Դիտորդները պահանջում են նախարարից
00:00, July 12, 2011 | Հայտարարություններ | Պացիենտների իրավունքներ | Քրեակատարողական հիմնարկներՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հայտարարությունը
2011 թվականի հունիսի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հրատապ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին` պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող 5 դատապարտյալների` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից` Լեյլի Վասիլի Չոփինյանի, Ռուզաննա Սուրենի Մանուկյանի, Ամալյա Մաքսիմի Մնացականյանի, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից` Արմեն Թաքվորյանի, Հովհաննես Դոխոլյանի` պատժի կրումից ազատման հարցով:
Ի դեպ, բժշկական առողջապահական հանձնաժողովի /ԲԱՀ/ կողմից հաստատվել է այդ դատապարտյալների հիվանդությունների բժշկական ախտորոշումները, սակայն, քանի որ միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ընթացակարգը հստակեցված չէ, հիվանդների ազատ արձակման խնդիրը ձգձգվում է անորոշ ժամանակով:
Մինչ այժմ ՀՀ արդարադատության նախարարության կողմից որևէ պատասխան խումբը չի ստացել, այդ պատճառով, համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման Կարգի 13-րդ կետի հրապարակվում է խմբի հրատապ հաշվետվությունը , միաժամանակ վերստին պահանջելով ՀՀ արդարադատության նախարարից հրատապ լուծելու դատապարտյալներին պատժից ազատելու խնդիրը, քանի որ նրանց պատժի հետագա կրումը գնահատում ենք որպես դատապարտյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունք: