի իրականացրել գործի ամբողջական եւ օբյեկտիվ դատաքննություն եւ չի բացահայտել Հայկ Կալեյանի մահվան իրական հանգամանքները:
Սաքունցի կարծիքով՝ ինքնասպանության վարկածը տրամաբանության չի ենթարկվում։ Ըստ այդ վարկածի` Հայկ Կալեյանն 2012թ. սեպտեմբերի 6-ին, իրեն ամրակցված գնդացիրից ինքնասպանության նպատակով որովայնի շրջանում 3 կրակոց է արձակել:
«Գնդացիրի 3 կրակոցից երկուսը մի տիպի կրակոց է, իսկ երրորդը՝ բոլորովին այլ տիպի կրակոց է, եւ որեւէ հիմնավորում, թե գնդացիրից մեկ հպումով ինչպես կարող էին այդ կրակոցները լինել, չկա, եւ ընդհանրապես, դրանց ուղղությամբ, որեւէ քննություն չկա»,- NEWS.am-ին ասաց Սաքունցը։
Արթուր Սաքունցը նաեւ հաղորդում էր տվել ոստիկանություն այն մասին, որ նախաքննական մարմինը գործով երկու վկաների՝ Արման Բոզոյանի եւ Գեւորգ Ղազարյանի նկատմամբ բռնություն կիրառելով նրանցից կորզել է ինքնասպանության վարկածի օգտին ցուցմունքներ։ Ոստիկանությունից նրան պատասխանել էին, որ քրեական գործ է հարուցվել: Սակայն նյութեր չլինելու պատճառով քրեական գործը կարճվել է, ինչի մասին իրավապաշտպան Սաքունցը չի տեղեկացվել:
«Ես միայն դատարանում եմ իմացել, որ իմ հաղորդման վրա հարուցված քրեական գործերը կարճվել են, այնինչ իմ միջնորդությունները նաեւ այդ հաղորդման վրա են հիմնված»,-դատարանում հայտարարեց Սաքունցը:
Դատական նիստը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 13-ին:
Նշենք, որ Հայկ Կալեյանին ծաղրուծանակի ենթարկելու մեղադրանքով հարուցված գործով նրա ծառայակիցներ Արմեն Երեմյանը եւ Նարեկ Սերոբյանը դատապարտվել են 1 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն համաներումով ազատ են արձակվել։
Հայկ Կալեյանի հետ վիճաբանած եւ նրա նկատմամբ բռնություն գործադրած Ալեքսանդր Պետրոսյանի եւ Նարեկ Գալստյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է կրկին համաներման շրջանակում։
Աղբյուրը՝ news.am