Շրջանառության մեջ է դրվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը
13:14, December 17, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Պացիենտների իրավունքներՀՔԱ Վանաձորի գրասենյակը առողջապահության բնագավառում ներկայացրել է օրենսդրական առաջարկություն՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին:
«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք իրավունք ունեն ստանալու իրավաբանական օգնություն՝ հոգեբուժական կազմակերպության կողմից տրամադրված իրավաբանի կողմից:
Կազմակերպությունը գտնում է, որ հոգեբուժական կազմակերպության կողմից իրավաբանին վարձելը կարող է առաջացնել շահերի բախում բուժում ստացող անձի և հոգեբուժական կազմակերպության միջև, ինչպես նաև հնարավոր չէ վերահսկել իրավաբանի կողմից տրամադրվող իրավաբանական օժանդակության որակը:
Կազմակերպության կողմից մշակված առաջարկություններում նախատեսվում էր սահմանել հոգեբուժական հաստատությունում բուժում և/կամ խնամք ստացող անձանց` մասնագիտացված փաստաբանների (ՓԲ հանրային պաշտպանի գրասենյակի) միջոցով անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն:
2012 թ. դեկտեմբեր 12-ից շրջանառության մեջ է դրվել վերոնշյալ լրացումներ նախատեսող «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Նշենք, որ դեռևս 2012 թ. հոկտեմբերի 10-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախագծի վերաբերյալ աշխատանքներ է տարել ՀՀ առողջապահության, մայրության և մանկության հարցերով մշտական հանձաժողովի փորձագետի հետ:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2007 թ. զբաղվում է սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ: