Human Rights Watch-ը Հայաստանի իշխանություններին կոչ է անում հետաքննել Սաքունցի կյանքին ուղղված սպառնալիքը
11:41, June 8, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններHuman Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հայտարարություն է հրապարակել հայ իրավապաշտպան Արթուր Սաքունցի կյանքի դեմ ուղղված սպառնալիքների մասին:
«Իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն սպառնալիքները, որոնք տեղ են գտել իրավապաշտպանի Facebook-ի էջում, և ապահովեն, որ նա ստանա պաշտպանությունը, որի կարիքն ունի»,- գրված է միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարին մահվան սպառնալիք էր հնչեցրել Facebook սոցիալական ցանցի մի օգտատեր` Աշոտ Ավանեսյան անունով, ով Սաքունցի մի գրառման մեկնաբանությունների դաշտում գրել էր. «Սաքունց, ես քեզ սպանելու եմ…… քո նման Վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք. Ամեն վայրկյան սպասիր ինձ: Ես հետևից կրակողներից չեմ: Կրակելու եմ դեմից, 2-3 մետրից, 9մմ տրամաչափի փամփուշտով: Սպասիր ինձ Սաքունց»: Ավելի ուշ, համաձայն Սաքունցի մեկ այլ գրառման, հեղինակը հեռացրել է մեկնաբանությունը: Այժմ հասանելի չէ նաև բուն գրառումը (հղումը` ըստ HWR-ի):
«Ոչ ոք չպետք է վախենա` կառավարությանը հրապարակայնորեն քննադատելու համար»,- ասել է Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ջեյն Բյուչանան:
լուսանկար` azatutyun.am