Զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը պետք է փոփոխվի
18:25, July 11, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2018 թ. ապրիլի 6-ին ՀՀ ԱՆ իրավական ակտերի նախագծերի պաշտոնական հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման էր դրվել «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության, հետազոտման եւ փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում եւ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները եւ դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձեւերը, բժշկական հետազոտությունների եւ բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու եւ ՀՀ Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշումների նախագծերը մինչեւ ապրիլի 21-ը ժամկետով:
Սակայն սույն որոշումների նախագծերը ընդունվել են այդ ժամկետից շուտ՝ ապրիլի 12-ին, եւ ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության՝ ՀՀ ՊՆ կողմից ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնելու եւ արդյունքում դրանք ՀՀ Կառավարության 12.04.2018 թ. նիստում ընդունելու հրատապությունը պայմանավորվում է 2018 թ. ամառային զորակոչի աշխատանքները պատշաճ կազմակերպելու եւ անցկացնելու անհրաժեշտությամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուշադրության կենտրոնում են գտնվում ՀՀ Կառավարության թիվ 404-ն որոշմամբ հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում առկա խնդիրները: Հետեւաբար մեր կողմից միջազգային իրավակարգավորումների հիման վրա իրականացվել էր մասնագիտական վերլուծություն՝ մինչեւ ապրիլի 21-ը այն ներկայացնելու նպատակով, իսկ այդ որոշումը ժամկետից շուտ ընդունելու պատճառով չեղավ դրա հնարավորությունը: Այնուամենայնիվ համապատասխան մարմիններին մասնագիտական վերլուծության արդյունքում մշակված առաջարկները ներկայացվեցին որոշումն ընդունվելուց հետո:
Ավելի ուշ 2018 թ. հուլիսի 2-ին թվագրված գրությամբ ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկի առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերլուծությունը ընդունվել է ի գիտություն և դրա կապակցությամբ գործընթացը կիրականացվի մինչև 2018թ. ձմեռային զորակոչ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մասնագիտական վերլուծության արդյունքում բացահայտվել են հետեւյալ խնդիրները.
- Գերակշիռ հիվանդությունների դեպքում, ձեւակերպումները չեն համապատասխանում ներկայումս գործող Հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայմանը (ՀՄԴ-10, ICD-10), որը հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2005 թ.-ին,
- Որոշ՝ հատկապես վիրաբուժական հիվանդությունների դեպքում սահմանված է բուժումից հրաժարվելու դեպքում փորձաքննության կարգը, սակայն սահմանված չէ այլ հիվանդությունների դեպքում նույնպես բուժումից հրաժարվելու դեպքում փորձաքննության հետագա կարգը,
- Որոշ դեպքերում կիրառվում են նեգատիվ, վիրավորական, կարեկցական (օրինակ՝ տառապող) և այլ տերմիններ, որոնք պետք է բացառվեն,
- Մտավոր հետամնացության դեպքում պիտանիությունը որոշելիս գնահատվում է վարքի խանգարման ծանրության աստիճանը, սակայն հստակորեն սահմանված չեն, թե որ գործոնները, չափորոշիչներն են հաշվի առնվում ծանրության աստիճանը գնահատելիս,
