ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է միջանկյալ այլընտրանքային զեկույց
16:51, May 16, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն1966 թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1993 թ. հունվարի 23-ին:
Համաձայն դաշնագրի 40-րդ հոդվածի` Դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են զեկույցներ ներկայացնել դաշնագրով ճանաչվող իրավունքների կենսագործման ուղղությամբ իրենց կողմից ձեռնարկված միջոցների մասին և այդ իրավունքների օգտագործման բնագավառում ձեռք բերված առաջադիմության մասին:
Հայաստանի Հանրապետությունը իր հերթական 2-րդ և 3-րդ համատեղ պարբերական ազգային զեկույցը ներկայացրել է 2010 թ. ապրլիլի 28-ին, որը քննարկվել է 2012 թ. հուլիս ամսին, իր 105-րդ նստաշրջանի ընթացքում: Քննարկման արդյունքում ընդունված Մարդու իրավունքների կոմիտեի Ամփոփ դիտարկումներով Կոմիտեն իր անհագստությունն է հայտնել մի շարք իրավունքների իրականացման վերաբերյալ միևնույն ժամանակ սահմանելով, որ ՀՀ կառավարությունը մեկ տարվա ընթացքում պետք է տեղեկատվություն ներկայացներ տվյալ փաստաթղթի թվով երեք կետերով ներկայացված մտահոգությունների և առաջարկությունների վերաբերյալ (12-րդ, 14-րդ, 21-րդ կետեր):
Մասնավորապես այդ կետերից.
12-րդ կետով Կոմիտեն իր անհանգստությունն է հայտնել այն մասին, որ չնայած 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ընթացում տեղի ունեցած մահացությունների դեպքերի վերաբերյալ քնություն իրականացնելու փորձերին, դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել անհամաչափ ուժ գործադրած ոստիկանության ծառայողները:
14-րդ կետով Կոմիտեն իր անհանգստությունն է հայտնել ազատազրկման վայրերում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ բողոքների ներկայացման և քննարկման իրապես անկախ ընթացակարգերի բացակայության վերաբերյալ, ինչպես նաև նման բողոքների վերաբերյալ հարուցված քրեական գործերի փոքր քանակով:
21-րդ կետով Կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել դատավարների անկախության բացակայության վերաբերյալ: Մասնավորապես կոմիտեն անհանգստացած է դատավորների նշանակման ընթացակարգով, որը իրենց ենթարկում է քաղաքական ճնշման, ինչպես նաև անկախ կարգապահական ընթացակարգի բացակայության:
Հայաստանի Հանրապետությունը նշված կետերի վերաբերյալ իր Զեկույցը ներկայացրել է 2013 թ. օգոստոսի 8-ին: Կոմիտեին այլընտրանքային տեղեկատվություն և հանձնարարականների կատարման վերաբերյալ իր գնահատականներն է ներկայացրել նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, անդրադառնալով բոլոր երեք կետերում նշված հանձնարարականների շրջանակներում տիրող իրավիճակին և զարգացումներին:
Կից տեսեք
Մարդու իրավունքների կոմիտեի ամփոփ դիտարկումներ, ընդունված կոմիտեի 105-րդ նստաշրջանի ընթացքում