Ինքնախեղման հերթական դեպքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
22:28, December 14, 2012 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք | Քրեակատարողական հիմնարկներԱնցած գիշեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակիցները դատապարտյալ Արթուր Սմբատյանին հայտնաբերել են բերանը կարած եւ ոտքերը մեխած վիճակում:
Այս տեղեկությունը «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը` հավելելով, որ դատապարտյալը տեղափոխվել է հիվանդանոց:
Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է դատապարտյալը դիմել նման քայլի, Ղլեչյանը հղում կատարեց Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում առկա տեղեկատվությանը. – «Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Սմբատյանի բողոքը, իսկ այսօր նաեւ նրա մոր՝ Ռոզա Սարդարյանի նամակն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը տարբեր պատճառաբանություններով մերժում է դատապարտյալին ընդգրկել «Մետադոն» կոչվող ծրագրում»:
Արդարադատության նախարարի հանձնարարությամբ փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:
Ի դեպ, պաշտոնական հաղորդագրության մեջ կա մի ուշագրավ ձեւակերպում. նախարարությունը հարկ է համարում նշել, թե մետադոնային բուժման ծրագրի մեջ ընդգրկված անձը պարտավորվում է բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որեւէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ:
Մասնագետների գնահատմամբ, մետադոնային բուժման առավելությունը մարդուն ամեն օր թմրանյութ փնտրելու եւ իր օրգանիզմ ներարկելու փորձից զերծ պահելն է։
Կան հրապարակումներ, որոնք անդրադառնում են դատապարտյալ Արթուր Սմբատյանի պնդումներին, թե քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը իրեն չի ընդգրկում «Մետադոն» ծրագրում` դրա համար պահանջելով գումար:
Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. – «Դատապարտյալների առողջական խնդիրների հետ կապված բժշկական ծառայությունը գտնվում է բավական լուրջ պրոբլեմների մեջ: Ծայրահեղ դեպքում է տրամադրվում այդ օգնությունը»:
Սաքունցը դատապարտյալին ու նրա հարազատներին առաջարկում է դատական գործընթաց նախաձեռնել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին այդ նույն քրեակատարողական հիմնարկի երկու դատապարտյալներ տեղեկացրել էին, որ հացադուլ էին հայտարարում, սակայն իրենց պատշաճ ուշադրություն չեն դարձնում, պահանջներն էլ չեն կատարում: Դատապարտյալները կարել էին բերանները, իսկ նրանցից մեկը կտրել էր ճկույթը եւ նույն նամակով ուղարկել լրատվամիջոցներին:
Մեծ աղմուկի տեղիք էր տվել Արդատադատության նախարար Հրայր Թովմասյանի արձագանքը:
«Իրենց համար սովորական բան է դարձել: Ոնց որ աղջիկները ականջօղ են կրում, այդպես էլ իրենց համար այդ կարելն է», – ասել էր Թովմասյանը:
Վերջերս քրեակատարողական հիմնարկներում ինքնախեղման դեպքերին անդրադարձ էր եղել Ազգային ժողովում: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, թե քրեակատարողական հիմնարկներում ծայրահեղության հասած խնդիրներ, կոռուպցիոն երեւույթներ կան: Իսկ Արդարադատության նախարարը ինքնախեղումները բացառելու միակ տարբերակ էր համարել նոր քրեակատարողական հիմնարկների կառուցումը, որտեղ փորձելու են բացառել կտրող, ծակող գործիքների ներթափանցումը:
Իրավապաշտպան, լրագրող Ժաննա Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անցած գիշեր կատարվածի մասին ասաց, թե լավ կլինի, որ Արդարադատության նախարարի նշանակած ծառայողական քննության ընթացքում պարզվի, թե ինչ հիմքով է ոտքերը մեխած եւ բերանը կարած դատապարտյալը հայտարարել, թե քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն իրենից գումար է պահանջել:
Այլապես, ըստ իրավապաշտպանի, ծառայողական քննությունը կտա այն արդյունքը, որը հայտնի է նախորդ դեպքերից: