Երևանի ոստիկանապետի հեռացման դեպքում կարելի է խոսել ոստիկանության բարեփոխումների մասին. Սաքունց
March 7, 2016ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից: Ոստիկանության մամուլի ծառայությունը կատարվածը մեկնաբանել է, որ այս ամենը պետք է դիտել բարեփոխումների շրջանակում:
Այդ աշխատակիցներն ի՞նչ պարտականություններ չկատարելու մեջ են մեղադրվում, որի հիման վրա հեռացվել են, ի՞նչ չափանիշների չէին համապատասխանում. քանի դեռ անձնագրային սեղանի 7 աշխատակիցների ազատման վերաբերյալ հստակ հիմնավորում չի ներկայացվել, խոսել բարեփուխումների նպատակով կամ քաղաքական կամքից ելնելով փոփոխությունների իրականացման մասին, տեղին չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը. «Ավելի շատ դա կարող եմ վերագրել կամայականությանը»:
«Մենք կարող ենք խոսել քաղաքական կամքի առկայության մասին, եթե վերացվեն ոստիկանության բաժիններում բռնությունները, ոստիկանության կողմից ապօրինի գործելակերպը (այն, ինչը կատարվեց նաև Գևորգ Սաֆարյանի նկատմամբ) և կեղծ ցուցմունքներ տվող աշխատակիցներից ազատվելու դեպքում»,- նշեց Ա. Սաքունցը հավելելով, որ նման կադրային փոփոխությունների միջոցով, ցավոք սրտի, իրավիճակը մնում է նույնը, այսինքն՝ իրական, բովանդակային բարեփոխումներ ոստիկանության համակարգում տեղի չեն ունենում:
Անդրադառնալով անձնագրային բաժնի աշխատակիցների հեռացման նշված պատճառներից մեկին՝ քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորելուն՝ Արթուր Սաքունցը հիշեց ՀՀ ոստիկանապետի վերաբերմունքը «Էլեկտրիկ Երևան»-ի հավաքների ժամանակ. «Ըստ երևույթին ինչպիսի օրինակ ցույց է տալիս ոստիկանապետը, այդպիսի օրինակ էլ ցույց են տալիս քաղաքացիները: Թե ինչպես են ոստիկանները վերաբերվում քաղաքացիների նկատմամբ, բազմիցս ականատես ենք եղել հենց հավաքների ընթացքում»:
Սակայն արդյունքում նկատողություն տալու կամ հեռացնելու փոխարեն, ըստ Ա. Սաքունցի, թույլատրվում է շարունակել ծառայությունը. «Օրինակ՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մեղադրվում է խոշտանգման մեջ, բայց նշանակվում է մայրաքաղաքի ոստիկանապետ:
Արթուր Սաքունցի կարծիքով՝ համակարգային փոփոխություններ պետք է իրականացվեն: Նրա դիտարկմամբ՝ «պալատական» կառավարման սկզբունքի առկայության դեպքում անձերի փոփոխությունը չի կարող լուրջ փոփոխությունների հանգեցնել:
http://www.1in.am/1859156.html