ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատասխանը՝ 2017թ.-ին զինված ուժերում մահացության դեպքերի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի լրացուցիչ տեղեկանքի առնչությամբ ՀՀ գլխավոր Դատախազության պարզաբանմանը
12:35, March 2, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2018 թ. փետրվարի 28-ին ՀՀ Դատախազությունը պարզաբանում տարածեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2018թ. փետրվարի 26-ին հրապարակած «Ճշտված տեղեկություններ՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ» տեղեկանքի առնչությամբ:
Այս տեղեկանքը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել էր ի լրումն 2018թ. հունվարի 9-ին հրապարակված տեղեկանքի, քանի որ տեղեկություններ էր ստացել մահացության ևս 5 դեպքի մասին: Ընդ որում՝ 5 դեպքից 3-ով որևէ տեղեկություն հրապարակված չի եղել անգամ լրատվամիջոցներով:
Դրան զուգահեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել էր ՀՀ Զինվորական դատախազությունից ստացած պաշտոնական տեղեկատվությունը, համաձայն որի՝ 2017 թ.-ի ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցված զինվորական ծառայության անցնելու հետ կապված 56 մահվան դեպք է գրանցվել:
Ընդ որում՝ նախորդ տեղեկանքում նշված 1 դեպքը, որը 2013 թ.-ին զինծառայության ժամանակ վնասվածք ստանալու հետեւանք էր, և զինծառայողը վաղաժամ զորացրվել էր, հավելյալ տեղեկատվություն ստանալուց հետո Կազմակերպությունը լրացուցիչ տեղեկանքում այլևս չէր ներառել:
Համադրելով ստացված տեղեկատվությունը՝ նշել էր, որ 2017 թ.-ին զինված ուժերում մահացության 64 դեպք է գրանցվել:
ՀՀ Գլխավոր դատախազությունը դրանում Զինվորական դատախազության նկատմամբ անվստահություն սերմանելու միտում է տեսել և որոշել 4 կետից բաղկացած պարզաբանում ներկայացնել:
1. 1-ին կետում ՀՀ Գլխավոր դատախազությունը անդրադառնում է լրացուցիչ տեղեկանքում տեղ գտած 5 դեպքերին և նշում, որ դրանցից 2-ն են կապված եղել զինծառայության հետ, մյուս 3-ը որակում է որպես «զինվորական ծառայությամբ չպայմանավորված» և ՀՔԱ Վանաձորի գրասենյակին մեղադրում այդ դեպքերը որպես զինծառայության հետ կապված դեպքեր ներկայացնելու մեջ:
Այս առումով՝ հարկ ենք համարում նշել, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զինված ուժերում մահացության դեպքերին վերաբերող իր հրապարակումներում նման տարբերակում չի դնում. դեպքերը ներկայացվում են որպես զինվորական ծառայության ժամանակահատվածում տեղի ունեցած մահացության դեպքեր և չի առանձնացվում զինծառայության հետ կապված լինելու/չլինելու հանգամանքը: Հետևաբար՝ Դատախազության պնդումը, թե ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զինծառայության հետ չկապված մահացության դեպքերը ներկայացնում է որպես զինծառայության հետ կապված դեպքեր, առնվազն հիմնազուրկ է:
Մահվան այդ երեք դեպքերում, որոնք Դատախազությունը համարում է զինվորական ծառայությամբ չպայմանավորված, անձինք համարվել են զինվորական ծառայության մեջ գտնվող: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նման դեպքերի վերաբերյալ անպայման նշում է, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել մահը՝ զինծառայողը զինվորական պարտականությունների մեջ է գտնվել, թե՝ ոչ:
Տվյալ դեպքում՝ խոսքը վերաբերում է.
1) պայմանագրային զինծառայող Մուրադ Ավանեսյանին, որի մահվան պատճառը, համաձայն Դատախազության պարզաբանման, առողջության վատթարացումն է եղել, որի հետևանքով զինծառայողը հանկարծամահ է եղել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկանքում Մ. Ավանեսյանի մահվան պատճառ նշված է «առողջական» պատճառներով:
2) Վահե Մարգարյանին, որը, Դատախազության պարզաբանման համաձայն, վրաերթի է ենթարկվել իրենց այգում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկանքում Վ. Մարգարյանի մահվան պատճառ նշված է «դժբախտ պատահար/վրաերթ»:
3) մայոր Սպարտակ Մկրտչյանին, որը, Դատախազության պարզաբանմամբ, սուր շնչառական, սուր սրտային անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց՝ հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկանքում Ս.Մկրտչյանի մահվան պատճառ նշված է «առողջական»:
2. «Պարզաբանման» 2-րդ կետում Դատախազությունը նշում է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկանքում զինծառայության հետ կապված մահացության երկու դեպքի մասին նշված չէ, և փաստորեն բացահայտում է ևս երկու ցավալի դեպք, որի մասին և հանրությունը, և Կազմակերպությունը առաջին անգամ տեղեկանում է՝ շնորհիվ դատախազության «պարզաբանման»:
- Գրիշա Վանեսյան՝ պայմանագրային, շարքային. 12.12.2017թ. ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում ինքնազգացողությունը վատացել է, չնայած հենակետի անձնակազմի կողմից առաջին բուժօգնություն ցուցաբերելուն՝ հանկարծամահ է եղել: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ ԿՔԲ-ում նախապատրաստված նյութերով 13.01.2018թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
- Արմեն Սաքանյան՝ պայմանագրային, կրտսեր սերժանտ, մահացել է հիվանդությունից: 27.01.2017թ. գտնվելով N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում՝ ինքնազգացողությունը վատանալու պատճառով Իջևանի ԲԿ տեղափոխելու ճանապարհին նրա մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Ախտորոշումը՝ «սրտամկանի սուր ինֆարկտ»: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ ԿՔԲ-ում նախապատրաստված նյութերով 02.02.2017թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
Այս դեպքերի մասին, բնականաբար, Կազմակերպությունը չէր կարող տեղեկատվություն հրապարակել՝ չունենալով ոչ պաշտոնական, եւ ոչ էլ ոչ պաշտոնական տեղեկատվություն:
Այս առումով կարևորում ենք ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանումը, որի շնորհիվ ավելի ճշգրտվեց 2017թ. զինված ուժերում մահացության դեպքերի թիվը:
Վերոնշյալ 2 դեպքը Դատախազությունը ներկայացնում է որպես «ծառայության հետ կապված» դեպքեր, մինչդեռ Կազմակերպության կողմից նույնանման 2 դեպք (Սպարտակ Մկրտչյան, Նարեկ Մխիթարյան) համարում է «զինծառայության հետ չկապված դեպքեր», որն անհասկանալի է, սակայն կարելի է ասվածից ենթադրել, որ Դատախազության ներկայացրած դեպքերում զինծառայողները գտնվել են մարտական դիրքերում, իսկ Կազմակերպության կողմից ներկայացված դեպքում՝ ոչ, այս մասով կարող ենք միայն հղում կատարել դատախազության կողմից ներկայացված տվյալներին:
3. Պարզաբանման 3-րդ կետում Դատախազությունը նշում է. «Գրասենյակի ներկայացրած տեղեկանքներում ծառայության հետ չկապված մահվան մի քանի դեպք փաստացի դիտարկվել է ծառայության հետ կապված մահացությունների համատեքստում»:
Եվ նշում են այդ դեպքերը.
1) մայոր Արմեն Ծատուրյան, ով, ըստ դատախազության տվյալների, մահացել է անձնական ավտոմեքենայում՝ սրտի կաթվածից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկանքում Ա. Ծատուրյանի մահվան պատճառը նշված է «առողջական»:
2) պայմանագրային զինծառայող Նարեկ Մխիթարյան, ով, ըստ
Դատախազության տվյալների, մահացել է սուր սիրտ-անոթային շնչառական անբավարարությունից՝ վիրահատությունից հետո:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկանքում Ն.Մխիթարյանի մահվան պատճառ է նշված «առողջական»:
3) պայմանագրային զինծառայող Վարդան Գրիգորյան, ում, ըստ դատախազության տվյալների բռունցքներով սպանել, մեքենան ձորն է գլորել ու այրել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Լ.-ն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկանքում Վ.Գրիգորյանի մահվան պատճառ է նշված «սպանություն»:
Նշենք, որ ոչ Դատախազության պարզաբանման մեջ, ոչ էլ որևէ այլ աղբյուրում տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը հայտնվել այդ վիճակում, արդյոք նա իրավունք է ունեցել լքելու զորամասը և արդյոք եղել է պատշաճ հսկողություն, թե՝ ոչ:
4) ժամկետային զինծառայող Գևորգ Խանամիրյան, ով, ըստ դատախազության տվյալների, մահացել է «ավտովթարից՝ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկանքում Գ.Խանամիրյանի մահվան պատճառ է նշված «դժբախտ պատահար/ավտովթար»:
5) պայմանագրային զինծառայող Նորայր Հովհաննիսյան, ով, ըստ դատախազության տվյալների, մահացել է «ավտովթարի հետևանքով՝ զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու պայմաններում»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկանքում Ն. Հովհաննիսյանի մահվան պատճառ է նշված«դժբախտ պատահար/ավտովթար»:
6) պայմանագրային զինծառայող Թաթուլ Թադևոսյան, ով, ըստ դատախազության տվյալների, մահացել է ավտովթարի հետևանքով՝ զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու պայմաններում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկանքում Թ. Թադևոսյանի մահվան պատճառ է նշված «դժբախտ պատահար/ավտովթար»:
7) Ավագ լեյտենանտ Սամվել Կարճիկյան, ով, ըստ դատախազության տվյալների, մահացել է ավտովթարի հետևանքով՝ զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու պայմաններում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկանքում Ս. Կարճիկյանի մահվան պատճառ է նշված ՝ «դժբախտ պատահար/ավտովթար»:
Եվս մեկ անգամ նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկանքում մահացության դեպքերը չի տարբերակում` ըստ զինծառայության հետ կապված/չկապված լինելու:
4. Պարզաբանման 4-րդ կետում Դատախազությունը նշում է. «Բացի վերոնշյալ անճշտություններից՝ գրասենյակի նախնական տեղեկանքում նշվել էր նաև, որ 2017թ. ընթացքում մահացել է 39 պարտադիր ժամկետային զինծառայող, սակայն հենց իրենց ներկայացրած ցուցակում այդպիսիք 37-ն էին: Ընդ որում՝ այս տվյալը վերանայված չէր երկու օր առաջ հրապարակված «ճշտված» տեղեկատվության մեջ»:
2018թ. հունվարի 9-ին Կազմակերպության կողմից հրապարակված տեղեկանքում 2017թ.-ին մահացած ժամկետային զինծառայողների թիվը նշվել է 39, քանի որ դրանում ներառված է եղել վերևում հիշատակված 1 դեպքը՝ Մայիս Գեղամյանի մահվան դեպքը, որի մասին տեղեկատվություն է ստացվել տեղեկանքի հրապարակումից հետո: Եվս մեկ դեպք՝ ականի պայթյունի հետևանքով մահացած սպա Գեղամ Զաքարյանի անունը տեխնիկական սխալի պատճառով ևս ընդգրկվել է ժամկետային զինծառայողների թվի մեջ: Իսկ լրացուցիչ տեղեկանքում ժամկետային զինծառայողների մահացության դեպքերի թվին ընդհանրապես անդրադարձ չկար:
Ստորև ներկայացնում ենք 37 ժամկետային զինծառայողների անունները և աղբյուրները, որտեղից ստացվել է տեղեկատվությունը.
- Գարիկ Վարդանյան https://news.am/arm/news/367787.html
- Անդրանիկ Մուսիկյան http://investigative.am/news/view/andranik-musikyan.html
- Շավարշ Գալստյան http://investigative.am/news/view/shavarsh-galstyan.html
- Սարգիս Ափինյան http://www.mil.am/hy/news/4604
- Գոռ Գարեգինյան http://investigative.am/news/view/gor-gareginyan.html
- Գարեգին Արգամանյան http://investigative.am/news/view/zinvori-mah-shmol-gaz.html
- Լեռնիկ Օսյան http://nkrmil.am/news/view/1740
- Գուրգեն Սարգսյան http://galatv.am/hy/news/182211/
- Արտակ Ռաֆայելյան http://galatv.am/hy/news/185092/
- Նարեկ Հարությունյան http://galatv.am/hy/news/188058/
- Կարեն Ավետիսյան http://galatv.am/hy/news/188166/
- Մհեր Արզումանյան http://forrights.am/?ln=1&id_=10&page_id=597
- Ռաֆայել Բիշարյան https://news.am/arm/news/388890.html
- Ռուբեն Բարսեղյան https://news.am/arm/news/388890.html
- Ռուբեն Մնացականյան http://yerkirmedia.am/emergency/jraheghddz-zincarayogh-ruben-mnacakanyan/
- Գագիկ Մեսրոպյան http://investigative.am/news/view/gagik-mesropyan.html
- Արշակ Արշակյան http://galatv.am/hy/news/190004/
- Կարեն Դանիելյան http://investigative.am/news/view/karen-danielyan.html
- Արայիկ Մատինյան http://investigative.am/news/view/4-zincarayoxi-spanutyun-hakarakord.html
- Վիգեն Պետրոսյան http://investigative.am/news/view/4-zincarayoxi-spanutyun-hakarakord.html
- Վարդան Սարգսյան http://investigative.am/news/view/4-zincarayoxi-spanutyun-hakarakord.html
- Նարեկ Գասպարյան http://investigative.am/news/view/4-zincarayoxi-spanutyun-hakarakord.html
- Վազգեն Պողոսյան http://investigative.am/news/view/zincarayox-vazgen-poxosyan.html
- Վարդան Մելքոնյան http://www.mil.am/hy/news/4873
- Արման Մովսիսյան http://investigative.am/news/view/arman-movsisyan.html
- Աբաս Սլոյան http://investigative.am/news/view/abas-sloyan.html
- Հայկ Խաչատրյան http://nkrmil.am/news/view/1975
- Սեյրան Սարգսյան http://investigative.am/news/view/seyran-sargsyan.html
- Չապլին Մարգարյան http://investigative.am/news/view/chaplin-margaryan.html
- Տիգրան Խաչատրյան http://investigative.am/news/view/tigran-xachatryan-zincarayox.html
- Արամ Խաչատրյան http://investigative.am/news/view/spanutyun-zincarayox.html
- Հրաչ Ավետիսյան http://investigative.am/news/view/hrach-avetisyan.html
- Գևորգ Խանամիրյան http://investigative.am/news/view/gevorg-xanamiryan-vtar.html
- Հրանտ Մանգասարյան https://168.am/2017/11/06/865582.html
- Սարգիս Մելիքյան http://forrights.am/?ln=1&id_=10&page_id=668
- Սարգիս Աբրահամյան http://forrights.am/?ln=1&id_=10&page_id=668
- Նարեկ Ադիբեկյան http://investigative.am/news/view/narek-adibekyan.html
Պարզաբանման 4-րդ կետում նշվում է նաև, որ «պարտադիր ժամկետային զինծառայողներից 4-ի մահվան դեպքը տեղի է ունեցել զորակոչվելուց 3-ամսյա ժամկետում, որոնցից 1-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 1-ը՝ առողջական խնդրի: 2 դեպք որակվել է որպես ինքնասպանություն: Մինչդեռ 2017թ. ընթացքում զորակոչվելուց հետո 3-ամսյա ժամկետում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով որևէ պարտադիր ժամկետային զինծառայող չի զոհվել: Նշված եռամսյա ժամկետում հիվանդությունից մահացել է մեկ զինծառայող՝ Սարգիս Ափինյանը: 2017թ. արձանագրվել է ինքնասպանության 2 դեպք (Աբաս Սլոյան, Հրաչ Ավետիսյան)»:
Անդրադառնալով ՀՀ Գլխավոր դատախազության այն պնդմանը, որ «2017թ. ընթացքում զորակոչվելուց հետո 3-ամսյա ժամկետում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով որևէ պարտադիր ժամկետային զինծառայող չի զոհվել», նշենք, որ զինծառայող Գոռ Գարեգինյանի 3-ամսյա ժամկետում մահացության մասին Կազմակերպությունը տեղեկացել է news.am կայքում 06.02.2017 թ.-ին հրապարակված «Զոհված զինծառայողը Շիրակի մարզից էր. ընտանիքն ապրում է ՌԴ-ում» վերնագրով նյութից, որտեղ նշվում է, որ «զինծառայողը զորակոչվել էր անցած տարի աշնանը», այսինքն՝ 2016 թ.-ի նոյեմբերից հետո՝ հաշվի առնելով, որ զորակոչը հիմնականում անց է կացվում հունվար ամսվա ընթացքում: Ի դեպ, դեպքի մասին նաեւ տեղեկություն է տարածել ՊԲ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Կազմակերպության ուսումնասիրությունները հիմնված են պետական կառույցների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկությունների, մահացած զինծառայողների ընտանիքների եւ ԶԼՄ-ների կողմից ներկայացվող տեղեկությունների վրա: Բացի դրանից՝ ցանկացած պաշտոնական տեղեկատվության բացակայության դեպքում Կազմակերպությունը փորձում է ձեռք բերել նաեւ պաշտոնական տեղեկություններ՝ դրանք ներկայացնելով ոչ պաշտոնական տեղեկությունների հետ զուգահեռ՝ համապատասխան հղումներով:
Այսինքն՝ կարող ենք պնդել, հաշվի առնելով նաև ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանման միջոցով բացահայտված ևս երկու մահացության դեպքը, որ 2017 թ.-ին ՀՀ Զինված ուժերում եւ ԼՂ Պաշտպանության բանակում զինվորական ծառայության ժամանակահատվածում, մահացությունների ընդհանուր թիվը կազմել է 66 (որից 37-ը՝ պարտադիր ժամկետային ):
66 զինծառայողների մահացության պատճառներն են՝ հրադադարի ռեժիմի խախտում (23), առողջական խնդիրներ (8), դժբախտ պատահար (16), ինքնասպանություն (10), սպանություն (8), անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ (1)։
Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացած 23 զինծառայողներից 16-ը պարտադիր ժամկետային զինծառայողներ են։
Ի հավելումն վերը շարադրվածի, անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ զինված ուժերում մահացության դեպքերին անդրադառնում է ՀՀ քաղաքացիների առջև ՀՀ իշխանությունների, տվյալ դեպքում՝ ի դեմս պաշտպանության նախարարության, զինդատախազության և քննչական մարմինների, մարդու իրավունքների նկատմամբ իրենց պարտավորությունների կատարման վիճակը գնահատելու և հանրությանը իրազեկելու նպատակով:
Զինծառայողների կյանքի իրավունքի նկատմամբ ՀՀ իշխանություններն ունեն ուղղակի պատասխանատվություն, ապահովելու համար, նախ և առաջ, անվտանգ և արժանապատիվ ծառայություն, իսկ մահվան յուրաքանչյուր դեպքով իրականացնել ոչ միայն արդյունավետ, բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, այլև ապահովել արժանապատիվ և համարժեք փոխհատուցում մահացածների ընտանիքներին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ամբողջությամբ գործում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության սկզբունքին, մարդու իրավունքների բնագավառում ՀՀ-ի կողմից վերցրված միջազգային պարտավորություններին համահունչ:
Մենք կարևորում ենք ՀՀ իշխանությունների, տվյալ դեպքում՝ ՀՀ Գլխավոր դատախազության, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության հետ քաղաքացիական հասարակության ինստիտուտների համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ձևավորման նպատակով, այդ թվում՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու ուղղությամբ:
Եվ հորդորում ենք պետական և իշխանության մարմիններին ոչ թե իրականությանը չհամապատատասխանող որակումներ հնչեցնել հասարակական կազմակերպության գործունեության և նրա կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, այլ գործել իրենց պարտավորությունները պատշաճ կատարելու տրամաբանությամբ, հանրությանը ճշտգրիտ տեղեկություններ ներկայացնել զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, այդ թվում՝ մահվան դեպքերի և նրանց հանգեցրած պատճառների, հանգամանքների բացահայտման, արդյունավետ քննություն իրականացնելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Միայն օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության և իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման շնորհիվ հնարավոր կլինի մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՀՀ իշխանությունների կողմից իր քաղաքացիների և միջազգային միջպետական մարմիններում վերցրած պարտավորությունների արդյունավետ իրականացումը:
Միջազգային ատյաններում ՀՀ իշխանությունների կողմից մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիաներով և դաշնագրերով վերցրած պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում միայն իշխանության ներկայացուցիչները կկարողանան իրենց հաշվետվությունները ներկայացնել պատշաճ մակարդակով: