Ավարտվեց «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիրը
17:35, April 24, 2014 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՔԱ Վանաձորի գրասենյակը և «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) աջակցությամբ 2013թ. սեպտեմբերից 2014թ. ապրիլ ամիսներին իրականացրել են «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր զարգացնել երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները վատ վերաբերմունքի դեպքերով իրավաբանական խորհրդատվության տրամադրման և դատական ներկայացուցչության իրականացման բնագավառում:
Իրավաբանական կլինիկան ի սկզբանե նախատեսված էր 15 իրավաբանների համար, սակայն մասնակցության հայտ էին ներկայացրել 17 իրավաբաններ, որոնք բոլորն ընդգրկվել են ծրագրում:
Ծրագիրը բաղկացած էր 2 փուլից, առաջին փուլի ընթացքում կլինիկայի մասնակիցների համար կազմակերպվել էր 30 դասընթաց՝ քրեական դատավարության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների վերաբերյալ: Դասընթացները իրականացրել են կազմակերպության իրավաբաններ Արայիկ Զալյանը, Արտուր Հարությունյանը, «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակի ղեկավար փաստաբան Կարեն Թումանյանը և փաստաբան Արթուր Սուքիասյանը:
Ծրագրի 2-րդ փուլը պրակտիկ փուլն էր, որի ընթացքում ընտրվել են 2 փաստաբան ղեկավար: Ծրագրի ընթացքում մասնակիցները մասնակցել են խորհրդատվությունների տրամադրմանը, ինքնուրույն տրամադրել են խորհրդատվություն և գործերի հիման վրա պատրաստել են համապատասխան իրավաբանական փաստաթղթեր:
Ծրագրի ավարտին մասնակից իրավաբանների համար կազմակերպվել է քննություն, որի ընթացքում մասնակիցները բաժանվել են 2 հոգուց բաղկացած խմբերի, յուրաքանչյուր խմբին տրվել է խնդիր, որոնց վերաբերյալ մասնակիցները առաջարկել են հստակ քայլեր, խնդրի` խախտված իրավունքի վերականգնման ուղղությամբ: Քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո մասնակիցներին տրամադրվել են վկայականներ ծրագիրը հաջողությամբ ավարտելու մասին:
Ծրագիրը լայն հնարավորություն տվեց մասնակից իրավաբաններին ձեռք բերել գիտելիքների մեծ բազա, մասնակիցներն ունեցան պրակտիկ աշխատանքի փորձ, գործնական դասընթացների ժամանակ երիտասարդ իրավաբաններին հնարավորություն ընձեռվեց տեսական դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները հաջողությամբ օգտագործել իրավաբանական խորհրդատվություն տրամադրելիս:
Ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից ֆինանսավորվել է 6 ռազմավարական նշանակության գործ` խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վերաբերյալ:
Ռազմավարական գործերի վերաբերյալ տեղեկանք կհրապարակվի առաջիկայում: