Լիա Միսակյանի մահվան գործով որպես ամբաստանյալին բնութագրող տվյալ կհետազոտվի վճռի հրապարակումից հետո ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի վարքագիծը ներկայացնող տեսանյութը
12:38, March 19, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք | Լիա Միսակյան2018 թ. մարտի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը չէր կայացել դատավոր Մ. Մելքոնյանի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այլ նստավայր տեղափոխվելու պատճառով: Ընդ որում՝ տուժող կողմին դատական նիստի չկայանալու մասին չէին տեղեկացրել:
Մարտի 16-ին կայացած դատական նիստի ընթացքում որպես ամբաստանյալ Զ․ Այվազյանի պաշտպան ներգրավվեց Կարեն Մեժլումյանը: Դատական նիստին ներկայացել էին նաև մյուս ամբաստանյալ Լ. Վարդանյանն ու նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Վճռաբեկ դատարանի բեկանելուց հետո լրացուցիչ պատիժ նշանակելու մասով քննվող գործը ներկայացնելուց հետո դատավոր Մ. Մելքոնյանն անցավ ամբաստանյալների անձը բնութագրող տվյալների հետազոտմանը:
Հրապարակվեցին ամբաստանյալների բնութագրերը, «Արաբկիր» ԲԿ-ի տնօրենի խնդրանքը՝ լրացուցիչ պատիժ չնշանակելու վերաբերյալ, Զ․ Այվազյանին տրված շնորհակալագրերը։
Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդեց որպես անձը բնութագրող տվյալ հետազոտել նաև 2015 թ․ հունիսի 15-ի դատավճռի կայացումից հետո դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Լ․ Վարդանյանի վարքը ներկայացնող ԶԼՄ հրապարակումներն ու տեսանյութը:
Չնայած վերջինիս պաշտպանի առարկությանը, թե այդ արտահայտությունները Լ. Վարդանյանն արել է հոգեկան լարված վիճակում՝ և մեղադրող դատախազը, և դատարանը միջնորդությունը համարեցին բավարարման ենթակա:
Տեխնիկական պատճառներով տեսանյութը հետազոտել հնարավոր չեղավ, դատական նիստը հետաձգվեց մինչև 2018 թ. ապրիլի 12-ը՝ ժամը 15:00-ն: