Ազատազրկման վայրերում անմարդկային պայմաններ են
00:00, February 15, 2007 | Քրեակատարողական հիմնարկներՎանաձորի ձերբակալվածների պահման վայրում անմարդկային պայմաններ: Չկա բավարար ջեռուցում, ձերբակալվածներն օգտվում են էլեկտրական սալիկներից, որոնք հազիվ են իրենք իրենց տաքացնում, իսկ սնունդը այնքան չափաբաժնով է տրվում, որ մարդիկ քաղցած են մնում:
ՀՀ արդարադատության նախարարության և ոստիկանության համակարգերում մարդկանց պահման վայրերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հասարակական դիտորդական խմբերի ներկայացուցիչները վերջին վեց ամսվա ընթացքում պարբերաբար այցելել են Հայաստանի հյուսիսային շրջաններ: Իրավապաշտպաններից և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած դիտորդական խմբերը ուսումնասիրել են Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ձերբակալվածների պահման տասնմեկ վայրեր /ՁՊՎ/ և երեք քրեակատարողական հիմնարկ /ՔԿՀ/: «ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի «Քաղաքացիական վերահսկողություն ի պաշտպանություն մարդու իրավունքների» ծրագրի շրջանակներում հասարակական դիտորդական խմբերը հնարավորություն են ունեցել ավելի հաճախակի այցելել հյուսիսային շրջաններ: Այցելությունները նրանք համատեղել են կալանավորվածներին, ձերբակալվածներին ու նրանց հարազատներին խորհրդատվությունների տրամադրմամբ, նրանց իրավունքների մասին իրազեկմամբ:
Կենտրոնի ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը հանդիսանում է նաև դիտորդական խմբերի անդամ, կարևոր է համարում հաճախակի այցելությունները ՁՊՎ-ներ և ՔԿՀ-ներ, քանի որ «դա նաև վատ վերաբերմունքի կանխարգելման միջոցներից մեկն է»: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ևս համարվում է քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ: Նա նկատում է որ կալանավորվածների անձնական մատյանների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանց նկատմամբ ոստիկանությունում կիրառվում են ֆիզիկական բռնություններ, որոնց պատճառները հիմնականում որակվում են որպես պատահականության հետևանքներ: Ստացվում է, որ հաճախ չեն նշվում դրանց իրական պատճառները: Իսկ մեր պետությունը, համաձայն Խոշտանգումների մասին Եվրոպական կոնվենցիայի, պարտավորություն ունի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հետ կապված ուսումնասիրություն կատարել, ինչը չի արվում:
Դիտորդական խմբերի ուսումնասիրման արդյունքում, ինչպես նշում է Էդմոն Մարուքյանը, փակվել է Տաշիրի ոստիկանության ՁՊՎ-ն: Այդ վայրի շենքային պայմանները նորմալ չէին, չկար ջեռուցում, խցերը չունեին անհրաժեշտ լուսավորություն: Ներկայումս այն նորոգում են, որից հետո կրկին կգործի այս անգամ արդեն քիչ թե շատ նորմալ պայմաններով: Ինչպես նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Վանաձորի ՁՊՎ-ում քիչ չեն այնպիսի խցերը, որոնք չունեն անգամ պատուհաններ: Տավուշի մարզում գործող ՁՊՎ-ներն ավելի վատ պայմաններ ունեն, քանի Շիրակի և Լոռու մարզերինը: Չնայած այդ բոլոր հաստատությունները նորոգված են, բայց դեռևս լուված չէ ջեռուցման խնդիրը: Օրինակ, ի տարբերություն Դիլիջանի, Իջևանի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Վանաձորի ձերբակալվածների պահման վայրը չի ջեռուցվում: Չլուծված է մնում նաև սննդի հարցը:
Ըստ կառավարության ընդունած որոշման, ձերբակալվածներին օրական տրվող սննդի չափաբաժինը իր մեջ պարունակում է ոչ միայն հացամթերք, այլև ձկնեղեն, մսեղեն: Մինչդեռ օրական տրվում է 450 դրամի կարգի գումար, որն իրականում չի բավարարում: Ձերբակալվածների պահման վայրում անցկացված ուսումնասիրությունների հաշվետվությունում տեղ են գտել նաև առաջարկություններ մշտական բուժաշխատող ունենալու, ինչպես նաև սննդի հարցը լուծելու մասին: Ի տարբերություն ՁՊՎ-ների, ՔԿՀ-ներում լուծված է բժշկի հարցը, բայց այնտեղ մարդիկ ևս ապահովված չեն նորմալ սննդով: Հայաստանի հյուսիսային շրջաններում գործող երեք ՔԿՀ-ներից մեկը՝ Գյումրիինը, արդեն փակվել է նորոգման նպատակով: Այնտեղի կալանավորվածները տեղափոխվել են Արթիկ, որի Արթիկի ՔԿՀ-ն համապատասխանեցված է եվրոպական չափանիշներին: Իսկ Վանաձորի քրեակատարողական հիմնարկը դեռևս գործում է հին շենքում: Էլ չենք խոսում զուգարանների մասին, որոնք տեղակայված են հենց խցում ու հաճախ չառանձնացված նույնիսկ վարագույրով: Վանաձորի ՔԿՀ-ի նոր շենքը չնայած շահագործման է հանձնվել անցած դեկտեմբերին, սակայն, ինչպես ասում է դիտորդական խմբի անդամ Էդմոն Մարուքյանը, տնօրինությունը դեռևս չի լուծել նոր շենքի անվտանգության հարցերը: Դրանից հետո միայն կալանավորվածները կտեղափոխվեն բարեկարգ պայմաններով նոր շենք, իսկ մինչ այդ կշարունակեն մնալ սառը, անշուք ու անմարդկային խցերում:
Նաիրա Բուլղադարյան