Երիտասարդները հանուն խաղաղասիրության
00:00, October 16, 2008 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը /ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/, որի գործունեության ուղղություններից է կոնֆլիկտների խաղաղ կարգավորման նպատակը, Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացներում երիտասարդների դերի բարձրացմանը և արդյունավետ մասնակցության ընդլայնմանը:
Երիտասարդ խաղաղասերների բրիգադը բաղկացած է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի 28 երիտասարդներից:
Ծրագրի շրջանակներում երիտասարդ խաղաղասերները 2008թ. հոկտեմբերի 1-4-ը առաջին անգամ հանդիպեցին Թբիլիսի քաղաքում:
Հայաստանից ներկայացված էին 10, Ադրբեջանից՝ 9, Լեռնային Ղարաբաղից՝ 9 երիտասարդներ:
Եռօրյա քննարկումներին որպես ուսուցանողներ հրավիրվել էին՝ Արզու Աբդուլաևան (ՀՔԱ Ադրբեջանի կոմիտեի ղեկավար , Անահիտ Բայանդուրը (ՀՔԱ Հայաստանի կոմիտեի համակարգող), Ատեփան Գրիգորյանը (Գլոբալիզացիայի և տեղական համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ), Գեղամ Վարդանյանը (Internews Armenia,www.echannel.am պրոդյուսեր ),Ավաս Հասանովը (Ադրբեջանի Մարդասիրական հետազոտությունների ասոցիացիայի նախագահ ) և Լիանա Բերիան («Համաձայնություն» ասոցացիայից):
Եռօրյա դասընթացի թեմաներն էին
Չլուծված կոնֆլիկտի ազդեցությունը Հայաստանի,Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սոցիալական, տնտեսական և քաղաքական զարգացման վրա (Ատեփան Գրիգորյան)
Քաղաքացիական հասարակության դերը կոնֆլիկտի/հակամարտության խաղաղ լուծման գործում (Արթուր Սաքունց)
Պաշտպանական մեխանիզմները կոնֆլիկտից տուժածների համար (Ավաս Հասանով)
Հանդուրժողականության կուլտուրայի ընկալումը (Լիանա Բերիա)
Գենդերային ոլորտը խաղաղասիրության մեջ (Սոֆյա Բաբայան)
Խաղաղասիրական գործողությունների կազմակերպման սկզբունքներն ու ուղիները (Արզու Աբդուլաևա, Անահիտ Բայանդուր)
Տեղեկատվական տեխնոլոգիաների և հասարակական հարաբերությունների դերը խաղաղասիրության մեջ (Գեղամ Վարդանյան)
Հոկտեմբերի 2-ին մեկնարկեց դասընթացը, որը բացեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա ներկայացրեց ծրագիրը, դերը, ակնկալվող արդյունքները և գործողությունները, որոնք ուղղված են ծրագրի նպատակին հասնելու համար:
Այնուհետև խոսքը տրվեց ՀՔԱ Ադրբեջանի կոմիտեի ղեկավար Արզու Աբդուլաևային: Նա ներկայացրեց «Խաղաղասիրական գործողությունների կազմակերպման սկզբունքներն ու ուղիները» թեման:
Նա պատմեց, որ 20 տարի առաջ Հայաստանում եւ Ադրբեջանում՝ որպես Խորհրդային Միության հանրապետություններ, քաղաքացիական հասարակություն գոյություն չուներ: Երբ իրեն առաջին անգամ անվանեցին իրավապաշտպան, հաճելիորեն զարմացավ, որովհետև ինքը պարզապես օգնում էր մարդկանց: «Ես իմ երկրի քաղաքացին եմ, ում հետաքրքրում են մարդիկ, նրանց խնդիրները»:
Ակնհայտ է, որ այս կոնֆլիկտը ստեղծված էր և շատ լավ պլանավորված, և պարզ է, որ այդ ամենը արված էր Խորհրդային Միության անվտանգության մարմինների կողմից:Մենք չպետք է թշնամիներ լինենք, ամեն ինչ պետք է անենք, որ կոնֆլիկտը վերանա: Մենք այսօր թշնամի ենք դարձել, բայց իրականում այդպիսին չենք ու դա փաստ է: Ինձ ասում են. «եթե դու խաղաղություն ես ստեղծում, դու հայրենիքի դավաճան ես»:
Նա վերջում ավելացրեց. »Ես համոզված եմ, որ այս հանդիպման վերջում մենք կստեղծենք խաղաղասերների խումբ: Կարծում եմ՝ հասկացող մարդկանց շրջանում կոնֆլիկտ չպետք է լինի: Մենք չենք ուզում մյուս կողմին տեսնել թշնամի: Դուք՝ երիտասարդներդ, սովորում եք մեր փորձով, դուք պետք է պատրաստված լինեք, դուք պետք է խելամիտ լինեք»:
Այնուհետև խոսքը տրվեց ՀՔԱ Հայաստանի կոմիտեի համակարգող Անահիտ Բայանդուրին: Նա երիտասարդներին պատմեց իր եւ Արզու Աբդուլաեւայի համագործակցության պատմությունը և նաև մտերմության մասին, որը ձեւավորվել է հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին: Ներկայացնելով պատերազմի ընթացքում իր ու Աբդուլաեւայի համատեղ ջանքերը՝ ուղղված հակամարտության զոհերի շահերի պաշտպանությանը, նա կարեւորեց նոր կապերի հաստատումը նոր սերնդի միջեւ:
«Մենք չպետք է նստենք ու նայենք, այլ պետք է հստակ քայլեր կատարենք ու չվախենանք անել առաջին քայլը: Մենք պետք է սովորենք տարբերակել ազգայնամոլությունը և հայրենասիրությունը: Այսօր դժվար է տարբերակել կեղծիքն ու ճշմարտությունը, դրա համար պետք է շատ կարդանք, եթե մենք ինչ-որ բան գիտենք, մեզ թվում է, թե մենք ամեն ինչ գիտենք»:
Ես ուզում եմ, որ ադրբեջանցիները զգան, որ ես իսկապես հոգում եմ իրենց մասին: Կոնֆլիկտի ժամանակ նույն իրադարձությունները տարբեր էին մեկնաբանվում թե° Հայաստանի, թե° Ադրբեջանի ԶԼՄ-ների կողմից: Հիմա հասարակությունը ավելի խելացի է, քան 20 տարի առաջ: Եվ պետք է այնպես անենք, որ մեր մեջ չկարողանան թշնամություն սերմանել:
Այդ թշնամությունը սերմանվում է սուտ և կեղծ հոդվածների, լուրերի, այնպիսի փաստերի (գողություններ, սպանություններ) միջոցով, որոնք հետագայում դառնում են հետևանք թշնամական վերաբերմունքի և, ի վերջո, պատերազմի:
Այս ամենի հետևում կանգնած են մարդիկ, որոնք ցանկացել են մեր մեջ սերմանել այդ թշնամական վերաբերմունքը: Բայց ինչ էլ որ գրեն, ամեն մեկիս մեջ պետք է լինի մեր կարծիքը, արժեքները և չպետք է ոչ ոքի լսել:
«Կոնֆլիկտի կարգավորման համար ներքին ցանկություն է պետք, մնացածը կլինի»,- ավարտեց իր խոսքը Անահիտ Բայանդուրը:
Հաջորդը հանդես եկավ ՀՀ Գլոբալիզացիայի և տեղական համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա ներկայացրեց «Չլուծված կոնֆլիկտի ազդեցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սոցիալական, տնտեսական և քաղաքական զարգացման վրա» թեման:
«Մենք շատ նման ենք միմյանց: Եթե երկու ազգ մոտ են միմյանց ապրում, նրանք միմյանցից վերցնում են և¯ ավանդույթները, և¯ մշակույթը, իսկ դա շատ բնական է»:
Եվ որպես օրինակ բերեց մի դեպք, երբ ինքը մի անգամ ուսանողներին ներկայացրել է մի թրքուհու, ոչ ոք այդպես էլ չի կռահել, որ թրքուհին հենց այդ աղջիկն է:
Դա բնական է, որովհետեւ նա մեզ մոտ է ապրում, որովհետեւ նա մեզ նման է: Երբեք ազգային երգեր չեն լինում, լինում են տարածաշրջանային երգեր, երբ մարդիկ մոտ են գտնվում իրար:
Կառավարության ազդեցությունը քաղաքացիական հասարակության վրա շատ մեծ է, և որպես օրինակ կարող եմ բերել այն փաստը,երբ հայկական խաչքարերը ադրբեջանցիները ջարդում են, հայերը ոգևորվում են և ամեն ինչ անում, որ թշնամական վերաբերմունքը մեծանա մեր մեջ, բայց երբ այդ նույն խաչքարերը ՀՀ-ում գտնվում են նույն վատ վիճակում, այդ փաստը չի հետաքրքրում կառավարությանը:
Ցանկացած կոնֆլիկտ բերում է փախստականների, կոնֆլիկտի զոհերի կամ ուղղակի քաղաքական հետևանքների:
Օրինակ՝ Հարավային Օսիայի կոնֆլիկտից Հայաստանում փակվեցին ճանապարհները, մենք ունեցանք տնտեսական խնդիրներ (բենզին չկար, ապրանքաշրջանառությունն ընկավ և այլն):
Ռուս-օսեթական պատերազմի ժամանակ ՌԴ-ն շատ կորուստներ ունեցավ՝ կապված տնտեսական ոլորտի հետ:
Քաղաքագետը գնահատեց տնտեսական իրավիճակը երեք երկրներում` դրա զարգացման համար հրատապ համարելով լուծել հակամարտությունը ու զարգացնել փոխհարաբերությունները:
«Կոնֆլիկտի չլուծվածությունը իրականում բերում է մեծ շահեր իշխանությունների համար՝ փող են աշխատում»,-երիտասարդ խաղաղասերներին ասաց քաղաքագետը:
Ըստ նրա, կոնֆլիկտի չլուծվածությունն ազդում է նաև ժողովրդավարության վրա: «Ես դեմ չեմ Ղարաբաղի ինքնորոշմանր, բայց պիտի որոշես, դա ինքնորոշում է, թե չէ»:
Ինքնորոշումը պետք է լինի այնպիսին, որ ղարաբաղցիները համագործակցեն ադրբեջանցիների հետ, ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ չընկնեն:
Իշխանությունը ոչ ստանդարտ ձևով իր լեգիտիմությունը իրականացնում է կոնֆլիկտի չլուծվածությամբ:
Քաղաքացիական հասարակության դերը կարծրատիպերը /ստերիոտիպները/ վերացնելն է: «Քաղաքական ոլորտը ուսումնասիրել է պետք, որպեսզի կարողանանք ճիշտ ձևով լուծենք կոնֆլիկտը»: Թեման ամփոփելով՝ Ստեփան Գրիգորյանը ավելացրեց. «Ռուսաստանը չի կարող միջնորդ հանդիսանալ ԼՂ հակամարտության համար»:
Հաջորդը, որ ներկայացրեց Ադրբեջանի Մարդասիրական հետազոտությունների ասոցիացիայի նախագահ Ավաս Հասանովը՝ «Պաշտպանական մեխանիզմները կոնֆլիկտից տուժածների համար» թեման էր:
Հասարակական պաշտպան կարող է լինել ցանկացած քաղաքացի (չինովնիկ, քաղաքագետ և այլն):
Կոնֆլիկտի զոհեր կարող են լինել.
1. զինվորները
2. փախստականները (IDP)
3. մարդիկ, որոնք գտնվում են կոնֆլիկտի գոտում
4. կանայք
5. երեխաները
6. անհայտ կորածները
Կոնֆլիկտի լուծման համար անհրաժեշտ է ստեղծել «հասարակական խումբ»:
«Հասարակական խումբ»-ը որոշակի ժամանակահատվածում միմյանց հետ կապված գործողությունների ամբողջություն է, որն ուղղված է կոնկրետ նպատակի համար և կոնկրետ խնդրի լուծման համար:
«Հասարակական խումբ»-ը գործընթաց է, որը բացահայտում է հասարակական պրոբլեմը, հրավիրում է բնակչության կամ անհատների ուշադրությունը և ուղղված է կոնկրետ փոփոխությունների վրա:
Գեղամ Վարդանյանը՝ Internews Armenia, www.echannel.am պրոդյուսերը ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների և հասարակական հարաբերությունների դերը խաղաղասիրության մեջ» թեման:
Խաղաղասերներին նա ցուցադրեց մի տեսաֆիլմ՝ «Պատերազմի և խաղաղության միջև», 2005-06 թթ., որը նկարահանվել էր Հայաստանում և Ադրբեջանում:
Ֆլիմի նպատակն էր պարզել` ինչ են մտածում Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիները կոնֆլիկտի մասին, ինչպիսի վերաբերմունք ունեն հարեւան պետության նկատմամբ, ինչպես կլուծվի ղարաբաղյան կոնֆլիկտը եւ արդյոք հնարավոր է, որ մի օր ադրբեջանցիները, հայերը բարեկամանան:
Ֆիլմը ցույց տվեց, որ երկու կողմերի մեջ դեռ պահպանվում է ոչ բարեկամական վերաբերմունք միմյանց նկատմամբ, սակայն կային այնպիսի կարծիքներ, ըստ որոնց հնարավոր է բարեկամությունը վերականգնվի, եւ որ երիտասարդության շրջանում չպետք է այդ վերաբերմունքը իշխի, քանի որ հարեւան պետությունները ի վերջո պետք է եթե ոչ բարեկամանան, ապա գոնե վերանա պատերազմի սպառնալիքը եւ հարցը լուծվի, ինչը անհրաժեշտ է եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին, եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղին:
Նա այնուհետև ներկայացրեց տարբեր ինտերնետային կայքերի աշխատանքները, թե ինչպես են անդրադառնում կոնֆլիկտ թեմային, և առհասարակ, ինչ դեր են խաղում արդի ժամանակնեում կայքերը մարդկանց կյանքում:
Օր. այնպիսի կայքեր, որոնք մեր օրերում մեծ տարածում ունեն՝ www.xronika.com, www.irevan.az or com., www.gagashev.net, www.peasebuilding.am, www.google.com, www.southcaucasus.com, և այլն: Նա ցուցադրեց նաև այնպիսի կայքեր, որոնց միջոցով հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվել է վերացական աշխարհ:
Երիտասարդների պատասխաններից պարզ դարձավ,որ համարյա թե այս բոլոր կայքերից նրանք օգտվում են և ինֆորմացիա են ստանում:
Վերջում Գեղամ Վարդանյանը նշեց. «Այս ամենը շատ կարևոր է և մեր ժամանակներում առանց համակարգչի կամ ինտերնետային ցանցի, կայքերի դժվար է ժամանակին համահունչ քայլել»:
«Ռե» ստուդիայի ղեկավար Մամուկա Կուպարաձեն ներկայացրեց մի տեսաֆիլմ, որտեղ նկարագրված էին պատերազմի հետևանքով տուժած մարդկանց` փախստականների կենսապայմանները:
Վրացի մասնագետը այցելել էր ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան, ծանոթացել փախստականների հետ, զրուցել նրանց հետ նրանց ապագայի մասին:
Հոկտեմբերի 3-ին՝ դասընթացի երկրորդ օրը, ներկայացավ լեզվաբանական գիտությունների թեկնածու, ՎՊՄԻ-ի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ Սոֆյա Բաբայանը: Նա ներկայացրեց «Գենդերային ոլորտը խաղաղասիրության մեջ» թեման:
Գենդերը գիտություն է, որը հետաքրքրվում է կանանց եւ տղամարդկանց փոխհարաբերություններով:
Նա նշեց, որ երբ հասարակության մեջ ընդունված նորմերից դուրս ենք գալիս, ապա առաջանում է գենդերային կոնֆլիկտ: Իմանալով արդեն, թե ինչ է իրենից ներկայացնում գենդերը` անցկացվեց Խոֆստեդի աղյուսակով թրեյնինգ, որի նպատակն էր պարզել, թե յուրաքանչյուր մասնակցի երկրում գենդերային որ մակարդակն է գերիշխում:
Հարցերը վերաբերում էին ընդհանուր նորմերին, ընտանիքին, դպրոցին, աշխատանքին և քաղաքականությանը: Արդյունքում պարզվեց, որ և Հայաստանը, և Ադրբեջանը, և Լեռնային Ղարաբաղը գտնվում են մասկուլին (տղամարդու վարքի ձևը, այն, ինչ ավելանում է տղամարդու գենդերային դերի բարձրացման համար) մակարդակի վրա:
Այսինքն՝ այս երկրներում գերիշխում են նյութական արժեքները, հզորությունը, բարձր դիֆերենցիալ դերերը ընտանիքում, իշխանության մեջ և այլն: Վերջում նա նշեց. «Գենդերը խնդիր է, որից չի կարելի փախչել: Մեզ ասում են՝ եթե դուք խելացի եք,ինչու են ձեր խորհրդարանում կանայք այդքան քիչ»: Հաջորդ թեման, «Հանդուրժողականության կուլտուրայի ընկալումը», ներկայացրեց Լիանա Բերիան («Համաձայնություն» ասոցացիայից):
Հիմնականում քննարկվեց ռուս-վրացական կոնֆլիկտի մասին, դրա հետևանքների, զոհերի, փախստականների, ինչպես նաև ինչպիսի վատթարագույն պայմաններում են հիմա գտնվում մարդիկ, որոնց մեջ շատ են երեխաները և կանայք: Նշվեց, որ փախստականների ժամանակավոր օրրան են դարձել դպրոցները, մանկապարտեզները, տարբեր հիմնարկների ազատ տարածքները, և բնական է, որ նման պայմաններում անհնար է ապրել, այն էլ հիմա, երբ առաջիկայում ձմեռ է:
Ներքին տեղահանվածների մեծ մասը հիմա գտնվում են նաև վրանային պայմաններում:
Եվ վերջում նա ավելացրեց, որ իշխանությունների սխալ վարած քաղաքականությունից տուժում են ոչ թե իրենք, այլ՝ հասարակ մարդիկ, որոնք մեղավոր չեն դրանում, և դառնում են կոնֆլիկտի հիմնական զոհերը:
Ընթացքում Արզու Աբդուլաևան արտահայտեց հետևյալ միտքը. «Երբեք մի ասեք այն ամենը, ինչ ցանկանում եք: Խոսքը վերաբերում է բացասականի մասին: Պետք է հետաքրքրություն և էմպաթիա (ապրումակցում) ցուցաբերել: Եվ ստերեոտիպերից հրաժարվելը շատ պետք է խաղաղասիրության համար»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց «Քաղաքացիական հասարակության դերը կոնֆլիկտի/հակամարտության խաղաղ լուծման գործում» թեման:
Քաղաքացիական հասարակության ամենաբնորոշ գիծը բաց սահմաններն են, երբ ստեղծված է հանդուրժողության փոխհարաբերություն, վստահությունը միյանց նկատմամբ: Քաղաքացիական հասարակության համար շատ կարևոր է «տեղեկատվության ազատությունը», ռազմավարության մշակումը, որպեսզի քաղաքացիական հասարակության աշխատանքը արդյունավետ լինի:
Ժողովրդավարությունը հումանիտար օգնություն չէ, և քաղաքացիական հասարակությունը մասն է ցանկացած հասարակության: Քաղաքացիական հասարակությունը պետք է տեղեկացված լինի և մասնակցի որոշումների ընդունմանը:
Արզու Աբդուլաեւան կազմակերպեց դերային խաղ, որի նպատակն էր ապագա խաղաղասերներին ծանոթացնել խաղաղասիրական գործընթացների տերմինաբանությանը:
Նա նշեց, որ պատերազմական գործընթացներին եւ դրանից հետո հարկ է օգտագործել այնպիսի բառեր եւ անել այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորական չեն հակառակորդ կողմի համար:
Դերային խաղի ժամանակ նա նշեց, որ պետք է դիմացինի հետ հաղորդակցվել ավելի մեղմ տոնով: Երբեք չպետք է ասել այն ամենը,ինչ ասում են սովորաբար զայրյույթի պահին:
Վերջում Արթուր Սաքունցը ներկայացրեց հետագա անելիքները, որ պետք է իրականացվեն ծրագրի շրջանակներում. պետք է իրականացվի հակամարտությունից տուժածների՝ փախստականների, անհայտ կորածների ընտանիքների եւ նախկին ռազմագերի եւ նրանց ընտանիքների իրավիճակի ուսումնասիրություն, այնուհետեւ այն զեկույցի տեսքով ներկայացվի տարբեր մարմիններին:
Ստեղծվելու է ինտերնետային էջ կամ բլոկ, ինչը հնարավորություն կընձեռի ապագա խաղաղասերներին զրուցել, շփվել, քննարկել տարբեր թեմաներ: Ա. Սաքունցը նշեց, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա արդեն ձմռանը: