Իրավախորհրդատվության մայիս ամսվա արդյունքները Վանաձորում
June 6, 20092009 թ. մայիսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 17 քաղաքացիներ:
Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմներին:
Անձի անձեռնամխելիության իրավունք
1. 2009 թ. ապրիլի 25-ին` ժամը 10:00-ի սահմաններում, քաղաքացի Ա. Մ.-ին կանչել են ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի Գուգարքի քննչական բաժին: Նշված օրը և ժամին Ա. Մ.-ն ներկայացել է ոստիկանություն, քննիչը նրան հայտնել է, որ գյուղում գողություն է կատարվել և կասկածվում է Ա. Մ.-ն: Քննիչն առաջարկել է Ա. Մ.-ին, որ նա օգնի մեղավորին գտնելու հարցում, իսկ Ա. Մ-ն պատասխանել է, որ ոչինչից տեղյակ չէ և չի կարող օգնել:
2009 թ. մայիսի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակից Ա. Սարգսյանը հեռախոսազանգով հայտնել է Ա. Մ.-ին, որ նա 2009 թ. մայիսի 12-ին ներկայանա ոստիկանության բաժին:
2009 թ. մայիսի 12-ին` ժամը 9:00-ին, Ա. Մ.-ն ներկայացել է ոստիկանության բաժին, որտեղ Ա. Սարգսյանը սպառնացել է Ա. Մ.-ին, թե կգան մարդիկ, որոնք կստիպեն նրան խելոք ասել ամեն ինչ: Այնուհետև նույն սենյակ են եկել ոստիկանության մեկ այլ աշխատակից և մի խումբ այլ անձիք, որոնց Ա. Մ.-ն կարող է դեմքով ճանաչել: Վերջիններս ծեծի և հոգեբանական ճնշումների են ենթարկել Ա. Մ.-ին, ինչի արդյունքում էլ նա ստորագրել է իրեն ներկայացված փաստաթղթերի տակ:
Ցուցմունքների հիման վրա քաղաքացուն կալանավորել են և տեղափոխել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:
Կազմակերպության կողմից հաղորդում է ուղարկվել ՀՀ դատախազություն քաղաքացու խոշտանգման փաստի հիման վրա քրեական գործ հարուցելու համար:
Սպառողների իրավունք
2. Քաղաքացի Ա. Ա. -ն գրավոր դիմել է կազմակերպությանը իր խնդրի կարգավորմանն աջակցելու խնդրանքով: Խնդիրը կայանում է նրանում, որ Մյասնիկյան 12 շենքի ջրագծի վթարը վերացնելով` «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները դադարեցրել են այդ շենքին կից՝ Ա. Ա.-ին պատկանող Վարդանանց 106 տան ջրամատակարարումը:
Կազմակերպության անունից քաղաքացու համար դիմում է պատրաստվել` ուղղված «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` խնդրանքով, որ համապատասխան միջոցներ ձեռնարկվի ջրամատակարարումը վերականգնելու կապակցությամբ:
12.06.09 թ. «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ուղարկել է թիվ 09-390 պատասխան գրություն, ըստ որի` քաղաքացու ջրամատակարարումը կվերականգնվի միայն սեփականատիրոջ կողմից ջրագծի վթարային հատվածը վերականգնելուց հետո:
3. Ջրամատակարար կազմակերպությունը` «Լոռու ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, քաղաքացուն սպառած ջրի դիմաց վճարի պարտքի վերաբերյալ պարտավորագիր է ներկայացրել, մինչդեռ քաղաքացին վճարել է և ունի իր կողմից սպառած ջրի դիմած վճարման անդորրագրերը:
Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` վերահաշվարկի խնդրանքով:
Այս կարգի խնդրով դիմել են 2 քաղաքացիներ:
4. Քաղաքացին փաստացի չի բնակվում սեփականության իրավունքով իրեն պատկանող տանը, սակայն գոյացել են կոմունալ վճարներ: Քաղաքացին ինչպե՞ս կարող է չվճարել գոյացած պարտքը:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել տեղեկանք վերցնել թաղամասային հիմնարկից այն մասին, որ ինքը փաստացի չի բնակվել այդ հասցեում, հետևաբար` չէր կարող օգտվել կոմունալ ծառայություններից:
Սեփականության իրավունք
5. Առուվաճառքի պայմանագրի հիման վրա քաղաքացին ձեռք է բերել հողամաս, որն օգտագործել է շուրջ 20 տարի, սակայն հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով չի գրանցվել: Համայնքի ղեկավարը այդ նույն հողամասն առանց իրավական ձևակերպման հատկացրել է մեկ այլ քաղաքացու: Քաղաքացին ինչպե՞ս կարող է հողամասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ձեռք բերել սեփականության վկայական:
Կազմակերպությունը քաղաքացուն օգնել է պատրաստել տեղեկատվության հարցում` ուղղված Լոռու մարզի Վանաձորի մասնաճյուղի արխիվ ՊՈԱԿ-ին` սեփականության իրավունքով տվյալ հողամասի պատկանելիությունը ճշտելու նպատակով:
6. Քաղաքացին ինչպե՞ս կարող է առանձնացնել բաժնային սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի իր բաժինը:
Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է գրավոր դիմում` ուղղված բնակարանի մյուս բաժնի սեփականատիրոջը` օրենքով սահմանված կարգով բնակարանի իր բաժինը առանձնացնելու առաջարկությամբ` դիմումում նշելով, որ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականությունից իր բաժինը կառանձնացվի դատական կարգով:
7. Քաղաքացին ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում կարող է ընդունել մահացած մոր ժառանգությունը, եթե կտակ չկա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` եթե չկա կտակ, ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի և ընդունվում 6 ամսյա ժամկետում: Ժառանգության վկայագիր ստանալուց հետո տվյալ ժառանգության նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:
8. Վանաձորի քաղաքապետարանը հայց է ներկայացրել համայնքի բնակչի դեմ` ապօրինի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանից վտարելու պահանջի մասին: Մինչդեռ, քաղաքացին այդ բնակարանը փաստացի օգտագործում է 18 տարի, իր միջոցներով վերանորոգել է և բարեխղճորեն իրականացրել վճարումները: Քաղաքացին ինչպե՞ս կարող է տվյալ բնակարանի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:
Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է հակընդդեմ հայցադիմում՝ ապօրինի զբաղեցված համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանից վտարելու պահանջն անվավեր ճանաչելու և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու պահանջով, քանի որ քաղաքացին ավելի քան տասը տարի բարեխիղճ օգտագործել է նշված բնակարանը` իրականացրել վերանորոգում, ապամոնտաժում:
Զորակոչիկների իրավունք
9. Քաղաքացին կարո՞ղ է արդյոք որդուն շարային մոտոհրաձգային ծառայությունից մարզիկների համար նախատեսված զորամաս տեղավորել, քանի որ տղան մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի, ունի բազմաթիվ պատվոգրեր, հավաստագրեր, մեդալներ, իսկ մոտոհրաձգային զորամասում ծառայելը խոչընդոտում է նրա մարզական առաջընթացին:
Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է դիմում՝ ուղղված ՀՀ պաշտպանության նախարարությանը:
10. Ինչպե՞ս է կարգավորվում երկքաղաքացիություն ունեցող անձանց զինապարտության հարցը:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացիություն ունեցող անձը ազատվում է Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունից, եթե մինչ երկքաղաքացիությունն ընդունելը այլ պետությունում անցել է 12 ամիս զինվորական կամ 18 ամիս այլընտրանքային ծառայություն:
Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:
Աշխատանքային իրավունք
11. Քաղաքացին կարո՞ղ է արդյոք ամենամյա արձակուրդից բացի ունենալ ևս 60 օր տևողությամբ արձակուրդ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` տվյալ քաղաքացուն ամենամյա արձակուրդից բացի կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան 30 օր:
Քաղաքացիական իրավունք
12. Քաղաքացին քաղաքապետարանից գրություն է ստացել` մեքենայի գույքահարկի վճարման պահանջով, թեև իր մեքենայի պետհամարանիշները հանձնված են Վանաձորի պետավտոտեսչության աշխատակիցներին: Քաղաքացին ինչպե՞ս կարող է իմանալ պարտքի գոյացման աղբյուրը:
Քաղաքացու համար կազմակերպությունը պատրաստել է դիմում` ուղղված քաղաքապետարանին` վճարման ժամկետները երկարացնելու խնդրանքով և պարզելու, թե ինչպես է գոյացել պարտքը, և տեղեկատվության հարցում` ուղղված Վանաձորի պետավտոտեսչությանը` մեքենայի կարգավիճակը պարզելու նպատակով:
13. Քաղաքացու աշխատանքային գրքույկի մեջ, ամուսնության, այնուհետև ամուսնալուծության պատճառով 2 անգամ ազգանվան փոփոխություն է կատարվել: Նա տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն և այնտեղի քաղաքացիություն ձեռք բերել: Ցանկանում է կենսաթոշակի անցնել, բայց նրան մերժում են` պատճառաբանելով աշխատանքային գրքույկի ջնջումները: Ինչպե՞ս կարող է քաղաքացին ապացուցել փաստաթղթի իսկությունը:
Քաղաքացին աշխատանքային գրքույկում նշված անունը կարող է համապատասխանեցնել անձնագրում նշված անվանը դատարան համապատասխան պահանջի դիմում ներկայացնելով:
14. Քաղաքացու անունը անձնագրում և աշխատանքային գրքույկում չի համապատասխանում: Քաղաքացին ինչպե՞ս կարող է աշխատանքային գրքույկում նշված անունը համապատասխանեցնել անձնագրում նշված անվանը:
Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է դիմում` ուղղված Լոռու մարզի ընդանուր իրավասության դատարանին` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ:
Դատավարական իրավունք
15. Խուլ և համր աղջիկը ամուսնալուծության և երեխաների խնամակալության հայց է ներկայացրել: Դատական նիստը տեղի է ունեցել առանց մոր և թարգմանի: Քաղաքացին ինչպե՞ս կարող է իմանալ դատական նիստի ժամանակ ինչ վճիռ է կայացվել:
Քաղաքացին դատական նիստին կայացված վճիռը կարող է պահանջել դատարանից:
16. Քաղաքացին ինչպե՞ս կարող է օրենքով ճանաչել իր որդու անգործունակությունը:
Քաղաքացուն անգրծունակ ճանաչելու վերաբերյալ գրծը կարող է սկսվել նրա ընտանիքի անդամների դիմումի հիման վրա: Անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է տվյալ քաղաքացու բնակության վայրի դատարանին, իսկ եթե այդ անձը գտնվում է հոգեբուժական հիմնարկում` ապա բուժական հիմնարկի գտնվելու վայրի դատարանին:
17. Քաղաքացու որդու նկատմամբ, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հայտարարել է հետախուզում: Քաղաքացին ինչպե՞ս կարող դադարեցնել որդու նկատմամբ հայտարարված հետախուզումը:
Քաղաքացուն բացատրվել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործողությունները օրենքի շրջանակում են և հետախուզումը կարող է դադարեցվել միայն դատարանի վճռով իր տղայի վրա դրված պարտավորության կատարումից հետո:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: