Քրեակատարողական հիմնարկների խնդիրները. Հայաստանի ցմահականները դրանք լուծելու զեկույց են ներկայացրել արդարադատության նախարարություն
00:00, June 10, 2011 | Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներՀայաստանում ցմահ ազատազրկված բանտարկյալները սեփական նախաձեռնությամբ և սեփական ուժերով իրենց խնդիրները վեր հանող զեկույց են պատրաստել և առաջարկել լուծման իրենց տարբերակները` քրեակատարողական հիմնարկներում իրենց կենսամակարդակը բարելավելու նպատակով:
Զեկույցը նրանք հանձնել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբին, որն էլ իր հերթին այն առանց խմբագրման փոխանցել է արդարադատության նախարարությանը:
Ինչպես «ԱրմենիաՆաուին» փոխանցեց մարդու իրավունքների ակտիվիստ Արթուր Սաքունցը, զեկույցի վրա, բնականաբար, չեն աշխատել բոլոր ցմահ դատապարտյալները, այլ նրանցից հավանաբար «4-5 հոգին»:
«Շատ կարևոր է և շատ գովելի, որ ցմահ դատապարտյալները կարողացել են համակողմանիորեն վերլուծել իրենց խնդիրները ու դրանց լուծման ուղիները առաջարկել»,- ասում է հասարակական դիտորդական խմբի ղեկավար, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Սաքունցը, ով ընդգծում է, որ ցմահ դատապարտյալներն առանձնահատուկ մոտեցում են պահանջում:
Զեկույցում ցմահականները, ինչպես իրենք են անվանում իրենց, թվարկում են «տարիներով կուտակված» իրենց մի շարք խնդիրներ` սկսած ցմահ ազատազրկման հետ առաջացող հոգեբանական խնդիրներից, սննդի, առողջական, զբոսանքի, սպորտի, զբաղվածության, ուսման, բժշկական, կենցաղային, արտաքին աշխարհի հետ կապի, տեսակցության և այլն:
Հայաստանում ցմահ ազատազրկված 100 բանտարկյալ կա, որոնք բոլորն էլ պահվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Հայաստանում մահապատիժը վերացել է 2003 թ.: Հայաստանում 1991 թվականից մահապատիժ չի կիրառվել, բայց որպես պատժատեսակ մինչև 2003-ը դատավորները շարունակել են նշանակել:
Ցմահ ազատազրկվածները, շեշտելով, որ իրենց պատիժն առանձնանում է առավել դաժանությամբ և «ազատ արձակվելու հեռանկարի բացակայությամբ կամ դրան հասնելու ճանապարհի աղոտությամբ», 27-էջանոց զեկույցում կետ առ կետ նշում են այդ խնդիրների լուծման իրենց տարբերակները:
Սննդի հետ կապված խնդիրներից առաջինը ցմահ դատապարտվածները անդրադառնում են հացի որակին: Նրանք պնդում են, որ օրական մեկ անգամ իրենց մատուցվող հացը «շատ հաճախ վատ եփված է լինում՝ վառված երեսով և հում միջուկով»։ Նրանք նշում են, որ վատ սննդի պատճառով իրենք վիտամինների և հանքանյութերի պակաս ունեն և տարիների ընթացքում մարսողության և հորմոնային խնդիրներ են ձեռք բերում:
Զբոսանքի առնչությամբ դատապարտյալները գրում են. «Առողջության վատթարացման խմաստով ամենաբացասական դերը խաղում է զբոսանքի ժամերի սահմանափակությունը։ Ըստ օրենքի` ցմահ ազատազրկվածներն ամեն օր 1 ժամ զբոսանքի իրավունք ունեն։ Սակայն զբոսանքը միջին հաշվով շաբաթական 2,5 անգամ է մատուցվում` 7-ի փոխարեն։ Հիմնարկի ղեկավարությունը սույն խախտումը բացատրում է անհրաժեշտ թվով աշխատակիցների բացակայությամբ»։
Ընդհանրապետ շատ խնդիրների դեպքում դատապարտյալները նշում են, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների քիչ քանակն է հանգեցնում տվյալ խնդրին:
Ցմահ ազատազրկվածները առաջարկում են նաև իրենց աշխատելու, սպորտով զբաղվելու հնարավորություն տալ, վերականգնել գրադարանը և նախկինում անցկացվող հանրակրթական դասընթացները, վտանգավոր դատապարտյալներից բացի, մյուս բոլոր դատապարտյալներին թույլատրել խցում ունենալ համակարգիչ, նկարչական գործիքներ ու նյութեր, թույլատրել նույնիսկ ռիսկային կատեգորիայի դատապարտյալներին, իսկ փորագրական գործիքները՝ ոչ վտանգավորներին։
Դատապարտյալներն առաջարկում են նաև բացառել իրենց նամակների և հանձնուքների (հարազատների կողմից ուղարկվող սնունդն ու այլ իրերը) գրաքննությունը և ստուգումը։ Տեսակցությունների առնչությամբ էլ առաջարկում են վտանգավոր չհամարվող դատապարտյալների համար կարճ տեսակցությունները կազմակերպել անմիջական տարբերակով, այսինքն՝ նստած, առանց ձեռնաշղթայի և առանց օրգանական ապակիով բաժանվածության, որպեսզի հարազատների և հատկապես երեխաների վրա այդ տեսարանը ծանր ազդեցություն չունենա։
Հետաքրքրական է, որ շատ առաջարկությունների դեպքում նրանք վկայակոչում են ԱՄՆ-ում կամ Եվրոպայում կիրառվող փորձը:
Վերջերս ցմահ դատապարտյալների խնդիրները վերհանելու յուրօրինակ և ամենաարդիական ճանապարհն է ընտրել համակուրսեցու սպանության մեջ մեղավոր ճանաչված և ցմահ ազատազրկման դատապարտված 35-ամյա Մհեր Ենոքյանը: Նա տեղական «Վան» ռադիոընկերության միջոցով բլոգային գրառումներ է անում ռադիոընկերության կայքում, որոնք տեղադրվում են առանց խմբագրման (ձեռագիր նամակ է ուղարկում, որը տեղադրվում է կայքում): Նրան են փոխանցվում նաև այդ գրառումներին հետևող և մեկնաբանողների կարծիքները: Արդեն 15 տարի բանտում անցկացրած Ենոքյանը նույնիսկ մեկ անգամ էլ իրեն հատկացվող զանգահարելու հնարավորությունը օգտագործել և զանգահարել է «Վանի» ուղիղ եթեր:
Ռադիո «Վանի» լրագրող Արման Սուլեյմանյանը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասում է, որ ներքին տեղեկատվություն ունեն, որ Ենոքյանի ակտիվությունը ստիպել է արդարադատության նախարարին վերանայել Ենոքյանի գործը: (Ազատազրկման վայրից երկու անգամ փախուստի դիմած Ենոքյանը պնդում է, որ ինքը մարդ չի սպանել):
Աղբյուրը՝ http://www.armenianow.com/hy/social/human_rights/30280/armenia_life_sentence_prisons