Փոքրիկ խաղեր Եվրոպայի հետ. «Օլանդը Եվրոպական միությանն ասում է՝ եկեք այս վասալին այնուամենայիվ փորձենք փրկել»
10:03, May 14, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՏՄՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստանի համար եվրաասոցացման նոր մոդել կիրառելու վերաբերյալ հայտարարությունը «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը Եվրոպայի դիրքորոշման մեղմացման հետևանք է համարում:
«Դա նշանակում է, որ Եվրոպան իր կոշտ դիրքորոշումից, կապված Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հետ, հետքայլ է անում՝ տեսնելով, որ չի կարողանում Հայաստանին և, օրինակ, Ուկրաինային հետ պահել ռուսական ավելի ագրեսիվ քաղաքականությունից»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Եվրոպան Հայաստանի հետ համագործակցության նոր մոդել պետք է կիրառի:
«Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի: Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում»,- ասել է Օլանդը:
Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում Եվրոպայի անունից է խոսում: Նա հիշեցրեց, որ նմանատիպ մի հայտարարություն էլ Հայաստանում Գերմանիայի դեսպանն էր արել վերջերս: Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանը պետք է օգտվի այս շանսից:
«Չհակադրվելով Ռուսաստանի հետ՝ Հայաստանը պետք է օգտագործի այն հնարավորությունները, ինչ որ Եվրոպան է տալիս: Գոնե քաղաքական որոշ համաձայնությունների գնա Եվրոպայի հետ, այսինքն՝ այն ինչը չի խանգարի, այսպես կոչված, Մաքսային միությանը, որն այդպես էլ չի իրականանում»,- ասում է Աղասի Ենոքյանը:
Վերլուծաբանի կարծիքով՝ գործնականում հնարավոր է Մաքսային միությանը միանալուն զուգահեռ նաև Հայաստանի՝ Եվրաասոցացման ուղղությամբ աշխատանքներ տանել, ինպես Օլանդն է ասում:
Ըստ Ենոքյանի՝ Հայաստանը պետք է Ռուսաստանին ցույց տա, որ այդ երկրին տալիս է այն, ինչ Ռուսաստանն ուզում է, ոչ ավելին:
«Դա անկախության և սուվերենության կարևոր գործիքներից է, որ կարողանաս բոլոր երկրների հետ էլ հարաբերություններ հաստատել»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է այս ամենին Ռուսաստանի հնարավոր արձագանքին, Աղասի Ենոքյանն ասում է, որ երկու տարբերկա կա: Առաջին տարբերակն այն է, որ Ռուսաստանը կարող է ուշադրություն չդարձնել Օլանդի հայտարարության վրա և Հայաստանին թույլ տա փոքրիկ խաղեր տալ Եվրոպայի հետ:
Իսկ մյուս տարբերակն այն է, որ Ռուսաստանի կողմից կարող է լինել կոշտ արձագանք:
«Ես վախենամ, որ կոշտ արձագանքի դեպքում Հայաստանն անմիջապես հետ կքաշվի և չի օգտվի Եվրոպայի տված այդ հնարավորությունից»,- ասում է վերլուծաբանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ այս հայտարարությամբ Ֆրանսիան փորձում է փրկել վասալի կարգավիճակում հայտնված Հայաստանին:
«Օլանդը Հայաստանի դեմքը փրկելու, փակուղուց դուրս գալու ինչ-որ լուսանցք է, պատուհան»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան այն երկիրը չէր, որը Եվրամիությունում Ասոցացման համաձայնագրով առաձնահատուկ շահագրգռվածություն կամ ակտիվություն էր ցուցաբերում, բայց որպես Եվրամիության անդամ երկիր՝ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում խոսում է նաև Եվրամիության անունից:
«Այստեղ խնդիրը ոչ միայն Ասոցացման համաձայնագիրն է, այլ ընդհանրապես պրոբլեմն Օլանդը ձևակերպում է այնպես, որ Մաքսային միությանն անդամագրվելով՝ Հայաստանն ամբողջովին հեռանում է Եվրոպական միությունից: Այդ վտանգն է կարևոր, թե հիմա դա կլինի Ասոցացման համաձայնագիր, թե մեկ այլ հարաբերություն, դա տվյալ դեպքում կարևոր չէ: Կարևորն այն է, որ Օլանդը դա ահանզանգում է, որ անդամագրվելով Մաքսային միությանը Հայաստանը մեկուսանում է, շատ ավելի հեռանում է Եվրամիությունից»,- ասում է Արթուր Սաքունցը:
Միաժամանակ նա կարծում է, որ Հայաստանը չի կարող որևէ քայլ անել, որը կտրուկ կտարբերվի Ռուսաստանի քայլերից կամ Կրեմլի քաղաքականությունից:
Նրա խոսքով՝ Ֆրանսուա Օլանդն էլ դա լավ հասկանում է, դրա համար շեշտում է, որ Հայաստանի համար պետք է յուրահատուկ մոդել մշակվի:
«Այդ յուրահատուկ պայմանների բովանդակությունն այն է, որ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի վասալը: Վասալային կարգավիճակն է յուրահատկությունը, Օլանդը Եվրոպական միությանն ասում է՝ եկեք այս վասալին այնուամենայիվ փորձենք փրկել»,- ասում է Սաքունցը:
Նա միաժամանակ նշում է, որ հարց է ծագում՝ ինչքանո՞վ պետք է Եվրամիությունն այդ վասալին փրկելու համար ակտիվություն դրսևորի, եթե այդ վասալը չի ուզում ազատվել իր կարգավիճակից: Ինչքանով որ Հայաստանը փորձի դուրս գալ այդ կարգավիճակից, այնքանով, ըստ Արթուր Սաքունցի, Եվրամիությունը կգործի համարժեք:
Աղբյուրը՝ medialab.am