images-9Հաշմանդամության 3-րդ կարգ ունեցող Ս. Շարմազանովին 2017 թ. հուլիսի 11-ին վերափորձաքննել ու կրկին հաշմանդամության 3-րդ կարգ են սահմանել: Սակայն նրա ունեցած առողջական խնդիրների դեպքում պետք է սահմանվեր հաշմանդամության 2-րդ կարգ:

Ս. Շարմազանովի քույրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ տարիների ընթացքում նրա առողջական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ ավելի է վատթարացել: Այժմ նրա մոտ օրգանիզմի ֆունկցիաների այնպիսի խանգարումներ են  առկա, որոնք համապատասխանում են «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված 2-րդ աստիճանի կարողությունների սահմանափակումներին:

Հաշմադամության 3-րդ կարգ տրամադրելու մասին որոշմամբ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը չի ապահովել օբյեկտիվ քննարկում, չի ուսումնասիրել գործում առկա բոլոր ապացույցներն ու պատշաճ ուշադրության չի արժանացրել Ս. Շարմազանովի առողջական բոլոր խնդիրները:

Ավելին՝ այդ որոշմամբ ոչ մի կերպ չի հիմնավորել հաշմանդամության 2-րդ կարգին համապատասխանող խանգարումներ ունեցող անձի դեպքում հաշմանդամության 3-րդ կարգ սահմանելը:

Սրանով Հանձնաժողովը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում ապահովելու վերաբերյալ դրույթները:

Հաշվի առնելով վերոգրյալ խախտումները՝ Ս. Շարմազանովը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է հաշմանդամության 3-րդ կարգ սահմանելու՝ 2017 թ. հուլիսի 11-ի որոշումը:

Դրա արդյունքում ԲՍՓ գործակալությունը վերափորձաքննել ու Ս. Շարմազանովին 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչել:

bzshkapordzaqnnutyun-634x445Այսօր՝ 2017թ. մարտի 23-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Ա. Ղ.-ը և հայտնել, որ նախորդ տարի բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ՝ մեկ տարի ժամկետով, ինչի հիման վրա էլ նշանակվել է հաշմանդամության նպաստ: Բժշկասոցիալական հերթական փորձաքննության ժամկետ է սահմանվել 2017 թ. փետրվարի 26-ը: Նշանակված ժամկետում հերթական փորձաքննություն անցնելու նպատակով Ա. Ղ.-ը դիմել է ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ Վանաձորի տարածքային բաժին և մերժում ստացել: Քաղաքացու փոխանցմամբ՝ բաժնի աշխատակիցները պատճառաբանել են, թե՝ «Կոմիսիա չկա, քանի որ բժիշկ չկա, ու չգիտենք՝ երբ կլինի»:

Մեզ հետ զրույցում Ա. Ղ.-ը հայտնեց, որ համանման իրավիճակում են հայտնվել հաշմանդամություն ունեցող տասնյակ անձինք, նրանք բոլորն էլ արդեն երկու ամիս հաշմանդամության նպաստ չեն ստանում և հայտնի չէ, թե բժշկասոցիալական փորձաքննություն երբ կնշանակվի:

UntitledՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրավական աջակցություն է ցուցաբերում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև նրանց հարազատներին և այլ շահագրգիռ անձանց: Կազմակերպությունն իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում՝

  • հոգեբուժական և խնամքի ու սոցիալական սպասարկման հաստատություններ ընդունման, բուժման, խնամքի և դուրսգրման,
  • քրեակատարողական հիմնարկներում պահման, բուժօգնության տրամադրման,
  • հաշմանդամության կարգ ստանալու հետ կապված հարցերով:

Եթե գտնում եք, որ խախտվել է Ձեր բուժօգնություն ստանալու, սեփականության կամ այլ իրավունքը, դիմեք ՀՔԱ Վանաձորի գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00-ն (հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, հեռ.՝ +374 322 4 22 68, անվճար թեժ հեռախոսագիծ 0 8000 12 11, էլեկտրոնային հասցե՝ mtemuryan@hcav.am):

HCA_3026[1]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ռազմավարական նպատակներից է  փակ և կիսափակ հաստատություններում (նարկոլոգիական բաժանմունքներ, հոգեբուժարաններ, քրեակատարողական հիմնարկներ և այլն) մարդու իրավունքների պաշտպանությունը:

Փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրության, խախտումների բացահայտման և վերականգնման, դրանց կանխարգելմանն ուղղված առաջարկությունների մշակման և օրենսդրական լուծումներ տալու նպատակով կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է մարդու իրավունքների մոնիթորինգ:

Սույն զեկույցում ամփոփված են  ՀՀ նարկոլոգիական հաստատություններում 2013 թ. իրականացված մոնիթորինգի արդյունքները, թմրամիջոց գործածող  անձանց իրավունքները կարգավորող օրենսդրությունը:

Մոնիթորինգն իրականացվել է 2013 թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում, 6 մոնիթորների կողմից, ՀՀ առողջապահության նախարարությունից, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզպետարաններից և հաստատության տնօրեններից ձեռք բերված համաձայնության  հիման վրա: Դիտարկվել են հետևյալ նարկոլոգիական հաստատությունները.

  • Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր,
  • Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր,
  • «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ,
  • ՀՀ ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոն

Զեկույցում ներկայացված են  առաջարկություններ՝ ուղղված թմրամիջոց գործածող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը:

Զեկույց

27.8_1932014 նոյեմբերի 21-ին իրենց իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ Ա. Բ., նրա հայրը՝ Հ. Բ., և մայրը՝ Բ. Խ.:

Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրը վերաբերում է ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցների կողմից նրանց նկատմամբ կիրառված ապօրինություններին, որը հասցրել է Ա. Բ.-ի ինքնասպանության փորձին:

Ըստ Բ. Խ.-ի կողմից կազմակերպությանն ուղղված դիմումի՝ դեռևս 2014 թվականի հուլիսի 1-ին ժամը 10:40-ի սահմաններում նրանց տուն են այցելել Ստեփանավան քաղաքի ոստիկանության աշխատակիցները՝ բնակարանի խուզարկության նպատակով: Խուզարկությունն ավարտելուց հետո հայտնել են, որ Ա. Բ.-ն իրենց հետ պետք է գնա Ստեփանավան քաղաքի ոստիկանության բաժին՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով: Նույն օրը ժամը 15:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում նրանք ոստիկանության աշխատակիցների հետ միասին մեկնել են Ստեփանավան քաղաքի ոստիկանութուն, որտեղ Ա. Բ.-ին հարցաքննել են մինչ 23:30-ն ընկած ժամանակահատվածը:

 Կազմակերպությանը ներկայացված դիմումով Հ. Բ.-ն և Բ. Խ.-ն հայտնել են, որ 2014 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում իրենց տուն են այցելել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժանմունքի 4 աշխատակիցներ՝ բնակարանի խուզարկություն իրականացնելու նպատակով:

Վերջիններս հայտնել են, որ ցանկանում են զրուցել Հ. Բ.-ի աղջկա՝ Ա. Բ.-ի հետ, բայց քանի որ վերջինս գտնվել է Երևան քաղաքում, Հ. Բ.-ին՝ նույն օրը, ժամը 11:20-ի սահմաններում, իրենց հետ տարել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին: Ոստիկանության բաժանմունքում թվով 5 ոստիկաններ Հ. Բ.-ին սկսել են սեռական բնույթի հայհոյանքներ տալ և սպառնացել են, որ եթե իրենց չհայտնի Ա. Բ.-ի գտնվելու վայրը՝ կծեծեն նրան:

Հ. Բ.-ը ոստիկանության բաժանմունքի տվյալ աշխատասենյակում մնացել է մոտավորապես 2 ժամ, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցները նվաստացրել են նրան, սպառնալով, որ իրենց կապերի միջոցով վերջինիս կզրկեն նաև աշխատանքից:

Տվյալ ժամանակահատվածում Հ. Բ.-ը փորձել է զանգահարել իր տնօրենին որպեսզի հայտնի, որ չի կարողանում ներկայանալ աշխատանքի, քանի որ ոստիկաններն անօրինական իրեն պահում են ոստիկանության բաժանմունքում, սակայն չի կարողացել խոսքն ավարտել, քանի որ ոստիկանության աշխատակիցները հեռախոսը ձեռքից խլել են և թույլ չեն տվել այլ զանգեր կատարել:

Երկու ժամ տվյալ աշխատասենյակում մնալուց հետո, նրան տեղափոխել են հարակից աշխատասենյակ, որտեղ նա մնացել է միայնակ: Այնուհետև, ժամը 17:00-ի սահմաններում դիմացի սենյակում նստած ոստիկանության աշխատակիցը ինչ-որ հեռախոսազանգ է ստացել, որից հետո նրան վերադարձրել են բջջային հեռախոսը և ասել են, որ գնա աղջկան վերցնի և գա ոստիկանություն:

Նույն օրը՝ 17:30-ի սահմաններում, Ա. Բ.-ն վերադարձել է Երևանից, ոստիկանության աշխատակիցների և ծնողների հետ  ներկայացել Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին:

Ա. Բ.-ն հայտնել է, որ նշված օրը կատարված հարցաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է հոգեբանական անտանելի ճնշումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցները դաջվածքներ, վնասվածքներ, թաքցված պարագաներ հայտնաբերելու նպատակով մերկացրել են Ա. Բ.-ին, ստուգել մարմինը, հեռախոսով նկարահանումներ կատարել: Այնուհետև, սկսելով հարցաքննությունը, ծաղրուծանակի, անձնական բնույթի վիրավորանքների, ճնշումների միջոցով ցանկացել են, որ Ա. Բ.-ն խոստովանի, որ կատարել է հանցագործություն: Հարցաքննության ընթացքում, ինչպես իր դիմումում հայտնել է Ա. Բ.-ն, իր մոտ առողջական խնդիրներ են առաջացել, սկսել է շնչահեղձ լինել,  ցանկացել է տեսնել ծնողներին, որպեսզի մոր մոտից իրեն անհրաժեշտ դեղերը վերցնի, սակայն ոստիկանության 3 աշխատակիցներ, որոնց անունները Ա. Բ.-ն չի հիշում, միայն արտաքինով կարող է ճանաչել, չեն թույլատրել մորը տեսնել, ծաղրելով, թե՝ «բա եթե հիմա չես կարող առանց մայրիկի, դե քեզ պատկերացրու կանանց գաղութում, որ առանց նրա ինչ ես անելու»: Ոստիկանության աշխատակիցները հարցաքննության ընթացքում անընդհատ վիրավորել են նրան, կոչելով անբարոյական, անդաստիարակ, չեն բացատրել նրան իր իրավունքները և պարտականությունները, ոստիկանությունում պահել են նոյեմբերի 11-ի ժամը 17:30-ից մինչ նոյեմբերի 12-ը 03:30-ը ընկած ժամանակահատվածը, սպառնացել են նրան, որ կտեղափոխեն հանցագործների մոտ և այլևս ծնողներին չի կարողանա տեսնել:

Տեսնելով, որ այդ կերպ չեն կարողանում ստիպել Ա. Բ.-ին ինքնախոստովանական ցուցմունք գրել, սկսել են համոզել նրան: Ճնշումներին չդիմանալով Ա. Բ.-ն սկսել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք գրել, որն իրեն թելադրել են ոստիկանության աշխատակիցները, որից հետո միայն նրան թույլ են տվել տուն գնա:

Ոստիկանության աշխատակիցները Ա. Բ.-ին վստահեցրել են, որ տվյալ ցուցմունքի մասին ոչ ոք չի իմանա և պետք չի, որ ընտանիքի անդամներին էլ հայտնի դառնա կատարված հարցաքննության արդյունքում տրված ցուցմունքները, որի մասին վերջինս ծնողներին չի հայտնել մինչ 2014թ. նոյեմբերի 20-ը:

Ա. Բ.-ի մայրը՝ Բ. Խ.-ն հայտնել է, որ ամբողջ այն ժամանակահատվածում, երբ Ա. Բ.-ն գտնվել է ոստիկանության բաժանմունքում, ինքը նույնպես գտնվել է այնտեղ և լսել է աղջկա լացի ձայները: Փորձելով ճշտել, թե ինչ է կատարվում քննչական սենյակում, բացել է հարցաքննության սենյակի դուռը և տեսել է աղջկան լաց լինելիս, որից հետո անմիջապես  Բ. Խ.-ին ոստիկանության շենքից դուրս են հանել: Ներկայացված դիմումով Բ. Խ.-ն պնդել է, որ Ա. Բ.-ն ոստիկանությունում է գտնվել նոյեմբերի 11-ի՝ ժամը 17:30-ից մինչ նոյեմբերի 12-ի՝ ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում:

Ա. Խ.-ն 2014թ. նոյեմբերի 25-ին կազմակերպություն է ներկայացրել ևս մեկ դիմում այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 23-ին ժամը 20:50-ի սահմանում Ա. Բ.-ն հասկանալով ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ ճնշումնների արդյունքում ձեռք բերված ցուցմունքների լրջությունը, մեծ քանակությամբ դեղամիջոցներ է կուլ տվել ինքնասպանություն կատարելու նպատակով, որը Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցի բժիշկների կողմից կանխվել է: Նոյեմբերի 26-ին Ա. Բ.-ն դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել տուն, սակայն նրա կողմից կատարված ինքնասպանության փորձի դրդապատճառների ուսումնասիրության հարցով ոստիկանության որևէ աշխատակից մինչ օրս նրան չի այցելել:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ պատասխանատվությունը իր իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և առողջության պահպանությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքը և նման դեպքերի արդյունավետ քննության պետության պարտականությունը, դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ ՀՔԾ պետ Վ. Շահինյանին, պահանջելով Ա. Բ.-ի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնելու, հոգեբանական ճնշումների և բռնությունների ենթարկելու, ազատությունից անօրինական զրկելու, վերջինիս ինքնասպանության հասցնելու փաստերի հիմքով հարուցել քրեական գործ, և միջոցներ ձեռնարկել մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հոդվածում փոփոխված են անունները և չի հրապարակվում կազմակերպության կողմից ուղարկված դիմումը ելնելով վերահիշյալ անձանց անձնական կյանքի գաղտնիության հանգամանքից:

g_image (1)2014 թ. նոյեմբերի 4-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իր իրավունքների պաշտպանության հարցով դիմում է ներկայացրել «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Մարտիկի Բաղդասարյանի կինը Աննա Սահակյան:

Ինչպես հայտնել է Ա. Սահակյանը, 2014թ. սեպտեմբերի 11-ին «Արթիկ» ՔԿՀ-ում երկարատև տեսակցության ժամանակ ինքը հանդիպել է ամուսնուն, վերջինիս առողջական վիճակը եղել է անկայուն, նրա որովայնը բնականից անհամեմատ ուռած է եղել և նա բողոքել է սուր ցավերից: Տեսնելով, որ ամուսնու առողջական վիճակը գնալով վատանում է ՔԿՀ-ի պետին խնդրել է համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխեն ամուսնուն:

2014թ. սեպտեմբերի 11-ին ժամը 18:00-ի սահմաններում Ա. Բաղդասարյանին տեղափոխել են ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի դատապարտյալների հիվանդանոց: 2014թ. սեպտեմբերի 12-ին Ա. Սահակյանը այցելել է դատապարտյալների հիվանդանոց, սակայն նրան թույլ չեն տվել հանդիպել ամուսնուն, որոշ ժամանակ անց նա տեղեկացել է, որ ամուսնուն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ Ա. Սահակյանի, Էրեբունի բժշկական կենտրոն այցելելով ամուսնուն տեսել է միջանցքում սայլակի վրա պառկած:Այդ պահին ամուսնու որովայնն անբողջությամբ իջած է եղել և ամուսինը հայտնել է, որ արդեն իրեն լավ է զգում: Էրեբունի բժշկական կենտրոնում նա ենթարկվել է հետազոտությունների և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:

2014թ. սեպտեմբերի 13-ին Ա. Սահակյանը հանդիպել է ամուսնուն վերակենդանացման բաժանմունքում: Ըստ  Ա. Սահակյանի ամուսինը իրեն լավ է զգացել, որից հետո հանդիպել է բժիշկներին, ովքեր հայտնել են, որ վիճակը ծանր է, իսկ կոնկրետ թե առողջական ինչ խնդիրներ ունի չեն պատասխանել: Բժիշկների կողմից հայտնած ախտորոշումը տարաբնույթ է եղել՝ մեկը հայտնել է, որ կերակրափողի ճաքեր ունի, որից արյունահոսում է, մյուսը հայտնել, որ աղիքային արյունահոսություն ունի, իսկ երբ մտել է բաժնի պետի մոտ նա հայտնել է, որ Ա. Բաղդասարյանի մոտ լյարդի ցեռոզ է:

2014թ. սեպտեմբերի 14-ին, 15-ի և 16-ին Ա. Սահակյանը կրկին հանդիպել է ամուսնուն: Սեպտեմբերի 16-ին ժամը 12:00-ի սահմաններում ամուսնու որովայնը այնքան է ուռած եղել, որ  դուրս է ցցվել կրծքավանդակի տակից: Այդ ընթացքում նա զգացել է թթվածնի քաղց՝ ուռածությունը թույլ չի տվել բավարար թթվածնի ներթափանցումը օրգանիզմ:

Ըստ Ա. Սահակյանի 2014թ. սեպտեմբերի 16-ին ժամը 20:00-ի սահմաններում նա լսել է ամուսնու բղավոցը «մեռա վայ մեռա, օգնեցեք ինձ, մամ ջան մեռա», տվյալ ժամանակահատվածում ցավերի սուր ազդեցության տակ դուրս է եկել միջանցք և խնդրել օգնություն, որից հետո Ա. Բաղդասարյանին անմիջապես տարել են վերակենդանացման բաժանմունք՝  կպչուն ժապավենով (Scotch-ով) կապել ձեռքերը ինչ որ բան ներարկել, որից հետո ձայնը կտրուկ կտրվել է: Ժամը 20:00-ից մինչ կես գիշեր նրան թույլ չեն տվել տեսնի ամուսնուն, ժամը 12:00-ի սահմաններում նրան հաջողվել է մտնել վերակենդանացման բաժանմունք, որտեղ ամուսնուն տեսել է մահացած վիճակում:

2014թ. նոյեմբերի 17-ին ՀՀ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժնի տեսուչ Վ. Մելքոնյանի զանգով Ա. Սահակյանը տեղեկացել է, որ ամուսնու մահվան փաստի շուրջ իրականացող քննությունն ավարտվել է և կարող է վերցնել կայացված որոշումը:

Ըստ Ա. Սահակյանի կատարված նախաքնությամբ չի ձեռնարկվել համապատասխան միջոցներ պարզելու համար ամուսնու իրական մահվան հանգամանքները, չեն հարցաքննվել Էրեբունի բժշկական կենտրոնի անձնակազմը, չի հարցաքննվել ամուսնու մայրը, տուժողի իրավահաջորդին մասնակից չի դարձրել նշանակված դատաբժկական փորձաքննությանը և այլ խախտումներ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիմք ընդունելով ՀՀ պատասխանատվությունը իր իրավազորության տակ գտնվող ազատազրկված անձանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և առողջության պահպանությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքը և նման դեպքերի արդյունավետ քննության պետության պարտականությունը, ՀՀ գլխավոր դատախազության ուշադրություն է հրավիրում Ա. Սահակյանի վերը նկարագրված խնդրին և պահանջում է համապատասխան միջոցներ ձեռնարկել նկարագրված խախտումնները վերացնելու և հետագայում նման դեպքերի կրկնման հնարավորությունը իսպառ բացառելու պահանջով:

Untitled662014 թ. իր իրավունքների պաշտպանության խնդրով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Հովհաննես Կաթրջյանը: Վերջինս արդեն մի քանի տարի պայքարում է իր խախտված իրավունքների վերականգման և կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հ. Կաթրջյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, նա 1985 թ. սկսած ապրում է սրտի խթանիչ սարքով: 2004 թ. և 2008 թ. Հ. Կաթրջյանը վիրահատվել է «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական» կենտրոնում, որի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Ջամալյանն առաջին անգամ տեղադրել է մեկ անգամ օգտագործված, այսինքն՝ ԱՄՆ-ում մահացած անձի սրտի սարք, իսկ երկրորդ դեպքում, չնայած այն հանգամանքին, որ վճարվել էր 10 տարի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետով սարքի դիմաց, սակայն տեղադրվել է 6 տարի գործողության ժամկետով սարք:

 Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իսկ այնուհետև, հարուցված քրեական գործը հանձնվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի վարչություն: Մինչ օրս, սակայն, Ս. Ջամալյանը գտնվում է հետախուզման մեջ, որի պատճառով նրան մեղադրանք չի առաջադրվել: Այժմ գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար նշանակված է լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որը դեռևս չի ավարտվել: Չնայած այն հանգամանքին, որ Հ. Կաթրջյանը քրեական գործով ճանաչվել է տուժող, սակայն նրան փորձաքննություն նշանակելու մասին որոշումը չեն ծանոթացրել՝ զրկվելով իր հարցերն առաջադրելու և փորձաքննությանը մասնակցելու իրավունքից:

Հ. Կաթրջյանն իր իրավունքների պաշտպանության նպատակով քաղաքացիական հայց է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը բավարարել է հայցը և վճռել «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական» կենտրոնից հօգուտ Հ. Կաթրջյանի բռնագանձել  6.370.000 ՀՀ դրամ գումար: Կատարողական գործողությունների արդյունքում, սակայն, դատական ակտը մնացել է չկատարված, քանի որ պարզվել է, որ կենտրոնը չունի սեփականության իրավունքով գրանցված գույք և դրամական միջոցներ: Այդպիսով, կատարողական վարույթն ավարտվել է այն դեպքում, երբ կենտրոնը շարունակում է գործունեություն ծավալել տարբեր բժշկական կենտրոնների տարածքում: Այժմ Հ. Կաթրջյանը պայքարում է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը վերացնելու ուղղությամբ:

Արձանագրում ենք, որ Հ. Կաթրջյանի գործն այն օրինակներից է, երբ անձն, օգտվելով օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր իրավական մեխանիզմներից, փորձում է պայքարել իր խախտված իրավունքների վերականգնման համար, սակայն նույնիսկ արդարադատությունն է անզոր դառնում ուժի ու հանցավորության դեմ պայքարում, և դատարանի որոշումը շարունակում է կրել «պարտադիր լինելու» ձևական պիտակը միայն թղթի վրա:

Այս մասին նաև տեսանյութում:

50109ae557488577a778371388cc9730

Մեկ ամսից պատրաստ կլինի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի աուդիո տարբերակը, ինչը Իջևանի բնակիչ Ալիկ Խառատյանը երկար ժամանակ փորձում էր կյանքի կոչել:

Աուդիոգիրքը հնարավորություն կտա հաշմանդամություն եւ մասնավորապես տեսողության հետ խնդիրներ ունեցողներին արդյունավետ տարբերակով իրազեկվել սեփական իրավունքներին:

Աուդիոգիրք ստեղծելու Խառատյանի ծրագիրը հաղթող է ճանաչվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած «Տեղական իրավապաշտպանության խթանում» երկօրյա դասընթացից հետո հատկացվող փոքր դրամաշնորհային մրցույթում:

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա նախաձեռնությունս իրականացնելու,- «Մեդիալաբին» ասում է Ալիկ Խառատյանը,- աուդիոգրքի շնորհիվ մարդիկ կիրազեկվեն իրենց իրավունքների մասին եւ կփորձեն պաշտպանել իրենք իրենց եւ ոչ թե տարբեր հաստատություններում մշտապես խեղճ խնդրողի դերում կհայտնվեն: Աուդիոգիրքը հասանելի կլինի համացանցում` բոլորի համար»:

Ալիկ Խառատյանը աուդիոգրքեր ստեղծելու մասին վաղուց էր մտածում: 29-ամյա Խառատյանը խորությամբ է ծանոթ բոլոր այն խնդիրներին, որոնց առնչվում են տեսողության խնդիր ունեցող մարդիկ:

«Ութ տարեկան էի, երբ մեր տան բակում, արկի պայթյունից կորցրեցի տեսողությունս և ձախ ձեռքս»,-ասում է Խառատյանը:

Ալիկ Խառատյանը կույր է: Նա նաեւ առաջին կարգի հաշմանդամություն ունի:

Այդ դեպքից անցել է 21 տարի, որոնց հետադարձ հայացք նետելիս, Ալիկ Խառատյանը հիշում է իր ծանր փորձություններն ու դառը զգացողությունները, որոնք կարողացել է հաղթահարել անկոտրում կամքի ճանապարհը բռնելով:

Իջևանի շրջանի՝ Աչաջուր գյուղում ծնված և մեծացած Ալիկ Խառատյանը սովորել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող անձանց թիվ 14 հատուկ դպրոցում: Բարձր առաջադիմությամբ դպրոցն ավարտելուց հետո, ցանկություն է հայտնում ստանալ բարձրագույն կրթություն:

«Ընդունվեցի Երևանի պետական համալսարանի՝ Իջևանի մասնաճյուղի հումանիտար ֆակուլտետի պատմության և իրավունքի հիմունքներ բաժինը: Ես գիտակցում էի, որ իմ տեսողության խնդիրը ուսման ընթացքում բազմաթիվ խոչընդոտների առջև է կանգեցնելու ինձ, բայց ուսում ստանալու մեծ ձգտումն ինձ առաջ էր տանում: Համալսարանում սովորելիս մեծ եղբայրս էր ինձ ուղեկցում, իսկ դասախոսությունները լսարանում ձայնագրում էի, հետո բերում էի տանը նորից լսում ու սովորում: Եթե չէի հասցնում, կուրսեցիներիս էի խնդրում, որպեսզի գրած լեկցիաները ձայնագրեն ու տրամադրեն ինձ»,-պատմում է ասում է Ալիկ Խառատյանը:

Նրա բարեկամների և ծանոթների շրջանում շատ քչերն էին հավատում, որ նա կարող է ընդունվել ԲՈՒՀ: Կուրսում Ալիկ Խառատյանը միակ տեսողության խնդիր ունեցող ուսանողն էր:

«Սկզբում ուսանողներն էլ չէին պատկերացնում, որ կարող եմ իրենց հետ հավասար սովորել: Ոչ թե շատ էին խնդիրները, այլ ամեն ինչն էր խնդիր: Պետության կողմից աուդիոգրքեր չկային, որ տրամադրվեին ինձ: Բայց ես սկզբից էլ գիտեի, որ բոլոր խնդիրները ինքնուրույն պետք է հաղթահարեմ, ու երբ որ ձայնագրելու տարբերակով որոշեցի սովորել ու կուրսեցիներիս խնդրել, որպեսզի աջակցեն ինձ, արդեն իրենք էլ պատկերացրեցին, որ կարող են օգտակար լինել ինձ: Եվ իրենք էլ սկսեցին իրենց օգնությունը առաջարկել»,-պատմում է Ալիկ Խառատյանը:

Ուսման տարիներին գործնականում բախվելով բազում խնդիրների, Ալիկը հասկանում է, որ խիստ սահմանափակ հնարավորություններ ունեցող Հայաստանի տարբեր ոլորտներում թեմատիկ ընդգրկուն աուդիոգրքերը մեծ օգնություն կլինեն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Համալսարանում ուսումը գերազանց ավարտելուց հետո Ալիկը փորձում է իր ներուժը ունենալ և օգտակար լինել իր նման տեսողության խնդիր ունեցող անձանց համար:

«Նոր ձեռքբերումների գնալը անհատական խնդիր է և մարդու ձգտումից, ցանկությունից, կամքի ուժից է կախված: Իմ նման մարդկանց համար խնդիրները շատ դժվար է հաղթահարել, բայց կախված է քո մոտեցումներից: Ինձ օգնեց ուսման հանդեպ մեծ սերն ու առաջադիմությունը»,-ավելում է Ալիկը:

Քանի որ դպրոցից նա տիրապետում էր համակարգչային խոսող ծրագրերի, բուհն ավարտելուց հետո 3 տարի ինքնուս սովորում է աուդիոմոնտաժային ծրագրեր: Տեսողության խնդիր ունեցող մարդկանց ուսման համար առաջնային պահանջ են ներկայացնում այսօր աուդիոգրքերը, ուստի Ալիկ Խառատյանի ամենակարևոր նպատակն է դառնում ստեղծել աուդիոգրքեր ձայնագրելու ծրագիր, որպեսզի տեսողության խնդիր ունեցող մարդիկ ստանան լավ կրթություն, իրազեկված լինեն իրենց իրավունքների մասին և ինտեգրված լինեն հասարակությանը:

«Ծրագիրը և դպրոցական դասագրքերի, և բուհերի մասնագիտական գրքերի ձայնագրում է իր մեջ ներառում: Տեսողության խնդիր ունեցող շատ անձիք կան, ովքեր ցանկություն ունեն սովորել և ունակ են լավ սովորելու, բայց նրանցից շատերը չեն դիմում բուհ, քանի որ ուղեկցող չունեն, կամ տանը իրենց համար գիքր կարդացող չկա: Իսկ դա լուրջ խնդիր է: Եթե բուհերում լինեն աուդիոգրքեր, մարդիկ անգամ կկարողանան հեռակա կերպով և շատ արագ կրթություն ստանալ, տանը իրենց համար մի քանի անգամ լսել աուդիոգրքերը ու սովորել»,-ասում է Խառատյանը:

Նա նշում է, որ ոչ միայն բուհերում, այլև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներում գոյություն չունեն աուդիոգրքեր: Իր դպրոցական ուսման տարիներին նա հիշում է, թե ինչպես էին ուսուցիչները բարձրաձայն ընթերցում դասագրքերը:

«Բայց ժամանակը սուղ էր և նրանք մեկ անգամ էին հասցնում կարդալ, իսկ երեխաների մոտ ընկալունակությունը տարբեր է, մեկը շուտ է ընկալում, մեկն` ավելի շուտ: Բրայլյան գրքեր էլ գրեթե չկային, ընդամենը մեկ, երկու գիրք էր: Իսկ աուդիոգրքերի առկայության պարագայում ուսուցումը շատ ավելի հեշտ և արագ կլինի տեսողական խնդիրնր ունեցող անձանց համար»,-նշում է Ալիկը:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2013-ի պաշտոնական տվյալների` Հայաստանում այսօր կա տեսողության խնդիր ունեցող շուրջ 13 հազար մարդ: Նրանցից 1797-ը համարվում է առաջին խմբիի, իսկ 3731-ը երկրորդ խմբի հաշմանդամ, այսինքն, կամ ընհանրապես կույր են,կամ շատ նվազ են տեսնում:

Պետության աջակցությունը նվազագույն է: Որպես առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ, օրինակ, Ալիկ Խառատյանի` պետությունից 19 հազար դրամ թոշակ է ստանում:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը նշում է, Հայաստանում տեսողության խնդիր ունեցող երեխաների կրթության ապահովմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացնում ` համագործակցելով տարբեր ՀԿ-ների և ՀՀ Կառավարության հետ:

«Կրթության ծրագրերի ներքո մեր նպատակներից մեկն է ստեղծել բարենպաստ միջավայր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաների համար` լինի դա ֆիզիկական, թե մտավոր խնդիր: Մեր ծրագրերի նպատակը Հայաստանում ներառական կրթության զարգացումն է: Մենք իրականացնում ենք նաև ուսուցիչների վերապատրաստում, թե ինչպես պետք է ներառական կրթություն տրամադրել և դասավանդել»,-ասում է Զառա Սարգսյանը:

Ըստ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամիˋ 2013-ին անցկացրած «Հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը Հայաստանում» հարցման արդյունքների, հարցվածների 93 տոկոսը դրական է արձագանքել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ, բայց 50 տոկոսը բացասական է պատասխանել այն հարցին, թե երեխաները պետք է հաճախեն ներառական դպրոց:

