Մատաղիսի գործով բողոքի ակցիա նախագահականի մոտ
18:42, December 12, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱյսօր՝ 2012 թ. դեկտեմբերի 12-ին «Մատաղիսի» գործով արդարադատության պահանջով բողոքի ակցիա տեղի ունեցավ նախագահական նստավայրի դիմաց: Ակցիային մասնակցում էին սպանված Հովսեփ Մկրտումյանի մայրը, մեղադրյալները և նրանց ընտանիքների անդամները, Բանակն իրականում և այլ քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներ, ինչպես նաև սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի նախկին փաստաբան՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ակցիայի մասնակիցներն իրենց հասարակական պահանջը ներկայացրեցին այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարար հանդիսացող Սերժ Սարգսյանին, որը 2007 թ. հունվարի 19-ին հայտարարել է, որ ինքը պահանջատեր է, որպեսզի իրականությունը բացահայտվի:
Սերժ Սարգսյանի պահանջատեր լինելն այժմ առավել քան հրատապ է, քանի որ ուրբաթ օրը՝ 2012 թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա հաջորդ նիստը, որի ընթացքում տուժող Հովսեփ Մկրտումյանի իրավահաջորդ Մովսես Մկրտումյանը կներկայացնի իր դիրքորոշումը, որից հետո պաշտպանական կողմը հանդես կգա ճառով և վերջին խոսքով:
Ակցիայի մասնակիցները պահանջագրի մեկ օրինակը ներկայացրեցին ՀՀ նախագահի նստավայրի գրասենյակ, որտեղ հայտնեցին, որ պատասխանը կտրամադրվի 5 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդեն շուրջ 4 տարի կրկին քննում է Մատաղիսի զորամասում 2003 թ. զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության գործը, որում մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին: Մեղադրանքի հիմքում դրված է միայն Ռազմիկ Սարգսյանի կեղծ ինքնախոստովանական ցուցմունքը, որը կորզվել է խոշտանգումների և բռնության միջոցով, ինչի մասին բազմիցս հայտարարել են մեղադրյալները:
Թեև Վճռաբեկ դատարանի որոշմամբ իրականացված նոր նախաքննությունը որևէ նոր փաստական ապացույցներ ի հայտ չի բերել, այնուամենայնիվ դատախազություն կրկին մեղադրանք է ներկայացրել նույն երիտասարդներին՝ այսպիսով անտեսելով և վճռաբեկ դատարանի որոշումը և խոշտանգումների միջոցով ձեռք բերված կեղծ ապացույցների մասին բազմաթիվ բողոքները:
2012 թ. դեկտեմբերին մեղադրող կողմը փոխել է մեղադրանքը դիտավորյալ սպանության փոխարեն (Հոդված 104) առաջադրել մեղադրանք անզգուշությամբ մահ պատճառելու համար (Հոդված 112):
Սերժ Սարգսյանին
Հայ հասարակությունից
Պահանջագիր
2007 թվականի հունվարի 19-ին Դուք՝ որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, բացասական վերաբերմունք հայտնեցիք Մատաղիսի զորամասում երկու զինծառայողների սպանության գործի վերաբերյալ, որի շրջանակներում մեղադրվել եւ ցմահ ազատազրկման էին դատապարտվել երեք անմեղ երիտասարդներ:
Հասարակության հետևողական պայքարի արդյունքում 2006 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանը, բեկանելով ցմահ ազատազրկման դատավճիռը, նրանց անհապաղ ազատ արձակելու որոշում էր կայացրել:
Այսօր եկել ենք հիշեցնելու 2007 թվականի հունվարի 19-ին՝ որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար արտահայտած Ձեր խոսքերը, որոնք մեջբերում ենք. «Իմ վերաբերմունքը, իհարկե, բացասական է հետեւյալ առումով, որ երկու ատյանի դատարաններ դատապարտել են այդ տղաներին՝ մեր զինվորներին, իսկ մի ատյանը արդարացրել է կամ գործը վերադարձրել է լրացուցիչ քննության: Ինձ մոտ՝ որպես պաշտպանության նախարարի, հարց է առաջանում՝ ո՞ր ատյանն է ճիշտ գործել եւ ո՞ր ատյանը՝ սխալ»: «Արդար կլինի, որ կամ առաջին եւ երկրորդ ատյանի դատավորները պատժվեն, ովքեր սխալ որոշում են կայացրել, եւ խրախուսվի երրորդ ատյանի՝ վճռաբեկի դատավորը, կամ՝ հակառակը»: «Առաջին ատյանը 15 տարի է տվել, երկրորդ ատյանը՝ ցմահ, այսինքն՝ շատ վստահ է եղել, որ գործը շատ օբյեկտիվ է քննվել, իսկ հաջորդ ատյանը՝ հակառակը: …Այնպես որ, ես այստեղ պահանջատեր կողմ եմ եւ պետք է հետամուտ լինեմ, որ իրադրությունը պարզվի»:
Մատաղիսի գործը, որը 9 տարի շարունակ պտտվում է Հայաստանի դատական ատյաններում եւ արդեն վարույթ է ընդունվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, վառ ապացույցն է այն հանգամանքի, որ Հայաստանի Հանրապետությունում գրեթե չի գործում դատական համակարգը, և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները հիմնականում գործում են օրենքից դուրս:
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը միևնույն ժամանակ, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
Հայ հասարակությունը ցանկանում է պարզել.
Ո՞րն է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը «Մատաղիսի» գործով, նա ո՞ր կողմից է պահանջատեր՝ անմեղ երեք երիտասարդների և երկու սպանված շարքային զինծառայողների՞, թե՞ սպանություն կատարողների և սպանությունը կոծկողների՝ հանցագործ սպաների, դատախազների, քննիչների և դատավորների:
Բողոքի ակցիայի վերաբերյալ այլ նյութեր՝
Մահացած զինծառայողի մայր. «Ի՞նչն էր պատճառը, որ իմ ջահել երեխու կյանքը տարաք, չհասցրեց 19 տարեկանը լրացնի» – aravot.am
Զարուհի Փոստանջյան. «Ջհանգիրյանը ապօրինությունների համահեղինակներից մեկն է» (Տեսանյութ) – aravot.am
Մատաղիսի գործով բողոքի ակցիա՝ նախագահականի մոտ – 1in.am
Արդարադատությո՞ւն, թե՞ ծածկադմփոց. աղմկահարույց «Մատաղիսի գործը» նորից հայտնվել է դատարանում` նոր մեղադրանքներով – armenianow.com