ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստ է արձագանքել ընտրախախտումներին
14:56, April 25, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Ընտրական իրավունք2012 թ. ապրիլի 25-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց ՀՀ ԱԺ 2012 թ. մայիսի 6-ին ընտրությունների նախընտրական քարոզչության դիտորդական առաքելության առաջին միջանկյալ զեկույցը:
Զեկույցը ներառում է նախընտրական քարոզչության փուլում կազմակերպության 10 դիտորդների կողմից իրականացված դիտորդության արդյունքները, ինչպես նաև որոշ տեղեկություններ` հավաքագրված Լոռու մարզի գործընկեր կազմակերպություններից:
Զեկույցում ներկայացված են ընդհանուր տեղեկություններ, նախընտրական քարոզչության ընթացքում դիտարկված խախտումները և դիտորդական առաքելության իրականացման խոչընդոտները:
Մամուլի ասուլիսի ընթացքում Արթուր Սաքունցը նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում տեղադրված ընտրական ցուցակներից Վանաձոր համայնքում արձանագրվել են 482 հասցեներ, որոնցում հաշվառված են 10-61 ընտրողներ:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների նախընտրական քարոզչության ընթացքում ներգրավվածությունը պարզելու նպատակով կազմակերպությունը հարցումներ է ուղարկել Լոռու մարզպետարան և Վանաձորի քաղաքապետարան` ճշտելու, թե քանի աշխատակից է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում արձակուրդի մեջ գտնվում: Ըստ պատասխան գրությունների` Լոռու մարզպետարանից արձակուրդի մեջ են գտնվում` 6, Վանաձորի քաղաքապետարանից` 22 աշխատակիցներ:
Կուսակցությունների շտաբների մասին խոսելիս Արթուր Սաքունցը նշեց, որ իշխանական կամ Ազգային ժողովում ընդգրկված կուսակցությունները ավելի շատ շտաբներ ունեն, ինչը խոսում է կուսակցությունների նախընտրական ռեսուրսների մեծ ծավալի մասին:
Արթուր Սաքունցը, անդրադառնալով քարոզչության ընթացքում դիտարկված խախտումներին, նշեց, որ պատգամավորության թեկնածուներ Արկադի Համբարձումյանի և Զոհրաբ Թորոսյանի նախընտրական պաստառները փակցված են եղել օրենքով արգելված վայրերում՝ հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում: Արկադի Համբարձումյանի նախընտրական պաստառը փակցված է եղել նաև Կաթնաջուր գյուղի անունը կրող ցուցանակի վրա, որը գրեթե ամբողջովին փակել է գյուղի անվանումը և Սպիտակ քաղաքի մուտքի մոտ «Բարի գալուստ Սպիտակ» անունը կրող կամարի վրա:
Կազմակերպությունը տեղեկություններ է ստացել, որ ՀՀԿ շտաբի պետ է նշանակված Վանաձոր քաղաքի թիվ 7 դպրոցի փոխտնօրենը:
Թիվ 7, 30, 28 և 12 դպրոցների տնօրենները, ինչպես նաև ուսուցիչներ ելույթներ են ունեցել պատգամավորության թեկնածու Արկադի Համբարձումյանի` ընտրողների հետ հանդիպումների ժամանակ և թեկնածուին ընտրելու կոչեր արել:
Թեկնածուներից Էդմոն Մարուքյանը և Վահագն Մարտիրոսյանը խնդիրներ են ունեցել կապված նախըտրական քարոզչական պաստառների հետ: Թիվ 30 ընտրատարածքում ինքնաառաջադրված պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանի նախընտրական պաստառները պարբերաբար պատռվել են, իսկ թիվ 29 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վահագն Մարտիրոսյանի 5 պաստառներից մեկը «գողացել» են Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում:
Երկարաժամկետ դիտորդական առաքելության իրականացման ընթացքում խոչընդոտներ են ունեցել նաև դիտորդները, մասնավորապես թեկնածուի կամ կուսակցության` ընտրողների հետ հանդիպման ժամանակացույցի չտրամադրման կամ չլինելու հետ կապված:
Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ Վ. Դալլաքյանը հրաժարվել է պատասխանել կազմակերպության դիտորդի հարցերին և հայտնել է, որ իրեն այլևս չանհանգստացնեն: Նա նաև նշեց, որ Վ. Դալլաքյանը փակ հանդիպում է ունեցել թիվ 1 դպրոցի ուսուցիչների հետ, և կազմակերպության դիտորդին թույլ չեն տվել մասնակցել հանդիպմանը:
Կազմակերպություն ահազանգեր են ստացվում նաև այն մասին, որ տարբեր կուսակցությունների կողմից հավաքվում են անձնագրեր և ճշտվում, թե ում օգտին են քվեարկելու: Ա. Սաքունցը մտահոգություն հայտնեց, որ դա կարող է հանդիսանալ միջոց հետագայում հնարավոր ընտրակաշառքներ բաժանելու համար և կոչ արեց ոստիկանությանը ձեռք առնել միջոցներ նման ահազանգերի հետ կապված և օպերատիվ աշխատանքներ տանել ընտրակաշառքների դեպքերը կանխելու համար:
Արթուր Սաքունցը վերջում կոչ արեց ԶԼՄ-ներին, ընտրողներին, քաղաքացիներին, թեկնածուներին, հայրենասիրական ուժերին աջակցել ընտրախախտումների դեմ պայքարին:
Կից ներկայացվում է Միջանկյալ զեկույցը: