hq720ՀՀ Ոստիկանության դեմ Հայ կանանց ճակատի անդամ Սուսաննա Սիմոնյանի հայցի քննությունը 2018 թ. փետրվարի 1-ին ՀՀ Վարչական դատարանը հետաձգեց:

Ֆինանսների նախարարության՝ որպես երրորդ անձ ներգրավվելու դիմումը դատարանը մերժել է: Նախարարությունը վերաքննիչ վարչական դատարանում բողոքարկում է այդ որոշումը:

Հիշեցնենք՝  Ս. Սիմոնյանը Հայ կանանց ճակատի մյուս անդամների հետ 2017 թ. սեպտեմբերի 20-ին փորձել է հավաք իրականացնել Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում:

Սակայն հավաքն սկսելուն պես ոստիկանության աշխատակիցները շրջապատել են նրան, ֆիզիկական ուժի գործադրմամբ, առանց որևէ պարզաբանման՝ նստեցրել ոստիկանության ավտոմեքենա՝ ոստիկանության բաժին տեղափոխելու նպատակով։ Այնուհետեև հայտնել, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և կրկին ուժի գործադրմամբ նրան իջեցրել են մեքենայից:

Դատարան ներկայացված հայցով Ս. Սիմոնյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, որոնք հանգեցրել են նրա մի շարք իրավունքների խախտմանը և պարտավորեցնել ՀՀ Ոստիկանությանը հատուցել պատճառված ոչ գույքային վնասը՝ 3․000․000 ՀՀ դրամի չափով։

Ս. Սիմոնյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Отображается файл "301245_193534604047372_6680167_n.jpg"2017 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ Վարչական դատարանում ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու ԱԱԾ որոշման դեմ առաջին դատական նիստն էր նշանակված:

Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվել է 2002 թ.-ից: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մուտքի արգելքը մեկնաբանել է «Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքով՝ պնդելով, թե կան «հավաստի տվյալներ», որ Ալ. Վարպետյանի գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը: Վերջինիս տվյալները ներառված են «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում»:

Ալ. Վարպետյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և նրա մուտքի արգելքը վերացնելու հարցով 2017 թ. մարտի 10-ին դիմել ՀՀ ԱԱԾ: Վերջինս մերժել է ինչպես այս դիմումը, այնպես էլ դիմումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վարչական բողոքը: 2017 թ. մայիսի 3-ի որոշմամբ ԱԱԾ-ն վերահաստատել է նախկինում հայտնած դիրքորոշումը և պնդել, որ «ՀՀ մուտքի արգելքը չվերացնելը հիմնավոր ու իրավաչափ է»:

2017 թ. հունիսի 6-ին Ալ. Վարպետյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Չատինյանը ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Ալ. Վարպետյանի տվյալները ներառելը և վարչական բողոքը մերժելու որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու հարցով դիմել է դատարան:

Հիշեցնենք, որ 2015 թ. մայիսին ֆրանսահայ մեկ այլ գործչի՝ Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյան) տվյալներն էին ներառվել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, և վերջինիս մուտքը ՀՀ արգելվել էր: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել էր վերջինիս իրավունքների պաշտպանությունը, և դատական կարգով բողոքարկման արդյունքում 2016 թ. ապրիլի 25-ին Շանթ Ոսկերչյանի վերաբերյալ տվյալները հանվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից:

Երեկ կայացած դատական նիստի ընթացքում Ալ. Վարպետյանի ներկայացուցիչ Ա. Չատինյանը ներկայացրեց հայցի հիմքերն ու առարկան, որից հետո դատարանը հետարքրվեց, թե ինչ ընթացակարգով են ներառվում անձանց տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում:

Այսքանով առաջին նախնական դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակված է 2018 թ. փետրվարի 5-ին:

2017 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը:

Հիշեցնենք՝ Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:

ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս․ Մելիքյանն իր բացման խոսքում պնդեց ներկայացված հայցադիմումը՝ Գ․ Տոնոյանի իրավախախտումներ կատարելու մասով, և հակընդդեմ հայցադիմումի դեմ ներկայացված առարկությունները:

Ի պատասխան Գ. Տոնոյանի ներկայացուցչի հարցերին՝ Ս․ Մելիքյանը հայտնեց, որ հավաքի մասնակիցները խախտել են հավաքի բնականոն ընթացքն այնքանով, որ փակել են փողոցի երթևեկելի հատվածը, խոչընդոտել երթևեկությանը։  Միաժամանակ նշեց, որ ոստիկանության ծառայողները չեն իմացել, թե ինչ հավաք է իրականացվում, բարձրախոսով պահանջ չեն ներկայացրել։

Պատասխանող կողմն առարկեց հայցի դեմ՝ նշելով, որ Գ․ Տոնոյանի արարքում բացակայում են ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումները, քանի որ վերջինս հավաքի բնականոն ընթացքին խոչընդոտող որևէ գործողություն չի կատարել, բացի դրանից՝ նրան օրենքով նախատեսված որևէ  պահանջ չի ներկայացվել։ Այդպիսով՝ Տ․ Սիրադեղյանը խնդրեց ամբողջությամբ մերժել ՀՀ Ոստիկանության հայցը։

Գ․ Տոնոյանի ներկայացուցիչը ներկայացրեց նաև հակընդդեմ հայցով բացման խոսքը: Նշեց, որ հավաքի ժամանակ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների գործողությունները չեն բխել ՀՀ օրենսդրության պահանջներից և խախտել են հակընդդեմ հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ամրագրված՝ անձնական ազատության և անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, խոշտանգումներից, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, կարծիքի ազատ արտահայտման և հավաքների ազատության իրավունքները: Մասնավորապես՝ հավաքի մասնակիցներն առանց հիմքերի ցրել են հավաքը, անհիմն վարչական ձերբակալման ենթարկել Գ․ Տոնոյանին, այդ ընթացքում թույլ տալով ձերբակալման կարգի խախտումներ, ինչպես նաև անհիմն ֆիզիկական ուժ են գործադրել նրա նկատմամբ։ Տ․ Սիրադեղյանը խնդրեց ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության գործողությունները:

Ապացույցների հետազոտման փուլում պատասխանողի ներկայացուցիչը դիրքորոշում հայտնեց, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է օրենքի խախտմամբ, քանի որ դրանում բացակայում է ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտման էությունը, մասնավորապես, արձանագրությունում, որպես կատարված իրավախախտում նշված է միայն օրինական պահանջը չկատարելը: ՀՀ  Ոստիկանության ներկայացուցիչը հակադարձեց, որ հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտող գործողություններ կատարելու հիմքով է ներկայացվել պահանջը։

Դատական նիստի ընթացքում հետազոտվեց հայցվոր կողմի ներկայացրած տեսանյութը։ Պատասխանող կողմի ներկայացրած տեսանյութը տեխնիկական պատճառով հնարավոր չեղավ հետազոտել դատական նիստում, ուստի՝ Տ․ Սիրադեղյանը խնդրեց դատական նիստը հետաձգել՝ տեսանյութի այլ օրինակ դատարան ներկայացնելու համար։

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2017 թ․ նոյեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։

2017 թ. օգոստոսի 31-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի և Գ. Տոնոյանի հակընդդեմ հայցի քննությունը:

Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:

ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը հայցադիմումի առարկան ու հիմքերը ներկայացնելիս նշեց, որ Գ․ Տոնոյանը 2016 թ․ մարտի 24-ին կազմակերպված հավաքի ժամանակ խոչընդոտել է հավաքի բնականոն ընթացքն ու չի կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը: Որպես ապացույց վկայակոչեց վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի նյութերը և դատարան ներկայացված ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութերը։

Գ․ Տոնոյանի ներկայացուցիչը առարկեց հայցի դեմ և նշեց, որ Գ․ Տոնոյանի արարքում բացակայում են իրեն վերագրվող արարքի հատկանիշները։

Քանի որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ մասով իրավախատում կատարելու վերաբերյալ ոստիկանության բաժնում արձանագրություն չի կազմվել և դատարան չի ներկայացվել, Տ. Սիրադեղյանը միջնորդեց այդ մասով կարճել գործի վարույթը: Դատարանը միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ:

Տ. Սիրադեղյանը ներկայացրեց նաև հակըընդեմ հայցի հիմքերը: Նշեց, որ ոստիկանության գործողությունների արդյունքում խախտվել են ցուցարարի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձնական ազատության և անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, խոշտանգումներից, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, կարծիքի ազատ արտահայտման և հավաքների ազատության իրավունքները: Որպես ապացույց վկայակոչեց ԶԼՄ նյութերի քաղվածքներ և տեսաձայնագրություններ, որոնք դատարան էին ներկայացվել ավելի վաղ:

