Հայաստանն ունի 200-ից ավելի անհայտ կորած. այսօր Անհայտ կորածների միջազգային օրն է
06:39, August 31, 2012 | Նորություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներԱնհայտ կորածների միջազգային օրվա առթիվ օգոստոսի 30-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչ է արել անհապաղ ընդունել օրենք «Անհայտ կորածի մասին», քանի որ օրենքի բացակայության պայմաններում չլուծված են մնում անհայտ կորածների բազմաթիվ՝ իրավական, սոցիալական, առողջապահական և այլ խնդիրներ, այս մասին տեղեկանում ենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքից:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածությունը, քաղաքացիների և զինծառայողների անհայտ կորելու և գերեվարման փաստերը, նրանց ընտանիքների իրավական, սոցիալական, հոգեբանական, առողջապահական և այլ խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ գտնում ենք, որ առավել քան հրատապ է «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի անհապաղ ընդունումը»,- ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Գերիների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը Tert.am–ի հետ զրույցում հայտնեց, թե չնայած Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ իր տարածքում չկան հայ ռազմագերիներ, բայց 1994 թվականից սկսած մեծ թվով հայ գերիներ ու պատանդներ են պահվում ադրբեջանական գերության մեջ:
Նա նաև հստակեցրեց, որ խոսքն ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ զինծառայողների մասին է:
«Ստույգ տեղեկատվություն ունենք, որ գտնվում են գերության մեջ: Այդ ամենի մասին ինֆորմացիան ստացվել է մինչև 2005 թվականը, որից ի վեր, ցավոք, ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չենք ունեցել՝ բացառությամբ մեկ-երկու դեպքերի»,- ասաց նա:
Արմեն Կապրիելյանը իբրև լրացում նշեց, որ իրականում անհայտ կորածները ավելի շատ են, բայց միայն Հայաստանից ունենք 200-ից ավելի անհայտ կորածներ՝ ինչը արցախյան պատերազմի հետևանք է, մինչդեռ միայն 1990թ-ի վերաբերյալ ունենք ստույգ տվյալներ:
Հարցին, թե ինչո՞ւ օրինագիծը չմտավ ԱԺ, Արմեն Կապրիելյանն պատասխանեց. «Կպանք էդ գործին, նախագիծ մշակվեց, բայց դրանով իմ առաքելությունն ավարտվեց: Դրանից հետո էդ ամեն ինչն տեղափոխվում է արտաքին գործերի նախարարության պատասխանատվության հարթություն»:
ԱԳՆ մամուլի խոսնակից այս մասին տեղեկատվություն ստանալ չհաջողվեց, քանի որ Տիգրան Բալայանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Օրինագծի մշակմանը ներգրավված էին մի շարք պետական կառույցների՝ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Առողջապահության նախարարության, ինչպես նաև Միջազգային կարմիր խաչի կոմիտեի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներ, ովքեր 2011թ-ի ապրիլին ավարտվել էին նախագծի մշակումը:
Տեղեկացնենք, որ «Անհայտ կորածի մասին» օրենքի երկու նախագիծ է ներկայացրել նախորդ գումարումների խորհրդարանների պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, սակայն երկու անգամ էլ Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել նախագծին:
Արմեն Կապրիելյանի ամփոփմամբ՝ անհայտ կորածների խնդիրներն ու իրավահարաբերությունները, որպես կանոն, կարգավորվում են ՀՀ կառավարության որոշումներով ու ենթաօրենսդրական ակտերով:
Ըստ նրա՝ անհայտ կորածների մասին օրենքներ չկան հակամարտությունների մեջ ներգրաված բոլոր երկրներում, այս առումով կա մեկ՝ բոսնիական նախադեպը: «Եվրոպայում միայն Բոսնիայում է, որ կա և գործում է նման օրենք»,- ասաց նա:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2012/08/30/armen-kaprielyan/