Նախագահի հայեցողական լիազորությունները պետք է սահմանափակել. ԵԽ հանձնակատարի զեկույցը
March 11, 2015 Այլ, ԶեկույցԵվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը մարտի 10-ին հրապարակել է 2014թ. հոկտեմբերի 5-9-ը Հայաստան կատարած իր այցի արդյունքներով զեկույցը:
Զեկույցը վերաբերում է հետևյալ հիմնական խնդիրներին` արդարադատության իրականացում, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների արդյունավետ քննություն և կանանց իրավունքներ ու գենդերային հավասարություն: Զեկույցի համառոտ ակնարկը ներկայացված է ստորև:
Արդարադատությանիրականացումը
Իրավունքի գերակայության անքակտելի բաղադրիչ է արդարադատության ուժեղ և գործուն համակարգը, որում լիարժեքորեն ներկառուցված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքը: Հանձնակատարը խրախուսում է արդարադատության ոլորտի բարեփոխման ուղղությամբ գործադրվող ջանքերը և ընդգծում է, որ ոլորտի անկախությունը, անկողմնակալությունը և արդյունավետությունը եվրոպական ստանդարտներին համապատասխան բարձրացնելու համար անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը: Սա հույժ կարևոր է արդար դատաքննության իրավունքների իրագործման և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը, ինչպես նաև իրականության մեջ դատական համակարգի բարեփոխումների փաստացի ազդեցությունը երաշխավորելու տեսանկյունից: Հանձնակատարը խորհուրդ է տալիս վերանայել դատավորների ընտրության, նշանակման, առաջխաղացման և ազատման ընթացակարգերը, որպեսզի ավելի լավ ապահովվի դատական իշխանության անկախությունը գործադիրից: Մասնավորապես, այդ հարցերում որոշումներ կայացնելու հիմնական իրավասությունը պետք է առավել որոշակիորեն վերապահել դրանց համար պատասխանատու դատական մարմնին, իսկ հանրապետության նախագահի հայեցողական լիազորությունները պետք է սահմանափակել՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին համահունչ:
Հանձնակատարին մտահոգում են ստացված տեղեկություններն այն մասին, որ դատական բարձր ատյանները միջամտում են ավելի ցածր ատյանների դատավորների աշխատանքին: Անհատ դատավորներից յուրաքանչյուրի անկախությունը ողջ դատական համակարգի անկախության անհրաժեշտ նախադրյալն է: Առանձին դատավորներին պետք է թույլատրել, որպեսզի նրանք գործերով դատական ակտերը կայացնեն անկախորեն՝ թե ́ արտաքին սուբյեկտների, թե ́ ավելի բարձր դատական ատյանների կողմից գործադրվող ցանկացած անպատշաճ ազդեցությունից ազատ: Պետք է գոյություն ունենան արդարադատության իրականացման շրջանակում դատավորների գործունեության նկատմամբ անհարկի միջամտության դեպքերին արձագանքելու արդյունավետ մեխանիզմներ: Կարգապահական վարույթները չպետք է օգտագործվեն որպես ազդեցության կամ վրեժխնդրության գործիք դատավորների նկատմամբ, և դրանց կամայական օգտագործումը կանխելու համար պետք է ներդրվեն անհրաժեշտ երաշխիքներ: Հանձնակատարը հարկ է համարում նշել, որ բոլոր ատյաններում աճում է դատարանների ծանրաբեռնվածությունը, և ընդգծում է Հայաստանի դատական իշխանությանը բավարար ռեսուրսներ տրամադրելու և վեճերի լուծման նպատակով ոչ դատական մեխանիզմների կիրառությանը նախապատվություն տալու կարևորությունը:
Դատավարության կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները հույժ կարևոր են արդար դատաքննության իրավունքների ապահովման տեսանկյունից: Հայաստանյան իշխանությունները, ինչպես նաև քրեական արդարադատության համակարգի բոլոր սուբյեկտները պարտավոր են ապահովել նշված սկզբունքների լիարժեք կիրառությունը պրակտիկայում: Նկատելով, որ դատախազությունը շարունակում է գերակա դիրք զբաղեցնել Հայաստանի քրեական արդարադատության համակարգում, Հանձնակատարը լրջագույնս ընդգծում է դատավորի՝ որպես անկողմնակալ «մրցավարի» կարևոր դերակատարումը: Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին երաշխավորել պաշտպանության իրավունքը և անվճար իրավաբանական օգնության իրավունքը ոստիկանության կողմից ազատազրկվելու սկզբից ևեթ, ինչպես նաև քննության և դատական վարույթների ողջ ընթացքում: Անվճար իրավաբանական օգնության համակարգը պետք է կատարելագործել: Դատական, պետական և քաղաքական սուբյեկտները պետք է խղճամտորեն հարգեն անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ նախքան իրավասու դատական մարմնի կողմից փաստերի գնահատումը: Հանձնակատարին մտահոգում է այն հանգամանքը, որ մինչդատական կալանքը հաճախակի է կիրառվում Հայաստանում՝ որպես խափանման միջոց: Հանձնակատարը վերահաստատում է, որ մինչդատական կալանքը պետք է լինի ոչ թե նորմ, այլ բացառություն, և կոչ է անում հայաստանյան իշխանություններին անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել օրենսդրության մեջ և պրակտիկայում, որպեսզի հնարավոր դառնա ազատազրկում չառաջացնող խափանման միջոցների արդյունավետ կիրառումը: Ավելին, լրացուցիչ միջոցառումներ է պետք իրականացնել իրավական և գործնական հարթություններում՝ ապահովելու համար քրեական արդարադատության համակարգում հարգանքն առ երեխաների իրավունքները:
Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների արդյունավետ քննությունը
Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին միջազգային չափանիշներին համահունչ փոփոխել խոշտանգման սահմանումը քրեական օրենսգրքում, որպեսզի ապահովվի խոշտանգման գործողությունների ստույգ որակավորումն ու պատիժը: Հանձնակատարին լրջորեն մտահոգում են շարունակաբար ստացվող տեղեկությունները ոստիկանության և իրավապահ այլ մարմինների կողմից խոշտանգման և դաժան վերաբերմունքի մասին, ինչպես նաև դրա հետ կապված անպատժելիության խնդիրը, որոնց նպատակը հաճախ ինքնախոստովանական ցուցմունք ստանալն է: Պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի ունեցած բռնության քննության համար պատասխանատու քննչական մարմինների անկախության բարձրացման ուղղությամբ գործադրված ջանքերն ի գիտություն ընդունելով հանդերձ, Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին էլ ավելի բարձրացնել Հատուկ քննչական ծառայության անկախությունը և ավելացնել վերջինիս կարողությունները, որպեսզի դաժան վերաբերմունքի հնարավոր գործերով ապացույցների հավաքման հարցում Հատուկ քննչական ծառայությունը ստիպված չլինի դիմել ոստիկանների օգնությանը: Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի եվրոպական կոմիտեի (CPT) կողմից 2013թ. ապրիլին Հայաստան կատարած այցելության զեկույցը մի շարք կոնկրետ հանձնարարականներ է պարունակում, որոնք ուղղված են հաշվետու գործելակերպի ապահովմանը, մասնավորապես՝ մարմնական վնասվածքների մասին հաղորդելու գործող ընթացակարգի և դաժան վերաբերմունքի հնարավոր դեպքերի կապակցությամբ դատախազների գործողությունների բարելավմանը:
Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին օրենքում և պրակտիկայում բարելավել խոշտանգումից և դաժան վերաբերմունքից պաշտպանող երաշխիքները: Նա ընդգծում է քրեական գործերի քննչական մեթոդների կատարելագործման կարևորությունը, որոնցով հնարավոր կլինի ավելի շատ օգտագործել իրեղեն ապացույցները և ավելի քիչ հենվել ինքնախոստովանական ցուցմունքների և հարցաքննությամբ ստացված տվյալների վրա: Լուրջ մտահոգության տեղիք տվող հաջորդ խնդիրը վերաբերում է այն տեղեկություններին, որոնց համաձայն դատարանները հենվում են ենթադրյալ հարկադրանքի պայմաններում ստացված ապացույցների վրա, հատկապես երբ դա հիմք է ծառայում մեղադրական դատավճռի համար: Հանձնակատարը ողջունում է իրավական այն նորմերի ընդունումը, որոնք հնարավոր են դարձնում արդարադատության ձախողման և իրավապահ մարմինների անօրինական գործողությունների դեպքում պատճառված ոչ նյութական վնասի դիմաց հատուցում պահանջելը: Ինչ վերաբերում է 2008թ. մարտի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած մահվան տասը դեպքերի քննությանը, ապա Հանձնակատարը մտահոգությամբ նշել է, որ այն դեռևս արդյունքներ չի տվել:
Հանձնակատարը բարձր է գնահատում հայաստանյան իշխանությունների գործադրած ջանքերը զինվորական ծառայությունից խղճի թելադրանքով հրաժարման իրավունքի կապակցությամբ վաղուց առկա հիմնախնդիրն արդյունավետորեն լուծելու ուղղությամբ: Այնուհանդերձ, նա ափսոսանքով է նկատում, որ Հայաստանի բանակում շարունակվել են արձանագրվել ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող բռնարարքները, որոնք երբեմն հանգեցրել են մահվան: Նա կոչ է անում հայաստանյան իշխանություններին՝ լրացուցիչ թափ հաղորդել այս խնդիրը լուծելու ուղղությամբ նրանց կողմից գործադրվող ջանքերին, մասնավորապես՝ արդյունավետորեն քննելով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հնչեցվող բողոքները: Այս համատեքստում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տուժողների ընտանիքների և հանրության վստահության մակարդակի բարձրացմանը: Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին իրագործել Մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների ազգային ծրագրով նախատեսված այն միջոցառումները, որոնք ուղղված են բանակում մարդու իրավունքների վիճակի բարելավմանը:
Կանանց իրավունքները և գենդերային հավասարությունը
Գենդերային հավասարությունը մարդու իրավունքների հիմնարար սկզբունք է, իսկ կանանց իրավունքները՝ մարդու համընդհանուր իրավունքների անօտարելի, անքակտելի և անբաժանելի մասը: Հանձնակատարի այցի շրջանակում արձանագրվեց, որ հասարակությունում կանանց հավասար կարգավիճակի ապահովման և սեռի հիմքով խտրականության և կողմնակալության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում դեռևս զգալի անելիքներ կան: Հանձնակատարը հարկ է համարում վերհիշել այդ ոլորտներում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները և ողջունում է գենդերային խնդիրներին վերաբերող գորոծողությունների որդեգրումը և «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» 2013թ. օրենքի ընդունումը՝ որպես քայլեր ճիշտ ուղղությամբ, որոնք անհրաժեշտ է գործնականում իրագործել: Հաջորդ կարևոր քայլը կլիներ խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենքի ընդունումը՝ որպես հիմք ընդունելով այն աշխատանքը, որն արդեն իսկ կատարվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից՝ խորհրդակցելով այլ գործող անձանց հետ և հաշվի առնելով միջազգային ստանդարտները և հաջողված փորձը: Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել հանրային և քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացման և նրանց հնարավորությունների ավելացման ուղղությամբ, ինչպես նաև կրթական համակարգում բացառել գենդերային կողմնակալությունը և կարծրատիպերը:
Կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը երբևէ չեն կարող ընդունելի լինել, և Հանձնակատարը քաղաքական և համայնքային գործիչներին քաջալերում է՝ աներկբա ուղերձ հղել այդ կապակցությամբ: Նա ընդգծում է ընտանեկան բռնության դեմ պայքարի հատուկ օրենսդրություն ընդունելու և Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու կարևորությունը: Մտահոգությամբ նշելով, որ Հայաստանում արդյունավետորեն չեն հայտնաբերվում, քննվում, քրեական հետապնդման ենթարկվում և պատժվում ընտանեկան բռնության դեպքերը՝ Հանձնակատարն իշխանություններին կոչ է անում շտկել այդ թերությունները և արդյունավետորեն պաշտպանել բռնությունից տուժողներին: Նա նաև հարկ է համարում նշել, որ նախածննդյան փուլում սեռի ընտրության երևույթը, որի ապացույցն է տղաների և աղջիկների թվերի մեջ արական սեռի նորածինների անհամամասնական գերակշռությունը, նույնպես վկայում է գենդերային կողմնակալության գոյության մասին, և իշխանություններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել այս երևույթի դեմ պայքարելու ուղղությամբ:
Ամփոփելով, Հանձնակատարն ընդգծում է քաղաքացիական հասարակության սուբյեկտների, մասնավորապես՝ կանանց իրավունքների բնագավառում գործող իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանների կողմից իրականացվող աշխատանքի կարևորությունը, և շեշտում է, որ անհրաժեշտ է ապահովել, որպեսզի նրանք կարողանան իրենց գործունեությունն իրականացնել ահաբեկումից և սպառնալիքներից ազատ միջավայրում: Դիտարկվող այս խնդիրները ներկայում արդեն ավելի կարևոր տեղ են զբաղեցնում հանրային քննարկումների օրակարգում, և կարելի է լրատվամիջոցներին քաջարելել, որ նրանք էլ ավելի ակտիվ դեր ստանձնեն կանանց իրավունքների և գենդերային հավասա հավասարության վերաբերյալ հանրության իրազեկության և ընկալման մակարդակի բարձրացման գործում:
Զեկույցն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: