pjimage (39)2010 թ. հուլիսի 28-ին ԼՂՀ պաշտպանության բանակում սպանված զինծառայողներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդների գանգատը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2017 թ. օգոստոսի 28-ին վարույթ է ընդունել և իր հարցադրումները ներկայացրել կողմերին:

Ըստ պաշտոնական վարկածի՝ դեպքը տեղի է ունեցել մարտական հենակետում, որտեղ ավագ լեյտենանտ Վ. Թադևոսյանը, տեսնելով, որ իր ենթակայության տակ գտնվող ժամկետային զինծառայողներ Ա. Սարգսյանն ու Կ. Այվազյանը մարտական հերթապահություն իրականացնելիս քնել են, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, հայհոյել և փորձել բռնություն կիրառել, սակայն վերջինը կանխվել է սպայական կազմի երկու ներկայացուցչի կողմից: Նրանք հորդորել են խնդրին անդրադառնալ հերթափոխից հետո:

Մարտական հենակետի գետնատնակում Վ. Թադևոսյանը մյուս զինծառայողների ներկայությամբ շարունակել է կշտամբանքներն ու հայհոյանքները և սկսել է ծեծել Ա. Սարգսյանին: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Կ. Այվազյանը, հասկանալով, որ նույնը իրեն է սպասվում, իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է հրամանատարին, ապա մյուս 4 ծառայակիցներին և ինքնասպան եղել:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցված քրեական գործը հանցագործություն կատարած անձանց մահվան հիմքով մեկ տարի անց կարճվել է: Իսկ քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշման դեմ տուժող կողմի բողոքները մերժվել են:

Նշենք, որ համաձայն փորձագիտական եզրակացության՝ սպանված զինծառայողների արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ: Ըստ փորձագետի՝ ավագ լեյտենանտ Վ. Թադևոսյանը ևս դեպքի պահին հարբած վիճակում է եղել:

Սպանված զինծառայողների մարմինների վրա, բացի հրազենային վնասվածքներից, հայտնաբերվել են նաև այլ վնասվածքներ, որոնց ուղղությամբ ևս վարույթն իրականացնող մարմինը քննություն չի իրականացրել:

Իսկ Կարո Այվազյանը, որը մեղադրվել է սպանությունները կատարելու մեջ, զորակոչվելուց առաջ բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ էլ դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, որից հետո արտաքսվել է ՀՀ: ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ վերջինիս արգելված է եղել զենք կրել և գտնվել այնպիսի վայրերում, որտեղ զենք կա: Սակայն դրա վերաբերյալ փաստաթղթի առկայությամբ նրան զորակոչել են:

Գանգատը 2013 թ.-ին ՄԻԵԴ են ներկայացրել սպանված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը և Կազմակերպության իրավաբան Ա. Զալյանը:

Դրանում հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանել իր վերահսկողության տակ գտնվող զինծառայողների կյանքի իրավունքը, պատշաճ քննություն չի իրականացրել դրա խախտման ուղղությամբ՝ քրեական գործում առկա բազմաթիվ չպարզաբանված հարցերի ու հակասությունների առկայության պայմաններում: Դրանով խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը:

Պատշաճ քննություն չի իրականացվել նաև հրամանատարի կողմից իր ենթակայության նեքո գտնվող զինծառայողների նկատմամբ սահմանված կարգով տույժ կիրառելու փոխարեն նրանց խոշտանգման ենթարկելու ուղղությամբ: Պետությունը սրանով խախտել է ՄԻԵԿ 3-րդ հոդվածով ամրագրված խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը:

Եվ վերջապես տուժողների իրավահաջորդները զրկված են եղել հետաքննությանը մասնակցելու հնարավորությունից, ինչով խախտվել է նրանց՝ ՄԻԵԿ 13-րդ հոդվածով ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

ՄԻԵԴ-ը ՀՀ Կառավարությանը հարցեր է ուղղել գանգատում նշված իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև պահանջել քրեական գործի շրջանակում իրականացված քննչական գործողությունների արձանագրությունների պատճեններն ու Կ. Այվազյանի զորակոչման վերաբերյալ փաստաթղթերը:

Եվրադատարանի հարցերին ՀՀ Կառավարությունը պետք է պատասխանի 16 շաբաթվա ընթացքում:

միեդ-472x265 (1)Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ԱԱԾ վարչական շենքում 2007 թ. նոյեմբերի 1-2-ը անօրինական ձևով պահված Կարեն Քյուփելյանի գանգատի ստացումը:

Գանգատը 2017 թ. ապրիլի 21-ին ՄԻԵԴ են ներկայացրել  նրա ներկայացուցիչներ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը և Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Գործարար Կարեն Քյուփելյանին իր անձնական ավտոմեքենայով Զվարթնոց օդանավակայանից ԱԱԾ վարչական շենք բերման են ենթարկել ԱԱԾ աշխատակիցներ Է. Նանյանը, Հ. Մազմանյանը և ԱԱԾ մեկ այլ աշխատակից: Իր վերադասներ Է. Նանյանի և Տ. Աղաջանյանի պահանջով Հ. Մազմանյանը վարչական շենքում Կ. Քյուփելյանին պահել է 23 ժամ:

Դեպքի առթիվ ՀՀ Գլխավոր դատախազությունում 2015 թ. հուլիսի 14-ին հարուցվել է քրեական գործ և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանք է առաջադրվել Հ. Մազմանյանին: Ավելի ուշ Կարեն Քյուփելյանը տուժող է ճանաչվել և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցն ու Կազմակերպության իրավաբան Տ. Սիիրադեղյաննն ստանձնել են նրա իրավունքների պաշտպանությունը:

2016 թ. մարտի 17-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հ. Մազմանյանին մեղավոր է ճանաչել, սակայն վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատել քրեական պատասխանատվությունից:

Իսկ Է. Նանյանի ու Տ. Աղաջանյանի արարքներում ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմ չի տեսել և 2015 թ. հոկտեմբերի 19-ի որոշմամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել:

Որոշման դեմ տուժող կողմի բողոքները չեն բավարարվել, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել:

Գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 13-րդ հոդվածների խախտման հիմքով:

Դիմումատուները հայտնել են, որ ԱԱԾ վարչական շենք Կ. Քյուփելյանը բերման է ենթարկվել անօրինական ձևով. ԱԱԾ աշխատակիցները նրան չեն ներկայացրել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները և անազատության մեջ են պահել գրեթե մեկ օր՝ առանց ձերբակալվածի կարգավիճակ տալու: Սրանով խախտել են նրա՝ ՄԻԵԿ 5-րդ հոդվածով ամրագրված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը:

Խախտվել է նաև ՄԻԵԿ 13-րդ հոդվածով ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը. Կարեն Քյուփելյանը փոխհատուցում ստանալու այլ տարբերակ չունի, քան որևէ մեկի նկատմամբ մեղադրական եզրակացության առկայությունը:

ՄԻԵԴ-ը գանգատի ստացումը հաստատել է 2017 թ. օգոստոսի 22-ի գրությամբ:

Կարեն Քյուփելյանը և նրա ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նաև ոչ նյութական վնասի փոխհատուցման հայց են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով 3.500.000 ՀՀ դրամ:

Հայցի քննությունը նշանակված է 2017 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին:

pjimage (35)Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել  է 2015 թ. մայիսի 7-ին ձերբակալված և ոստիկանների կողմից անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու ֆիզիկական բռնության ենթարկված լրագրող Գայանե Առուստամյանի գործով գանգատը:

Գայանե Առուստամյանի շահերը ներկայացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Գանգատի հիմքում խոշտանգումներից զերծ մնալու՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքը և անձնական ու ընտանեկան կյանքը հարգելու՝ ՄԻԵԿ 8-րդ հոդվածով ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի՝ ՄԻԵԿ 13-րդ հոդվածով ամրագրված իրավունքներն են:

Գայանե Առուստամյանը ձերբակալվել և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնականի բաժին է տեղափոխվել 2015 թ. մայիսի 7-ին, երբ թույլատրված վայրում փողոցը հատելիս լսելով ոստիկանի սուլիչի ձայնը՝ անակնկալի գալով հանդիմանել է վերջինիս՝ «Ինչ ես սուլում, այ էշ» արտահայտությամբ: Ոստիկանը դա որակել է որպես վիրավորանք և ոստիկանության այլ աշխատակիցների հետ նրան բաժին է տեղափոխել:

Ինչպես հայտնել է Գ. Առուստամյանը, ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ճանապարհին և բաժնում ոստիկաններն անվայելուչ պահվածք և արտահայտություններ են թույլ տվել նրա հասցեին՝ հոգեբանորեն ճնշելով ու ֆիզիկական ցավ պատճառելով նրան: Ինչի հետևանքով Գ. Առուստամյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա խնդրանքով շտապ օգնություն են կանչել: Հետագայում նրա նախաձեռնությամբ անցկացված դատահոգեբանական փորձաքննությունը հաստատել է նրա հոգեվիճակի վրա վերը նշված դեպքերի ունեցած ազդեցությունը:

Տեղի ունեցածի մասին Գ. Առուստամյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա պաշտոնեական լիազորություններն անցնելու հիմքով քրեական գործ է հարուցվել, սակայն 2015 թ. օգոստոսի 8-ին հանցակազմի բացակայության հիմքով կարճվել: Վերադասության և դատական կարգով բողոքարկելուց հետո Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տ. Սիրադեղյանը ներկայացրել է նաև վճռաբեկ բողոք, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել:

ՄԻԵԴ ներկայացված գանգատով Գ. Առուստամյանի ներկայացուցիչ Ա. Չատինյանը հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ մեղավորներին բացահայտելու ու պատժելու ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացվել: Նրա ձեռք բերած հիվանդությունների ու ոստիկանության գործողությունների միջև կապը բացահայտելու նպատակով փորձաքննություն իրականացնելու տուժողի միջնորդությունները մերժվել են, իսկ սեփական նախաձեռնությամբ իրականացված փորձաքննության արդյունքները դատարանը որպես ապացույց չի ընդունել:

Ոստիկանները ժամեր շարունակ նրան պահել են ձեռնաշղթաներով, տեսանկարհանել նրան՝ խախտելով նրա անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը: Ձեռնաշղթաները 3 ժամ անց հնարավոր է եղել հանել միայն փրկարարների օգնությամբ, քանի որ ոստիկանները հայտարարել են, թե բանալին կորցրել են:

Իսկ այս իրավունքների խախտման դիմաց փոխհատուցում ստանալու միակ ճանապարհը որևէ անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելն է, ինչը տեղի չի ունեցել:

Եվրադատարանը գանգատի ստացումը հաստատել է 2017 թ. հունիսի 16-ի գրությամբ:

Mikayelyan-Ghazaryan-MIEDՄարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2017 թ. հունիսի 16-ի և հուլիսի 12-ի գրություններով հայտնել է, որ Սարի թաղի ցուցարարներ Գագիկ Միքայելյանի ու Հովհաննես Ղազարյանի գանգատները ստացվել են ՄԻԵԴ-ում:

Գանգատները Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նրանց պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

Գ. Միքայելյանն ու Հովհ. Ղազարյանը ձերբակալվել են 2016 թ. հուլիսին՝ ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու մեղադրանքով, ավելի ուշ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է նրանց իրավունքների պաշտպանությունը:

Շուրջ 10 ամիս կալանքի տակ մնալով՝ Գ. Միքայելյանը նախ 3 տարվա ազատազրկման է դատապարտվել, ապա ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2017 թ. մայիսի 10-ի որոշմամբ ազատ արձակվել դատարանի դահլիճից: Դատարանը նրան թույլ է տվել պատիժը կրել ազատության մեջ:

Հովհ. Ղազարյանի գործով դատարանը դեռևս վճիռ չի կայացրել, նա ևս ամիսներ շարունակ գտնվել է կալանքի տակ, և միայն ՀՀ Վերաքննիչ դատարանի 2017 թ. փետրվարի 13-ի որոշմամբ ազատվել է կալանքից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատներով հիմնավորումներ են ներկայացվել այն մասին, որ Գ. Միքայելյանին ու Հովհ. Ղազարյանին կալանքի տակ պահելու ՀՀ դատարանների որոշումները պատշաճ կերպով հիմնավորված չեն եղել: Մասնավորապես,  խափանման միջոցը փոփոխելու և գրավ կիրառելու պաշտպանական կողմի միջնորդությունները դատարանները մերժել են՝ գտնելով, որ նրանք կարող են խուսափել քննությունից, և դրա համար չներկայացնելով որևէ հիմնավորում:

Մինչդեռ ավելի ուշ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքը  ստորագրությամբ չհեռանալու ձևով փոխելու մասին  որոշումներով  Վերաքննիչ քրեական դատարանը առաջնորդվել է հենց այն հանգամանքներով, որոնց մասին բազմիցս նշվել է պաշտպանական կողմի միջնորդություններում: Սակայն  առաջին ատյանի դատարաններն ուշադրություն չեն դարձրել այդ հանգամանքներին՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս: Հատկանշական է, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը Հովհ. Ղազարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը բեկանելու մասին որոշմամբ արձանագրել է. «Իր դեմ ցուցմունք տված ոստիկանների վրա Հովհ. Ղազարյանի ազդելու հավանականությունը քիչ է»: Երկու դեպքում էլ ցուցարարները կալանքի տակ են պահվել բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա:

Այս համատեքստում, ըստ դիմումատուների, խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը:

Դիմումատուները հիմնավորումներ են ներկայացրել նաև ՄԻԵԿ 11-րդ և 13-րդ հոդվածների խախտման մասին:

Ցուցարարներին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելը, դիմումատուների պնդմամբ, նրանց՝ հավաքների և միավորման ազատության ՄԻԵԿ 11-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խոչընդոտման նպատակ է հետապնդել: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով նրանց առաջադրված մեղադրանքն առնչություն չունի նրանց կատարած գործողությունների հետ. քարեր նետելով՝ վերջիններս ոստիկաններին վնասելու որևէ դիտավորություն չեն ունեցել, դրա մասին վկայող ապացույցներ էլ գործերում առկա չեն: Կալանքի մասին որոշումներ կայացնելիս դատարանները չեն հետազոտել անգամ այն տեսանյութերը, որոնցում ցուցարարները կատարում են վերը նշված գործողությունները՝ հիմնվելով միայն ոստիկանների ցումունքների վրա:

Գ. Միքայելյանն ու Հովհ. Ղազարյանը նաև զրկված են եղել ՄԻԵԿ 13-րդ հոդվածով ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումների դեմ բոլոր միջնորդություններն ու բողոքները ամիսներ շարունակ մերժվել են:

Ցուցարարների գանգատներըը ՄԻԵԴ-ը կքննի առաջին իսկ հնարավորության դեպքում:

24359 (1)2017 թ. հունիսի 8-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդ Գ. Միսակյանի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը:

Դրանով Գ. Միսակյանը և նրա ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը պահանջում են «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ից և Արաբկիր ԲԿ-ի բժիշկներ Լ. Վարդանյանից ու Զ. Այվազյանից բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ որպես բարոյական վնասի և 1.690.000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի փոխհատուցում:

Քանի որ պատասխանողների կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանը հայցվոր կողմը դեռևս չէր ստացել, Գ. Միսակյանի ներկայացուցիչ Անի Չատինյանը խնդրեց տրամադրել  հայցադիմումի պատասխանի պատճենը և ժամանակ խնդրեց դրան ծանոթանալու համար:

Դատարանն այդ հիմքով հետաձգեց դատական նիստը և նշանակեց 2017 թ. հուլիսի 28-ին՝ ժամը՝ 11:30-ին:

Հիշեցնենք՝ «Արաբկիր» ԲԿ-ի բժիշկներ Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թ. դեկտեմբերի 22-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված արարքի կատարման մեջ՝ դատապարտվելով ազատազրկման՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Եվ ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներմամբ ազատվել են պատժի կրումից:

2016 թ. հունիսի 24-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մասնակի բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը և լրացուցիչ պատիժ նշանակելու մասով գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան նոր քննության:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները նաև գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

f5898243286706_5898243286743.thumb2017 թ. մայիսի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց 2015 թ. ապրիլի 27-ին «Էրեբունի» ԲԿ-ում մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի գործով բողոքի քննությունը:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Գևորգյանը 2015 թ. ապրիլի 20-ին ինքնավնասում է կատարել, որից միայն օրեր անց տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Ավելի ուշ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Գործի վարույթը կասեցնելու քննիչի որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը բողոքարկում է դատարանում:

Դատական նիստի ընթացքում վերջինս նշեց, որ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածը պատասխանատվություն է առաջացնում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար, և պարտադիր է նրանց գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների առկայությունը: Թե որքանով է պատշաճ բժշկական օգնություն տրամադրվել, կարելի է պարզել  հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ, սակայն վարույթն իրականցնող մարմինը քրեական գործը կասեցնելու որոշում է կայացրել  կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու օրը՝ չսպասելով դրա արդյունքներին: Նա նշեց, որ սրանով խախտվել է տուժողի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը և պահանջեց վերացնել խախտումը:

Վարույթն իրականացնող ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Մաթևոսյանն անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով չէր ներկայացել դատական նիստին:

Դատարանը անհրաժեշտ համարեց լսել նաև վերջինիս դիրքորոշումըև հետաձգեց դատական նիստը:

Այն կկայանա 2017 թ. հունիսի 15-ին՝ ժամը 10:30-ին:

f546d1bc0341a7_546d1bc03459a.thumb2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտման հիմքով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք՝ 2015 թ. հունիսի 15-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց «Արաբկիր» ԲԿ բժիշկներ Լ. Վարդանյանին և Զ. Այվազյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ)՝ նրանց դատապարտելով ազատազրկման, համապատասխանաբար, երկու տարի և երկու տարի, վեց ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատիժ նշանակելու, և համաներմամբ ազատ արձակեց:

Ավելի ուշ տուժող կողմի վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատժի մասով բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և գործն այդ մասով ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

ՄԻԵԴ ներկայացված գանգատով հիմնավորումներ են ներկայացվել պետության կողմից ոչ արդյունավետ քննություն իրականացնելու մասին, որը չի հանգեցրել մեղավորների բացահայտմանը, դատապարտմանը և համարժեք պատժի նշանակմանը:

Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքին, որ պետությունը թերացել է իր՝ անձանց կյանքը և առողջությունը պաշտպանելու պոզիտիվ պարտականությունները կատարելիս. «Արաբկիր» ԲԿ-ից ստացված փաստաթղթերի համաձայն՝ Բժշկական կենտրոնում, տոնական օրերով պայմանավորված, թույլ վերահսկողություն է եղել, բուժսպասարկումն իրականացվել է ցածր մակարդակով, որն էլ հանգեցրել է բուժվող հիվանդի մահվան:

Իսկ բժշկական անձնակազմի նկատմամբ նշանակված պատիժը կրել է ձևական բնույթ, պետությունն անգամ չի դադարեցրել բժշկական գործունեությամբ զբաղվելու նրանց լիազորությունները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է դիմումի ստացումը. գործը քննության կառնվի առաջին իսկ հնարավորության դեպքում:

IMG_3912 (1)«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչներն ահազանգում են, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի թիվ 22/34 տեղամասում առկա են եղել կուտակումներ: Դրա վերաբերյալ հանձնաժողովի նախագահին տեղյակ պահելուց հետո վերջինս միջոցառումներ չի ձեռնարկել խախտումը վերացնելու ուղղությամբ և ինչպես ցույց է տալիս նաև ընտրական տեղամասերի տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում իրականացնող կայքը, խախտումը շարունակվել է մինչև ժամը 17:30:

Այս հարցով դիմում է ներկայացվել Թիվ 22 տարածքային ընտրական հանձնաժողով:

Երևանի 10/10 ընտրատեղամասում «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի դիտորդը 2 անգամ բացահայտ ուղղորդել է ընտրողներին, որ ընտրեն 6-րդ համարին: Նկատելով խախտումը՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը գրառում է կատարել գրացամատյանում: Ինչից հետո ուղղորդող դիտորդը, տեսնելով, որ բացահայտվել է իր անօրինական գործողությունը, փախուստի է դիմել:

Այնուհետև նույն դիտորդը նույն գործողություններն իրականացրել է 10/9 ընտրատեղամասում:

Սրա վերաբերյալ հաղորդմանն ընթացք տալու, համապատասխան քննություն կատարելու, կատարվածը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ գործողություններ իրականացնելու հարցով դիմում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ 

Գորիսի մամուլի ակումբ

maxresdefault (2)2017 թ. փետրվարի 9-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, շարունակվեց Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում կատարած Քաջիկ Գրիգորյանի գործով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը:

Հիշեցնենք՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ինքնահրկիզվածը ՄԻԱՎ-ով ապրող անձ է և «թմրանյութերից կախվածություն ունի»՝ նրան բնութագրելով որպես «պրոֆեսիոնալ թմրամոլ» և հայտնելով նրա՝ 10 տարի ազատազրկված լինելու մասին:

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանը 2016 թ. սեպտեմբերի 29-ի որոշմամբ հանցակազմի բացակայության հիմքով մերժել էր՝ Քաջիկ Գրիգորյանի առնչությամբ բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվություն հրապարակելու  վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը:

Դատական նիստը կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, Կազմակերպության Երևանի ներկայացուցչություն իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի, վարույթն իրականացրած քննիչ Կ. Խանումյանի և ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանի մասնակցությամբ:Դատարանի կողմից Ն. Դավիդյանին ուղարկված ծանուցագիրը հետ էր վերադարձվել «չպահանջված» նշումով:

Վարույթն իրականացրած Կ. Խանումյանը, առարկելով բողոքի դեմ, հիմնավոր համարեց իր կողմից կայացված որոշումը՝ Նորայր Դավիդյանի գործողությունները պատճառաբանելով Ք. Գրիգորյանի հետ շփում ունեցած անձանց վարակման ռիսկը կանխելու միտումով: Ինչ վերաբերում է վերջինիս վերաբերյալ բժշկի կիրառած «թմրամոլություն», «թմրամոլ» բառերին, քննիչը դրանք պայմանավորեց առողջական վիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությամբ և պնդեց, որ Ն. Դավիդյանի գործողությունները բխել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներից:

Ի թիվս բողոքում բարձրացված այլ հարցադրումների՝ քննիչն անդրադարձավ նաև, առանց քրեական գործ հարուցելու, բժշկի գործողությունների վերաբերյալ դատողություններ անելուն: Բողոքով ընդգծվել էր այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելու փուլում քննարկվում է քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի օրինականությունը՝ չանդրադառնալով հանցակազմի սուբյեկտին և սուբյեկտիվ կողմին, և Նորայր Դավիդյանի գործողությունների շարժառիթները չպետք է քննության առարկա դառնային նյութերի նախապատրաստման ընթացքում: Չնայած դրան՝ քննիչը շարունակեց պնդել, որ նյութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող մարմինը կարող է անդրադառնալ նաև հանցակազմի մյուս տարրերի՝ սուբյեկտի և սուբյեկտիվ կողմի առկայությանը կամ բացակայությանը:

Հատկանշական է, որ Դատարանի հարցերին ի պատասխան՝ քննիչը հաստատեց, որ Քաջիկ Գրիգորյանի՝ թմրամիջոց գործածող անձ լինելու վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը մասնագիտական անհրաժեշտությունից չէր բխում:

Հաջորդ դատական նիստը նշանակված է 2017 թ. մարտի 13-ին՝ ժամը 17:00-ին:

arm143452019869ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանի մահվան գործով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ներկայացված գանգատի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր հարցադրումներն է ներկայացրել կողմերին:

Տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ (Արդար դատաքննության իրավունք), 2-րդ (Կյանքի իրավունք), 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և 3-րդ (Խոշտանգումների արգելում) հոդվածների հիմքով:

ՄԻԵԿ 6-րդ հոդվածի իմաստով տուժող կողմը մատնանշել է գործը քննած դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված չլինելու հանգամանքը. գործը քննվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում այն դեպքում, որ տվյալ դատարանի վարչատարածքային կազմի մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներառված չէ: ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով վկայակոչվել է պետության պոզիտիվ պարտավորությունը՝ Տ. Վարյանի կյանքի և առողջության նկատմամբ, իսկ 13-րդ հոդվածի իմաստով՝ մահվան հանգամանքների շուրջ ոչ արդյունավետ քննություն կատարելը, որը չի հանգեցրել մեղավորների բացհայտմանը և համարժեք պատժի նշանակմանը:

ՄԻԵԿ 3-րդ հոդվածի իմաստով էլ նշվել է զինծառայողի՝ խոշտանգման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանանալու հանգամանքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գանգատը վարույթ  է ընդունել ՄԻԵԿ 2-րդ և 13-րդ հոդվածների խախտման հիմքով և հարցադրումներ ներկայացրել ՀՀ Կառավարությանը՝ զինծառայողի կյանքի նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների կատարման և Տ. Վարյանի մահվան դեպքի քննության արդյունավետության վերաբերյալ:

ՀՀ Կառավարությունը հարցադրումներին պատասխաններ է տալու մինչև 2017 թ. մարտի 20-ը:

Ավելի քան չորս տարի առաջ տեղի ունեցած մահվան դեպքը իրավապահների կողմից որակվել է որպես ինքնասպանություն, և նույն զորամասի դասակի հրամանատար Հովհաննես Հակոբյանը՝ 4 տարի 6 ամիս, իսկ մահացածի ծառայակիցներ Գևորգ Մանուկյանը և Էրիկ Սարգսյանը 4 ամիս ազատազրկման են դատապարտվել:

Դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել բողոքը՝ պատճառաբանելով, որ ստորադաս դատարանների կողմից նյութական և դատավարական իրավունքի խախտումներ թույլ չեն տրվել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել 2015 թ. օգոստոսի 17-ին օձի խայթոցի հետևանքով «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն տեղափոխված և օրեր անց «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած Արարատի մարզի Սուրենավան գյուղի 54-ամյա բնակիչ Կարինե Հարությունյանի գործով:

Դեռևս 2015 թ. օգոստոսի 31-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել մահացածի որդին՝ Գագիկ Թադևոսյանը, և հայտնել, որ Կարինե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Մղդեսյանի 2015թ. օգոստոսի 30-ի որոշմամբ մերժվել է:

Կազմակերպության աջակցությամբ քննիչի վերոնշյալ որոշման բողոքարկման արդյունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով 2015 թ. նոյեմբերի 29-ին հարուցված քրեական գործը, սակայն, ամիսներ անց կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Դիրքորոշում հայտնելով, որ քրեական գործը կարճելու մասին որոշումը անհիմն է, կայացվել է դատավարական նորմերի խախտմամբ, և կատարվել է թերի քննություն՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը Դատախազություն ներկայացված իր բողոքով պահանջել է վերացնել քրեական գործը կարճելու և «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի բժիշկ Մհեր Համբարչյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

Բողոքով հիմնավորումներ են ներկայացվել նաև այն մասին, որ չնայած քրեական գործի շրջանակում տուժող կողմի միջնորդությունը բավարարելուն՝ միջնորդությամբ փորձագետին առաջադրված հարցերը անպատասխան են մնացել, իսկ տուժող կողմի մասնակցությունը փորձաքննությանը, առանց իրավական հիմնավորման, չի ապահովվել: Դա այն դեպքում, երբ փորձաքննությանը տուժող կողմի մասկացությունը, այն էլ նրա կողմից ներկայացված միջնորդության բավարարման դեպքում, տուժողի դատավարական իրավունքն է, և փորձագետը տվյալ դեպքում որևէ իրավական հիմք չունի չապահովելու տուժող կողմի մասնակցությունը փորձաքննությանը:

Բացի դրանից՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին՝ դրանում նշված չեն կատարված հետազոտությունների տեսակները, մեթոդները, օգտագործված գրականության ցանկը:

ՀՀ Դատախազության Երևան քաղաքի դատախազի 2016 թ. դեկտեմբերի 6-ի որոշմամբ տուժող կողմի բողոքը բավարարվել է, և արձանագրվել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից շտապողականություն է ցուցաբերվել, որի արդյունքում խախտվել են տուժողի իրավահաջորդի իրավունքները, իսկ կայացված որոշումը եղել է վաղաժամ:

Այսպիսով՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին ավագ քննիչ Գ. Մղդեսյանի որոշումը վերացվել է և գործն ուղարկվել նախաքննության:

2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի պատճառով մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ ՀՀ նախագահական նստավայրի դիմացից  հեռացված ցուցարար ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ (Հավաքների և միավորման ազատություն), 3-րդ (Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք), 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների հիման վրա:

Գանգատում վկայակոչվել է այն հանգամանքը, որ ամուսինները ոստիկանության շուրջ 15 աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու պահին նստացույցի ձևով իրացնելիս են եղել հավաքներ իրականացնելու՝ Կոնվենցիայով ամրագրված իրենց իրավունքը, ավելին՝ ցույցի վայրից նրանց հեռացնելու պահին Աշոտ Խուդոյանը կրել է մարմնական վնասվածքներ, իսկ Հեղինե Մակարյանը հոգեկան ծանր ապրումներ է ունեցել, քանի որ նրան և երեխաներին առանձին մեքենաներով են տեղափոխել, իսկ 8-ամսական երեխան էլ մնացել է ցույցի վայրում:

Այնտեղ են մնացել նաև ցուցարար ընտանիքի իրերը, այդ թվում՝ գումար և այլ արժեքավոր իրեր:

Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ հեռացվելով ցույցի վայրից՝ նրանք տևական ժամանակ մնացել են մեքենայի մեջ, ապա շուրջ մեկ ժամ՝ ոստիկանության բաժնում, որից հետո էլ մի ամբողջ օր ոստիկանության հսկողության ներքո են գտնվել իրենց իսկ բնակարանում՝ հնարավորություն չունենալով լքելու այն՝ անգամ սնունդ գնելու նպատակով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թ. ապրիլի 23-ի գրությամբ հաստատել է գանգատի ստացումը:

Հրապարակումների արխիվ
Միջոցառումների արխիվ
April 2019
M T W T F S S
« Sep    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930