ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողը վիրահատվել է
17:53, January 26, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱռողջական խնդիրներով զորակոչված Ա. Բ.-ն զորակոչվելուց ամիսներ անց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ներկայացվել է հետազոտությունների և վիրահատվել:
Ա. Բ.-ն զորակոչվել է 2017 թ. հուլիսին՝ ձեռքի վրա ունենալով տարածուն խալեր, որոնք ըստ բժշկական հանձնաժողովի անդամների՝ վնասվելու դեպքում կարող էին վտանգ ներկայացնել: Չնայած դրան՝ նրան զինծառայությանը պիտանի են ճանաչել և հորդորել են զգույշ լինել:
Ծառայության ընթացքում խալերը պարբերաբար խնդիրներ են առաջացրել, ճաքճքել ու արյունահոսել, հատկապես զենքի հետ շփման հետևանքով, սակայն բուժկետում սահմանափակվել են միայն վիրակապ դնելով և խուսափել են այլ միջամտություն կատարելուց:
Զինծառայողի մայրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 2017 թ. հոկտեմբերին 26-ին: Նույն օրն էլ զինծառայողի առողջական խնդիրները լուծելու և նրա պիտանիության հարցը վերանայելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն:
2018 թ. հունվարի 16-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մ. Հակոբյանը գրությամբ տեղեկացրել է, որ Ա. Բ.-ն հետազոտվել է և վիրահատվել, որից հետո զինծառայությանը պիտանի է ճանաչվել: 2017 թ. դեկտեմբերից Ա. Բ.-ն շարունակում է ծառայությունը: