Մինչ օրս ”անհայտ” են հանգամանքները
00:00, September 2, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՕրենքը այլևս անհրաժեշտություն է
Վանաձորի Հելսինկյան գրասենյակի նախաձեռնությամբ երեկ նշվեց Անհայտ կորածների միջազգային օրը:
Հելսինկյաններն առաջարկում են համանուն օրենքի նախագիծ, որով կկարգավորվի կորածների հարազատների ու անտարբեր պետության միջև իրավահարաբերությունները:
Իրավապաշտպանները մինչ այդ ներկայացրել էին 1992թ. հունիսի 29-ին անհայտ հանգամանքներում կորածների մասին հոդվածները, որոնք տեղ էին գտել տարբեր ԶԼՄ-ներում:
16 տարի անց ինտերնետային կայք էջում տեղադրվեց մի տեսանյութ, որից հետո ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարեց ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով ՀՀ պետական հանձնաժողովին` պարզելու տեսանյութի ծագման և ինտերնետային կայքում տեղադրելու հանգամանքները:
ՙԽնդիրն այն է, որ 16 տարի շարունակ ՙԱրաբո՚ ջոկատի մարտիկները, որոնք ընդգրկված էին Հոկտեմբերյանի ՙԱրծիվ՚ ջոկատի կազմում, համարվում էին անհայտ կորած և հայտնի չէր նրանց ճակատագիրը և գտնվելու հավանական վայրը: Տեսանյութում հստակ երևում է, որ 79 մարտիկներ զոհված են բաց տեղանքում՚,- ասում է Հելսինկյան գրասենյակի պատասխանատու Ա.Սաքունցը:
Ի դեպ, մինչ այժմ տեսանյութի ծագման, տեղադրման, մարտիկների զոհվելու հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրության կամ հետաքննության որևէ գործողություն կամ արդյունքների մասին հայտնի չէ հասարակությանը:
Իրավապաշտպանները հարցնում են, թե ով է եղել պատասխանատուն 1992թ. հունիսի 28-ին` ջոկատի զոհվելու նախորդ օրը, ռազմական գործողությունների տարածքում իրականացված հետախուզության համար: Իրականացվե՞լ է, արդյոք, ՀՀ պաշտպանության նախարարության կամ պետական այլ մարմինների կողմից ջոկատի զոհվելու հանգամանքների ուսումնասիրություն, որո՞նք են այդ ուսումնասիրության եզրակացությունները և ովքե՞ր են պատասխանատվության ենթարկվել:
Հարցերի հարցը մնում է այս. ուսումնասիրվե՞լ են 1992թ. հունիսին մի շարք հրամանատարների զոհվելու հանգամանքները և արդյոք դրանք դարձե՞լ են ուսումնասիրության հարց, եթե ոչ` ինչու՞:
Առանձին խոսակցություն ծավալվեց նաև Շիկահողի թիվ 6 գումարտակի 22 զինծառայողների անհայտ կորչելու հանգամանքների մասին (ըստ գումարտակի հրամանատար Մարտուն Օհանի Բադալյանի կնոջ հաղորդած տեղեկատվության):
1994թ. հունվարի 4-ին Մ. Բադալյանը դուրս է եկել տնից բրիգադի հրամանատար Միքայել Գրիգորյանի մոտ խորհրդակցության մանակցելու նպատակով:
Հունվարի 5-ի առավոտյան գտնվել է Շիկահող գյուղում: Կինը խոսել է ամուսնու հետ և Մ. Բադալյանը հայտնել է ՙԵթե ես չգամ տուն, դու երեխաներին կվերցնես ու կգնաս գյուղ՚:
Հունվրի 6-ի առավոտյան գումարտակը բրիգադի հրամանատարի հրամանով տեղափոխվում է Հորադիզ:
Հունվարի 7-ին գումարտակը մարտական գործողություններն արդեն իրականացնում էր առաջին գծում:
Հունվարի 7-ի ուշ երեկոյան Մ. Բադալյանի երկու եղբայրները գալիս են նրա տուն և կնոջը հայտնում, որ Մ.Բադալյանը զոհվել է (Կապանում արդեն դրա մասին լուրերը տարածվել էին):
ԱՂԲՅՈՒՐԸ` ՙԱռավոտ՚ օրաթերթ