- Մի շարք հիվանդությունների դեպքում, մասնավորապես՝ «Օրգանական հոգեկան խանգարումներ», «Սուր և անցողիկ փսիխոտիկ խանգարումներ (ներառում է պարանոիդ ռեակցիա, փսիխոգեն պարանոիդ փսիխոզ, ռեակտիվ փսիխոզ, օնեյրոֆրենիա, զառանցանքային բռնկումներ և այլն)», նշված «ձգձգվող», «կարճատև» և այլ ժամանակահատված սահմանող արտահայտությունները, հիվանդության բուժման համար նախատեսվող ժամանակահատվածները՝ «ձգձգվող ընթացքով», «երկարատև բուժում պահանջող», «կարճատև ընթացքով» արտահայտություններով, հստակ սահմանված չեն, որոնց միջոցով դժվար է գնահատել ժամանակահատվածը: Անհասկանալի է, թե քանի օրվա, շաբաթվա կամ ամսվա մասին է խոսքը։ Այսինքն՝ հստակ սահմանված չեն ժամանակ արտահայտող եզրույթները,
- Որոշ հիվանդությունների դեպքում, մասնավորապես՝ «Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ», բացակայում են հիվանդության խանգարման սահմանման օբյեկտիվ ցուցանիշները,
- «Որովայնի խոռոչի օրգանների հիվանդություններ և զարգացման արատների» հոդվածում տեղի են ունեցել փոփոխություններ պիտանիության որոշման ժամանակ, ըստ որի՝ անուղղակի բիլիռուբինի քանակը 25 մկմոլ/լ-ից դարձել է 30 մկմոլ/լ, սակայն անհասկանալի է այդ փոփոխության անհրաժեշտությունը: Բացի դրանից՝ Ժիլբերի համախտանիշը ներկայիս ցանկում այլեւս ներառված չէ:
- Որոշ հիվանդությունների դեպքում, մասնավորապես՝ «Որովայնի խոռոչի օրգանների հիվանդություններ և զարգացման արատներ», «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ, այդ թվում` հոդերի, մկանների, ջլերի վարակիչ, վարակիչ-ալերգիկ և դիստրոֆիկ հիվանդություններ», «Ոսկրերի, աճառների, մկանների, ջլերի ու հոդերի քրոնիկական բնածին արատներ, վնասվածքներ, դրանց հետևանքներ և քրոնիկական հիվանդություններ» եւ այլ հիվանդությունների դեպքում հստակեցված չեն ֆունկցիայի խանգարման աստիճանները,
- Հիմնավորված եւ հստակեցված չէ քաշի շեմի նվազեցման անհրաժեշտությունը: Հստակեցված չեն համապատասխան փոփոխությունները, օր.՝ «ֆիզիկական նորմա», «ոսկրային կմախքը համապատասխանում է կենսաբանականին» և այլ եզրույթները,
- «Վիճակ` տարած սուր վարակիչ, մակաբուծային հիվանդություններից և ինտոքսիկացիաներից հետո» հիվանդության դեպքում հստակ սահմանված չէ «Առանց ֆունկցիոնալ խանգարման» եզրույթը, բացի դրանից՝ այս դեպքում անհրաժեշտ է դիտարկել HBS-անտիգեն կրող անձին որպես վարակի տարածման աղբյուր: «Առողջ կրող» հակացությունն արդեն չի կիրառվում քրոնիկական HBV ինֆեկցիայի պատճառով, քանի որ, անգամ կլինիկորեն արտահայտվող ախտանիշների բացակայության դեպքում մեծանում է լյարդաբջջային կարցինոմայի ռիսկը: Բացի դրանից՝ պատահական, յաթրոգեն, կամ որպես քիմիոթեապևտիկ կուրսերի կամ իմունոսուպրեսիայի արդյունք, կարող է դիտվել HBV-ի ռեպլիկացիայի վերաակտիվացում: Աղբյուրը՝ https://www.medscape.com/viewarticle/702587: Սահմանված չեն նաև կլինիկական չափորոշիչներ,
- Քրոնիկ վարակիչ հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է հստակեցնել հիվանդությունների ցանկն ըստ ՀՄԴ 10-ի, օր.՝ դիսբակտերիոզը նշվում է այս ցանկում որպես առանձին հիվանդություն, այն դեպքում, երբ այն դիտարկվում է որպես աղիների միկրոֆլորայի շեղում, որից ախտորոշման արդյունքում տեղեկատվությունը թերի է մնում: Բացի դրանից՝ անհրաժեշտ է հստակեցնել «մյուս հիվանդություններ» եզրույթը՝ ըստ դրա կարգավորելով և սահմանելով պիտանիության որոշումը բուժումից հետո,
- Անհրաժեշտ է հստակեցնել և կարգավորել պիտանության անհատապես որոշման կարգը՝ հաշվի առնելով, որ քրոնիկ բակտերիակիրները հանդիսանում են որովայանտիֆային ինֆեկցիայի հիմնական աղբյուրները: Որովայնային տիֆին և պարատիֆերին բնորոշ է վարակման ֆեկալ-օրալ մեխանիզմը, որը իրականացվում է ինֆեկցիայի փոխանցման ջրային, սննդային և կենցաղ-կոնտակտային ուղիներով,
- «Ներզատիչ համակարգի և նյութափոխանակության հիվանդությունների» դեպքում խպիպի վերաբերյալ անհրաժեշտ է սահմանել հորմոնների մակարդակը: Հստակեցնել «զգալիորեն բարձրացած», «տարբեր վիսցերալ փոփոխություններ», «միջին մակարդակի բարձրացում» հասկացությունները, հստակ սահմանել այլ ներզատիչ գեղձերի հիվանդությունների չափորոշիչները, հստակեցնել «ֆունկցիայի խանգարման աստիճան» եզրույթը,
- «Արյան համակարգի հիվանդություններ (սակավարյունություն, ագրանուլոցիտոզ, հեմոբլաստոզներ, հեմոսարկոմա, լիմֆոգրանուլեմատոզ, հեմոռագիկ դիաթեզներ և այլն)» դեպքում անհրաժեշտ է հստակեցնել «կախված կլինիկական ընթացքից» եզրույթը: Լիմֆադենոպաթիաների դեպքում անհրաժեշտ է սահմանել նշված հիվանդությունների ժխտման և չժխտման դեպքում հետագա քայլերը,
- «Ոտքերի մատների արատների» դեպքում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք անհասկանալի են եւ անհրաժեշտ է հիմնավորել,
- Անհրաժեշտ է սահմանել պլանային վիրահատության ցուցումներով պայմանավորված ժամկետներ,
- «Ականջի կամ հարքթային խոռոչների բարոֆունկցիայի կայուն խանգարման» դեպքում սահմանված չէ ճնշաչափման արդյունքների սանդղակ,
- «Խոսքի արատներ, ձայնագոյացման խանգարումների» դեպքում անհրաժեշտ է լոգոպեդի խորհրդատվությունը դարձնել հետազոտության պարտադիր մաս,
- «Ատամների, պարոդոնտի և բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների» դեպքում նախկինում սահմանվում էր, որ պարոդոնտիտի ախտորոշումը հաստատվում է ամբողջ ատամնածնոտային համակարգի մանրազնին ռենտգենաբանական հետազոտության միջոցով և հարակից հիվանդությունների հայտնաբերմամբ, սակայն այս պահանջը այժմ վերացել է, որն անհասկանալի է,
- «Խիստ արտահայտված հաճախակի սրացող խոցային բլեֆարիտներ, ինչպես նաև խրոնիկ կոնյուկտիվիտներ պտկիկների գերաճով և հյուսվածքի ենթալորձային շերտի ինֆիլտրացիայով» հոդվածի դեպքում «բուժելի» և «չբուժվող» որակումներն ընդհանրական են և ամբողջությամբ չեն նկարագրում հիվանդությունը, բացի դրանից՝ բուժման արդյունավետությունը սահմանող չափորոշիչները բացակայում են,
- «Մաշկի քրոնիկական բուժմանը դժվար ենթարկվող և չբուժվող հիվանդություններ» հոդվածի «դ» կետով փորձաքննելիս հաշվի առնվող չափորոշիչների չափելիության տարբերակները անհրաժեշտ են սահմանել հստակ կերպով:
Այսպիսով, «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակն հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 404 որոշումը վերանայման կարիք ունի: