Քանի չի վերացել կոռուպցիան, փախուստներ բանտից կլինեն
00:00, December 3, 2009 | Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներԱրդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբն այսօր այցելելու է «Նուբարաշեն» ՔԿՀ` պարզելու որոշ հանգամանքներ եւ վերջնական տեսքի բերելու ՔԿՀ-ների մասին 2009թ. զեկույցը:
«Նուբարաշեն» այցելությունը կապ ունի նաեւ օրերս ցմահ ազատազրկվածների փախուստի ու «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործների հայտնի լուսանկարի հետ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Արսեն Աֆրիկյանը երեկ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` ասելով, թե քննություն է գնում, որը կպարզի պատճառները: Արդարադատության նախարարության մամլո խոսնակ Լանա Մշեցյանը մեր հարցին, թե ընդունվե՞լ է Աֆրիկյանի հրաժարականը, պատասխանեց. «Ես կարող եմ միայն պաշտոնապես ասել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը հրաժարական է ներկայացրել արդարադատության նախարարին»:
Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկվածների փախուստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՔԾ-ում: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված լուսանկարի եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալների պահման ռեժիմի խախտմանը վերաբերող տեղեկատվության հիման վրա:
Այսօր հերթական անգամ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելող հասարակական դիտորդները փորձելու են պարզել` ինչ է փոխվել իրենց վերջին այցելությունից եւ զեկույցից հետո: Հասարակական դիտորդները բազմիցս եղել են նաեւ ցմահ ազատազրկման դատապարտվածների պահման եւ զբոսանքի վայրում: Երեկ մեր հարցին, թե հնարավո՞ր շենքային ոչ նորմալ պայմաններն են նպաստել փախուստի իրականացմանը, հասարակական դիտորդ Արթուր Սաքունցը պատասխանեց. «Ուղղակի անհնար է: Ներքին կառուցվածքը փախուստի հնարավորություն չի ստեղծում: Եթե չկա անձնակազմի աջակցությունը, պարզապես անհնար է փախուստ բերդից»: Մեր դիտարկմանը, թե «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործների լուսանկարից այնքան էլ չի երեւում, որ հսկողության ռեժիմը շատ խիստ է. մարդիկ այցելուներ ունեն, ազատ լուսանկարվում են, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Ցմահ ազատազրկվածների փախուստը եւ «Հոկտեմբերի 27-ի» դատապարտյալների հետ կապված վերջին իրադարձությունները խոսում են այն մասին, որ ՔԿՀ-ների պահպանության ռեժիմն այսօր ենթակա է տարբեր տիպի միջամտությունների, ընդ որում` պաշտոնեական, ֆինանսական եւ նույնիսկ` կրիմինալ: Այնպես որ, պահպանության համակարգը որոշ տեղերում չի էլ աշխատում: Ստացվում է` անփութությունների մի ամբողջ շարք գոյություն ունի, ստացվում է` դրանք պլանավորած անփութություններ են եղել: Միջամտությունները, սուբյեկտիվ ազդեցությունները շատ ավելի մեծ ազդեցություն ունեն, քան ինքը համակարգի սկզբունքները: Սա ընդհանուր պետության խնդիրն է»:
Ասել է թե` քանի նման միջամտությունները կան, բերդի պետը կամ աշխատակիցները փոխվեն կամ չփոխվեն, համակարգում ոչինչ չի փոխվելու: Հասարակական դիտորդի խոսքերով` ՔԿՀ-ների հիմնական խնդիրը աշխատակիցների պրոֆեսիոնալ ոչ բարձր մակարդակն է: Հաջորդը` նրանց ցածր աշխատավարձը, որն արդեն իսկ կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում բերդում. «Նրանց անվտանգությունն ապահովված չէ: Կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ են` թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական, թե՛ քրեական»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով` ցմահ դատապարտյալների խուց լրագրողների մուտքը սովորաբար արգելվում է: Այցելության դեպքում դատապարտյալը խցից հանվում է, եւ այցելության սենյակում ապահովվում է լրագրողի հանդիպումը դատապարտյալների հետ: «Նույնիսկ դիտորդներիս որոշ դեպքերում խոչընդոտում են լուսանկարել դատապարտյալներին: Ո՞նց է եղել, որ լուսանկարչական ապարատ են թույլատրել մտցնել ՔԿՀ, այն էլ` խուց: Գործող կարգի համաձայն, օրինակ, լրագրողի մուտքը ՔԿՀ պետք է լինի հստակ նպատակ հետապնդող: Ո՞րն է եղել այդ այցելության նպատակը, ի՞նչ խնդիր է ցանկացել լուծել այդ այցելությունը: Լրագրողն այցելում է նյութ պատրաստելու համար, որտե՞ղ է այդ նյութը: Ես լավ գիտեմ, որ, օրինակ, քաղբանտարկյալների մոտ շատ լրագրողների մուտքը բավական խոչընդոտների է հանդիպել», – շեշտեց իրավապաշտպանը: Նրա խոսքերով` իրենք արձանագրել են, որ ՔԿՀ-ներում տարբեր պայմաններով խցեր կան: «Կան դատապարտյալներ, որոնք ունեն արտոնյալ պայմաններ: Դա այն դեպքում, երբ դատապարտյալներն իրենք իրենց սեփական ռեսուրսներով են վերանորոգում կամ կահավորում խուցը: «Հոկտեմբերի 27-ի» դատապարտյալները այդ ի՞նչ ֆինանսական ռեսուրսներ ունեն, որ կարողանում են կահավորել իրենց խուցը: Ո՞վ է իրենց հովանավորողը: Ի վերջո` պետք հովանավոր լինի, որ հեռուստացույց, սառնարան, վերանորոգում արվի», – հարց բարձրացրեց դիտորդը: Նրա խոսքերով` սովորական խցերում կա ընդամենը մահճակալ, սեղան, աթոռ, պահարան եւ զուգարան: Մեկ էլ հագուստ է տալիս պետությունը:
ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական խմբի դիտորդ Միքայել Արամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փախուստի դիմած ցմահ ազատազրկվածներ Ենոքյանն ու Քոչարյանը նախորդ անգամ Գորիսի բանտից փախչելուց ու իրավապահների կողմից հայտնաբերվելուց հետո խոշտանգման են ենթարկվել: «Իրենք բողոք էին ներկայացրել: Քննություն եղավ, որից հետո մեզ վստահեցրին, որ ամեն ինչ նորմայի սահմաններում է եղել»: Ըստ Արամյանի` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիմնական խնդիրը, բացի շենքային պայմաններից, նաեւ գերծանրաբեռնվածությունն է: «Հատկապես մարտի 1-ից հետո այնտեղ բնակեցումը խիստ ծանրաբեռնված է, մարդիկ կային, նույնիսկ անկողնային պարագաներ չունեին, հերթով էին քնում: Օրինակ` 8 հոգանոց խցում լինում են 12 հոգի: Այդ բոլորը ֆիքսել ենք, ներկայացրել ենք ղեկավարությանը, բայց առայժմ արդյունք չի տվել»:
Ի դեպ, Էջմիածին քաղաքում նոր ՔԿՀ էր կառուցվում ծանր հանցագործություն կատարածների եւ ցմահ ազատազրկվածների համար, սակայն դրա շինարարությունը հետաձգվել է բյուջեում կատարված ծախսային կրճատումների հետ:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.zhamanak.com/article/13422/
Մարինե Խառատյան