Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ 2017 թ. հայաստանյան 16 ինտերնետային կայքէջերի հրապարակումների մշտադիտարկման արդյունքները:

Դրանցում ներառված են 12 զանգվածային լրատվության միջոցի և 4 պետական մարմինների՝ ՀՀ Ոստիկանության, ՀՀ Գլխավոր դատախազության, ՀՀ Առողջապահության և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պաշտոնական կայքէջերը:

2017 թ. 500 հրապարակման մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է հետևյալ պատկերը.

  • նախորդ տարիների համեմատությամբ՝ ՀՀ Ոստիկանության պաշտոնական ինտերնետային էջով հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հրապարակումների թիվը նվազել է, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեպքում աճել է,

 

  • 2017թ. էականորեն աճել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության հիման վրա հրապարակումների թիվը՝ նախորդ երկու տարվա համեմատությամբ,

 

  • 2017թ. հավաքագրված հրապարակումներից 45-ն են անդրադառնում Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության բնագավառում առկա խնդիրներին,

 

  • 2017 թ. շարունակել են մեծ թիվ կազմել քրեադատավարական գործողությունների վերաբերյալ հրապարակումները, դրանցից 108-ը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կողմից կատարված հանցագործություններին են վերաբերում,

 

  • 500 հրապարակումներից 137-ը նպաստում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը,

 

  • հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հավաքագրված 500 հրապարակումներից 4-ը վերաբերել է անձի խոշտանգումներից, դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, 2-ը՝ առողջության պահպանման և 2-ը՝ ազատ կամարտահայտման իրավունքների խախտումներին,

 

  • հավաքագրված 500 հրապարակումներից 58-ը պարունակել են այնպիսի անձնական տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է նույնականացնել մարդկանց, ուստի՝ այդ հրապարակումներում խախտվել է անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:

Ուսումնասիրության միջոցով բացահայտված խնդիրների լուծման նպատակով վերստին առաջարկում ենք՝

ՀՀ պետական մարմիններին՝

  1. բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նույնականացնող տվյալներ պարունակող հրապարակումները, երբ բացակայում է դրա օրինաչափ նպատակը,
  2. զերծ մնալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բացասական կարծրատիպեր ձևավորող հրապարակումներից,
  3. մեծացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավական, առողջապահական և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող գործողությունների մասին իրազեկման ծավալները:

Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք՝

  1. զերծ մնալ անձնական այնպիսի տվյալների հրապարակումից, որով հնարավոր է նույնականացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, երբ բացակայում է դրա օրինաչափ նպատակը,
  2. զերծ մնալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ առկա բացասական կարծրատիպերն ամրապնդող հրապարակումներից, ինչպես նաև նրանց պիտակավորող, կարծրատիպեր առաջացնող տեսքտերի, եզրույթների և բառակապակցությունների կիրառումից։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Սպիտակի խնամքի տուն. դասընթաց բնակիչների համար

Սպիտակի խնամքի տուն. դասընթաց բնակիչների համար

«Սպիտակի խնամքի տան» անգործունակ ճանաչված բնակիչը դատարանում պահանջում է իրեն գործունակ ճանաչել և վերացնել իր նկատմամբ նշանակված խնամակալությունը:

Նա անգործունակ է ճանաչվել դեռևս 2004 թ.-ի ապրիլի 16-ին՝ մոր դիմումի համաձայն։ «Սպիտակի խնամքի տանը» բնակվում է 2016 թ. հուլիսի 17-ից, ուր տեղափոխվել է խնամքի փակ տիպի հաստատությունից:

14 տարի շարունակ անգործունակ ճանաչված լինելով՝ նա զրկված է իր հիմնարար իրավունքներն իրացնելու հնարավորությունից, չի կարողանում աշխատանք գտնել և հոգ տանել իր մասին:

Ի դեպ՝ ինչպես Խնամքի տանը գտնվելու ողջ ժամանակահատվածում, այնպես էլ դրանից առաջ՝ սկսած 2015թ.-ից, բուժման կարիք չի ունեցել, ապրում է բնականոն կյանքով:

Ի թիվս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող ՀՀ օրենսդրության մի շարք այլ դրույթների՝ ՄԱԿ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն 2017 թ. ապրիլի 12-ին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի պահանջների կատարման վերաբերյալ ՀՀ զեկույցի շուրջ իր եզրափակիչ դիտարկումներում անդրադարձել է նաև անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտին: Կոմիտեն մտահոգություն է հայտնել անձին գործունակությունից զրկելու և խնամակալ նշանակելու՝ ՀՀ օրենսդրության դրույթների, հատկապես՝ խնամակալի միջոցով որոշումների կայացման համակարգը որոշումների կայացման աջակցության համակարգով փոխարինելու մեխանիզմների բացակայության շուրջ:

Անգործունակության խնդրին բազմիցս անդրադարձել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ներկայացնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջների կատարման վերաբերյալ այլընտրանքային զեկույց և առաջարկություններ ՀՀ-ում չափահաս անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի վերաբերյալ:

Անգործունակ ճանաչվելու հետևանքով անձը զրկվում է հասարակության լիարժեք անդամ լինելուց և կախման մեջ է ընկնում այլոց որոշումներից:

Գործունակությունը վերականգնելու և խնամակալությունը վերացնելու՝ «Սպիտակի խնամքի տան» բնակչի դիմումը 2017 թ. հոկտեմբերի 19-ին դատարան է ներկայացրել նրա ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

Նա հիմնավորումներ է ներկայացրել Խնամքի տան բնակչի գործունակությունը վերականգնելու անհրաժեշտության մասին՝ այդ թվում՝ վկայակոչելով մասնագետների կարծիքը՝ բնակչի առողջական վիճակի վերաբերյալ:

2018 թ. փետրվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Ա. Չատինյանը դիմումի հիմքերն ու առարկան ներկայացնելուց հետո միջնորդեց նաև դատահոգեբուժական փորձաքնննություն նշանակել նրա նկատմամբ:

Դատարանը բավարարեց միջնորդությունը և կասեցրեց գործի վարույթը: Այն կվերսկսվի փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո:

default (8)Անցած տարվա հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի գործով վարույթն իրականացնող մարմինը 2017 թ. նոյեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրել  Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին:

Ծննդաբերությունից ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունն ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը և որոշակի քննչական գործողություններ իրականացնելու ու նշանակված դատաբժշկական փորձաքննությունների շրջանակում փորձագետներին  լրացուցիչ հարցադրումներ ներկայացնելու միջնորդություններ ներկայացրել:

Փորձագիտական եզրակացությունների համաձայն՝ ծննդկանի մահվան պատճառ է դարձել հետծննդաբերական շրջանում մանկաբարձ-գինեկոլոգների կողմից անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելը:

Հ. Նազլուխանյանը մինչծննդաբերական շրջանում եղել է  Դավիթ Շահվերդյանի հսկողության ներքո, հերթապահ-բժիշկ Ա. Բալայանի պահանջով նա ներկա է գտնվել նաև ծննդաբերությանն ու դրան հաջորդած գործողություններին:

Փորձագետները փաստում են, որ հիմնական բացթողումները թույլ են տրվել հետծննդյան շրջանում, ինչն էլ հանգեցրել է ծննդկանի մահվան: Նրանց պնդմամբ՝ ծննդկանի արյունահոսության պատճառը սրընթաց ծննդաբերության հետևանքով առաջացած պատռվածքներն են եղել, և բուժօգնություն տրամադրող բժիշկները տևական արյունահոսության պատճառը պարզելու համար պետք է դիմեին վիրահատական միջամտության, ինչը չի արվել և արյունահոսության աղբյուր հանդիսացող պատռվածքները չեն հայտնաբերվել: Իսկ ծննդկանի կյանքը հնարավոր էր փրկել միայն դրանք հայտնաբերելու և արյունահոսությունը դադարեցնելու դեպքում:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել, իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ չի կատարել, ինչն էլ անզգուշությամբ մահ է առաջացրել: ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րս մասով նրան սպառնում է 2-6 տարվա ազատազրկում: (Ծնունդն ընդունած բժիշկ Ա. Բալայանը 2017 թ. հոկտեմբերի 18-ին վթարի է ենթարկվել և մահացել):

Չնայած դրան՝ տուժող կողմի տեղեկություններով Դավիթ Շահվերդյանը դեռևս շարունակում է զբաղեցնել մանկաբարձ-գինեկոլոգի իր պաշտոնը Վանաձորի բժշկական կենտրոնում, իսկ ՀՀ Քննչական կոմիտեն որևէ քայլ չի ձեռնարկում կասեցնելու նրա մասնագիտական գործունեությունը մինչ նրա վերաբերյալ վճռի ուժի մեջ մտնելը:

www.york.ac.uk

www.york.ac.uk

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Այն հաստատվել է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ և նշվում է 1992 թ.-ից:

Վերջին տարիներին ավելի շատ են բարձրաձայնվում հոգեկան առողջության բնագավառում պետական մարմինների կողմից  իրականացվող քաղաքականության և մարդու իրավունքների վիճակի խնդիրները: ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շարունակում են խոցելի մնալ: Նրանք շարունակում են ենթարկվել խտրականության ու մեկուսացվել հասարակությունից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2016 թ. իրականացված մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ՝ մշտադիտարկված հրապարակումների 25 տոկոսը պարունակում են այնպիսի տեքստեր և ձևակերպումներ, որոնք նպաստում են  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ հասարակության մեջ առկա կարծրատիպերի ու խարանի ամրապնդմանը։

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք «ազատազրկվում են» հոգեբուժարաններում, խնամքի հաստատություններում՝ կորցնելով իրենց իրացնելու հնարավորությունը, իրենց եսը։ Դա հետևանք է թե առկա խարանի ու կարծրատիպերի, թե անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների բացակայության և թե օրենսդրական անբավարար կարգավորումների:

2016 թվականի մայիսին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ներդրվեց ՀՀ-ում առաջին համայնքահեն ծառայությունը՝ Սպիտակի խնամքի տունը, որն իրականացնում է  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու բացառիկ ծրագրեր:

Հանրապետությունում հաշվառված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շուրջ 50 հազար անձանց գերակշիռ մասը զրկված է այդ հնարավորությունից. նրանց մի մասը գտնվում է փակ տիպի հաստատություններում՝ մեկուսացված համայնքից, մյուս մասը, ապրելով համայնքում, լիարժեք ներառված չէ համայնքային կյանքին, չի ստանում պատշաճ խնամք և բուժում:

timthumb (5)Ինչպես իր նախնական դիտարկումներում նշել է վերջին օրերին Հայաստանում գտնվող ՄԱԿ հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը, Հայաստանը կարող է և պատրաստ է հետևել հոգեկան առողջության ոլորտում միջազգային լավագույն փորձին՝ հրաժարվելով հոգեկան առողջության հնացած այն քաղաքականություններից և ծառայություններից, որոնք հիմնվում են մեծ հոգեբուժական հիվանդանոցների և երկարաժամկետ խնամք տրամադրող հաստատությունների վրա:

«Ես մեծապես խորհուրդ եմ տալիս Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ արագացնել հոգեկան առողջության ոլորտին ուղղված բարեփոխումները և ապահովել այսպիսի համայնքային ծառայությունների ընդլայնումը փորձնական ծրագրերի սահմաններից անդին, որպեսզի դրանք կրկնօրինակվեն և տարածվեն բոլոր մարզերում». նշված է ՄԱԿ հատուկ զեկուցողի դիտարկումներում:

imageՄանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի դատավճիռը, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված  արարք կատարելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման, իսկ մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկվել 1 տարի 6 ամիս ժամկետով, ուժի մեջ է մտել:

Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի փոխանցմամբ՝ դատապարտված բժշկուհին օրեր առաջ տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք՝ կողմերի բողոքների արդյունքում կայացված վճռով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. հունիսի 2-ի վճիռը, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքները վարույթ չէր ընդունել:

DSC_0625Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ և Սիգրիդ Րոսինգ Թրասթ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 2017 թ. փետրվարի 11-12-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում լրագրողների և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ՝ «Թմրամիջոց գործածող և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով:

Աշխատանքային քննարկման առանցքում նշված թեմաների լուսաբանման վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրականացրած համապատասխան ուսումնասիրություններն ու դրանց արդյունքում վերհանված խնդիրներն էին:

Քննարկման սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանը ներկայացրեց իրականացված մշտադիտարկումների արդյունքները, ըստ թեմաների՝ լուսաբանումների վիճակագրությունը, դրանց առանձնահատկություններն ու խնդրահարույց կողմերը:

Ի թիվս այլ հարցերի՝ ուշադրություն հրավիրեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորող նյութերի մեծ թվին, ինչպես նաև նրանց և թմրամիջոց գործածող անձանց վերաբերյալ նյութերում կարծրատիպային բառերի հաճախադեպությանը, անձնական տվյալներ պարունակող հրապարակումների առկայությանը: Ապա անդրադարձավ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանք գործածելու նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորող նյութերին: Թեմայի շուրջ մասնակիցներն ակտիվ քննարկում ծավալեցին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Արայիկ Զալյանը և Կազմակերպության իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների ծրագրերի համակարգող Սուսաննա Դավթյանն անդրադարձան խտրականության տեսակներին և խոսքի ազատության սահմանափակմանն ու պատասխանատվությանը: Մասնակիցները հարցեր հնչեցրին խտրականության դրսևորման ձևերի, օրենսդրության մեջ դրանց արտացոլման, ինչպես նաև իրավական ակտերի ընդունման ընթացակարգերի վերաբերյալ:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանն առանձին օրինակներով ներկայացրեց խոցելի խմբերի խնդիրների լուսաբանման մեջ մեդիայի դերը և ձևավորվող կարծրատիպերը, խմբային աշխատանքների միջոցով վեր հանվեցին ոլորտի լուսաբանման խնդիրներն ու դրանց հաղթահարման ճանապարհները:

Աշխատանքային քննարկման երկրորդ օրը ևս հագեցած էր:

Դժվար լուսաբանվող թեմաներին նախապատրաստվելուն, դրանց հերոսների հետ հաղորդակցման առանձնահատկություններին և թեմատիկ նյութերը ճիշտ տեսանկյունից ներկայացնելուն անդրադարձան ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի թմրաբան Սուրեն Նազինյանն ու հոգեբույժ Խաչատուր Ավետյանը:

Փորձագետներն անդրադարձան նաև առանձին դեպքերի, տրամադրեցին նախնական գիտելիքներ իրենց ներկայացրած ոլորտերի վերաբերյալ:

Երկօրյա աշխատանքային քննարկումը եզրափակվեց խոցելի խմբերի վերաբերյալ լրագրողական նյութերում էթիկական խնդիրների ու դրանց լուսաբանման նորարարական տեխնոլոգիաների ներկայացմամբ:

Աշխատանքային քննարկման արդյունքում մասնակիցների կողմից կպատրաստվեն և կհրապարակվեն թեմատիկ լրագրողական նյութեր:

Հարակից հրապարակումներ՝

«Հոգեկան առողջության բնագավառում մարտահրավերները՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առողջապահական իրավունքների ապահովման դիտակետից»

Տեղեկանք պետական մարմինների պաշտոնական և զանգվածային լրատվության այլ միջոցների ինտերնետային էջերով 2015 թ. մայիս- դեկտեմբեր ամիսներին թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ նյութերի մշտադիտարկման վերաբերյալ

Թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականության առանձնահատկությունները Հայաստանում: Հիմնական թերությունները և բարեփոխումների անհրաժեշտությունը

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը՝ ըստ զանգվածային լրատվության միջոցներով և պետական մարմինների ինտերնետային էջերով 2015 թ. հրապարակված նյութերի

2156Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի կիզակետում է եղել միայն հիվանդանոցային՝ ստացիոնար հոգեբուժական օգնությունը, ինչի արդյունքում համայնքային մակարդակով ծառայություններ տրամադրելու ներուժը սահմանափակվել է: Հոգեբուժական օգնությունը տրամադրվել է բացառապես մասնագիտացված ​​հոգեբուժական հաստատություններում, այդ թվում՝ հիվանդանոցներում և սոցիալական հոգենյարդաբանական կենտրոններում:

2010 թվականին Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան: 2013 թվականից սկսած՝ պետական քաղաքականության երկու փաստաթուղթ, այն է՝ Հոգեկան առողջության ռազմավարությունը և Հայեցակարգը՝ Միջոցառումների ծրագրի հետ մեկտեղ ընդունելով՝ Կառավարությունը պարտավորվել է սկսել հոգեբուժական հաստատությունների բեռնաթափման գործընթացը և քաղաքականության մակարդակով ներդնել համայնքահեն ծառայություններ:

Այս փաստաթղթի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում հոգեբուժական հաստատությունների բեռնաթափման շրջանակներում արձանագրված գործընթացները, ձեռքբերումները և ընթացիկ խնդիրները: Ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում համայնքահեն ծառայությունների մոդելի ներդրման գործընթացն ուղեկցվել է մի շարք մարտահրավերներով, որոնք շատ թե քիչ հաղթահարվել են: Գործընթացը համարվում է հաջողված, քանի որ համայնքահեն մոդելի ներդրման հարցն այժմ ընդգրկվել է Կառավարության օրակարգում, և սերտ համագործակցություն է հաստատվել պետական ​​մարմինների, ինչպես նաև մասնավոր և հանրային հատվածների հետ: Այդուհանդերձ, ի լրումն խտրական վերաբերմունքի և հասարակության կողմից խարանավորման խնդիրների՝ ևս մեկ մարտահրավեր է պետական բյուջեից համապատասխան հատկացումների բացակայության և մասնագետների, պետական ​​պաշտոնյաների և հանրության ավելի լայն զանգվածների շրջանում հոգեկան առողջության խնդիրների մասին գիտելիքի և իրազեկվածության պակասի պատճառով համայնքահեն ծառայություններ մոդելներն այժմ գործարկելու անհնարինությունը:

Հոդվածն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Երեխաների իրավունքների պաշտպանության հարցում մի շարք խոչընդոտներ կան, որոնցից առաջնայինը աղքատությունն է: Այս մասին այսօր Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած առողջապահական իրավունքի՝ «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ասաց «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության գնահատման և մշտադիտարկման գծով պատասխանատու Զարուհի Ազնաուրյանը:

Մասնագետն անդրադարձավ կրթության իրավունքին, ըստ վիճակագրության՝ 2013-14թթ. ուսումնական տարում գործել են 1434 դպրոցներ, աշակերտների թիվը՝ 360,446 մարդ, որոնցից 47.9%-ը աղջիկներ են: Դպրոցների երեխաները հիմնականում հեռացվում են սոցիալական պայմաններից դրդված, հեռացված երեխաների ավելի քան 50 տոկոսը նման խնդիր են ունեցել:

Դպրոցահասակ երեխաների սննդի հարցը նույնպես մտահոգիչ է հատկապես գյուղական համայնքներում: Որոշ դպրոցներում չկան բուֆետներ, խանութները հեռու են, ուստի երեխաները շատ հաճախ զրկվում են սննդից. «Առաջարկում ենք բարելավել սննդի կազմակերպումը դպրոցներում, հատկապես՝ գյուղական վայրերում, ապահովել սննդի որակին և անվտանգությանը վերաբերող համապատասխան քաղաքականության մշակում, կիրառում և վերահսկում, բարելավել պետական միջոլորտային համագործակցությունն ու համակարգումը դպրոցական առողջության վերաբեյալ, ներդնել դպրոցում սոցիալ-հոգեբանական միջավայրը կարգավորող համընդհանուր դպրոցական քաղաքականություն»,- հայտնեց Ազնաուրյանը:

Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների թիվը տարեց տարի ավելանում է: Համոզված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը. «Եթե 2012թ. առանձին գնահատումներով մինչև 45 հազար էր, ապա այս տարի՝ 2016թ. արդեն մոտ 50 հազար: Հիվանդության կամ առողջության խնդիրներ ունեցողների զուգահեռ համակարգային փոփոխությունները պետք է փոխվեն»,- նշեց պարոն Սաքունցը:

Մյուս խնդիրը կապված է հարկադրանքի կիրառման հետ, ըստ բանախոսի՝ 2010-2014թ. ՀՀ-ում առաջին ատյանների դատարանների կողմից բարելավվել է անձին հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ 194 դիմում, 2010թ.՝ 28, 2011-13թթ.՝ 41, 2014թ.՝ 43 դիմում. «Կա որոշակի աճի միտում, սակայն այս դիմումներից միայն մեկն է բողոքարկվել վերաքննության կարգով, բոլոր որոշումները կարծես թե հիմնավոր են, իրականում ոչ հոժարակամ բուժում ստացող անձանց թիվը շատ ավելի մեծ է, ինչո՞ւ քանի որ որպես հոժարակամ բուժման համաձայնություն տված անձանց զգալի մասը այդ համաձայնությունը տալիս են հարազատների, բուժաշխատողների, որոշ դեպքերում նաև ոստիկանների կողմից այսպես կոչված բացատրական աշխատանքների արդյունքում, բայց իրականում ֆիզիկական ճնշումների արդյունքում»,- նշեց պարոն Սաքունցը:

Նա նաև հավելեց՝ առավել խոցելի են անգործունակ ճանաչված մարդիկ: Պարոն Սաքունցը ներկայացրեց վիճակագրությունը. «2010թ. հունվարի 1-ից մինչև 2012թ. հունիս ամիսը դատարանի կողմից անգործունակ է ճանաչվել 447 անձ: Անգործունակ ճանաչված անձի՝ վերահոգեբուժական հաստատություն տեղավորելու համար, նա որոշում չի կայացնում, նրա փոխարեն որոշումը կայացնում է իր հարազատը, պատկերացրեք, եթե կա սեփականության հետ կապված խնդիրներ, այդ անձը անգամ զրկվում է իր սեփականության հանդեպ իրավունքից: Հոգեբուժական հաստատությունը կարող է օգտագործվել նաև միջոց՝ պատժելու համար անձին»,- նշեց բանախոսը:

Խոսելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունից՝ իրավապաշտպանը հիշեցրեց, որ օրենքում փոփոխություններ են կատարվել և նման խնդիրներ ունեցող անձանց հանրային պաշտպաններ են տրամադրվում: Վիճակագրությունը հուսադրող չէ նաև իրավաբանական օգնության մասով. «2014-15թթ. ընթացքում իրավաբանական աջակցության համար բժշկական հաստատության տնօրենին դիմել է ընդամենը 4 անձ: 1483 մահճակալը բոլոր ժամանակ անընդհատ զբաղված են, նրանցից միայն 4 անձն են, որ հանրային պաշտպանի կարիք են ունեցել: Այսինքն՝ այստեղ իրավական պաշտպանության գոյություն ունեցող մեխանիզմը իր գործառույթը չի իրականացնում»,- շեշտեց ՀԿ ղեկավարը:

iravaban.net

© iravaban.net կայք

http://www.photojoiner.net/image/SYIprjzr

«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ 2016 թ. մարտին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել է առաջարկությունների փաթեթ,  ընդգրկված է ԱԺ 2016 թվականի հոկտեմբերի 24-27-ի չորսօրյա նիստերի օրակարգում:

ԱԺ ներկայացված օրենքի նախագծում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 29 առաջարկություններից 2-ը ընդունվել են ամբողջությամբ.

  • նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետում (Հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքները և պարտականությունները)  առկա տարընթերցող ձևակերպումը փոխարինելու վերաբերյալ առաջարկը

և

  • նախագծի 4-րդ գլխի վերնագրումՆպատակներբառը լրացնելու վերաբերյալ առաջարկը. հիշատակված կետը վերախմբագրվել է՝ Գլուխ IV. Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցմանը, ինպես նաև այդ անձանց մասին վարվող  տվյալների բազաների վարմանը ներկայացվող պահանջները և նպատակները։

Մասամբ է ընդունվել Խտրականությունհասկացության սահմանման վերաբերյալ առաջարկը. օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետը խմբագրվել է առավել լայն համատեքստով:

Այդուհանդերձ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված մի շարք կարևոր առաջարկություններ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, դուրս են մնացել օրենքի նախագծի՝ ԱԺ ներկայացված տարբերակից:

Դրանք են՝

-«Հոգեկան խանգարումով տառապող անձ» եզրույթը առավել նվազ բացասական հույզեր առաջացնող եզրույթով, մասնավորապես  «հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ»  եզրույթով փոխարինելու վերաբերյալ առաջարկը: 

-Հոգեբուժական հանձնաժողովի 3 անդամներից մեկի՝ այլ բուժական հաստատությունից լինելու մասին առաջարկը: 

-Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների մեջ հոգեկան հիվանդությունների կանխարգելման սահմանման վերաբերյալ առաջարկը։ 

-Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև հատուկ կարծիք պարունակող եզրակացությունը  երեքական օրինակից (չափահաս անձի օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ չորսական օրինակից) կազմելու մասին առաջարկը։ 

-Անձի հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկություններ փոխանցելուն ներկայացվող պահանջները սահմանող հոդվածի՝ Տվյալների բազայի վարման կարգը և նպատակները սահմանող մասերի առանձնացմանը վերաբերող առաջարկությունը։ 

-Հավաքագրված տվյալների հիման վրա առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կազմվող և հրապարակվող տարեկան հաշվետվության վերաբերյալ առաջարկությունը։ 

-Հիմնարար սկզբունքների սահմանման վերաբերյալ առաջարկությունը։ 

-Հոգեկան խանգարում ունեցող անձին հաշվառումից հանելու կարգի սահմանման վերաբերյալ առաջարկությունը։ 

-Դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելիս համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի՝ բժիշկ-հոգեբույժի՝ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու նպատակահարմարությունը պարզելու համար դիմումի վերաբերյալ առաջարկը։

Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկությունների փաթեթը 2016 թ. հոկտեմբերի 24-ին էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացվել է նաև ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով:

Վերաքննիչն արդեն երրորդ անգամ հետաձգեց մանկահասակ երկու երեխաների մահվան համար մեղադրվող բժշկուհու գործով դատական նիստը:

Մեղադրող կողմը սրանում միտում է տեսնում: Անչափահաս երկու երեխաների հարազատներն ու փաստաբանները ենթադրում են, որ նիստերը ձգձգվում են, որպեսզի բժշկուհին՝ Անահիտ Պետրոսյանը համաներումից օգտվելու հնարավորություն ստանա:

«Ինչ-ինչ պայմաններ հաշվի առնելով, նաև համաներման հնարավոր ակտին սպասելու նպատակ ունենալով: Որպեսզի ապահովագրված լինենք նման դեպքերից, մենք քաղաքացիական հայց ներկայացրեցինք Արմավիրի ընդհանուր իրավասության դատարան՝ ցավոք այս պահին միայն նյութական վնասի փոխհատուցման պահանջով, քանի որ բարոյական վնասի փոխհատուցման համար օրենքը օրինական ուժի մեջ մտած դատավճիռ է պահանջում: Բարոյական վնասի փոխհատուցում կներկայացվի վերջնական դատական ակտ ունենալուց հետո, ու բարոյական վնասի չափերը բավականին մեծ կլինեն», – «Ազատության» հետ զրույցում ասաց մեղադրող կողմի շահերը ներկայացնող փաստաբան Անի Չատինյանը:

Արմավիրի մարզի հիվանդանոցում անցած տարի մահացած 5-ամյա էրիկի և 4-ամյա Կարինեի հարազատները պնդում են, որ փոքրիկները բժշկի անփութության և անուշադրության զոհն են դարձել:

Թեպետ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել մարզի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի նախկին ղեկավար Անահիտ Պետրոսյանին, բժշկուհին ազատության մեջ է, քանի որ բողոքարկման գործընթացը դեռ չի ավարտվել:

Պետրոսյանի փաստաբան Արայիկ Ղազարյանը հերթական անգամ դատարանում հայտարարեց, թե իր վստահորդն անմեղ է: Անահիտ Պետրոսյանը հրաժարվեց նկարահանվել կամ ձայնագրվել, այնուհետև հրաժարվեց նաև իր փաստաբան Արայիկ Ղազարյանի ծառայություններից:

Հենց դատարանի դահլիճում Ղազարյանին փոխարինելու եկած փաստաբան Անժելա Ենգիբարյանը թեպետ ասաց, որ բողոքը միասին են գրել, բայց դատարանից ժամանակ խնդրեց նյութերին ծանոթանալու համար: Դատարանը նիստը հետաձգեց:

5-ամյա Էրիկի մայրը՝ Լուիսնե Ամիրխանյանն ասաց․ – «Արդարադատության հույսն այսօր իսպառ մարեց: Արդարատությունն էսօր գումարն ա»:

Անմիջապես վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու ու համապատասխան առաջին բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն, բժիշկը սառնասրտություն է ցուցաբերել ու նրանց սովորական հիվանդասենյակում պառկեցրել: Օրեր անց երեխաները մահացել են, իսկ բժիշկըը պնդել է, թե ինքը մեղավոր չէ․ նախորդ նիստերին դատարանում հնչած այս մեղադրանքը Անահիտ Պետրոսյանը չի ընդունում: Ավելին՝ վերաքննիչ ատյան ներկայացրած իր բողոքով պահանջում է վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումն ու իրեն արդարացնել:

Մեղադրող կողմը, սակայն, պնդում է, որ առաջին ատյանի դատարանը մեղմ պատիժ է ընտրել: «Երկու երեխայի մահվան համար երեք տարվա ազատազրկման ձևով պատիժ նշանակել, իսկ հետագայում դատարանում փաստաբանը նշում է, որ ինքը [Անահիտ Պետրոսյանը], այնուամենայնիվ, անմեղ է, ու եթե հանկարծ դատարանը հանգի եզրակացության, որ մեղավոր է, պայմանական կիրառել․․․ Դա անթույլատրելի է: Պնդում ենք, որ պետք է առավելագույն պատիժ նշանակվի», – ասաց Անի Չատինյանը:

Հիշեցնելով օրերս Վանաձորի ծննդատանն արնաքամ եղած ծննդկանի մահվան դեպքը՝ Չատինյանը պնդում է, որ այս ոլորտը խիստ վերահսկողության կարիք ունի, այստեղ պատիժները պետք է առավելագույնը լինեն․ – «Անպատժելիության մթնոլորտն ա, որ մինչև էսօր մարդիկ են մահանում հիվանդանոցներում բուժում ստանալիս: Էս էն ոլորտն ա, որ առավել ուշադրություն պիտի դարձվի, ամենաբարձրագույն պատիժները պիտի գործեն»:

Տեսանյութը՝ այստեղ

azatutyun.am

pjimage(1)Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ հաստատված այս օրը նշվում է սկսած 1992թ.-ից:

Սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործունեության ուղղություններից մեկն է ավելի քան տասը տարի:

Հայաստանի Հանրապետությունում կարևոր քայլեր են արվել հոգեկան առողջության, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում, ինչը պայմանավորված է ՀՀ Կառավարության՝ ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով:

Դրանց շրջանակում 2015 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որպես արդյունք՝ 2016 թվականի ապրիլին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ներդրվեց սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված առաջին համայնքահեն ծառայությունը՝ Սպիտակի խնամքի տունը, որը սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց  անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու առաջին փորձն է:

Հանրապետությունում հաշվառված սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող շուրջ 46000 անձանց գերակշիռ մասը զրկված է այդ հնարավորությունից. նրանց մի մասը գտնվում է փակ տիպի հաստատություններում՝ մեկուսացված համայնքից, մյուս մասը, ապրելով համայնքում, լիարժեք ներառված չէ համայնքային կյանքին, չի ստանում պատշաճ խնամք և բուժում:

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից մշակվել և 2015 թ. օգոստոսին շրջանառության մեջ է դրվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր որոշակի հստակություն մտցնել հոգեբուժական օգնության ոլորտում։

Չնայած դրան՝ պետք է արձանագրենք, որ հոգեկան առողջության ոլորտը մեծ առումով դուրս է մնացել օրենքի նախագծից:

Մտահոգիչ է վերոնշյալ ծրագրերով սահմանված ժամկետներում նախատեսված մյուս գործողությունների չիրականացումը. դրանք չեն կատարվում բավարար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։

Շարունակում է մտահոգիչ մնալ  հոգեբուժական հաստատություններում  մարդու իրավունքների վիճակը։

Կարևոր ենք համարում ոլորտում կատարվող գործողությունների համապատասխանեցումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթներին:

Արձանագրում ենք, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ շարունակվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խարանավորումը ինչպես հանրության կողմից, այնպես էլ լրատվամիջոցներով և պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքէջերում տարածվող  հրապարակումներում:

2016 թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից զենքի գործադրմամբ ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի շենքը իր ողջ զինամթերքով գրավելուց հետո ՀՀ Ոստիկանությունը խմբի անդամներից ոմանց ներկայացրեց նաև որպես «թմրամոլության հակում ունեցող» անձինք։ Նույն տեղեկատվությունը տարածվեց և «թմրամոլ» եզրույթը կիրառվեց նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով։

Որոշ հրապարակումներում «թմրամոլ» եզրույթը կիրառվեց կոնկրետ անձի վերաբերյալ։ Հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանը զանգվածային լրատվության որոշ միջոցների և բժշկի կողմից ներկայացվեց որպես «թմրամոլ», որն ընդգրկված է եղել մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում  և ուներ ՄԻԱՎ կարգավիճակ։ Այդպիսով՝ կարող ենք փաստել, որ խախտվեցին Քաջիկ Գրիգորյանի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով սահմանված  իրավունքները։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ անձի հիվանդության վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են և տրամադրվում են այլ անձանց միայն տվյալ հիվանդությունն ունեցող անձի ցանկության կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

«Թմրամոլ» եզրույթը նշված օրերին օգտագործվեց նաև ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից՝ ընդհուպ ներկայացնելով, որ անազատության մեջ են հայտնվել մարդիկ, «ովքեր թմրամոլներ չեն», ինչը նույնպես տարածվեց զանգվածային լրատվության միջոցների կողմից։   

Գտնում ենք, որ նման եզրույթների կիրառումը, նման մոտեցումները նպաստում են թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ խարանի, բացասական կարծրատիպերի ձևավորմանը՝ նրանց՝ որպես «հասարակության ախտի», «խիստ վտանգավոր հանցավոր տարրերի» ընկալմանը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բազմիցս անդրադարձել է թմրամիջոց գործածող անձանց հանդեպ առկա խարանի և խտրական վերաբերմունքի արդյունքում առաջացող բացասական հետևանքներին։ Խարանն ու խտրական վերաբերմունքը նպաստում է նրան, որ թմրամիջոց գործածող և թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձինք չեն ընկալվում որպես հիվանդություն ունեցող, որը կարիք ունի  բժշկական, սոցիալ-հոգեբանական և վերականգնողական ծառայությունների՝ առաջ բերելով ոչ թե՝ օգնություն տրամադրելու, այլ պատժելու, հասարակությունից մեկուսացնելու անհամաչափ և չհիմնավորված համոզմունք ու ցանկություն:

Նման վերաբերմունքը որևէ կերպ չի նպաստում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, ավելին՝ առաջացնում է ավելի մեծ խոչընդոտներ թմրամիջոց գործածող անձանց բուժման, ինչպես նաև բնակչության շրջանում թմրամիջոցների գործածման կանխարգելման ճանապարհին։

Իրավասու մարմիններից պահանջում ենք օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել Քաջիկ Գրիգորյանի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտողներին։

ՀՀ Ոստիկանությունից և պետական մյուս մարմիններից պահանջում ենք չկիրառել եզրույթներ, որոնք խթանում են խոցելի և առավել վտանգի ենթարկվող խմբերի նկատմամբ խտրականության ու խարանի սերմանումն ու ամրապնդումը։

Զանգվածային լրատվության միջոցներին, հասարակության ներկայացուցիչներին հորդորում ենք զերծ մնալ խարան ու խտրական վերաբերմունք սերմանող եզրույթների օգտագործումից և տարածումից։

Հրապարակումների արխիվ
Միջոցառումների արխիվ
April 2019
M T W T F S S
« Sep    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930