Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առաջարկները շարունակ անտեսվում են
09:04, May 30, 2012 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք, Պացիենտների իրավունքներ | Ոստիկանություն, Քրեակատարողական հիմնարկներ«Ռազմական դատավարությունների կենտրոնի» կողմից պատրաստված հաշվետվության համաձայն՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) Հայաստանին ուղղված առաջարկությունները բազմիցս անտեսվել են. ԽԿԿ անդամների հինգ այցելությունների արդյունքում արված առաջարկություններից 4-ը կրկնվում է արդեն 3-րդ անգամ, իսկ 19 առաջարկություն՝ երկրորդ անգամ:
Այս տվյալներն այսօր հրապարակվեց իրավապաշտպան, վաղվանից արդեն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով իր ուսումնասիրությունը՝ «ՀՀ կողմից խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի առաջարկությունների իրականացման մոնիթորինգի արդյունքների հաշվետվությունը»:
Հաշվետվության համաձայն՝ ԽԿԿ-ն Հայաստանում ընդհանուր առմամբ ամրագրել է 592 դիտողություն: Պետական մարմիններին արվել է մոտ 172 բարեփոխման առաջարկություն, որոնցից 23-ը կրկնվել են տարբեր թվականներին:
Oրինակ՝ Երևան քաղաքի ներքին գործերի վարչության ժամանակավոր կալանավորման կենտրոնի հակահիգիենիկ պայմանները մնացել են նույնը, ինչ 2002թ. այցելության ժամանակ էր, այսինքն՝ վատ: Դրա համար Կոմիտեն կրկնում է 2002 թ. այցելության առաջարկությունները՝ մասնավորապես շեշտելով տարածքի, լուսավորության, օդափոխության, հիգիենայի և վերանորոգման հետ կապված հարցերը: Նույն կերպ Կոմիտեն անդրադառնում է գերբնակեցմանը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, ցմահ բանտարկյալների իրավունքներին և այլն:
12 առաջարկությունների դեպքում ՀՀ կառավարությունը ոչ մի պատասխան չի տվել, 10-ի դեպքում նշվել է, որ առաջարկությունը կապ չունի տվյալ մարմնի հետ, 26-ի դեպքում՝ կառավարությունը տվյալ փուլում չի կարող բարելավել վիճակը, 4-ի դեպքում առկա են եղել ֆինանսական խնդիրներ:
«Մենք առաջարկություններ ենք ներկայացրել, որոնք վերաբերում են այն ծրագրերին, որոնք ՀՀ պետական մարմինները խոստացել են ԽԿԿ-ին կատարել, բայց այդպես էլ կյանքի չեն կոչել: Կոմիտեի զեկույցներում կան կոնկրետ կետեր, որոնց պետք է պատասխանել, իսկ մեր կառավարությունը, որ կետի պատասխանը չունի, այդ կետից թռչում է մյուս կետ»,- ասում է Էդմոն Մարուքյանը:
Նա նշում է, որ պետությունը հոգեկան առողջության հետ կապված համապարփակ ծրագիր է խոստացել ներկայացնել, ոստիկանություն բերման ենթարկված անձանց համար իրենց պարտականություններն ու իրավունքները բացատրող ռուսերենով և անգլերենով հուշաթերթիկներ են խոստացել պատրաստել, էլեկտրոնային արձանագրություն կազմելու համակարգ են որոշել ներդնել, ինչը թույլ կտար, որ տեսանելի լինի, թե ով որ բաժանմունքում է գտնվում՝ բացառելով բերման ենթարկելուց հետո ինչ որ մեկին չգտնելու պրակտիկան ՀՀ ոստիկանությունում:
«Այս ամենը խոստացվել է, բայց մեր ուղարկած հարցումները ցույց տվեցին, որ չի իրականացվել, որոշ դեպքերում չեն էլ պատրաստվում իրականացնել»,- մտահոգություն հայտնեց Մարուքյանը:
Նա նշեց, որ պետք է նաև մշակվեր ՀՀ ոստիկանության հակակոռուպցիոն վարքագծի ուղեցույց, ձերբակալվածների նկատմամբ ուժ գործադրելու դեպքում ծառայողական քննություն լիներ, պետք է փակ հաստատություններում գործող ներքին կանոնակարգերը չկրեին միայն ձևական բնույթ, իսկ ՀՀ ոստիկանության քննչական բաժանմունքներում պետք է դրվեին տեսաձայնագրման հայելային սենյակներ:
Հաշվետվությունն անդրադառնում է հոգեբուժարաններում չկատարված աշխատանքներին, որոնց մեջ հիմնականներից է համարվում անձնակազմի համալրումը ու կրթական ծրագրերի անցկացումը ինչպես հիվանդների, այնպես էլ՝ նրանց սպասարկող անձնակազմի համար:
Մարուքյանը կարևորեց նաև այն հարցը, որ փակ հաստատություններում կատարված ինքնասպանությունների կամ մահերի դեպքում ևս պետությունը չի կատարում իր պոզիտիվ պարտականությունը՝ չանցկացնելով պատշաճ քննություն:
«Ինքնավնասումների ու կախվելու հետ կապված առաջին տեղում են միշտ գտնվում այն մարդիկ, ովքեր դժգոհ են քրեական գործերից, անարդար դատավճռից կամ նախաքննության հետ կապված խնդիրներից: Պետության կողմից հատուկ ցուցակով հիվանդություններ կան, որոնց դեպքում մարդուն պետք է ազատ արձակեն, բայց դա չի արվում, և այս դեպքում էլ են գրանցվում մահվան ու ինքնավնասման դեպքեր»,- ասաց Մարուքյանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ մահացության դեպքերը հոգեբուժարաններում մեծ թիվ են կազմում, քանի որ վերջին 5 տարվա ընթացքում 230-ից ավելի դեպք կա. որևէ փաստով քրեական գործ հարուցված չէ, 3-4 գործով էլ հիմքերի բացակայության պատճառով քրեական գործերը կարճվել են:
«Հիմնականում գրում են, որ մահացել են ինֆարկտից ու այլ հիվանդությունների պատճառով, բայց չենք կարող ասել, որ դա ոչ պատշաճ բժշկության արդյունք է, թե՝ չէ: Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն մշտապես դնում է պատշաճ քննության հարցը, այսինքն՝ մահացության ցանկացած դեպքի վերաբերյալ պետությունը պետք է կատարի բազմակողմանի քննություն ու ոչ միայն կատարի, այլև դրանց վերաբերյալ տվյալները ներկայացնի հանրությանը: Այսինքն՝ եթե հարազատի կողմից չկա բողոք, այդ ինքնասպանության ու մահվան հետ կապված քրեական գործի հարուցումն ընդամենը կարճում են»,- մտահոգություն հայտնեց Սաքունցը:
Իրավապաշտպան, իսկ վաղվանից արդեն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Սաքունցին առաջարկեց պատրաստել օրենսդրական մի նախագիծ, որի համաձայն՝ իրավապաշտպան կազմակերպություններին պետք է իրավունք տրվի պաշտպանել մահացած կամ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքները:
Մարուքյանն առաջարկում է բոլոր հասարակական կազմակերպություններին իրենց հուզող խնդիրներն իրեն ներկայացնել, որ վաղվանից՝ մայիսի 30-ից ԱԺ պատգամավորի մանդատը ստանալուց հետո, սկսի մտածել հասարակական կազմակերպություններին հուզող խնդիրները Ազգային ժողովում բարձրաձայնելու մասին:
Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am