Պուտինի այցի օրը նախագահականի մոտից հեռացված ընտանիքը տնային կալանքի տակ է
17:55, December 3, 2013 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԴեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան,նախագահական նստավայրի դիմացի մայթից հեռացված Աշոտ Խուդոյանի ընտանիքն այս պահին տնային կալանքի տակ է: Այս մասին Աշոտ Խուդոյանը հայտնել է նախագահականի դիմաց նստացույց անող քաղաքացի Էմմա Սահակյանին: Խուդոյանների զույգն իրենց 4 մանկահասակ երեխաների հետ վերսկսել էին նստացույցը նոյեմբերի 28-ին։
Սահակյանը Epress.am-ին պատմել է, որ Աշոտ Խուդոյանը կարողացել է հեռախոս խնդրել իր տան պատուհանի կողքով անցնողից և զանգահարել իրեն: Ընտանիքի հայրը Սահակյանին ասել է, որ իրենց տան ելումուտն արգելում են հսկող ոստիկանները, երեխաները ևս դպրոց չեն կարողանում գնալ, քանի որ, երբ քաղաքացիական հագուստով 15 անձինք երեկ իրենց հեռացրել են նախագահականի մոտից, Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ են մնացել իրենց և երեխաների հագուստն ու կոշիկները, որոնք ոստիկանները չեն բերել Էջմիածին:
Այսօր Խուդոյաններին է այցելել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման թիմը: ՄԻՊ-ի գրասենյակից Epress.am-ին հայտնել են, որ իրենք որևէ ոստիկան չեն տեսել Խուդոյանների տան մոտ, և տնային կալանք չկա: ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները զրուցել են Էջմիածնի ոստիկանության աշխատակիցների հետ, սակայն Epress.am-ի թղթակցին հրաժարվել են այդ զրույցի մասին մանրամասներ հայտնել։
Ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնից Արմեն Մալխասյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Խուդոյաններին ոստիկանները չեն բերման ենթարկել և թե ինչ է կատարվում այժմ ընտանիքի հետ՝ ոստիկանությանը հայտնի չէ:
Նշենք, որ երբ երեկ քաղաքացիական հագուստով անձինք հեռացնում էին Խուդոյանների մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանի մոտից, նրանք չէին ներկայանում, իսկ դեպքի վայրում ներկա ոստիկանները որևէ կերպ չէին միջամտում կատարվածին:
Խուդոյաններին նախապես զգուշացրել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը ընտանիքին հեռացնելու են բողոքի ակցիայի վայրից։
Աղբյուրը՝ www.epress.am