Դատարանը կողմերին հարցեր ուղղելուց հետո դատաքննության օր նշանակեց 2017 թ․ հոկտեմբերի 16-ը: Նիստը նշանակված է ժամը 14։30-ին։

DAA9B0D7-5A9A-44F3-9504-FC2E75CC2906_cx0_cy7_cw0_mw1024_s_n_r12017 թ. մայիսի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի բողոքը:

2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա արդյունքում վնասվածքներ ստանալու վերաբերյալ Մ. Կիրակոսյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել և 2016 թ. դեկտեմբերի 26-ին կարճվել: Դատարան ներկայացված բողոքով պահանջվել էր պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Մ. Կիրակոսյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

Առաջին ատյանի դատարանի որոշումից հետո վարույթն իրականացնող մարմնի որոշման դեմ ներկայացվել է նաև վերաքննիչ բողոք, որի քննությունը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ռ. Բարսեղյանի, սկսվեց 2017 թ. հուլիսի 3-ին:

Դատական նիստին ներկայացել էր միայն Մ. Կիրակոսյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը, որն էլ ներկայացրեց վերաքննիչ բողոքի հիմնավորումները և Մ. Կիրակոսյանի հավաքների ազատության, անձնական ազատության և անձեռնմելիության, ազատ տեղաշարժի իրավունքների սահմանափակման հանգամանքները: Նշեց, որ նրա նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը իրավաչափ չի եղել և ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողություններում առկա են ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները: Եվ վարույթն իրականացնող մարմնի և դատարանի որոշումներով խախտվել է բողոքաբերի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն, ինչպես նաև վերջինս զրկվել է կատարված հանրորեն վտանգավոր արարքով իրեն պատճառված վնասը վերականգնելու հնարավորությունից:

Բողոքաբերի ներկայացուցչին լսելուց հետո վարույթն իրականացնող մարմնին և մեղադրող դատախազին ևս դիրքորոշում արտահայտելու հնարավորություն տալու նպատակով դատարանը նիստը հետաձգեց և նշանակեց 2017 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ին:

hasmik-evoyan2017 թ. հունիսի 6-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ցուցարար Հասմիկ Էվոյանի դեմ Ոստիկանության հայցի և ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին հակընդդեմ հայցի քննությունը:

Հասմիկ Էվոյանը Գևորգ Սաֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտին տեղի ունեցած հավաքի մասնակիցներից է: ՀՀ Ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել նրան ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով՝ հավաքի մասնակցի՝ իր պարտականությունները չկատարելու և ոստիկանության՝ օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար:

Դատական նիստի ընթացքում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ու Հ. Էվոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը հանդես եկան բացման խոսքով:

ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ 2016 թ. մարտի 24-ին հավաքի մասնակիցները ամբողջ երկայնքով փակել են Մաշտոցի պողոտան, նրանց մի մասը իրեն շղթայել է ասֆալտին և պառկել, նստել կամ կանգնել է փողոցի երթևեկելի հատվածում՝ խախտելով հավաքի բնականոն ընթացքը: Հավաքի մասնակիցները չեն կատարել ոստիկանության՝ հավաքի բնականոն ընթացքը պահպանելու և փողոցի երթևեկելի հատվածից դուրս գալու պահանջը, որից հետո ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրանց և տեղափոխել ոստիկանության բաժին:

Պատասխանողի ներկայացուցչի հարցերին ի պատասխան՝ նշեց, որ  վերոնշյալ պահանջներն ի սկզբանե են  ներկայացվել հավաքի մասնակիցներին:

Իսկ գործի վարույթը մասնակի կարճելու՝ Հ. Էվոյանի ներկայացուցչի միջորդության դեմ առարկեց՝ նշելով, որ գործում առկա արձանագրությունը վերաբերում է նաև ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտմանը:

Ինչին Տ. Սիրադեղյանը հակադարձեց՝ նշելով, որ արձանագրության մեջ դրա վերաբերյալ առկա գրառումը հնչեցված պահանջի բաղադրիչն է, և  իրավախախտման էության նկարագրության մեջ այն առկա չէ:

