«Եվրոպական ընտրություն» նախաձեռնող խմբի կոչը նրանց, ովքեր համարում են, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային Միությանն անդառնալի չէ
10:43, May 21, 2014 | Հայտարարություններ | ԵՄ, ԵՏՄ«Ազատություն» կուսակցությանը
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությանը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը
«Հայոց համազգային շարժում» կուսակցությանը
«Հանրապետություն» կուսակցությանը Հայաստանի պահպանողական կուսակցությանը
«Ժառանգություն» կուսակցությանը
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը
Պահպանողական կուսակցությանը «Քաղաքացիական պայմանագիր» հանրային- քաղաքական միավորմանը և բոլոր այն քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին եւ անհատներին, որոնք համարում են, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային Միությանն անդառնալի չէ:
Հարգելի գործընկերներ,
Համոզված լինելով, որ՝
Հայաստանը կարող է արդյունավետ զարգանալ եւ բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովել իր քաղաքացիների համար, հենվելով միայն պետականաշինության ու հանրային կյանքի կազմակերպման եվրոպական մոդելի եւ արժեքների վրա,
Մաքսային Միությանն անդամակցությունը եւ եվրասիական ինտեգրացիայի խորացման գործընթացներն անխուսափելիորեն ծանր հետեւանքներ են ունենալու երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության եւ ազգային ինքնության վրա, Հակառակ հաճախակի հնչող պնդումների,
ՀՀ իշխանությունների` Եվրասիական Միության օգտին կատարած ընտրությունը որեւէ կայուն երաշխիք չի ապահովում նաեւ անվտանգության տեսակետից,
Նկատի ունենալով, որ՝ 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ձեւավորվեց անբնական իրավիճակ` մեկ օրվա ընթացքում երկիրը շրջադարձ կատարեց եվրոպական ինտեգրացիայից դեպի զարգացման այլ, տրամագծորեն հակառակ ուղի` առանց քաղաքական դաշտի տեսանելի դիմադրության, բանավեճի եւ առանց հանրային կարծիքը հաշվի առնելու,
Երկրի ապագայի վերաբերյալ այլընտրանքային ճանապարհներ առաջարկող քաղաքական ուժերը չեն դրսեւորում համախմբվածություն եւ համատեղ գործելու բավարար կամք, Կարեւորելով՝ Հայաստանի ինքնիշխանության ապահովման եւ զարգացման ուղիների` մասնավորապես եվրոպական հեռանկարի շուրջ առողջ ու բովանդակալից քաղաքական բանավեճի անհրաժշտությունը, ինչպես նաեւ արդիական ազգային օրակարգի ձեւավորումը,
Գիտակցելով՝
Եվրաինտեգրման գործընթացի հանդեպ թյուր պատկերացումների, արհեստական կարծրատիպերի հաղթահարման, հասարակությանն այդ խնդիրների մասին իրազեկելու անհրաժեշտությունը` ինչպես փորձագիտական ու լուսավորչական, այնպես էլ քաղաքական հարթակներում.
Կոչ ենք անում` վերը նշված մոտեցումներին համամիտ քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, ոչ ֆորմալ քաղաքացիական խմբերին, ակտիվ անհատ քաղաքացիներին` մեկտեղել ջանքերը եւ մասնակցել «Եվրոպական ընտրություն» նախնական անունը կրող նախաձեռնության հիմնադրմանը:
Այդ նպատակով, Ձեր կուսակցության լիազորված ներկայացուցչին հրավիրում ենք, մասնակցել նախաձեռնության աշխատանքային հավաքին, որը կկայանա մայիսի 22-ին, ժամը 14.00-ին, «Հրազդան» հյուրանոցում:
Նախաձեռնող խումբ.
Գայանե Առուստամյան, լրագրող, հրապարակախոս
Հակոբ Բադալյան, լրագրող
Լեւոն Բարսեղյան,. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
Աղասի Ենոքյան, քաղաքագետ Զարուհի Հովհաննիսյան, հրապարակախոս
Նազենի Ղարիբյան, արվեստաբան, հրապարակախոս
Վահրամ Մարտիրոսյան, գրող, հրապարակախոս
Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբի նախագահ
Աննա Շահնազարյան, քաղաքացիական ակտիվիստ
Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