Կկառուցվի Մարդու իրավունքների այգի
00:00, May 10, 2011 | Մամլո հաղորդագրություններ2011 թ. մայիսի 7-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ Տարոն 4 թաղամասում բացվեց Մարդու իրավունքների այգի:
Այգում քաղաքացիները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանցը, կազմակերպել մարդու իրավունքների վերաբերյալ միջոցառումներ, տարածել մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքները: Այգին հարմարեցված կլինի և’ մեծահասակների և’ երեխաների համար:
Նախաձեռնողների՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Քեթլին Լեսթինայի, Երևանի պետական ճարտարագիտական համալսարունում Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի Ֆուլբրայթ կրթաթոշակ ստացած շրջանավարտ Ջեյն Բրիտ Գրինվուդի և նրա ուսանողների կողմից մշակվել է այգու նախագիծ:
Նախագծի իրականացման համար հաշվի են առնվել համայնքի բնակիչների առաջարկությունները: Կազմակերպիչները մինչ այգու բացումը իրազեկման աշխատանքներ են տարել Տարոն 4 թաղամասի բնակիչների և նույն թաղամասում գտնվող թիվ 16 և 27 դպրոցներում: Դպրոցներում աշակերտներին ներկայացվել է, թե ինչ է մարդու իրավունքները և ինչ իրավունքներ ունեն հենց իրենք՝ աշակերտները:
Այգու բացմանը ներկա էին Տարոն 4 թաղամասի բնակիչներ, թիվ 16, 27 դպրոցների եւ թիվ 1 խնամքի կենտրոնի աշխատակիցներ, աշակերտներ, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Բացմանը զուգահեռ կատարվեց նաև ծառատունկ: Տնկվեցին թվով 45 խորհրդանշական տնկիներ: Յուրաքանչյուր դպրոց հնարավորություն ունեցավ իր անվան ցուցանակով տնկել մեկ տնկի:
Նախատեսվում է, որ այգում տնկվող յուրաքանչյուր տնկի, ինչպես նաև այգում առանձնացված հատվածները կբնորոշեն մարդու մեկ իրավունք: