Կալանավորի մահը բժշկի՞ վրա են բարդում
00:00, June 14, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք | Քրեակատարողական հիմնարկներԱնցյալ տարվա հոկտեմբերն էր, երբ Վանաձորում լուր տարածվեց, որ քաղաքի բանտում կալանավորներից մեկը կասկածելի հանգամանքներում մահացել է: Իբրեւ մահվան պատճառ՝ սկսեցին շրջանառվել տարբեր վարկածներ, որոնցից մեկի համաձայն՝ մահացողը դարձել էր վրեժխնդրության զոհ, քանի որ մեղադրվում էր ոստիկանի մոր սպանության մեջ:
Նախկինում 3 անգամ դատապարտված, 33-ամյա վանաձորցի Սլավիկ Ոսկանյանին մեղադրանք էր առաջադրվել Սվետլանա Կազազյանի սպանության եւ Աստղիկ Աղաբեկյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար: 2010 թ. հոկտեմբերի 10-ին, միանգամայն առողջ, նա տեղափոխվել էր «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Ուղիղ 2 շաբաթ անց՝ հոկտեմբերի 24-ին, կալանավոր Ոսկանյանը մահացել էր: Նրա մարմնի վրա վնասվածքներ, բռնության հետքեր, ինչպես «Հետքին» հայտնել էին Լոռու մարզի քննչական բաժնից, չէին հայտնաբերվել:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը սկզբում տեղեկացրեց, որ կալանավորը հանկարծամահ է եղել: Մահվան իրական պատճառը հայտնեցին ավելի ուշ, երբ այն արդեն նշված էր մահվան վկայականում՝ օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան, որն առաջացել էր ձախ սրունքի միջային մակերեսի ինֆեկցված վերքից սկսված ձախ ստորին վերջույթի (ոտնաթաթից մինչեւ ազդրի վերին երկրորդականն ընդգրկող) գազային գանգրենայի հետեւանքով:
Պաշտոնական տվյալներով՝ ոտքի մեջ թուք ներարկելով՝ կալանավորն ինքն իրեն վնասել էր, որպեսզի տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, եւ կալանքն անցկացնի ավելի ազատ պայմաններում: Ընդ որում՝ իր նախկին դատվածություններից մեկի ժամանակ Սլավիկ Ոսկանյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» փախչելու անհաջող փորձ էր արել:
Շուշան Ոսկանյանը՝ Սլավիկի կինը, «Հետքին» պատմել է, որ ամուսնու ձերբակալությունից հետո վերջինիս հետ մի քանի անգամ հանդիպել է, իսկ կալանավորվելուց հետո՝ հեռախոսով խոսել: Շուշանի խոսքերով՝ կալանավայր տեղափոխվելուց հետո ամուսինը լրիվ հուսահատված էր: Նրա բնորոշմամբ՝ Սլավիկը, ըստ երեւույթին, հասկացել էր, որ «դուրս գալու հնար չունի»:
Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը` ամուսինների միջեւ տեղի ունեցած վերջին հեռախոսազրույցի ժամանակ, Սլավիկի վիճակը շատ ծանր է եղել: Շուշանի ասելով՝ «նրա ձայնը հոգնած, տանջված էր, փորից դուրս չէր գալիս»: Սլավիկը կնոջն ասել է, որ հոկտեմբերի 18-ին ոտքի մեջ թուք է ներարկել: Արդյունքում ոտքը բորբոքվել, «քոթուկի պես ուռել» ու անշարժացել էր: Իրեն տարել են բուժկետ, վերքը մշակել, 200 գրամի չափ թարախ հանել, բայց, միեւնույն է, վիճակը չէր լավանում:
«Ասաց՝ ոտքս թարախակալվել ա, ցավում ա, չեմ կարողանում քայլեմ: Զուգարան գնալուց էլ երկու հոգով բռնում, տանում են, բերում պառկացնում»,- պատմում է Շուշանը եւ հավելում, որ խոսակցությունից 2 օր անց ամուսինը մահացել է:
Հարուցվեց քրեական գործ՝ բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով հիվանդի մահվան դեպքի առթիվ: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն, որի համաձայն՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանը կալանավոր Սլավիկ Ոսկանյանի ախտորոշումն ու բուժումը կատարել է ոչ ճիշտ: Այսինքն, բուժումը չի կատարվել ախտորոշմանը համապատասխան, հակառակ դեպքում «հնարավոր էր հիվանդության բարենպաստ ելք»:
Փորձագիտական եզրակացության մեջ հիմք են բերվում նախաքննության տվյալները՝ գործում առկա բժշկական փաստաթղթերից, բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից հիվանդի անվամբ լրացված բժշկական քարտից:
2010 թ. հոկտեմբերի 18-ի գրառման մեջ բժիշկն ախտորոշել է Սլավիկ Ոսկանյանի հիվանդությունը՝ թքի ներարկումից առաջացած հետինֆեկցիոն վերք: Հոկտեմբերի 19-ին ամբուլատոր քարտում գրառել է, որ շոշափելիս նկատվում է կրեպիտացիա (ճարճատյուն): Նույն ամսաթվով նշել է նաեւ, որ կատարելով կտրվածք՝ հայտնաբերել է շագանակագույն թարախ՝ տհաճ հոտով:
Ըստ փորձագիտական հանձնաժողովի՝ բժշկի այս գրառումը վկայում է ավելի ծանր պաթոլոգիայի՝ գազային գանգրենայի մասին: Այդ կլինիկական նշանները արձանագրելով` սակայն, բժիշկը չի ախտորոշել հիվանդությունը: Նա հիվանդությունը ճիշտ ախտորոշել է միայն հիվանդի մահվան օրը՝ հոկտեմբերի 24-ին:
Ըստ եզրակացության՝ բժիշկը նույնիսկ հիվանդի՝ իր գնահատած օբյեկտիվ վիճակին համապատասխան բուժում չի կատարել. նա պետք է բուժման ցանկում ընդգրկեր հակաանաէրոբ խմբի դեղամիջոցներ եւ հիվանդին հետագա կոնսերվատիվ եւ վիրաբուժական բուժման նպատակով ուղեգրեր հիվանդանոց:
Հանձնաժողովը եզրակացրել է, որ հայտնաբերված ախտորոշմամբ հիվանդը կարիք է ունեցել ստացիոնար բուժման, բայց նույն եզրակացության մեջ նաեւ նշված է, որ հիվանդին տրված բուժումը ՔԿՀ-ի պայմաններում ոչ թե եղել է հակացուցված, այլ ոչ արդյունավետ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ կալանավորի մահվան պատասխանատվությունը միայն կալանավայրի բժշկի կամ հիմնարկի ղեկավարության վրա դնելը լիարժեք մոտեցում չէ: Նման պարագայում, ըստ նրա, խախտվում է օբյեկտիվության, համակողմանիության եւ ամբողջականության սկզբունքը: Արթուր Սաքունցի համոզմամբ՝ պետք է քննության առարկա դառնա նաեւ այն, թե կալանավորի առողջական խնդիրների վերաբերյալ ինչ դիրքորոշում է ունեցել քրեակատարողական վարչության առողջապահության բաժինը:
«Արդյոք բժշկի կողմից կալանավորի առողջական խնդիրների հետ կապված ահազանգ եղե՞լ է ՔԿՀ վարչության առողջապահության բաժին: Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ եղել է»,- վկայում է Արթուր Սաքունցը:
Կալանավորի մահից հետո կալանավայրի բժիշկն ու պետը Արթուր Սաքունցի հետ զրույցի ժամանակ ասել են, որ Սլավիկի առողջական խնդիրների մասին տեղյակ են պահել ՔԿՀ վարչության առողջապահական բաժնին: Դա հաստատում է նաեւ կալանավայրի բժիշկը: Մարզպետ Մինասյանը, հիշեցնելով, որ զննումի հաջորդ օրը կտրվածք է արել, ասում է. «Նիզաշտո տեղը չեմ կտրվածք արել: Զգացել եմ, որ ընդեղ ինֆեկցիա ա գնում թարախային»: Բժշկի խոսքերով՝ հենց այդ օրն էլ հիվանդի վիճակի մասին հաղորդել է Քրեակատարողական վարչություն:
Շուշանը նույնպես նշում է, որ վերջին հեռախոսազրույցի ժամանակ ամուսինն ասել է, որ իր վիճակի մասին բժիշկն արդեն ահազանգել է: Կնոջ ներկայացնելով՝ հոկտեմբերի 22-ից բժիշկը սկսել է համառորեն պահանջել, որ հիվանդին տեղափոխեն Վանաձորի հիվանդանոց կամ «Դատապարտյալների հիվանդանոց»:
«Ամսու 22-ին որ էկա, նույն ձեւի տեսա, ասեցի՝ լուրջ բան ա կատարվում, պըտի տեղափոխվի, մեք թողա ըստեղ: 23-ին էլ էկա պերեվյազկեքն արի, տեսա այտուցվել ա, ասի՝ խնդրում եմ, վիճակը ծանրանում ա, տեղափոխեք: 24-ի օրը` դաժե մեծ կռիվ-դավի առավոտեց»,- պատմում է բժիշկ Մինասյանը: Բայց, ինչպես նա է ասում, «առանց վարչության թույլտվության` ոչ մի կալանավոր բերդից մի քայլ անգամ չի կարող անել»:
«Տեղափոխման հարցը լուծողը վարչությունն ա, թող լուծեր: Եթե չեն թույլատրում, ես ո՞նց կարամ տեղափոխել տամ»,- հավելում է բժիշկ Մինասյանը: Նա նաեւ մանրամասնում է, հիվանդի վիճակի մասին բժիշկը, ըստ կարգի, պետք է հաղորդի կալանավայրի պետին, վերջինս էլ՝ վերադասներին՝ Քրեակատարողական վարչության պետի տեղակալներին կամ հենց վարչության պետին: Իսկ Սլավիկ Ոսկանյանի դեպքում, բժշկի ասելով, ինքն անձամբ է պարբերաբար զեկուցել ՔԿՎ բուժբաժին: Բայց դա կատարել է կալանավայրի ղեկավարության իմացությամբ: «Բժիշկը ինքնագլո՞ւխ ա»,- հարցնում է Մինասյանը:
Վերջինս փաստարկում է. հիվանդի առողջական վիճակի վերաբերյալ կազմվել է մի քանի արձանագրություն, որոնք հիմնարկի պետի ցուցումով կցվել են կալանավոր Սլավիկ Ոսկանյանի գործին:
«Քույրս (նկատի ունի բուժքրոջը) գրել ա, որ սենց՝ այտուցված ա, արդեն այտուց ա գնում: Ուրեմն՝ պետը խաբար չի՞ ըլնում, չի իմանո՞ւմ»,- հարցում է բժիշկը եւ շեշտում, որ Սլավիկի հիվանդության ընթացքում ինքն արձակուրդում է եղել (արձակուրդայինը, նրա ասելով, ձեւակերպած է եղել մինչեւ հոկտեմբերի 30-ը): Ղեկավարությունն էլ իրեն ոչ պաշտոնապես է կանչել` հիվանդին զննելու: Ավելին, ըստ Մինասյանի՝ արձակուրդի ժամանակ ինքը փոխարինող չի ունենում, եւ հիմնարկի պետն է պատասխանատու կալանավորների առողջության համար:
«Արձակուրդի մեջին որ ինձ կանչեն, ասեն՝ արի տես էս հիվանդին, իրանք չէի՞ն տեսնում՝ հիվանդը ինչ վիճակում ա: Տեղյակ են եղել բոլորը. Մխոյանն էլ ա իմացել, սաղն էլ իմացել են: Իրանք գիտեցել են. էդ տղեն ասել ա, որ թանաք եմ սրսկել: Ես էլ ասել եմ, որ սենց վիճակ ա՝ սենց, սենց, թարախակալել ա: Էդքան արձանագրությունն էլ գրել ենք, որ սենց ա էղել բանը: Ու հիմի որոշ մարդիկ հետ են կանգնել, երբ որ իրանք գիտեն սաղ»,- վրդովվում է բժիշկը:
Մարզպետ Մինասյանի ասելով՝ բանտի ղեկավարությունը նույնիսկ բժիշկ է հրավիրել՝ հիվանդին զննելու: Հոկտեմբերի 21-ին «Վանաձոր» ՔԿՀ-ում է եղել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Վովա Ղուկասյանը: Բժիշկ Մինասյանի փոխանցմամբ՝ ինքն այդ ժամանակ բանտում չի եղել եւ բժիշկ Ղուկասյանին չի տեսել: Հետո բուժքույրն է իրեն պատմել, որ վերջինս տեսել է հիվանդին ու նրա վիճակը գնահատել նորմալ:
«Հարցն էն ա՝ իրանք չուժոյ բժիշկ են կանչում, էսօրվա օրով ես եմ պատասխան տալիս,- ասում է Մարզպետ Մինասյանը,- բժիշկը էկել, տեսել ա: Բա լավ, բժիշկ են կանչում, չե՞ն հետաքրքվում՝ ինչ ա արել»:
Բժիշկ Վովա Ղուկասյանը չհերքեց, որ եղել է կալանավայրում, բայց ժխտեց, որ զննել է կալանավոր Սլավիկ Ոսկանյանին: Ասաց՝ քանի որ բանտի բժիշկը տեղում չէր, իրեն կանչել էին կալանավորներից մեկին զննելու: Այդ ընթացքում բուժքույրը նրանից խորհուրդ է հարցրել Սլավիկ Ոսկանյանի վերաբերյալ, ում ոտքից արտադրությունը չէր դադարում: Ինքն էլ այդ վիճակը բնական է համարել եւ խորհուրդ է տվել վիրակապը մի քանի անգամ փոխել, մինչեւ բժիշկը գա: Ղուկասյանի ասելով՝ բուժքույրն իրեն չի ասել, թե հիվանդի ոտքն ինչից է բորբոքվել:
Սլավիկի կինը՝ Շուշանը, պատմում է, որ իր հետ հեռախոսազրույցի ժամանակ ամուսինը հայտնել է, թե Լոռու մարզի դատախազն է այցելել իրեն, տեսել ծանր վիճակում եւ ասել՝ «ուզում ես փտի, ինչ ուզում ես արա, մեկ ա՝ ըստեղ պետք ա մնաս, չենք տեղափոխելու ՑԲ («Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – հեղ.)»:
«Հետքի» տվյալներով՝ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն իրոք այցելել է կալանավայր եւ հիմնարկի պետի աշխատասենյակում տեսակցել հիվանդ կալանավորին: Ընդ որում՝ Սլավիկին դատախազի մոտ են բերել գրկած, ծանր վիճակում: Ավելի ստույգ ինֆորմացիա ստանալու ակնկալիքով մենք դատախազ Կարեն Շահբազյանին գրավոր հարցրել ենք, թե 2010-ի հոկտեմբերի 10-ից 24-ն ընկած ժամանակահատվածում «Վանաձոր» ՔԿՀ-ում այցելե՞լ է կալանավոր Սլավիկ Ոսկանյանին: Նա պատասխանել է, որ մարզի դատախազի՝ պաշտոնեական լիազորությունների իրականացման ընթացքում տեղաշարժերը չեն արձանագրվում, իսկ հիշողությամբ հնարավոր չէ հստակ տեղեկատվություն տրամադրել:
Բժիշկ Մինասյանը հիվանդի մոտ չի ախտորոշել գանգրենա հիվանդությունը, բայց, ինչպես ինքն է ասում, կասկած ունեցել է. «Չունենայի կասկած, չէի ասի՝ տեղափոխեք: Բանտի աշխատակիցներից ո՞րը չի լսել իմ ճչոցը: Ճվում էի՝ մարդը պըտի մեռնի, վրիս մնա, է՞դ ա ձեր ուզածը»:
Մինասյանը նշում է, որ գանգրենա կասկածելով՝ համապատասխան բուժում չի իրականացրել, քանի որ կալանավայրում նման հիվանդության բուժման համար համապատասխան պայմաններ չկան. գանգրենայի դեպքում պետք է անզգայացմամբ մեծ կտրվածք անել: Իսկ կալանավայրի բուժմասում, ըստ նրա, հնարավոր է կազմակերպել միայն առաջին բուժօգնություն:
Սլավիկի մոտ բժիշկ Մինասյանը գանգրենա է ախտորոշել միայն հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:15-ին, եւ այդ մասին հաղորդել է վարչություն: Ժամը 13:00-ի սահմաններում անոթային վիրաբույժի կոնսուլտացիայի ցուցում է տրվել: Բանտի ղեկավարության հրավերով՝ հիվանդին զննելու համար կալանավայր է եկել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի անոթային վիրաբույժ Արթուր Խաչատրյանը:
Վերջինիս տեսության պահին հիվանդը եղել է ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկ Խաչատրյանն ախտորոշել էր գազային գանգրենա, ընդհանուր ինտոքսիկացիա եւ խորհուրդ տվել հիվանդին շտապ հոսպիտալացնել: Վարչությունից հրահանգ է տրվել կալանավորին տեղափոխել հիվանդանոց: Բայց ժամը 14:45-ին Սլավիկը մահացել է:
Արթուր Խաչատրյանն ասում է. «Ինչ որ պետք էր, կարող էր արվել այդ պայմաններում, բժիշկ Մինասյանի կողմից արվել էր՝ անտիբիոտիկներ, կաթիլային սիստեմա»:
Բժիշկ Մինասյանն էլ հավատացնում է, որ հիվանդի՝ իր գնահատած վիճակին համապատասխան բուժում է կատարել, եւ իր բոլոր նշանակումներն արձանագրված են հիվանդի ամբուլատոր քարտում:
«21 տարի ա՝ վիրաբույժ եմ, իմ ձեռքի տակ ոչ մեկը չի մահացել: Առաջին մահն ա: Էն էլ իմ պայմանները չբավարարեց, որ օգնեմ: Դրանից հետո քանի ամիս իմ ջղայնությունից բոլորին կոպտել եմ. չեմ նայել՝ պետ ա, պետ չի: Գիտեն, որ մեղավոր չեմ: Ուզում եմ՝ գործը դատարան մտնի: Թող օբյեկտիվ դնեն, քննեն: Ո՞նց կըլնի՝ ես մենակ կանգնեմ դատարանում: Արձակուրդի մեջին, եթե ինձ առանց գրության հետ ես կանչում… Կամ էդ հիմնարկին պետ չկա՞, ղեկավար չկա՞, չի՞ իմանում, որ կալանավորը սենց վատանում ա: Հարցը էն ա, որ ես շատ փոքր մարդ եմ: Ես ասեմ՝ էս բանը սենց, պըտի տեղափոխվի: Իմ բերնին նայող չկա: Իմ ուժը չի պատում, որ զոռեմ, ասեմ՝ սենց չի ըլնի: Հիմնարկի ղեկավարը հեչ ուժ չունի՞, ինքը չունի, ես ունե՞մ: Ես իրա ենթական եմ»,- ասում է բժիշկ Մինասյանը:
Հ. Գ. Որոշ հարցեր «Հետքին» առայժմ չի հաջողվում պարզել: Քրեակատարողական վարչությունը մեր բոլոր հարցումներն անպատասխան է թողնում՝ պատճառաբանելով, թե Սլավիկ Ոսկանյանի մահվան հանգամանքները պարզելու առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Նույն պատճառաբանությունն է բերում նաեւ ՀՔԾ-ն:
Լուսանկարում Սլավիկ Ոսկանյանն է
Հոդվածը պատրաստվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի (SCOOP) աջակցությամբ:
Աղբյուրը՝ http://hetq.am/arm/articles/2090/