Սաքունցը դիմել է Գլխավոր դատախազություն՝ Հոկտեմբերի 27-ի գործով Ս. Սարգսյանին հարցաքննելու պահանջով
February 8, 2016Բանն այն է, որ նախօրեին «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի լրատվական թողարկման ժամանակ, խոսելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, ասել է, որ ժամանակին Սերժ Սարգսյանն իրեն խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպված է ու մի օր կասի, թե ով էր կազմակերպել։
Ըստ Արթուր Սաքունցի՝ Արամ Սարգսյանը շատ կարևոր փաստ է արձանագրել, որը չի կարող անարձագանք մնալ։ «Ըստ այդ հայտարարության հանրապետության գլխավոր պաշտոնատար անձը թաքցրել է հանցագործության մասին տեղեկություն, որը քրեորեն հետապնդելի արարք է։ Սա նոր երևան եկած հանգամանք է և գլխավոր դատախազն անհապաղ պետք է հանձնարարի ՀՔԾ-ին ընթացք տալ հայտարարությանը՝ անհապաղ հարցաքննել Սերժ Սարգսյանին։ Բացի այդ, ԱԺ-ում պետք է հրավիրվի հատուկ նիստ և Սերժ Սարգսյանը ԱԺ-ում պետք է բացատրություն ներկայացնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաքունցը։
Նույն պահանջով ՀՔԱՎԳ-ի ղեկավար Արթուր Սաքունցի դիմումն առավոտյան մուտք կարվի գլխավոր դատախազություն։