Հիշեցնենք՝ Տ. Սիրադեղյանը միջնորդել էր մասնակի կարճել գործի վարույթը, քանի որ կազմված արձանագրությունը վերաբերում է միայն ոստիկանության օրինական պահանջը չկատարելուն, իսկ հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելու մասին արձանագրություն չկա:

Դատարանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում կներկայացնի գործն ըստ էության լուծող դատական ակտում:

Այնուհետև Տ. Սիրադեղյանն իր առարկությունները  ներկայացրեց ՀՀ Ոստիկանության հայցի դեմ՝ նշելով, որ Հ. Էվոյանի գործողություններում բացակայում են նրան վերագրվող արարքների հատկանիշները: Եվ անդրադարձավ հակընդդեմ հայցին՝ հիմնավորումներ ներկայացնելով Հ. Էվոյանի իրավունքների և ազատությունների խախտման մասին:

Դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը:

Պատասխանողի ներկայացուցիչը որոշ հարցեր ուղղեց իրականացված վարույթի շրջանակներում վերցված բացատրությունների, բացատրություն տված ոստիկանության աշխատակիցների կարգավիճակի մասին: Դատական նիստում հետազոտվեց նաև պատասխանող կողմի ներկայացրած տեսանյութը, որի վերաբերյալ կողմերն արտահայտեցին իրենց դիրքորոշումը:

Տեխնիկական պատճառներով տեսանյութի ձայնագրությունը լսել հնարավոր չեղավ, և դատարանը որոշեց հետաձգել նիստը՝ տեսանյութը պատշաճ հետազոտելու տեխնիկական հնարավորություններ ապահովելու համար:

Դատական նիստի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

hq720Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Վարչական դատարանում ավարտվեց «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ՝ վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ ՀՀ Ոստիկանության հայցի և ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Սուսաննա Սիմոնյանի հակընդդեմ հայցի քննությունը:
2017 թ. մարտի 16-ին կայացած նիստի ընթացքում հետազոտվեցին գործում առկա ապացույցները և կողմերը հանդես եկան ամփոփիչ ճառերով:
Ս. Սիմոնյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը դատարան ներկայացրեց ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն կատարելու վերաբերյալ Ս. Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը և հարակից այլ փաստաթղթեր: Կարծիք հայտնեց, որ որոշման մեջ հաստատված փաստերը հակասում են գործով ձեռք բերված փաստերին և որ որոշման բովանդակությունից պարզ չէ, թե ինչ ապացույցների հիման վրա են համապատասխան հետևություններ կատարվել:
Տ. Սիրադեղյանը դատարան ներկայացրեց նաև ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը 172.3-րդ հոդվածով լրացնելու մասին օրենքի նախագիծը և դրա հիմնավորումը, որն ստացել էր ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչությունից:
Ապացույցների հետազոտման փուլից հետո դատարանն անցավ ամփոփիչ ճառերի ներկայացմանը:
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը ՀՀ Ոստիկանության հայցը հիմնավոր համարեց, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժման ենթակա:
Տ. Սիրադեղյանն իր ամփոփիչ ճառում պնդեց, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանը՝ գոնե այն առումով, որ դրանում խտրական մոտեցում կա, որ վարչական իրավախախտում է համարվում միայն ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին`որպես պետական իշխանության ներկայացուցչին, հասցված վիրավորանքը:
Ոստիկանության հայցի առնչությամբ նշեց, որ թքելը, որի համար պահանջվում է պատասխանատվության ենթարկել Ս. Սիմոնյանին, վիրավորական արտահայտություն չի պարունակում, իսկ եթե նույնիսկ դատարանը գտնի, որ Ս. Սիմոնյանի արարքը զանցանք է, ապա այդ դեպքում պետք է քննարկման առարկա դառնա նրա արարքում մեղքի առկայության հարցը, որի համար կարող են պահանջվել հատուկ գիտելիքներ:
Հիմնավորումներ ներկայացրեց նաև հակընդդեմ հայցը բավարարելու վերաբերյալ՝ նշելով, որ օրինական պահանջը չկատարելու՝ վարչական իրավախախտման հիմքի բացակայության պայմաններում Ս. Սիմոնյանը չէր կարող ձերբակալվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության բաժին, ուստի՝ խախտվել են նրա անձնական ազատության և անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի ու հավաքների ազատության իրավունքները: Ազատությունը սահմանափակելիս ոստիկանության աշխատակիցները չեն ներկայացել, չեն ներկայացրել ազատությունը սահմանափակելու հիմքերը և պատճառները, Ս. Սիմոնյանի իրավունքները և ազատությունները: Տ. Սիրադեղյանն անդրադարձավ նաև Ս. Սիմոնյանի նկատմամբ ոչ համաչափ և անհիմն ֆիզիկական ուժի գործադրմանը, նրա նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորումներին: Ամփոփիչ խոսքով վերլուծվեցին նաև գործով ձեռք բերված ապացույցները և կարծիք հայտնվեց դրանց արժանահավատության վերաբերյալ:
Այդպիսով՝ Տ. Սիրադեղյանը խնդրեց մերժել ՀՀ Ոստիկանության հայցը և բավարարել Ս. Սիմոնյանի հակընդդեմ հայցը:

Ս. Սիմոնյանն ամփոփիչ խոսքով նշեց, որ կատարված արարքի արդյունքում իրեն պատճառվել է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև՝ բարոյական և նյութական վնաս: Նա հույս հայտնեց, որ դատավարության արդյունքում կվերականգնվեն իր իրավունքները և իրեն պատճառված վնասները:

Դատական ակտը կհրապարակվի 2017 թ. ապրիլի 6-ին՝ ժամը 17:30-ին:

gayane arustamyan12017 թ. փետրվարի 23-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ Ոստիկանության հայցի և ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Գայանե Առուստամյանի հակընդդեմ հայցի քննությունը:

Դատական նիստին ներկայացել էին ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ու Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Նախագահող դատավոր Հ. Այվազյանը նշեց, որ Ս. Մելիքյանի կողմից դատարան է ներկայացվել ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումն ու դրա ուժի մեջ մտնելու մասին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությունը:

Միաժամանակ Ս. Մելիքյանը  նշեց, որ որոշումը ներկայացնում է որպես լրացուցիչ ապացույց և խնդրեց այն գնահատման առարկա դարձնել դատական ակտ կայացնելիս:

Գ. Առուստամյանի ներկայացչի հարցին ի պատասխան՝ պարզաբանեց, որ դա վկայում է ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափ լինելու մասին:

Դատարանը, հետազոտված համարելով գործով ձեռք բերված ապացույցները, անցավ ամփոփիչ ճառերի ներկայացման փուլին:

Ոստիկանության ներկայացուցիչը պնդեց հայցը՝ համոզմունք հայտնելով, որ ապացուցվել է Գ. Առուստամյանի կողմից ոստիկանության ծառայողին վիրավորելու փաստը, և վկայակոչեց իրավախախտման վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի կողմից քննված այլ գործեր, որոնց շրջանակներում կայացված և օրինական ուժ ստացած դատական ակտերով անձինք ենթարկվել էին վարչական պատասխանատվության: Միաժամանակ, Ս. Մելիքյանը նշեց, որ բացակայում են հակընդդեմ հայցը բավարարելու հիմքերը, ուստի խնդրեց ամբողջությամբ բավարարել ՀՀ Ոստիկանության հայցը և ամբողջությամբ մերժել Գ. Առուստամյանի հակընդդեմ հայցը: 

Տ. Սիրադեղյանն իր ամփոփիչ ճառում ներկայացրեց Գ. Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայության վերաբերյալ պնդումներ: Ընդգծեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը օրենքի խախտմամբ կազմելու հանգամանքը, քանզի դրանում նշված չէ այն արարքի էությունը, որը կատարել է Գ. Առուստամյանը: Բացի դրանից՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածը  հնարավորություն չի տալիս հասկանալու, թե որ գործողությունն է վիրավորել համարվում և այս պարագայում պատասխանողի գործողություններն ընդգրկվել են ազատ գործելու իրավունքի շրջանակներում, ինչից բխում է, որ բացակայում է Գ. Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքը:

Տ. Սիրադեղյանը հիմնավորումներ ներկայացրեց նաև Գ. Առուստամյանի կողմից արարքը դիտավորությամբ չկատարելու մասին, նշելով, որ վերջինս չի իմացել, որ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունների կատարման մեջ գտնվող կոնկրետ ոստիկանության ծառայողի կամ ոստիկանության զինծառայողի հասցեին է հնչեցնում այդ արտահայտությունը:

Հակընդդեմ հայցի առնչությամբ Տ. Սիրադեղյանը նշեց, որ հակընդդեմ պատասխանողը, կրելով ապացուցման բեռը, ոստիկանության գործողությունների իրավաչափությունը հիմնավորող բավարար հիմքեր և ապացույցներ չներկայացրեց:

Իսկ ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերաբերյալ նշեց, որ այն չի կարող դիտարկվել որպես ապացուցման կարիք չունեցող, ավելին, դրա հիմքում դրված է վարույթն իրականացնող մարմնի ներքին համոզմունքը, որը չի կարող նույնացվել դատարանի ներքին համոզմունքին: Ավելին՝ կողմը գրավոր ապացույցը պետք է ներկայացնի կոնկրետ փաստի հաստատման համար, իսկ այս դեպքում այն ներկայացվել է գործողությունների իրավաչափությունը հիմնավորելու համար:

Այդպիսով, Տ. Սիրադեղյանը միջնորդեց ամբողջությամբ մերժել Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը և ամբողջությամբ բավարարել Գայանե Առուստամյանի՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հայցը: 

Դատարանը գործի դատաքննությունը համարեց ավարտված և դատական ակտի հրապարակման օր նշանակեց 2017 թ. մարտի 14-ը՝ ժամը 17:30:

gayane arustamyan12016 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Առուստամյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր ՀՀ ոստիկանության ներկայացուցչի լիազորագրի ժամկետը լրացած լինելու պատճառով:

Դատական նիստին մասնակցում էին հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ու պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Դատարանն ստուգեց կողմերի ինքնությունը և լիազորությունները: Ս. Մելիքյանը դատարանին տրամադրեց նոր լիազորագիր:

Գ. Առուստամյանի ներկայացուցչի կողմից գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելուվերաբերյալ կրկին ներկայացված միջնորդության առնչությամբ Դատարանը որոշ հարցեր ուղղեց Տ. Սիրադեղյանին՝ փորձելով հստակեցնել միջնորդություն ներկայացնելու հիմքը: Ինչին վերջինս պատասխանեց, որ  ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է դիմումի ընդունումը՝ վիճարկվող ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածը Գ. Առուստամյանի նկատմամբ կիրառված չլինելու և ոչ թե հակասահմանադրականության հարց չբարձրացնելու պատճառաբանությամբ:

Դատարանը, այնուամենայնիվ մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ՝ նշելով, որ Դատարանը ՀՀ Սահմանադրական դատարան կարող է դիմել համապատասխան դիրքորոշման առկայության դեպքում:

Դատարանը ճշտեց, թե արդյոք կողմերը գործով վկաներ ներգրավելու վերաբերյալ միջնորդություններ ունեն,կողմերը նման միջնորդություններ չունեին:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման ընթացքի մասին ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանի հարցին ի պատասխան՝ Գայանե Առուստամյանի ներկայացուցիչը նշեց, որ նշված որոշման բողոքարկման արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարան ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և տրամադվել է ժամկետ՝ դրանում առկա թերությունները վերացնելու համար, որից հետո 2016 թ. օգոստոսի 25-ին վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվել է ՀՀ Վճռաբեկ դատարան ու դեռևս պատասխան չի ստացվել:

Դատարանը հարցրեց կողմերի կարծիքը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ուժի մեջ չմտնելու պայմաններում գործի վարույթը կասեցնելու կամ հետաձգելու վերաբերյալ: Տ. Սիրադեղյանն անհրաժեշտ չհամարեց գործի վարույթի կասեցումը, միաժամանակ, նշեց, որ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների արարքում հանցակազմի բացակայության հիմնավորումը չի կարող բացառել նրանց գործողությունների ոչ իրավաչափությունը:

Դատարանը, լրացուցիչ ապացույց ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որոշեց հետաձգել դատական նիստը:

Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կողմերը կծանուցվեն լրացուցիչ:

gayane arustamyan12016 թ. հուլիսի 14-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Առուստամյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:

Դատական նիստին մասնակցում էր պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, չէր ներկայացել դատարան:

Հաշվի առնելով, որ Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը դատական նիստից երկու օր առաջ դատարան նոր միջնորդություն է մուտքագրել, և դրանով պայմանավորված՝ հնարավոր չի եղել այն ուղարկել հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցչին՝ Դատարանը, պարտադիր համարելով կողմի կարծիքը, որոշեց դատական նիստը հետաձգել:

Գ. Առուստամյանի ներկայացուցիչը խնդրեց հնարավորություն տալ դատարանին ներկայացնել նախորդ դատական նիստին պահանջված ապացույցը, որը վերաբերում էր Գ. Առուստամյանի գույքային վիճակին:

Իրավասու մարմնից տրամադրված գրությունը դատարան ներկայացնելուց հետո դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2016 թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին:

gayane arustamyan12016 թ. հունիսի 21-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի՝ ՀՀ ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր Գ. Առուստամյանի ներկայացուցչի՝ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու կամ գործի վարույթը կարճելու միջնորդությունները քննարկելու անհրաժեշտությամբ:

Դատական նիստին մասնակցում էին հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ու պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Դատարանը, առանձին քննարկելով Գ. Առուստամյանի ներկայացուցչի միջնորդությունները, գտավ, որ առկա չեն դրանք բավարարելու հիմքեր, և որոշեց մերժել ներկայացված միջնորդությունները:

Այնուհետև Դատարանն անցավ գործում առկա ապացույցների հետազոտման փուլին, որի ընթացքում հետազոտվեցին ինչպես՝ հայցվոր, այնպես էլ հակընդդեմ հայցվոր կողմի ներկայացրած ապացույցները, կողմերի պահանջով հրապարակվեցին դրանց անհրաժեշտ հատվածները:

Պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչը դատարան ներկայացրեց լրացուցիչ ապացույցներ, որոնցից մեկը, «Շտապօգնություն» ՓԲԸ-ի կողմից իր դիմումին ի պատասխան, տրամադրված գրությունն էր, որտեղ արձանագրվել էր շտապօգնության բրիգադի՝ ոստիկանության բաժին ժամանելու ժամը: Միաժամանակ, Տ. Սիրադեղյանը դատարան ներկայացրեց նաև Գ. Առուստամյանի չաշխատելու և ՀՀ Վարչական դատարանի կողմից վարչական պատասխանատվության ենթարկված չլինելու վերաբերյալ ապացույցներ: Դատարանն անհրաժեշտ համարեց Գայանե Առուստամյանի գույքային վիճակի վերաբերյալ ապացուցյի ներկայացումը, որով կփաստվի, որ վերջինս հարկ վճարող չի համարվում: Գ. Առուստամյանի ներկայացուցիչը խնդրեց հնարավորություն տալ այդպիսի ապացույց դատարան ներկայացնելու համար:

Այդպիսով, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը և նշանակել 2016 թ. հուլիսի 14-ին՝ ժամը 14:30-ին:

gayane arustamyan12016 թ. մայիսի 2-ի որոշմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի բողոքը՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. մարտի 17-ի որոշման դեմ, որով մերժվել էր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի կողմից ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015 թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքը:

Այս որոշմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ՝ համարելով, որ Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ ևս ոստիկանության աշխատակիցները չեն անցել պաշտոնեական լիազորությունները, և նրանց գործողությունները եղել են իրավաչափ:

Անդրադառնալով տուժող կողմի ներկայացուցչի այն դիտարկմանը, թե վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու համար Գայանե Առուստամյանի ներկայիս առողջական խնդիրների և ոստիկանության աշխատակիցների արարքի միջև կապը, Դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը բավարար չափով փաստարկված չէ՝ վկայակոչելով փորձագետի ցուցմունքը՝ դրա վերաբերյալ:

Այսպիսով՝ Դատարանը համարում է, որ Գայանե Առուստամյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքում առկա եզրահանգումներն անհիմն են, և բողոքը ենթակա է մերժման:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշման դեմ կներկայացվի վճռաբեկ բողոք:

Հիշեցնենք, որ Գ. Առուստամյանը 2015թ. մայիսի 7-ին ՀՀ Ոստիկանության աշխատակցին վիրավորելու պատճառով ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին, որտեղ Գ. Առուստամյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորվել է անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, կիրառվել ֆիզիկական ուժ, որի պատճառով Գ. Առուստամյանն ստացել է մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննության արդյունքում, սակայն, վարույթն իրականացրած Ա. Թադևոսյանը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Քննիչի վերոնշյալ որոշումը բողոքարկվել է նախ վերադասության, ապա դատական կարգով:

Հրապարակումների արխիվ
Միջոցառումների արխիվ
April 2019
M T W T F S S
« Sep    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930