«Խնդիրը ավելի շատ երևում է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների դեպքում: Հարցվածների 30 տոկոսն դեմ է եղել մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ, և 80 տոկոսը կողմ է արտահայտվել, որպեսզի նրանք հաճախեն հատուկ դպրոց, այլ ոչ թե ներառական: Այդ իսկ պատճառով մեր մյուս կարևոր ուղղություններից մեկը հանրային վերաբերմունքի փոփոխումն էˋ ի նպաստ հաշմանդամություն ունեցող երեխաների, որպեսզի նրանք ազատ կարողանան հաճախել դպրոց և բացասական վերաբերմունքի չարժանանան»,-ասում է Զառա Սարգսյանը:

Փորձը ցույց է տալիս, որ դպրոցն ավարտելուց հետո տեսողության խնդիրներ ունեցող երեխաները բարձրագույն ուսումը նախընտրում են շարունակել հիմնականում ԵՊՀ-ի պատմության, իրավագիտության, բանասիրության, կամ հոգեբանության ֆակուլտենտներում, ինչպես նաև Երևանի պետական կոնսերվատորիայում:

Ալիկ Խառատյանը հավաստիացնում է, որ եթե մի օր իրեն հաջողվի դպրոցական և բուհական դասագրքերը աուդիո տարբերակով ձայնագրելու իր նախագիծը կյանքի կոչել, ապա նա դրանք անվճար կտրամադրի տեսողության խնդիր ունեցող դպրոցականներին, բուհերին, հաշմանդամների հարցերով զբաղվող միություններին և հասարակական կազմակերպություններին:

«Եթե ֆինանսավորում լինի իմ այս ծավալուն և ամբողջական ծրագրի իրագործման համար, ես ինքս էլ աշխատանքային զբաղվածություն կունենամ, և կստեղծեմ աուդիոգրքեր, որոնք հասանելի կլինեն համացանցում բոլորի համար: Դրա արդյունքում հաշմանդամություն ունեցող անձիք ավելի հեշտ կկարողանան ստանալ կրթություն եւ ինտեգրվել հասարակությանը,-հավելում է Ալիկ Խառատյանը:

Աղբյուրը՝

HCA_78522014 թ. սեպտեմբերի 26-ին Կոնգրես հյուրանոցի Պիկասսո սրահում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ.: Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ… ոչ ոքի համար» զեկույցի շնորհանդեսը:

Զեկույցը ներկայացնում է ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ. իրականացված մարդու իրավունքների մշտադիտարկման արդյունքները: Ինչպես իր խոսքում նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանը մշտադիտարկումն իրականացվել է 6 մշտադիտարկողների կողմից հետևյալ բուժհաստատություններում՝

  • Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր,
  • Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր,
  • Գյումրու հոգեկան առողջության կենտրոն,
  • Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն,
  • Սևանի հոգեբուժական հիվանդանոց,
  • Հոգեբուժական բժշկական կենտրոն /Ավանի, Նուբարաշենի, Նորքիհոգեբուժական, Քասախինևրոզներիկլինիկաներ/:

HCA_7810Մշտադիտարկումն իրականացվել է հարցազրույցների, դիտարկումների և տեղեկատվության հարցումների միջոցով: Միաժամանակ փորձագետներ Արա Ղազարյանի և Արտակ Զեյնալյանի կողմից իրականացվել է օրենսդրության վերլուծություն:

Անհատական հարցազրույցներ են իրականացվել ընդհանուր թվով 316 անձանց հետ, այդթվում՝ 180 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ և բուժհաստատությունների 136 աշխատակից:

Մ. Թեմուրյանը իր խոսքում առանձնացրեց այն հիմնական համակարգային խնդիրները, որոնք բացահայտվել են մշտադիտարկման արդյունքում, մասնավորապես խնդիրներ՝ կապված համայնքից մեկուսացված, զատված, հասարակական աչքից հեռու լինելու, դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, պատշաճ խնամքի ու բուժման բացակայության և կյանքի վատ պայմանների հետ:

HCA_7916ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց մշտադիտարկման արդյունքում բացահայտված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ: Մասնավորապես, Ա. Սաքունցը առաջարկեց հատկապես ուշադրություն դարձնել անձի նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական բռնության դեպքերին, ֆիզիկական զսպման միջոցների կիրառմանը, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին, ներառյալ հոգեբուժական հաստատությունում կյանքի վատ պայմաններին, հոգեբուժական հաստատություններում մահվան դեպքերին:

Արթուր Սաքունցը նաև մի շարք օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունների առաջարկներ ներկայացրեց, որոնք կրում էին համակարգային խնդիրներին լուծումներ տալու միտում:

Բաց Հասարակության Հիմնադրամներ- Հայաստան կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում իրականացվող մշտադիտարկումների կարևորությանը, նշեց, որ սկսած 2007 թ., երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջին անգամ իրականացրեց մարդու իրավունքների մշտադիտարկում Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, պարզ դարձավ բնագավառում անհրաժեշտ բարեփոխումների անհրաժեշտությունը.

Դ. Ամիրյանը կարևորեց համայնքահեն ծառայությունների ներդրման ծրագրերը, և այս կարևոր հարցում ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների դերակատարումը:

Դ. Ամիրյանը շնորհավորեց Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանին Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսական գծով քարտուղարի պաշտոնում նշանակվելու արթիվ՝ կարևորելով նրա դերը ՀՀ հոգեբուժության բնագավառում:

Արմեն Սողոյանը նախ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անունից: Նա նշեց, որ նախարարն անձամբ տեղեկացրել է, որ նախարարությունում տեղյակ են հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրներին և ամեն կերպ փորձում են լուծել դրանք: Արմեն Սողոյանը, հանդես գալով Հայաստանի հոգեբուժական ասոցացիայի անունից, նշեց, որ կան արտասահմանյան փորձարկված մոդելներ, որոնք մեծ հնարավորություններ կտան բարեփոխումներ իրականացնելու համար:

HCA_7922ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը ներկայացրեց նախարարության հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հայեցակարգը, դրանով նախատեսված միջոցառումները և տեղեկատվություն տրամադրեց այդ միջոցառումների իրականացման վերաբերյալ: Ա. Գևորգյանը միաժամանակ տեղեկացրեց, որ 2014 թ. հուլիսին Բաց Հասարակության Հիմնադրամների ու նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նրանք պարտավորվել են կյանքի կոչել հայեցակարգը:

Ելույթներից հետո ծավալվեց քննարկում ոլորտում առկա խնդիրների մասին, հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների ցածր աշխատավարձերի մասին, ինչպես նաև համայնքահեն ծառայությունների կարևորության մասին:

Մանրամասները առաջիկա տեսանյությում:

PN1Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իր իրավունքների պաշտպանության համար դիմել էր նախկին զինծառայող Էդվարդ Հախվերդյանը:

Էդվարդ Հախվերդյանը 2011 թ. հոկտեմբերին սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան քաղաքի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ, որտեղ նա ենթարկվել է սրտի վիրահատության` կատարվել է սրտամկանի ստենդավորում: Վիրահատությունն արժեցել է 1.860.000 ՀՀ դրամ:

Է. Հախվերդյանը հիվանդանոցից դուրս է գրվել առանց վիրահատման գումարը վճարելու, քանի որ նա զինծառայողի ընտանիքի անդամ է և զինված ուժերի թոշակառու: Այս հանգամանքների առկայության դեպքում պետությունն է վճարում բուժ. հաստատության բոլոր ծախսերը:

2012 թ. հունիսի 13-ին Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան ՊՈԱԿ-ը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացնում 1.860.000 դրամ գումարի փոխհատուցման պահանջով, քանի որ պետությունը սահմանված ժամանակահատվածում չի փոխհատուցել զինծառայողի կենսաթոշակ ստացող անձի բուժման ծախսերը:

2012 թ. հունիսի 20-ին դատարանը հայցն ընդունում է վարույթ և արգելանքի վերցնում Է. Հախվերդյանին պատկանող սեփականությունն ու դրամական միջոցները:

Բացի այն, որ Է. Հախվերդյանը վիրահատությունից հետո բազմաթիվ անգամներ բանավոր դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն` փոխհատուցում ստանալու խնդրանքով, նա 2012 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին գրավոր դիմում է ուղարկել` խնդրանքով փոխհատուցել վիրահատության ծախսերը:

Դիմումին ի պատասխան ՀՀ ՊՆ նախարարը պատասխանել է, որ համաձայն գործող իրավական ակտերի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը որևէ լիազորություն չունի` այսպիսով մերժելով նախկին զինծառայողի դիմումը:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով ՀՀ-ն ստանձնել է պարտավորություն` ապահովելու որակյալ, անվճար բժշկական օգնություն, ընդ որում օրենքը որևէ կերպ չի առանձնացնում հիվանդանոցային սպասարկման որևէ տեսակ, որի համար կատարված ծախսերը չեն փոխհատուցվում:

Այսպիսով, ՀՀ ՊՆ նախարարը 2010 թ. դեկտեմբերի 21-ին ընդունված հրամանն ավելի վեր դասելով ՀՀ օրենքից` Է. Հախվերդյանի վիրահատության գումարը փոխհատուցելու խնդրանքով դիմումը մերժել է:

Միայն վերը շարադրվածը բավարար է հիմնավորելու համար, որ ՀՀ ՊՆ պարտավոր էր կատարել վիրահատության ծախսերի փոխհատուցում: Միևնույն ժամանակ նշենք, որ նմանատիպ խնդրով 2008 թ. հուլիսի 8-ին ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետին դիմած Հովհաննես Կաթրջյանի բուժծառայությունների արժեքը` 1.900.000 ՀՀ դրամ, փախհատուցվել է:

Սա հիմք է տալիս եզրակացնել, որ ՀՀ ՊՆ ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում նույն խնդրով դիմած անձանց հանդեպ:

Այս հանգամանքները հաշվի առնելով Էդվարդ Հախվերդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրանքով ` վերացնել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Գ. Թեփելյանի մերժումը և փոխհատուցել Է. Հախվերդյանի վիրահատության համար Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ-ի կատարած ծախսերը:

Հարկ է նշել, որ այս դիմումը ՀՀ ՊՆ է ուղարկվել մեկ ամիս առաջ և դեռևս պատասխան չի ստացվել:

epde_header

Բեռլին, Դեկտեմբեր12,2013

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (ԺԸԵՊ) մտահոգությամբ նշում է, որ մի շարք երկրներում, որտեղ գործում են Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի անդամ կազմակերպությունները, հետընթաց է նկատվում ոչ միայն ազատ և ժողովրդավար ընտրությունների բնագավառում, այլ նաև` կոպտորեն խախտվում են  մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ տեղի է ունենում հետապնդումներ իրենց քաղաքացիական և իրավապաշտպան գործունեության համար:

Համաձայն դիտորդական առաքելություն իրականացրած ազգային և միջազգային կազմակերպությունների զեկույցների` Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որոնք տեղի է ունեցել 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին, դրսևորվել են  քաղաքացիների ընտրական իրավունքների կոպիտ խախտումներով և Ադրբեջանի քաղաքացիների կամքի արտահայտման զանգվածային մանիպուլյացիաներով:

Պաշտոնապես հայտարարված ընտրական արդյունքները ոչ մի կերպ չեն արտացոլում իրական քվեարկության արդյունքները: Այսպիսով, Ադրբեջանում ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:

Առանձնակի մտահոգության տեղիք են տալիս Ադրբեջանում 2013թ. հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին հաջորդած անկախ դիտորդական կազմակերպությունների նկատմամբ ճնշումները:

Պլատֆորմը իր բողոքն է արտահայտում Պլատֆորմի համակարգող խորհրդի անդամ Ադրբեջանի` Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի (EMDS) նախագահ Անար Մամմադլիի և կազմակերպության մյուս անդամների նկատմամբ անհեթեթ և ապօրինի քրեական հետապնդման դեմ, ում դեմ 2013թ. հոկտեմբերի 31-ին իրականացվել է հետաքննություն միջազգային դոնոր կազմակերպություններից իրենց գործունեության նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի գործընկեր հանդիսացող Կամավորների Հանրային Միության Միջազգային Համագործակցություն (ICV) կազմակերպությունը  նույնպես ենթարկվել է հետապնդումների:

Կազմակերպության անդամների բնակարաններում իրականացվել են խուզարկություննեը, իսկ ակտիվիստները Ադրբեջանի գլխավոր դատախազության հրամանով ենթարկվել են հարցաքննության: Կազմակերպության ղեկավար Անար Մամմադլին, և չորս այլ քաղաքացիական ակտիվիստների արգելվել է լքել Ադրբեջանի տարածքը: Մենք Ադրբեջանի իշխանությունների նման գործողությունները համարում ենք Ադրբեջանի հանրահայտ կազմակերպության դեմ ուղղված վրեժխնդրության քայլ`Ադրբեջանում նախագահական ընտրությունների արդյունքների գնահատման իր անկախ, ազնիվ և սկզբունքային դիրքորոշման դիմաց:

Պլատֆորմը նաև իր բողոքն է արտահայտում «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Ալես Բելյացկու  անօրինական դատապարտման վերաբերյալ, ով 2011թ.-ի օգոստոսից ի վեր գտնվում է անազատության մեջ իր ղեկավարած կազմակերպության իրավապաշտպան գործունեության համար, որն իրականացվել է միջազգային դոնոր կազմակերպություններից ստացած ֆինանսական աջակցույթան շնորհիվ:  Ալես Բելյացկին հռչակվել է խղճի բանտարկյալ և բոլոր ժողովրդավարական կառույցներն ու միջազգային իրավապաշտպան հանրությունը պահանջել են նրա անվերապահ ազատ արձակումը:

Հավասար մտահոգության տեղիք է տալիս Գոլոս ասոցիացիայի (Ռուսաստան) քրեական հետապնդման փաստը, որի նկատմամբ կիրառվել է  այսպես կոչված «օտարերկրյա գործակալներ» օրենքի ներքո գործող գործիք, ինչի արդյունքում կազմակերպության գործունեությունը դադարեցվել է  և ֆինանսական պատժամիջոցներ են կիրառվել կազմակերպության ու նրա ղեկավար Լիլիա Շիբանովայի նկատմամբ:

Պլատֆորմը նշում է, որ «օտարերկրյա գործակալներ»-ի մասին օրենսդրությունը, որ կիրառվում է Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների դեմ, չի համապատասխանում միջազգային չափանիշներին, և ուղղված է քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետապնդմանը:

Մենք ասոցիացիայի հետապնդումը ուղղակիորեն կապում ենք Ռուսաստանում ընտրությունների անկախ դիտարկման ընթացքում կազմակերպության գործունեության հետ, հատկապես Ռուսաստանում 2011 և 2012 թ.-ի ընտրությունների ընթացքում զանգվածային կեղծիքների վերաբերյալ ապացույցների տարածման հետ:

Ավելին, նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունները կարող են ընդունվել մի շարք այլ երկրներում, որոնք մշակում են իրենց օրենսդրությունը  Ռուսաստանում հալածանքների իրավական հիմնավորման փորձի վրա:

Պլատֆորմը դատապարտում է Ուկրաինայի իրավապահ մարմինների գործողությունները` ուղղված Ուկրաինայում խաղաղ բողոքի ակցիաների մասնակիցների, ինտերնետային տեղեկատվական  ռեսուրսների, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների:

Անընդունելի է իշխանությունների կողմից ցանկացած գործողություն, որն ուղղված է խաղաղ հավաքների ազատության իրավունքին, խոսքի ազատության և տեղեկատվության տարածման սահմանափակմանը:

Մենք Ուկրաինայի իշխանություններին կոչ ենք անում ապահովել խաղաղ հավաքների մասնակից  բոլոր քաղաքացիների իրավունքի և խոսքի ազատության պահպանումը, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են խաղաղ բողոք ակցիաների ընթացքում:

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը պահանջում է անմիջապես վերջ դնել Ադրբեջանի, Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետապնդումներին, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և թույլ տալ նրանց լիարժեք վերականգնումը:

Պլատֆորմը նաև կոչ է անում վերացնել օրենսդրությունը, որն ուղղված է հասարակական միավորումների խտրականությանն ու քաղաքացիական հասարակության զարգացման ճանապարհին խոչընդոտների ստեղծմանը:

Պլատֆորմը կոչ է անում ժողովրդավար կառավարություններին իրենց շփումներում վերոնշյալ երկրների կառավարությունների հետ, որտեղ խախտվում են մարդու իրավունքները,  առաջնորդվել մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքով և ժողովրդավարական արժեքների գերակայությամբ:

Մենք խրախուսում ենք շարունակել ցանկացած տեսակի ճնշում այն երկրների նկատմամբ, որտեղ  խախտվում են մարդու իրավունքները, ինչպես նաև  պահանջում ենք զերծ մնալ քաղաքացիական հասարակության դեմ գործադրվող  բռնաճնշումներից և քաղաքացիական իրավունքների սահմանափակմանն ուղղված ցանկացած գործողություններից:

Բացի այդ, Պլատֆորմը կոչ է անում ժողովրդավար երկրներին մեծացնել քաղաքացիական հասարակության աջակցությունը այն երկրներում, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները` անկախ այդ երկրների վարչակարգերի հետ ունեցած իրենց տնտեսական ու քաղաքական շփումներից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԱԺ բոլոր 131 պատգամավորներին նամակ է ուղարկել՝ հարցում անելով, թե արդյոք կո՞ղմ են Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը, թե ոչ:

Արթուր Սաքունցը, թեև տեղյակ է, որ սեպտեմբերի 9-ին Վանաձորից ուղարկված նամակները հասել են պատգամավորներին, սակայն դեռևս ոչ մի պատգամավորից գրավոր պատասխան չի ստացել։

«Բոլորին նույն բովանադակությամբ հարցում ենք ուղարկել, և ես տեղյակ եմ, որ պատգամավորները ստացել են, որովհետև առանձին պատգամավորներ ասել են, թե «էս ինչ եք հեղեղել ԱԺ-ն նամակներով»։ Հետո առանձին զանգեր են եղել, որ ստացել ենք, բայց դեռևս որևիցե մեկից գրավոր պատասխան չեմ ստացել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին, թե արդյոք նա մոտավոր չգիտի պատկերը, թե որ խմբակցության պատգամավորն ի՞նչ պատասխան է տալու, Սաքունցը պատասխանեց. «Չէ, ես չեմ պատկերացնում, մինչև առձեռն պատասխանը չերևա, որովհետև ամեն մի պատգամավորին դա անհատական է ուղղված և ամեն պատգամավոր անհատական է պատասխանելու։ Երբ կստանամ պատասխանները, այդ ժամանակ կստանամ պատկերը»։

Արթուր Սաքունցն ընդգծեց, որ իր համար կարևոր է, թե յուրաքանչյուր պատգամավոր ինչ է մտածում։ «Թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, որը, ըստ էության, անմիջականորեն մասնակցում է երկրի քաղաքականության ձևավորման, որպես որոշում ընդունող մարմին, պատասխան տան ինձ՝ որպես հարկատուի, որպես քաղաքացու և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձի, որովհետև ամեն պատգամավորի պատասխանն ինձ համար նշանակություն ունի»,- ասաց նա։

Արթուր Սաքունցը նաև տեղեկացրեց, որ պատասխանի ժամկետը առավելագույնը մեկ ամիս է, որն ուղարկվել է տեղեկատվության մասին օրենքի շրջանակներում և բացի այդ կարող է դիտարկվել նաև դիմումների, նամակների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի շրջանակներում։

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2013/09/18/arthur-saqunc/

Հրապարակումների արխիվ
Միջոցառումների արխիվ
April 2019
M T W T F S S
« Sep    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930