Լիա Միսակյանի գործով դատական նիստը հետաձգվեց
18:06, May 14, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ | Լիա Միսակյան2014 թ. մայիսի 14-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Այս դատական նիստին պետք է հարցաքննվեր գործով դատակոչված փորձագետ Գագիկ Հարությունյանը: Սակայն, վերջինս դատարանին նախապես գրավոր տեղեկացրել էր, որ 2014 թ. մայիս ամսին աշխատելու է խիստ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, որը կազմվել է նախորդ ամիս և զբաղվածության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին:
Գործի մասնակիցները միջնորդեցին հետաձգել դատական նիստը՝ Գագիկ Հարությունյանի բացակայության պայմաններում նիստը շարունակելու անհնարինության պատճառով:
Դատարանը, քննության առնելով Գագիկ Հարությունյանի չներկայանալու հարցը, ինչպես նաև մասնակիցների միջնորդությունները, որոշեց դատական նիստը հետաձգել և նշանակել մեկ այլ հերթի:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014 թ. մայիսի 29-ին, ժամը 14:00-ին: