hq720ՀՀ Ոստիկանության դեմ Հայ կանանց ճակատի անդամ Սուսաննա Սիմոնյանի հայցի քննությունը 2018 թ. փետրվարի 1-ին ՀՀ Վարչական դատարանը հետաձգեց:

Ֆինանսների նախարարության՝ որպես երրորդ անձ ներգրավվելու դիմումը դատարանը մերժել է: Նախարարությունը վերաքննիչ վարչական դատարանում բողոքարկում է այդ որոշումը:

Հիշեցնենք՝  Ս. Սիմոնյանը Հայ կանանց ճակատի մյուս անդամների հետ 2017 թ. սեպտեմբերի 20-ին փորձել է հավաք իրականացնել Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում:

Սակայն հավաքն սկսելուն պես ոստիկանության աշխատակիցները շրջապատել են նրան, ֆիզիկական ուժի գործադրմամբ, առանց որևէ պարզաբանման՝ նստեցրել ոստիկանության ավտոմեքենա՝ ոստիկանության բաժին տեղափոխելու նպատակով։ Այնուհետեև հայտնել, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և կրկին ուժի գործադրմամբ նրան իջեցրել են մեքենայից:

Դատարան ներկայացված հայցով Ս. Սիմոնյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, որոնք հանգեցրել են նրա մի շարք իրավունքների խախտմանը և պարտավորեցնել ՀՀ Ոստիկանությանը հատուցել պատճառված ոչ գույքային վնասը՝ 3․000․000 ՀՀ դրամի չափով։

Ս. Սիմոնյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

pjimage (39)2010 թ. հուլիսի 28-ին ԼՂՀ պաշտպանության բանակում սպանված զինծառայողներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդների գանգատը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2017 թ. օգոստոսի 28-ին վարույթ է ընդունել և իր հարցադրումները ներկայացրել կողմերին:

Ըստ պաշտոնական վարկածի՝ դեպքը տեղի է ունեցել մարտական հենակետում, որտեղ ավագ լեյտենանտ Վ. Թադևոսյանը, տեսնելով, որ իր ենթակայության տակ գտնվող ժամկետային զինծառայողներ Ա. Սարգսյանն ու Կ. Այվազյանը մարտական հերթապահություն իրականացնելիս քնել են, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, հայհոյել և փորձել բռնություն կիրառել, սակայն վերջինը կանխվել է սպայական կազմի երկու ներկայացուցչի կողմից: Նրանք հորդորել են խնդրին անդրադառնալ հերթափոխից հետո:

Մարտական հենակետի գետնատնակում Վ. Թադևոսյանը մյուս զինծառայողների ներկայությամբ շարունակել է կշտամբանքներն ու հայհոյանքները և սկսել է ծեծել Ա. Սարգսյանին: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Կ. Այվազյանը, հասկանալով, որ նույնը իրեն է սպասվում, իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է հրամանատարին, ապա մյուս 4 ծառայակիցներին և ինքնասպան եղել:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցված քրեական գործը հանցագործություն կատարած անձանց մահվան հիմքով մեկ տարի անց կարճվել է: Իսկ քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշման դեմ տուժող կողմի բողոքները մերժվել են:

Նշենք, որ համաձայն փորձագիտական եզրակացության՝ սպանված զինծառայողների արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ: Ըստ փորձագետի՝ ավագ լեյտենանտ Վ. Թադևոսյանը ևս դեպքի պահին հարբած վիճակում է եղել:

Սպանված զինծառայողների մարմինների վրա, բացի հրազենային վնասվածքներից, հայտնաբերվել են նաև այլ վնասվածքներ, որոնց ուղղությամբ ևս վարույթն իրականացնող մարմինը քննություն չի իրականացրել:

Իսկ Կարո Այվազյանը, որը մեղադրվել է սպանությունները կատարելու մեջ, զորակոչվելուց առաջ բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ էլ դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, որից հետո արտաքսվել է ՀՀ: ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ վերջինիս արգելված է եղել զենք կրել և գտնվել այնպիսի վայրերում, որտեղ զենք կա: Սակայն դրա վերաբերյալ փաստաթղթի առկայությամբ նրան զորակոչել են:

Գանգատը 2013 թ.-ին ՄԻԵԴ են ներկայացրել սպանված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը և Կազմակերպության իրավաբան Ա. Զալյանը:

Դրանում հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանել իր վերահսկողության տակ գտնվող զինծառայողների կյանքի իրավունքը, պատշաճ քննություն չի իրականացրել դրա խախտման ուղղությամբ՝ քրեական գործում առկա բազմաթիվ չպարզաբանված հարցերի ու հակասությունների առկայության պայմաններում: Դրանով խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը:

Պատշաճ քննություն չի իրականացվել նաև հրամանատարի կողմից իր ենթակայության նեքո գտնվող զինծառայողների նկատմամբ սահմանված կարգով տույժ կիրառելու փոխարեն նրանց խոշտանգման ենթարկելու ուղղությամբ: Պետությունը սրանով խախտել է ՄԻԵԿ 3-րդ հոդվածով ամրագրված խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը:

Եվ վերջապես տուժողների իրավահաջորդները զրկված են եղել հետաքննությանը մասնակցելու հնարավորությունից, ինչով խախտվել է նրանց՝ ՄԻԵԿ 13-րդ հոդվածով ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

ՄԻԵԴ-ը ՀՀ Կառավարությանը հարցեր է ուղղել գանգատում նշված իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև պահանջել քրեական գործի շրջանակում իրականացված քննչական գործողությունների արձանագրությունների պատճեններն ու Կ. Այվազյանի զորակոչման վերաբերյալ փաստաթղթերը:

Եվրադատարանի հարցերին ՀՀ Կառավարությունը պետք է պատասխանի 16 շաբաթվա ընթացքում:

pjimage (37)Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) սպանության փորձի նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու հարցով 2017 թ. հոկտեմբերի 6-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախարարին ուղղված գրությամբ հայտնել էր, որ ինչպես Ա. Քոչինյանի ծնողները, այնպես էլ լրատվամիջոցները ահազանգում են նրա կյանքին սպառնացող վտանգի մասին: Հիշեցնենք՝ կալանավորին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համեմատաբար անվտանգ համարվող մենախցից տեղափոխել են ընդհանուր խուց, որտեղ նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում:

Մինչ ՀՀ Արդարադատության նախարարությունից կարձագանքեին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանը, Ա. Քոչինյանի ծնողները հերթական անգամ նույն խնդրի մասին ահազանգեցին Կազմակերպություն:

Չնայած դրան՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռ. Հովհաննիսյանը 2017 թ. հոկտեմբերի 13-ին թվագրված գրությամբ պնդել է, թե այդ ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ա. Քոչինյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով ապահովված է»:

Հետաքրքիր է, որ որպես դրա հիմնավորում՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալը վկայակոչել է կալանավոր Ա. Քոչինյանի՝ 2017 թ. հոկտեմբերի 11-ին տված բացատրությունները:

Նկատենք, որ Ա. Քոչինյանի ծնողները մինչ օրս ահազանգում են որդուն սպառնացող վտանգի մասին, իսկ հոկտեմբերի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Այսինքն՝ մի կողմից  Ա. Քոչինյանը  բացատրություն է տալիս ՔԿՎ-ին, թե իբր իր նկատմամբ սպառնալիքներ չկան, մյուս կողմից  հարազատներին ահազանգում է իրեն սպառնացող վտանգների մասին:

Ակնհայտ է, որ փակ հաստատությունում գտնվող անձը օբյեկտիվ բացատրություններ տալու հնարավությունից  գործնականում զրկված է: Գտնվելով քրեակատարողական հիմնարկում չգրված կանոններ կիրառողների՝ «զոն նայողների» և քրեական հեղինակությունների հնարավոր ազդեցության տակ, մյուս կողմից  ՔԿՀ-ի ղեկավարության ճնշումների տակ՝ ինչպես կարող էր դժգոհել մի համակարգից, որը ձևավորվել է նույն՝ ՔԿՀ ղեկավարության իմացությամբ ու նրա թողտվության պայմաններում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել  Ա. Քոչինյանի իրավունքների պաշտպանության և ՔԿՀ-ում նրա անվտանգության ապահովման վիճակը:

Karine GasparyanՏ. Գրիգորյանն ու Զ. Նասլյանը գողություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են այս տարվա հուլիսին և պահվում են Վանաձոր ՔԿՀ-ում: Մեղադրանքի հիմքում նրանց ինքնախոստովանական ցուցմունքներն են, որոնք հետո մեղադրյալները հերքել են:

Ավելի ուշ՝ 2017 թ. հուլիսի 31-ին, քրեական գործում որպես պաշտպան ներգրավվել է փաստաբան Կարինե Գասպարյանը, երբ Զ. Նասլյանն ու Տ. Գրիգորյանը իրենց պաշտպանությունն իրականացնելու հարցով դիմել են նրան և հայտնել, որ ինքնախոստովանական ցուցմունքները տվել են Սպիտակի ոստիկանության աշխատակիցների ճնշման ներքո: Մեղադրյալների փոխանցմամբ՝ ոստիկանությունում իրենց նկատմամբ գործադրվել է ֆիզիկական բռնություն և հոգեբանական ճնշում:

Մինչ այդ՝ բերման է ենթարկվել և ոստիկանության բաժնում 2 օր՝ համապատասխանաբար 4 ժամ և 3 ժամ պահվել է Զ. Նասլյանի եղբայրը, որպեսզի Զ. Նասլյանը ներկայանա ոստիկանություն: Երկրորդ օրը Զ. Նասլյանի եղբորը բաց են թողել նրա և Տ. Գրիգորյանի՝ ոստիկանություն ներկայանալուց հետո միայն: Ավելին՝ չնայած նրան, որ նրանք ոստիկանություն կամովին են ներկայացել, ոստիկանությունում կազմվել է բերման ենթարկելու մասին արձանագրություն, իսկ ձերբակալման մասին որոշում կայացրել են նրանց անօրինական ձևով ոստիկանությունում ավելի քան 8 ժամ պահելուց հետո միայն:

Պաշտպան Կ. Գասպարյանը նշում է, որ իր պաշտպանյալների մեղքը հիմնավորող որևէ ապացույց քրեական գործում չկա, և մեղադրանքն առաջադրվել է ենթադրությունների հիման վրա: Այդ հիմքով Տ. Գրիգորյանի և Զ. Նասլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց ազատ արձակելու հարցով  պաշտպանը մի քանի անգամ դիմել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, սակայն մարզի դատախազությունից պնդել են, որ «մեղադրանքի կողմը նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատել է բավարար, ուստի քրեական գործն ուղարկվել է դատարան»:

մեղադրանքը անհիմն է

Մեղադրյալ Զ. Նասլյանը նաև բացարկ է հայտնել քննիչ Ա. Եղիազարյանին՝  սակայն բացարկը ևս մերժվել է: Ուշագրավ է Լոռու մարզի դատախազության դատախազ Ա. Մուքոյանի մեկնաբանությունը. «Եթե իրականում Զ. Նասլյանի նկատմամբ գործադրված լիներ ճնշում, կամ քննիչի կողմից հարկադրանք, ապա նա կաշկանդված չէր և այդ մասին դատարանում միջնորդության քննարկման ժամանակ կամ «Վանաձոր» ՔԿ հիմնարկում նրան տեղափոխելու և այնուհետև պահելու ընթացքում կարող էր ազատ և անկաշկանդ հայտնել ՔԿՀ-ի աշխատակիցներին»:

բացարկը մերժել

Ընդ որում՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպանին տրվել է ընդամենը 1 օր ժամանակ՝ 2017 թ. սեպտեմբերի 24-ը, որը կիրակի է, այն դեպքում, երբ վերջինս, հաշվի առնելով քրեական գործի ծավալը, խնդրել էր տրամադրել 3 աշխատանքային օր:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2017 թ. սեպտեմբերի 26-ին: Պաշտպան Կ. Գասպարյանը մտահոգություն է հայտնում, որ գործում հապճեպություն է դրսևորվել:

2017 թ. հոկտսեպտեմբերի 24-ըեմբերի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության շրջանակում պաշտպանական կողմը բացարկ հայտնեց նաև գործը հսկող դատախազ Ա. Մուքոյանին, սակայն դատավոր Լ. Աբգարյանը մերժեց բացարկի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև նոյեմբերի 20-ը: Աշխատանքային օրվա ավարտի պատճառով պաշտպանական կողմը չհասցրեց դատարան ներկայացնել ամբաստանյալների կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ միջնորդությունը: Նրանք կալանքի տակ կմնան ևս մեկ ամիս:

Մանրամասները՝ տեսանյութում

2017 թ. մայիսի 24-ին ՀՀ իրավապահ մարմինները հայտարարեցին քրեական հեղինակություն հանդիսացող Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) մահափորձը կանխելու մասին: Ավելի ուշ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորվեց Արկադի Քոչինյանը:

Օրեր առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել այն մասին, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող Արկադի Քոչինյանը ՔԿՀ-ի առավել ապահով մասից տեղափոխվել է այլ մաս, որտեղ նրա կյանքին և առողջությանը լուրջ վտանգ է սպառնում:

Այս մասին հայտնել է նաև armlur.am լրատվական կայքը՝ «Դոն Պիպոյի գործով կալանավորվածը տեղափոխվել է. որտեղ է նա գտնվում» հրապարակման մեջ: Դրանում նշվում է, որ Արկադի Քոչինյանին մենախցից տեղափոխել են ընդհանուր խուց: Ավելի վաղ դա կանխելու համար կալանավորը նաև հացադուլի էր դիմել:

Ստացված տեղեկատվության հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017թ. հոկտեմբերի 6-ին գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ՝ Արկադի Քոչինյանի կյանքի ու առողջության պաշտպանության համար անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և վերջինիս անվտանգությունն ապահովելու հարցով:

ՀՀ Արդարադատության նախարարությունից դեռևս չեն արձագանքել, սակայն Արկադի Քոչինյանի ծնողները նույն խնդրի մասին արդեն երկրորդ անգամ են ահազանգում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Վերջիններս հայտնում են, որ նա գտնվում է վատ վիճակում, նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, որը կարող է տեղի ունենալ նույնիսկ ժամերի ընթացքում:

Նշենք, որ օրեր առաջ ահազանգերի հետքերով կալանավայր այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում  հասարակական վերահսկողություն իրականացնող հասարական դիտորդների խմբին չեն թույլատրել հանդիպել Արկադի Քոչինյանի հետ՝ պատճառաբանելով, որ քննիչի կողմից նրա հետ տեսակցությունների սահմանափակման մասին որոշում է կայացվել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Եթե Արկադի Քոչինյանը սպանվի, կամ ինքնասպանվի, կամ կատարի նման փորձ, կամ ինքնավնասում, ապա ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության և Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությունը:

e591836baf83ecca562e5e64797063f2Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է անցած տարվա նոյեմբերին Ստեփանավանի ոստիկանության կողմից անօրինական ձևով ձերբակալված և ոստիկանության բաժնում բռնության ենթարկված Ա. Հ.-ի իրավունքների պաշտպանությունը:

Ինչպես ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել էր Ա. Հ.-ն, շուրջ 10 ոստիկաններ նրան են մոտեցել և զենքի սպառնալիքով բերման ենթարկել: Ապա տեղափոխել են Ստեփանավանի ոստիկանության բաժին, որտեղ ժամեր շարունակ բռնության ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի են արժանացրել՝ ստիպելով ցուցմունք տալ ընկերոջ՝ Գ. Կ.-ի դեմ, ով, ի դեպ, բերման ենթարկելու պահին ուղեկցելիս է եղել նրան: Ոստիկանները բռնություն են կիրառել նաև Գ. Կ.-ի նկատմամբ, երբ վերջինս ընկերոջն ազատ արձակելու հարցով ոստիկանների հետ վեճի է բռնվել:

Ա. Հ. –ն դեպքի մասին բարձրաձայնել է Գ. Կ.-ին կալանավորելու մասին իմանալուց հետո միայն: Դրանից հետո նա փակ հեռախոսահամարներից պարբերաբար սպառնալից հեռախոսազանգեր է ստանում, որոնցով հորդորում են գործին ընթացք չտալ:

2017 թ. մայիսի 2-ին դեպքի վերաբերյալ Գ. Կ.-ի  և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդումների հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել և Ա. Հ.-ն տուժող է ճանաչվել: Սակայն 2017 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ ՀՔԾ-ում որոշում է կայացվել քրեական գործը կարճելու մասին:

Մինչ այդ Ա. Հ. –ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը միջնորդել էր օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներ ձեռնարկել քրեական գործի վերաբերյալ արժեքավոր տեղեկությունների տիրապետող Ա. Հ.-ի նկատմամբ՝ հաշվի առնելով հեռախոսազանգերի միջոցով տրվող սպառնալիքները: Սակայն վարույթն իրականացնող մարմինը դրանում վտանգ չէր տեսել և մերժել էր միջնորդությունը:

Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և ավելի ուշ քրեական գործը կարճելու որոշմամբ վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն աչք է փակել վատ վերաբերմունքի միանգամից երկու դեպքի վրա, այլև ՁՊՎ-ում Գ. Կ.-ի մոտ ոստիկանների այցն է օրինական համարել:

Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սարգիս Այվազյանը Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՁՊՎ-ում այցելել են Գ. Կ.-ին և փորձել են գողության ևս 3 դեպքի պատասխանատվություն ստանձնելու դիմաց նրան գումար առաջարկել և մեղմ պատիժ խոստանալ:

Ըստ ՀՔԾ քննիչ Ս. Ավետիսյանի՝ ոստիկանության պաշտոնյաները Գ. Կ.-ին այցելել են «օպերատիվ հարցազրույցներ» ունենալու նպատակով միայն, իսկ վերոնշյալ բովանդակությամբ զրույց, քննիչի պնդմամբ, նրանց միջև չի եղել:

Հետաքրքիր է, որ ոստիկանության պաշտոնյաների այցի անօրինական լինելու հարցն ընդհանրապես չի քննարկվել. արդյոք նրանք իրավունք ունեին մուտք գործելու ՁՊՎ և այդ բովանդակությամբ զրույց ունենալու ձերբակալված անձի հետ այն դեպքում, երբ գործը քննում է դրա համար լիազորված քննիչը: Առավել ևս, որ ոչ «Ոստիկանության մասին» օրենքով, ոչ էլ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նման լիազորություն սահմանված չէ: Սահմանված չէ նաև «օպերատիվ հարցազրույց» հասկացությունն առհասարակ:

Քրեական գործը կարճելու որոշմամբ ՀՔԾ քննիչ Ս. Ավետիսյանը շրջանցել է վարույթն իրականացնող քննիչի և ոստիկանության պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահման փաստը: Քննություն չի իրականացրել նաև Ա. Հ.-ի վրա ոստիկանների գործողությունների ազդեցության ուղղությամբ, առավել ևս, որ հարցաքննությունների ժամանակ վերջինս նշել է, որ ոստիկաններից ունեցած վախը դեպքից հետո ավելի է սրվել:

Իրավական գնահատական չի տվել նաև Ա. Հ.-ին անօրինական բերման ենթարկելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու փաստին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս հիմնավորումներով 2017 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել քրեական գործը կարճելու՝ 2017 թ. սեպտեմբերի 15-ի որոշման դեմ:

pjimage (35)Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել  է 2015 թ. մայիսի 7-ին ձերբակալված և ոստիկանների կողմից անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու ֆիզիկական բռնության ենթարկված լրագրող Գայանե Առուստամյանի գործով գանգատը:

Գայանե Առուստամյանի շահերը ներկայացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Գանգատի հիմքում խոշտանգումներից զերծ մնալու՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքը և անձնական ու ընտանեկան կյանքը հարգելու՝ ՄԻԵԿ 8-րդ հոդվածով ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի՝ ՄԻԵԿ 13-րդ հոդվածով ամրագրված իրավունքներն են:

Գայանե Առուստամյանը ձերբակալվել և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնականի բաժին է տեղափոխվել 2015 թ. մայիսի 7-ին, երբ թույլատրված վայրում փողոցը հատելիս լսելով ոստիկանի սուլիչի ձայնը՝ անակնկալի գալով հանդիմանել է վերջինիս՝ «Ինչ ես սուլում, այ էշ» արտահայտությամբ: Ոստիկանը դա որակել է որպես վիրավորանք և ոստիկանության այլ աշխատակիցների հետ նրան բաժին է տեղափոխել:

Ինչպես հայտնել է Գ. Առուստամյանը, ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ճանապարհին և բաժնում ոստիկաններն անվայելուչ պահվածք և արտահայտություններ են թույլ տվել նրա հասցեին՝ հոգեբանորեն ճնշելով ու ֆիզիկական ցավ պատճառելով նրան: Ինչի հետևանքով Գ. Առուստամյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա խնդրանքով շտապ օգնություն են կանչել: Հետագայում նրա նախաձեռնությամբ անցկացված դատահոգեբանական փորձաքննությունը հաստատել է նրա հոգեվիճակի վրա վերը նշված դեպքերի ունեցած ազդեցությունը:

Տեղի ունեցածի մասին Գ. Առուստամյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա պաշտոնեական լիազորություններն անցնելու հիմքով քրեական գործ է հարուցվել, սակայն 2015 թ. օգոստոսի 8-ին հանցակազմի բացակայության հիմքով կարճվել: Վերադասության և դատական կարգով բողոքարկելուց հետո Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տ. Սիրադեղյանը ներկայացրել է նաև վճռաբեկ բողոք, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել:

ՄԻԵԴ ներկայացված գանգատով Գ. Առուստամյանի ներկայացուցիչ Ա. Չատինյանը հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ մեղավորներին բացահայտելու ու պատժելու ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացվել: Նրա ձեռք բերած հիվանդությունների ու ոստիկանության գործողությունների միջև կապը բացահայտելու նպատակով փորձաքննություն իրականացնելու տուժողի միջնորդությունները մերժվել են, իսկ սեփական նախաձեռնությամբ իրականացված փորձաքննության արդյունքները դատարանը որպես ապացույց չի ընդունել:

Ոստիկանները ժամեր շարունակ նրան պահել են ձեռնաշղթաներով, տեսանկարհանել նրան՝ խախտելով նրա անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը: Ձեռնաշղթաները 3 ժամ անց հնարավոր է եղել հանել միայն փրկարարների օգնությամբ, քանի որ ոստիկանները հայտարարել են, թե բանալին կորցրել են:

Իսկ այս իրավունքների խախտման դիմաց փոխհատուցում ստանալու միակ ճանապարհը որևէ անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելն է, ինչը տեղի չի ունեցել:

Եվրադատարանը գանգատի ստացումը հաստատել է 2017 թ. հունիսի 16-ի գրությամբ:

download (7)2017 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց 2016 թ. մարտին Մաշտոցի պողոտայում անցկացված ցույցի մասնակից Վ. Պետրոսյանի գործի քննությունը:

Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:

Այս դատական նիստին հետազոտվեցին դեպքի վերաբերյալ լրատվամիջոցներով տարածված տեսանյութերը: Դրանցում ոստիկանության աշխատակիցները խոսում են Վ. Պետրոսյանի հետ: ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանի պնդմամբ՝ դա փաստում է այն մասին, որ ոստիկանները նրան պահանջ են ներկայացրել:

Ապացույցները հետազոտելուց հետո դատարանը որոշեց գործով որպես վկա ներգրավվել պատասխանող Վ․ Պետրոսյանին, որը չառարկեց ցուցմունք տալ։ Դատարանի և կողմերի հարցերին ի պատասխան՝ Վ․ Պետրոսյանը հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցների կողմից իրեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշված պահանջը չի ներկայացվել, ավելին՝ հավաքի ընթացքում ինչպես ընդհանրական, այնպես էլ անձամբ իրեն որևէ պահանջ չի ներկայացվել։ Նա նշեց նաև, որ ձերբակալելու ժամանակ չեն պարզաբանվել ձերբակալման հիմքերը, իր կարգավիճակից բխող իրավունքներն ու պարտականությունները։

Դատական նիստի ընթացքում դատարանը հայցվոր կողմի ներկայացուցչից պարզեց, թե ոստիկանության որ աշխատակիցներն են պահանջ ներկայացրել Վ․ Պետրոսյանին և որոշեց գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներ Է. Ռշտունուն և Գ. Ավագյանին։

Հաջորդ դատական նիստը 2017 թ. հոկտեմբերի 6-ին է՝ ժամը 11:30-ին:

Արայիկ Զալյան«Մատաղիսի» գործով դեռևս 2005 թ. դեկտեմբերի 12-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման ուղղությամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը բռնության գործադրմամբ)  հարուցվել է քրեական գործ: Դրա շրջանակում Արայիկ Զալյանը տուժող է ճանաչվել:

Չնայած նրան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թ. մարտի 17-ի վճռով արձանագրել է նաև ՄԻԵԿ 5-րդ հոդվածի, այն է՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում գործը քննվում է միայն Խոշտանգումների արգելումն ամրագրող ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման շրջանակում: Մինչդեռ իր որոշմամբ ՄԻԵԴ-ը հստակ արձանագրել է, որ 2004 թ. ապրիլի 21-24-ը և 2004 թ. օգոստոսի 24-ից նոյեմբերի 4-ը Արայիկ Զալյանի ազատազրկումը եղել է անօրինական և դրանով թույլ է տրվել ՄԻԵԿ 5-րդ հոդվածի խախտում:

Հիշեցնենք՝ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի՝ 2005 թ. դեկտեմբերի 12-ի հանցագործության մասին հաղորդման հիման վրա  ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ չի հարուցել: Դրա դեմ բողոքները մերժել են ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները:

ՄԻԵԴ վճռի հիման վրա վերանայման վարույթ հարուցելու հարցով Ա. Զալյանի ներկայացրած բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանը 2017 թ. ապրիլի 12-ին  բավարարել է և գործն ուղարկել նոր քննության:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է այս տարվա հունիսի 9-13-ը, որի արդյունքում դատարանը հանձնարարել է ՀՀ ՀՔԾ-ին 2005 թ. դեկտեմբերի 12-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման ուղղությամբ նոր քննություն սկսել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարուցված քրեական գործի շրջանակում քննվում է միայն ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման փաստը, 2017 թ. սեպտեմբերի 4-ին Ա. Զալյանը միջնորդել է ՀՀ ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննության առարկա դարձնել նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը:

միեդ-472x265Ուսուցչի կողմից բռնի գործողության հետևանքով աչքը կորցրած Մեսրոպ Խաչատրյանի ներկայացուցիչները 2017 թ. հունիսի 19-ին գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատի հիմքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածն է, որով ամրագրվում է խոշտանգումներից  զերծ մնալու իրավունքը:

Սևանի ավագ դպրոցի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի հետ դեպքը տեղի է ունեցել 2014 թ. դեկտեմբերի 9-ին: Ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը, փորձելով սաստել առանց իր թույլտվության տեղից վեր կացած Մեսրոպին, որը մոտեցել էր կախիչին վերարկուն հագնելու նպատակով, վեր է կացել տեղից և սպառնալով մոտեցել կախիչին ու այն հրել աշակերտի ուղղությամբ: Նրա գործողությունների արդյունքում Մեսրոպ Խաչատրյանը կորցրել է ձախ աչքը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ․ ապրիլի 25-ի որոշմամբ Հասմիկ Մարգարյանը  մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված արարք կատարելու  մեջ և տուգանվել  200.000 ՀՀ դրամով: Հայցվոր կողմը նաև վնասի փոխհատուցման պահանջ էր ներկայացրել, սակայն այն մերժվել էր դատարանի կողմից: Մեկ ամիս անց վճիռը բողոքարկվել է, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը 2016 թ. հուլիսի 27-ին վնասի փոխհատուցման մասով գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Մեսրոպ Խաչատրյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանն ու Արայիկ Զալյանը ՄԻԵԴ ներկայացրած գանգատով հիմնավորումներ են ներկայացրել ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման մասին: Նրանք անդրադարձել են այն հանգամանքին, որ ուսուցչի գործողությունների արդյունքում Մեսրոպը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ուժեղ ցավ է զգացել: Ծնողների և համադասարանցիների պնդմամբ, որոնց աչքի առաջ տեղի է ունեցել դեպքը, առաջադիմությամբ աչքի ընկնող, կենսուրախ տղան այժմ իրեն ճնշված է զգում, կատարվածը վերապրելու վախից դպրոց էլ չի ուզում հաճախել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններն ուշադրություն են հրավիրել նաև նրան, որ քննության առարկա չի դարձել անչափահասների դասասենյակում երկաթյա կախիչի առկայությունը, որն ինքնին վտանգ է ներկայացնում: Պետությունը, ի դեմ դպրոցի ղեկավարության, պատասխանատվություն վերցնելով անչափահաս երեխաների համար, չի կանխատեսել երկաթյա կախիչի հնարավոր վտանգը:

Դիմումատուների պնդմամբ՝ գործի քննությունն էլ ամբողջական չի եղել. դպրոցի ղեկավարության որևէ ներկայացուցիչ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ ուսուցչին նշանակված 200.000 ՀՀ դրամ տուգանքն էլ համարժեք չէ նրա կատարած արարքի բնույթին ու վտանգավորության աստիճանին: Աշակերտը կորցրել է աչքն ու տեսողությունը, իսկ պետությունը բավարարվել է չնչին տուգանք նշանակելով, և մերժել տուժող կողմի բոլոր միջնորդությունները:

ՄԻԵԴ-ից հաստատել են  դիմումի ստացումը:

download (7)2017 թ. հուլիսի 7-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով դատաքննությունը:

Վ. Պետրոսյանը Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ 2016 թ. մարտին կազմակերպված հավաքի մասնակիցներից է: Նա, ի թիվս հավաքի այլ մասնակիցների, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էր ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ:

Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:

Դատական նիստի ընթացքում կողմերը հանդես եկան բացման խոսքերով:

Ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանը դիրքորոշում հայտնեց, որ 2016 թ. մարտի 24-ին Մ. Մաշտոցի պողոտայում հավաք անցկացրած անձինք խախտել են հավաքի բնականոն ընթացքը, չեն կատարել իրենց գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ներկայացված պահանջը և խնդրեց բավարարել հայցը:

Տ. Սիրադեղյանի հարցին, թե ինչ ապացույցով է հաստատվում, որ Վ. Պետրոսյանին պահանջ է ներկայացվել, Ս. Մելիքյանը նշեց, որ ապացույց չկա՝ բացի ոստիկանության աշխատակիցների բացատրություններից:

Դատարանն էլ հետաքրքրվեց, թե հավաքի մասնակցի որ պարտականությունը չի կատարել Վ. Պետրոսյանը և ոստիկանության ծառայողի որ պահանջներն են սահմանված օրենքով: Ս. Մելիքյանը նշեց, որ Վ. Պետրոսյանը չի կատարել հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտող գործողություններից ձեռնպահ մնալու պարտականությունը, իսկ որպես ոստիկանության ծառայողի կողմից հնչեցված պահանջը նախատեսող օրենք, նշեց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը, որը սահմանում է հավաքի մասնակցի պարտականությունները:

Պատասխանող կողմը ներկայացրեց իր առարկությունները հայցի դեմ: Տ. Սիրադեղյանը նշեց, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտման մասով չկա պատշաճ արձանագրություն, իսկ գործում առկա արձանագրության մեջ բացակայում է իրավախախտման էությունը, ուստի անկախ արարքը կատարելու փաստից, նա չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության:Ապա հիմնավորումներ ներկայացրեց Վ. Պետրոսյանի արարքում ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ մասով նախատեսված իրավախախման բացակայության վերաբերյալ՝ նշելով, որ Վ. Պետրոսյանը հավաքի բնականոն ընթացքին խոչընդոտող գործողություններ չի կատարել, ինչպես նաև նրան որևէ պահանջ չի ներկայացվել, ուստի նրա համար չի առաջացրել այդ պահանջը կատարելու պարտականություն:  Պատասխանողի ներկայացուցիչը խնդրեց մերժել ներկյացված հայցը:

Տ. Սիրադեղյանը ներկայացրեց նաև հակընդդեմ հայցի հիմքերը, հիմնավորումներ ներկայացրեց ոստիկանության կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, ձերբակալմամ կարգը խախտելու, առանց հիմքերի՝ հավաքը ցրելու և Վահրամ Պետրոսյանի իրավունքները խախտելու մասին:

Ոստիկանության ներկայացուցիչը հարցեր ուղղեց հակընդդեմ հայցվորին, որից հետո դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ դատական նիստին դատարանը կհետազոտի գործում առկա տեսանյութը: Այն նշանակվել է 2017 թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:30-ին:

Shenq fasad2017 թ. հունիսի 13-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Մատաղիսի գործով» դեռևս 2006թ. հունվարի 8-ին ներկայացված բողոքի վերաբերյալ որոշում կայացրեց:

Դատարանը նախ լսեց բողոքաբեր Ա. Զալյանի կարծիքը նախորդ դատական նիստի ընթացքում ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված նյութերի վերաբերյալ: Դրանք վերաբերում էին դեռևս 2007 թ. իրականացված քննչական գործողություններին:

Ա. Զալյանը նշեց, որ ներկայացված փաստաթղթերը ևս, ի թիվս այլոց, ուսումնասիրվել են ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կողմից: Եվ դրանց ուսումնասիրության արդյունքում ՄԻԵԴ-ը գտել է, որ  պետությունը արդյունավետ քննություն չի իրականացրել խոշտանգումների փաստի ուղղությամբ: Վճռաբեկ դատարանն էլ, համակարծիք լինելով, գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան նոր քննության:

Բողոքաբերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու և կայացված որոշմամբ բավարարեց բողոքը:

Այսպիսով՝ դեռևս 2005 թ. դեկտեմբերի 12-ին Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի՝ ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդման ուղղությամբ նոր քննություն կսկսվի:

Հիշեցնենք՝ 2004 թ. ապրիլի 19-24-ը իրենց ապօրինաբար ազատությունից զրկելու և վատ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ չէր հարուցվեր: Դատախազության որոշման դեմ 2006 թ. հունվարի 8-ին ներկայացված բողոքը մերժվել էր ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից:

Հրապարակումների արխիվ
Միջոցառումների արխիվ
April 2019
M T W T F S S
« Sep    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930