ՔԿՀ-ներում քրեական մեխանիզմներն ավելի մեծ նշանակություն ունեն, քան իրավական մեխանիզմները
November 21, 2012«Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարը կանդրադառնա քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) տիրող իրավիճակին։ Այս խնդիրը հասարակական ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես վերջին օրերին, երբ մի քանի կալանավորներ բողոքի ակցիաներ իրականացրեցին՝ դժգոհելով իրենց հանդեպ վերաբերմունքից ու պայմաններից։ Արդարադատության նախարարը հայտարարեց, թե նման երևույթները սովորական են շատ կալանավորների համար։
Նման երևույթները սովորական չհամարելով՝ փորձեցինք հրավիրել արդարադատության նախարարության ներկայացուցչի, սակայն նախարարությունը չհամաձայնեց մասնակցել հաղորդմանը։ Այս թեմայի շուրջ մենք կզրուցենք իրավապաշտպաններ Արթուր Սաքունցի և Ավետիք Իշխանյանի հետ։
– Պարոն Սաքունց, դուք, որպես դիտորդական խմբի նախագահ, որն այցելություններ է կատարում քրեակատարողական հիմնարկներ, ինչպե՞ս կգնահատեք այնտեղ տիրող իրավիճակը։
– Մտահոգիչ է, որ քիչ բողոքներ կան դատապարտվածների սննդի, առողջապահության, ժամանցի, տեսակցության, նրանց նկատմամբ ֆիզիկական միջոցների կիրառման մասին։ Կա վախի մթնոլորտ. ազատազրկված անձը համարում է և հիմքեր ունի այդպես մտածելու, որ ինքը պաշտպանված չէ, երաշխավորված չէ իր անվտանգությունը։ Բռնության կիրառման եզակի դեպքեր են եղել, երբ դրանց վերաբերյալ բողոք ենք ներկայացրել, բռնության ենթարկվածն ինքն է հրաժարվել բողոքից։ Փաստորեն, մենք չենք կարողանում որևէ արդյունքի հասնել, երբ հարցերը բարձրացնում ենք արդարադատության նախարարության առջև, որովհետև մեզ պատասխանում են՝ ուսումնասիրել ենք, չի համապատասխանում իրականությանը, դրանք կապված են ֆինանսական միջոցների հետ։ Այսինքն՝ կիրառվում է խնդիրները կանխամտածված լռության մատնելու և ամեն ինչ նույնը թողնելու մեթոդը։ Ցավոք, մարդիկ այդ իրավիճակից փրկվելու միակ միջոց են տեսնում պայմանական վաղաժամկետի հանձնաժողովի մեխանիզմը, որը նույնպես չի գործում։ 10 տարի է՝ ՔԿՀ-ն ոստիկանության ենթակայությունից տեղափոխվել է ԱՆ, և այդ ընթացքում անմարդկային պայմանների վերաբերյալ Հայաստանից գոնե մեկ դիմում չի գնացել Եվրոպական դատարան։ Կա մահացության դեպքերի աճ, բայց բողոքներ չկան։ Համակարգը զիջել է ինքնակարգավորման քրեական մեխանիզմներին, որոնք ավելի մեծ նշանակություն ունեն։ Թափանցիկ անպատժելիության այս մթնոլորտը զրոյացնում է գոյություն ունեցող իրավական մեխանիզմները։ Այս իրավիճակից դուրս գալու հարցում շատ կարևոր է հանրային ուշադրությունը։
– Պրն Իշխանյան, ո՞րն է կառավարման թույլ որակի պատճառը։
– Նշեմ մի քանի պատճառներ։ Մեկն այն է, որ Հայաստանում տարբեր գերատեսչություններ իրենց չեն զգում որպես առանձին գերատեսչություն և ինքնուրույն չեն գործում։ Մենք ունենք ոստիկանություն, դատախազություն, արդարադատության նախարարություն։ Օրենքով՝ դատախազությունը նախաքննության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում։ Այս երևույթների մասին դատախազությունը պետք է բարձրաձայներ և գործեր հարուցեր։ Բայց մեզ մոտ այդ գերատեսչությունների շահերի բախում գոյություն չունի, դրանք իրականում սիամական երկվորյակներ են։ 80 կալանավորի հետ մենք զրուցել ենք, որոնք պնդել են, որ իրենց նկատմամբ ծեծ և վատ վերաբերմունք է եղել ոստիկանությունում։ 30 հոգին համաձայնել են մանրամասն ասել, թե ինչ է եղել, մեկ-երկուսն են միայն համաձայնել իրենց անունը տալ։ Նրանց բողոքներն առաջին հերթին ուղղված են լինում պետական մարմիններին՝ դատախազություն և այլն (հիշո՞ւմ եք, մատը կտրել ուղարկել էր դատախազին)։ Երբ պետական մարմինների կողմից անհույս վիճակ է, նրանք դիմում են իրավապաշտպան կազմակերպություններին կամ ինքնախեղումներ են անում։ Երկրորդ կարևոր հարցը՝ 2002թ. երբ համակարգը փոխանցվեց արդարադատության նախարարությանը, դա կրեց ձևական բնույթ, որովհետև ՔԿ վարչության պետին նշանակում է նախագահը, և վարչության պետը, մեղմ ասած, բանի տեղ չի դնում նախարարությանը։ Պետք է այդ նշանակումը կատարի նախարարը։ Ամենակարևորը՝ ոստիկանությունը և դատախազությունը պետք է ինքնուրյուն գործեն։
– Պրն Սաքունց, բացի վախի մթնոլորտից, կա՞ արդյոք ազատազրկվածների իրավական գրագիտության հարց։
– Ես խոսում եմ իրազեկված դատապարտյալի գործողությունների և դրանց արդյունավետության մասին։ Իրավական ակտի բողոքարկման մեխանիզմը տրված չէ։ Իրավական գիտելիքները կիրառելու հնարավորություն չկա, որովհետև օրենսդրական մակարդակով սահմանափակված է այդ իրավունքը։ Այս իրավիճակը փոխելու խնդիրը ոչ թե դատապարտյալի իրավական գիտակցության խնդիրն է, այլ պետական մարմինների։ Իսկ այդ իրավիճակը փոխելու քաղաքական կամքը չկա։ Ուժային բոլոր՝ նշանակություն ունեցող կառույցների ղեկավարներին նշանակում է հանրապետության նախագահը։ Սա միահեծան իշխանության ամբողջացումն ապահովող կառույց է։
-Պրն Իշխանյան, քաղաքական կամքի դրսևորման խոչընդոտները հենց այդ իշխանական բուրգի կառուցվածքը պահպանե՞լն է, թե՞ այլ շարժառիթներ կան։
– Շատ է ասվում քաղաքական կամքի դրսևորում, բայց դա նշանակում է քաղաքական կամք ունենալ իշխանությունից հեռանալու, որովհետև այս համակարգով իշխանություն է պահվում։ Այս ոլորտում, կարծում եմ, քաղաքական կամք ունենալու դեպքում հնարավոր է ինչ-որ փոփոխություններ կատարել։ Իսկ ինչո՞ւ չի արվում։ Արդյո՞ք հանրությունը պատրաստ է այդ համակարգում փոփոխություններ անելու։ Առաջին հերթին պետք է վերաբերմունք փոխվի ազատազրկվածների հանդեպ, որից հետո իսկապես հնարավոր է բարեփոխումներ անել։
Ա.Ս.- Մարդը ճկույթը կտրել է և ուղարկել, աչքերը կարում է, և հանրային ընդվզում չկա։ Ամեն ինչ չեմ ուզում վերագրել նախարարին կամ քաղաքական մարմիններին։
Ա.Ի.- Եթե մենք համարում ենք, որ ՔՀԿ-ներում բոլորը հանցագործ են, ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք համարում եք, որ մեր դատարանները արդար վճիռներ են կայացրել, և բոլոր հանցագործներն այնտեղ են, արդյո՞ք համարում եք, որ այնպիսի հանցագործներ կան, որոնք այնտեղ չեն, արդյո՞ք համարում եք, որ մեր դատա-իրավական համակարգի պայաններում դուք կամ ձեր հարազատը չեք կարող հայտնվել ճաղերից այն կողմ, իսկ եթե մարդը հանցագործություն է կատարել, արդյո՞ք պայմաններն այնքան դաժան պետք է լինեն, որ նա վերանա մարդ լինելուց։ Քաղաքացիական հասարակության շատ կառույցներ մասնակցում են քննարկումների ու դասընթացների, և նրանցից շատերի մեջ վերաբերմունքը փոխվել է։ Հասարակությունն էլ պետք է գիտակցի և ազդի իշխանությունների վրա։
Ա.Ս.-Անկախ կուսակցական պատկանելությունից՝ ՔՀԿ-ներում եղած բանտարկյալները չմիավորվեցին ու չասացին, որ այդ հիմնարկներում կան խնդիրներ։ Չկա այդպիսի նախաձեռնություն, իսկ ժամանակը ցույց տվեց, որ քաղաքական պատկանելությունը կամ դրա բացակայությունը երաշխիք չէ, որ դու չհայտնվես ճաղերի հետևում։ Ընտրություններ են լինելու, որևէ մեկը ՔՀ համակարգում իրավիճակի շտկման վերաբերյալ ծրագրային առաջարկ ներկայացրե՞ց։ Ոչ։
– Մենք պատրաստակամ ենք ևս մեկ անգամ կազմակերպել հաղորդում, եթե նախարարությունը հարկ կհամարի մասնակցել և ինչ-որ բան ասել այս թեմայով։
Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/tvprograms_diskurs_134537.html