«Դեմ առ դեմ». Արթուր Սաքունց – Ավետիք Իշխանյան
February 20, 2013Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահ է, որ հետընտրական զարգացումները հանգիստ եւ խաղաղ են լինելու: Սուր զարգացումները հավանական չի համարում նաեւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ Նախագահական ընտրությունների շուրջ երկու իրավապաշտպանների «Դեմ առ դեմ» բանավեճից:
Ավետիք Իշխանյան- Եթե մենք մակերեսորեն նայենք այս ընտրություններին՝ հաշվի առնելով այն մի քանի կետերը, որոնք հատկապես նշում են միջազգային դիտորդները, ապա կարող ենք ասել, որ ընտրություններն անցան բավական խաղաղ մթնոլորտում, միմյանց նկատմամբ թշնամանք չկար, առկա էր խոսքի, հավաքների ազատություն եւ այլն: Բայց եթե ավելի լայն եւ ավելի խորը նայենք, ապա կտեսնենք, որ ընտրություններն անցան «հին հայկական ավանդական» ձեւերով. նորից կիրառվեցին վարչական լծակներն ու ընտրակաշառքը: Եվ իմ տպավորությամբ՝ այն տեղամասերում, որտեղ չկային ոչ իշխանական թեկնածուների վստահված անձինք եւ վստահելի դիտորդներ, հաղթեց Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ նախորդ ընտրությունների հետ համեմատած՝ արտաքուստ ավելի մեղմ լինելով, այնուամենայնիվ, այս ընտրություններն էլ անցան հին հայտնի սցենարով, եւ իշխանությունը վերարտադրվեց:
Ա. Սաքունց- Եթե ընտրությունները կտրենք նախընտրական գործընթացներից եւ մինչ այդ առկա իրավիճակից, ապա այդ ընտրությունները ես կարող եմ համարել նույնիսկ գերեզմանային հանդարտության ընտրություններ, բացառությամբ, իհարկե, Պարույր Հայրիկյանի մահափոձի սարսափելի դեպքի, որի իրական պատվիրատուները մինչեւ հիմա չեն բացահայտվել: Բայց ես ուզում եմ նշել, որ չկային նախադրյալները, որպեսզի Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ լինեին: Նախ՝ չկար խոսքի ազատություն: Դուք այս հնարավորությունը մի համարեք խոսքի ազատություն, որովհետեւ կարծիքների բազմազանության, խոսքի ազատության չափորոշիչը ես համարում եմ Հանրային հեռուստաընկերությամբ բազմազան կարծիքների արտահայտման հնարավորությունը, որից մենք զրկված ենք եւ նման հրավերք կյանքում չենք ստացել: Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը մեզ՝ իրավապաշտպան գործունեություն իրականացնողներիս, ամեն պատեհ-անպատեհ առիթով կարող է անվանել հինգերորդ զորասյուն, ազգային դավաճաններ եւ այլն: Հաջորդը՝ չկա մրցակցություն տնտեսության դաշտում, այստեղ ամեն ինչ թելադրվում է իշխանությունների կողմից՝ ներմուծում, արտահանում, ֆինանսների կառավարում: Իսկ մենք գիտենք՝ ֆինանսները շատ կարեւոր են քաղաքական գործունեություն ծավալելու համար: Սոցիալական տեսակետից՝ աղքատության բարձր մակարդակ. պաշտոնական թվերով՝ 36-38 տոկոս, իսկ անկախ փորձագիտական դիտարկումներով՝ մինչեւ 60 տոկոս: Այսինքն՝ սոցիալական ֆոնը, որը շատ կարեւոր նշանակություն ունի քաղաքացու ազատ կամքի արտահայտման համար, նույնպես բավարար չէ: Չկա նաեւ իրավական պաշտպանությունը. մենք բազմիցս խոսել ենք, որ քաղաքացիների իրավունքները խախտվում են համակարգված ձեւով, որովհետեւ չկա անկախ դատական իշխանություն, ոստիկանությունը շարունակում է քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառումը եւ այլն: Եվ եթե ահա այս նախապայմանները չկան, ապա ինչպե՞ս կարելի է խոսել ազատ եւ արդար ընտրությունների կամ դրանց բարելավման մասին: Էլ չասած՝ Մարտի 1-ի դեպքերը չբացահայտելու, ի դեմս Տիգրան Առաքելյանի եւ նրա գործընկերների՝ քաղբանտարկյալների առկայության եւ Վարդան Օսկանյանի դեմ սկսված քրեական հետապնդման մասին, որը հանգեցրեց նրան, որ ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ Օսկանյանը չկարողացան առաջադրվել նախագահական ընտրություններում: Քրեական հետապնդումը եւ դոսյեների ինստիտուտը, որը կիրառվեց իշխանության կողմից, հանգեցրեց նրան, որ Գագիկ Ծառուկյանը այլ նպատակով Բրյուսել գնալուց հետո եկավ, հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ եւ որոշեց, որ չի առաջադրվելու: Այսինքն՝ եթե նույնիսկ նախագահի պոտենցիալ թեկնածուն ազատ չէ, ընտրողների ազատության մասին խոսելն ավելորդ է: Եվ այս ընտրությունների ժամանակ կիրառվեց խախտումների ամբողջ ներկապնակը՝ համաձայն մինչ այդ մշակված ընտրախախտումների ռազմավարության՝ թե գործիքների, թե ժամանակի տեսանկյունից: Միայն մի բան իշխանությունը հաշվի չառավ. պատշաճ չգնահատեց Հայաստանի ընտրողներին: Շարքից հանելով հիմնական մրցակիցներին՝ գտավ, որ մրցակցություն չկա, եւ թուլացավ՝ մինչեւ վերջ չկիրառելով իր լավ մտածված ընտրակեղծիքների մեխանիզմը, այդ թվում եւ՝ ընտրակաշառքների գումարների տեղերում յուրացումների մասով:
«Առավոտ»- Այսինքն՝ ուզում եք ասել, որ նաեւ իշխանության կողմից բավարար չափով ընտրակաշառք չբաժանելու արդյունքո՞ւմ ընդդիմությունն այդքան ձայն հավաքեց:
Ա. Ս.- Բնականաբար, եւ նաեւ՝ քրեական տարրերին շատ օգտագործեցին քաղաքացիներին քվեարկության տանելու հարցում:
«Առավոտ»- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը չօգտվեցին իրենց վստահված անձանց հանձնաժողովի անդամների միջեւ նստելու՝ Սերժ Սարգսյանի շտաբի ընձեռած հնարավորությունից: Ի վերջո՝ դա բավականին արդյունավետ գործիք կարող էր լինել ընտրական գործընթացը վերահսկելու համար:
Ա. Ի.- Հարգելով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ այդուհանդերձ, պետք է ասեմ, որ համոզված եմ՝«Ժառանգություն» կուսակցությունը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը չունեին այնքան համակիրներ, որպեսզի կարողանային վստահված անձանցով ծածկել բոլոր ընտրատարածքները: Ես թեեւ չունեմ թվային տվյալներ, բայց կարծում եմ, որ նրանք նույնիսկ չունեին այնքան անդամներ, որպեսզի հանձնաժողովներում կարողանային ապահովել իրենց անդամների մասնակցությունը: Դա կուսակցության ռեսուրսների մասին է խոսում: Իսկ ԱԺ-ում ներկայացված մյուս խմբակցությունները, որոնք ավելի շատ ռեսուրսներ ունեին, մնացին չեզոք, եւ գուցե նաեւ չարախնդում էին այս իրավիճակի հետ կապված: Բայց անսպասելի կերպով ժողովուրդն ապտակ հասցրեց բոլորին՝ հիմնականում քվեարկելով հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի:
«Առավոտ»- Դիտորդական առաքելություն իրականացնող «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հ/կ ղեկավար Անահիտ Գեւորգյանն, օրինակ, այսպիսի հարցադրում է անում. «Եթե ռեսուրս չունեն, ինչո՞ւ են թեկնածություն դնում»: Չե՞ք կարծում, որ սրանով թեկնածուներն ինչ-որ տեղ հուսախաբ են անում ընտրողներին՝ չկարողանալով տեր կանգնել իրենց տրված ձայներին:
Ա. Ի.- Այն կուսակցությունները, որոնք ռեսուրս ունեին, չմասնակցեցին եւ շատ կուզենային, որ ոչ ոք չառաջադրվեր Սերժ Սարգսյանի դիմաց: Բայց այդ դեպքում ի՞նչ են առաջարկում՝ ընդհանրապես որեւէ մեկը չդնե՞ր: Օրինակ՝ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե դրել է իր թեկնածությունը՝ մարտահրավեր նետելու համար իշխանությանը, հիմա ա՞յդ էլ չարվեր: Ես պատասխան չունեմ այդ հարցին:
Ա. Ս.- Արդյոք ռեսուրսները էական նշանակություն ունեի՞ն նման իրավիճակում: Կար իշխանության նկատմամբ անվստահության ռեսուրսը: Եվ այդ ռեսուրսը որեւէ մեկը չէր կարող ասել, որ իրենն է: Որովհետեւ այն երեք կուսակցությունները, որոնք կրում էին իշխանության հանդեպ այդ անվստահությունը՝ ներկայացված լինելով ԱԺ-ում, չմասնակցեցին ընտրություններին, եւ թեկնածու առաջադրեց «Ժառանգությունը»: Այսինքն՝ այդ անվստահության ամբողջ ռեսուրսը դրսեւորվեց ընտրողի վերաբերմունքում՝ հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի: Եվ այստեղ էական նշանակություն ունեցավ ոչ թե կուսակցության ռեսուրսը, այլ ընտրողի անվստահության ռեսուրսի մեծ պաշարը իշխանության նկատմամբ: Մրցակցությունը գնում էր ոչ թե քաղաքական ուժերի միջեւ, այլ իշխանության եւ ընտրողի՝ այդ անվստահության ռեսուրսի միջեւ:
«Առավոտ»- Այս իրավիճակում, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինեն Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերը:
Ա. Ի.- Ինչ անել. ես միշտ այդ հարցը տվել եմ: 96թ.-ին ինչ աներ Վազգեն Մանուկյանը, 98-ին բոլորը սկսեցին դժգոհել, որ Կարեն Դեմիրճյանը ոչինչ չարեց, 2003-ին ինչ աներ Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին ինչ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը. արդյունքում որեւէ փոփոխություն չեղավ, եղավ ճգնաժամ եւ տասը զոհ: Թե ի՞նչ պիտի անի Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շատ դժվար է ասել: Ես չունեմ այդ հարցի պատասխանը:
Ա. Ս.- Ընտրությունների գիշերը Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց չտրվել սադրանքներին եւ չգնալ տեղամասեր: Արդեն դա ուղերձ էր:
Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ Սույն հաղորդման բովանդակությունը կարող է չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տեսակետներին։
Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N17870։ Նախագահական ընտրությունների շուրջ երկու իրավապաշտպանների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/02/21/205770/