Կալանավայրում կախված Հայկ Մովսիսյանի մարմնի վրա բռնության հետք կա. Սաքունցը պնդում է, որ ինքնասպանություն չի եղել
14:23, May 17, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, Հայկ Մովսիսյան2012թ. «Շուշի» ՔԿՀ-ում կախված հայտնաբերված Հայկ Մովսիսյանի մոր` Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը այսօր` մայիսի 16-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց, որ ՀՔԾ-ն բավարար հիմքեր ուներ Հայկ Մովսիսյանին տուժող, իսկ նրա մորը՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու համար, ինչը չի արել: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, որը վստահ է, որ Մովսիսյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ կամ բռնության զոհ է դարձել, կամ նրան հասցրել են ինքասպանության։
Սաքունցի խոսքով՝ ՀՔԾ-ն գործը կարճելու որոշում ընդունելիս անգամ հաշվի չի առել այն հանգամանքը, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում Հայկ Մովսիսյանի մարմնի վրա հայտնաբերվել է վնասվածք, որն առաջին քննության եզրակացությունում բացակայում էր։
«Փորձագետը տվել է գնահատական , որ Հայկ Մովսիսյանի մարմնի վրա կա կենդանի ժամանակ բութ առարկայից առաջացած վնասվածք, այսինքն՝ Հայկ Մովսիսյանի նկատմամբ բռնություն է կիրառվել: Հնարավոր է՝ հենց այդ բռնությունն է Հայկ Մովսիսյանին հասցրել ինքնասպանության: Այս ամենը վկայում է այն մասին, որ դատարանը բոլոր հիմքերը ունի Հեղինե Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու համար»,- դատարանում ասաց Արթուր Սաքունցը:
NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցը ասաց, որ իր կարծիքով՝ ՀՔԾ-ն միտումնավոր կերպով գործը օբյեկտիվորեն չի քննել: «Իմ խորին համոզմամբ տեղի է ունեցել հանցագործություն, այսինքն` Հայկ Մովսիսյանի սպանություն կամ առնվազն ինքնասպանության հասցնել, որը Հատուկ քննչական ծառայությունը հետևողականորեն փորձում է թաքցնել և կոծկել: Այսինք ցանկանում են զրկել տուժողի մորը իր որդու պաշտպանությունը եւ իր իրավունքը իրացնելու, հարցեր կամ այպես կոչված անհարմար հարցեր տալու հնարավորությունից»,- ասաց Արթուր Սաքունցը:
Դատարական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 19-ին։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության քննիչ Մուշեղ Բաբայանը 2013թ. հունիսի 5-ին մերժել էր Հեղինե Պետրոսյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ:
Հիշեցնենք, որ ՀՀ զինած ուժերի N զորամասի պարտադիր զինծառայող, կոչումով շարքային Հայկ Մովսիսյանը 2012 թ. նոյեմբերի 20-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար եւ դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով, որից մեկ շաբաթ անց ԼՂՀ քննչական մեկուսարանում Հայկ Մովսիսյանին գտել էին մահացած: Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով, ինքնասպանության հասցնելու հատկանիշներով ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որը կարճվել է, քրեակատարողական վարչության աշխատակիցների եւ քննչական մեկուսարանի կալանավորների, ամբաստանյալների, դատապարտյալների արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Հայկ Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործով պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ պաշտոնական անփութության հատկանիշներով, որտեղ հարուցվել է քրեական գործ: 2013թ. ապրիլի 16-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը եւ արդարացրել արդեն մահացած Հայկ Մովսիսյանին:
Հ. Պետրոսյանը՝Հայկ Մովսիսյանի մայրը, թե՛ անձամբ, թե՛ ներկայացուցիչների միջոցով բազմիցս դիմել է իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջով, սակայն այդ պահանջները մերժվել են: 2013 թ. դեկտեմբերի 18-ին Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցը եւ Ա. Զալյանը միջնորդություններ են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ.Բաբայանին եւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ Հայկ Մովսիսյանին տուժող, իսկ Հ. Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջներով, որին ի պատասխան հայտնվել է, որ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Հետագայում մերժվել են նաեւ կարճված քրեական գործի նյութերը եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը տրամադրելու պահանջները:
Աղբյուրը՝ news.am