Մուտք` որքան ուզեք, ելք` չկա
10:04, August 27, 2012 | Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներԻնչպես հայտնի է, Հայաստանում ԱՆ քրեակատարողական հիմնարկների հստակ բաժանում կա: Ասենք, «Աբովյան» ՔԿՀ-ն նախատեսված է կանանց եւ անչափահասների համար, «Վարդաշեն» ՔԿՀ-ն` նախկին ոստիկանների, զինվորականների, նախկին պաշտոնյաների համար: Նրանք չեն կարող «հասարակ մահկանացուների» հետ պատիժ կրել նույն քրեակատարողական հիմնարկում` առաջին հերթին անվտանգության նկատառումներով:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղալեչյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ նախկին ոստիկանը կամ նախկին զինվորականը, կամ այդ կարգի այլ կալանավորները տեղափոխվում են «Նուբարաշենի» հատուկ խուց, որը նախատեսված է հենց նրանց համար, եւ որ անվտանգության առումով ամեն ինչ նորմալ է: ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության եւ տարբեր ՔԿՀ-ներում ազատ տեղերի բացակայության մասին մեր հարցին Ղալեչյանը պատասխանեց, որ որոշ կալանավորների «Նուբարաշեն» տեղափոխելը «Վարդաշենի» գերծանրաբեռնվածության հետ ոչ մի կապ չունի, եւ որ որեւէ մեկը այսօր չի էլ հերքում, որ ՔԿՀ-ներում նման խնդիր իսկապես կա. «Համաներումից հետո հիմա այդքան ծանրաբեռնված չի: Խնդիրներ կան, ո՞վ է բան ասում, հատկապես «Նուբարաշենում»: Այդ մասին նախարարն էլ է բազմիցս ասել, բոլորն էլ բարձրաձայնել են»: Նա հայտնեց նաեւ, որ ՀՀ ԱՆ բոլոր ՔԿՀ-ներում միասին, երեկվա դրությամբ, կա 4697 դատապարտյալ:
Ի դեպ, առաջնորդվելով Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահման մասին ՀՀ օրենքով, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այս տարվա փետրվարի 28-ի հրամանով սահմանել էր, որ «Գորիս» ՔԿՀ-ն նախատեսված է 215 մարդու համար, Արթիկ «ՔԿՀ»-ն` 373, «Սեւան» ՔԿՀ-ն` 548, «Կոշ» ՔԿՀ-ն` 640, «Էրեբունի» ՔԿՀ-ն` 391, «Աբովյան» ՔԿՀ-ն` 250, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն` 840, «Վարդաշեն» ՔԿՀ-ն` 150, «Վանաձոր»` ՔԿՀ-ն 245, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն` 464, «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ-ն` 60, իսկ «Հրազդան» ՔԿՀ-ն էլ 215 մարդու համար:
Ստացվում է, որ բոլոր ՔԿՀ-ներում միասին` տեղերը նախատեսված են 4391 հոգու համար, այնինչ, միայն պաշտոնական տվյալներով, ազատազրկման մեջ գտնվողների թիվը 4697 է` նախատեսվածից մոտ ութ տոկոսով ավելի: Նշենք, սակայն, որ այս թիվը` ութ տոկոսը, տարակուսանք է առաջացնում, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ ութ հոգու համար նախատեսված խցում մինչեւ 25 ազատազրկված մարդ կա, եւ այս դեպքում ակնհայտ է, որ ՔԿՀ-ների գերբեռնվածությունն ութ տոկոսից շատ ավելի է:
Իրավապաշտպան, ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արթուր Սաքունցի խոսքով, քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը Հայաստանում արդեն խրոնիկ բնույթ է կրում, եւ իրականում` նույնիսկ համաներումից հետո իրավիճակը չի շտկվել: «Համաներումով մինչեւ սեպտեմբերի 1-ը դատապարտյալները ազատ արձակվեցին, բայց մինչեւ անցած տարվա վերջը գրեթե նույն թիվը վերականգնվեց: Այդ թվերը բացարձակ նույնը չեն, բայց շատ մարդիկ էլի կալանավորվեցին: Ուզում եմ ասել, որ համաներումով գերբեռնման խնդիրը լուծում չի ստացել»,- ասաց նա:
Մեր հարցին` եթե, ըստ ոստիկանության, հանցագործությունների թիվը նվազում է, այդ ինչպե՞ս է, որ ազատազրկվածների թիվն էլ չի նվազում, Սաքունցը պատասխանեց, որ դրա հիմնական պատճառը որպես խափանման միջոց կալանավորման համատարած կիրառումն է: «Մի քանի գործոններ կան: Առաջինը` խափանման միջոց հիմնականում ընտրվում է կալանավորումը: Դա, իհարկե, բացասական ազդեցություն է ունենում: Երկրորդը` քրեական օրենսգրքի հոդվածներն են, որ հանցագործությունների համար պատիժները հիմնականում ազատազրկման ձեւով են: Այլընտրանքային պատիժների սիստեմը մեզ մոտ տեղ չունի, համապատասխան մեխանիզմ չկա, իսկ ինչ էլ կա` չի աշխատում, որովհետեւ դրա ռեսուրսը չունի: Մյուս կարեւոր խնդիրը պայմանական վաղաժամկետ ազատ արձակումն է, որի ընթացակարգը հստակ չէ: Չնայած հիմա արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել, որը պետք է օգնի, որ ավելի կանխատեսելի լինեն համապատասխան հանձնաժողովի որոշումները, եւ ազատազրկման մեջ գտնվող մարդուն աստիճանաբար պատրաստեն դուրս գալուն: Հիմա պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը այնքան սուբյեկտիվ գործոնների հետ է կապված: Հանձնաժողովը կա, բայց որոշումներ ընդունելու կարգ գոյություն չունի»: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, այլ կերպ ասած` եթե մարդիկ հայտնվում են քրեակատարողական հիմնարկներում, հետո դուրս գալը շատ դժվար է լինում, իսկ դուրս գալը ավելի շատ պայմանավորված է ոչ թե իրավական, այլ` սուբյեկտիվ գործոններով:
Աղբյուրը՝ http://www.armtimes.com/35697