Զորակոչիկին զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու պահանջով հայցը Վարչական դատարանը կքննի վաղը
18:10, March 15, 2018 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՏեղեկացնում ենք, որ 2018 թ. մարտի 16-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի զորակոչիկ Ա. Գ.-ի վերաբերյալ ԿԲՀ որոշման դեմ հայցի դատաքննությունը:
Վանաձորցի զորակոչիկ Ա. Գ.-ն տեսողական լուրջ խնդիրներով 2016 թ. ձմեռային զորակոչի ժամանակ զինծառայությանը պիտանի ճանաչվելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի միջամտությամբ 2017 թ. հուլիսի 31-ին 3 տարի ժամկետով տարկետում է ստացել: Սակայն կրկին զորակոչիկի նկատմամբ ՀՀ ՊՆ 410 հրամանի ոչ համարժեք դրույթ է կիրառվել:
Նրա ունեցած առողջական խնդիրների դեպքում զորակոչիկը պետք է հանվեր հաշվառումից և ազատվեր զինվորական ծառայությունից:
Ա. Գ.-ին զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու պահանջով նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը դիմել է դատարան՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի դեմ:
Այս գործով առաջին նախնական դատական նիստը կայացել է 2018 թ. փետրվարի 12-ին:
Դատական նիստի ընթացքում ԿԲՀ ներկայացուցիչ, ակնաբույժ Եղիշե Բաղդասարյանը, որն անձամբ է փորձաքննել զորակոչիկին, նշեց, որ համաձայն է եղել զորակոչիկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու որոշմանը: Ըստ նրա՝ ԿԲՀ որոշմամբ զորակոչիկի տեսողության սրության ախտորոշումը չի համապատասխանում նրա առողջական վիճակին, բայց և դրա վերաբերյալ ապացույցներ չկարողացավ ներկայացնել:
Դատարանը պարտավորեցրեց պատասխանողին դատարան ներկայացնել զորակոչիկի անձնական գործն ամբողջությամբ:
Վաղը Վարչական դատարանը կսկսի գործով դատաքննությունը: