Տիգրան Առաքելյանի խցակիցը պատմում է՝ ինչու էր որոշել ինքնասպանություն գործել
09:44, January 23, 2013 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք | Քրեակատարողական հիմնարկներՀԱԿ ակտիվստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խցակիցը՝ 20-ամյա Սերոբ Մխիթարյանը, որը վերջերս ինքնասպանության փորձ էր կատարել, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին տված նամակում մանրամասն պատմում է իր հանդեպ կիրառված ապօրինությունների և այն պատճառների մասին, որոնք իրեն ստիպել էին կյանքին վերջ տալ:
«2011 թվականի հունվարին ինձ զանգահարեց իմ ծանոթներից մեկը՝ Անդրանիկ Գաբրիելյանը և ասաց, որ ուզում է՝ հանդիպենք: Ես չմերժեցի իր խնդրանքը:
Երբ հանդիպեցինք, նա ինձ ասաց, որ Մասիս քաղաքում (դա իր բնակավայրն է) խնդիրներ ունի և ինձ խնդրեց իրեն Երևանում ինչ-որ տեղ տեղավորել: Ես նրան տարա իմ ծանոթ Արևիկի տուն, որ այնտեղ գիշերի: Մի քանի օր անց ՝ հունվարի 21-ին, նա ինձ զանգահարեց և ասաց, որ «Օդնոկլասսնիկի» կայքի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, որը բնակվում է Գորիս քաղաքում, և ինձ առաջարկեց իր հետ միասին գնալ Գորիս: Ես էլ՝ քանի որ առանձնապես անելու բան չունեի, որոշեցի իր հետ գնալ: Հաջորդ օրը մենք նստեցինք Գորիս տանող մի տաքսի և ճանապարհ ընկանք: Երբ հասանք Գորիս, ես նրան ասացի, որ իմ մայրիկի քեռին ապրում է այնտեղ և ռեստորան ունի՝ կարող ենք մտնել և ճաշել: Նա հրաժարվեց, ասելով՝ ամոթ է: Ժամը հինգի կողմերը հասանք, և նա հանդիպեց այդ աղջկան: Մոտ մեկ ժամ սպասեցի իրեն կանգառում, ապա վերադարձավ և մենք արդեն ուզում էինք ետ գալ Երևան:
Մայրաքաղաք բերող երթուղայինի վարորդները հրաժարվում էին ճանապարհ ընկնել մառախուղի և ուշ լինելու պատճառով: Ես էլ Անդոյին առաջարկեցի գնալ Լաչին՝ Ջեմմա տատիկիս տուն: Ես և Անդոն մոտեցանք տաքսու վարորդին և հետաքրքրվեցինք, թե նա ինչքան գումարով մեզ կտանի Լաչին, վարորդն ասաց՝ 5000 դրամով, իսկ մեզ մոտ մնացել էր ընդամենը 2000-ը:
Մի խոսքով, տաքսու վարորդին համոզեցինք իր մոտ թողնել Անդոյի բջջայինը՝ պայմանով, որ հետո կվճարենք մնացած 3000 դրամը և այն ետ կվերցնենք: Երբ հասանք Լաչին, ես չէի կարողանում գտնել տատիկիս տան տեղը, քանի որ երկար ժամանակ այնտեղ չէի եղել: Հարցուփորձ արեցինք, մեզ ցույց տվեցին ճանապարհը, և Աշոտ անունով մեկը մեզ ուղեկցեց դեպի այդ տուն:
Մինչ այնտեղ հասնելը կար նաև մի տուն, որտեղ բնակվում էր Նորիկ անունով մի մարդ: Մեզ ուղեկցող Աշոտից Անդոն հետքրքրվեց, թե այս մարդը ո՞նց չի վախենում այս հեռու տեղն է ապրում:
Հետագայում պարզ դարձավ, որ Ջեմմա տատիկս տանը չէ, զանգահարեցի, և նա ասաց, որ հիմա այդտեղ չի բնակվում, որովհետև տեղը շատ վտանգավոր է: Ես նրան հարցրի կարո՞ղ եմ դուռը մի կերպ բացել և գիշերել այդտեղ, նա ասաց՝ այո: Բայց մեզ ուղեկցող Աշոտն ասաց, որ այդտեղ մնալը շատ վտանգավոր է, և մեզ առաջարկեց մնալ իրենց տանը: Մենք համաձայնեցինք և շատ ջերմ ընդունելության արժանացանք: Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Աշոտի փոքր եղբոր՝ Վիտալիի ուղեկցությամբ ճանապարհ ընկանք դեպի ավտոկայան: Երբ Վիտալին արդեն հեռացավ մեզանից, Անդոն ինձ ասաց. «Բա, ախպեր, արի գնանք տատիկիդ տանը մնանք, այդ աղջկան մի անգամ էլ կտեսնեմ, հետո նոր կվերադառնանք Երևան»: Ես էլ համաձայնեցի. քանի որ դռան փականը շատ հին էր, հեշտությամբ կարողացանք բացել և ներս մտնել: Տատիկի տանն ուտելու բան չկար, և Անդոն ասաց՝ արի գնանք այն Նորիկ անունով մարդու տանը մնանք, հա՛մ ուտելիք կլինի, հա՛մ էլ կարողա ծխախոտ ունենա: Ես չհամաձայնեցի ու ասացի, որ ես և իմ քեռի Ռոմիկը մի անգամ արդեն գնացել ենք այդ մարդու տուն, գումար էինք պարտք՝ տվեցինք, հիմա չեմ ուզում գնալ այնտեղ: Անդոն էլ հետաքրքրվեց՝ բա այդ ի՞նչ գումար էր, ինչո՞ւ քեռիդ նրան գումար տվեց, երբ տվեցիք և այլն: Րոպեներ անց Անդոն ասաց՝ դուրս գամ տեսնեմ՝ ում մոտ ծխախոտ կա…. մի 40 րոպե չկար: Դուրս եկա, որ տեսնեմ, թե ու՞ր գնաց կորավ:
Նորիկենց տան մոտով անցա ու տեսա Անդոյին ինչ-որ կնոջ հետ զրուցելիս: Երբ նրան ասացի, թե ինչու՞ է ուշացել, նա ինձ ասաց, որ ճանապարհն էր կորցրել: Ասացի՝ դե, արի բարձրանանք տատիկիս տուն, բայց նա մերժեց՝ ասելով՝ հայրս զանգել, ինձ ասել ա՝ շտապ արի տուն: Ու մենք ճանապարհներս շարունակեցինք դեպի Երևան: Անդոն՝ արի տաքսիով գնանք, ես էլ ասացի, թե գումար չունենք, նա էլ՝ բա չէ ախպեր մոտս 4500 դրամ կա, ուղղակի մտածեցի՝ էն աղջկա հետ տեղ կգնանք, այդ ժամանակ կծախսեմ, դրա համար ավելի շուտ չէի ասում: Հասանք Գորիս, Անդոն վճարեց գումարը, հետո այն հեռախոսի 3000 դրամը: Ճանապարհին ինձ տվեց 10.000 դրամ և ասաց, որ գնանք մամայիս քեռու մոտ ռեստորան՝ հաց ուտելու, այդ ամեննը արդեն ինձ սկսեց տարօրինակ թվալ, ինչևէ, դրանից հետո վերադարձանք Երևան:
Հունվարի 26-ին ծնողներս ինձ ասացին, որ ինձ կանչել են էրեբունու քաղմասից: Հորս և մորս հետ գնացի այնտեղ: Ինձ ապօրինի պահեցին այնքան ժամանակ, մինչև նույն օրը ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանից եկան և ինձ տեղափոխեցին այնտեղ , որտեղ նոր ասացին, որ ինձ կասկածում են Լաչինի բնակիչ Նորիկ Մանուչարյանի տանն արված գողության համար: Ինձ ասացին, որ եթե անգամ ես չեմ արել, ապա պետք է խոստովանեմ, այլապես ինձ ռետինե մահակով կբռնաբարեն: Ձեռնաշղթաներ հագցրին և այդպես ձեռնաշղթաներով աթոռին գամված՝ ամբողջ գիշեր այդտեղ եմ մնացել: Առավոտյան ինձ տարան միլպետի մոտ, Խաչատրյան ազգանունով մեկն էր, ու նույն բանն այնտեղ՝ պետք է գողությունը քո վրա վերցնես: Ես հրաժարվեցի, սկսեցին ծեծի ենթարկել, ռետինե մահակը ցույց էին տալիս, թե դրանով բռնաբարելու են, եթե գողությունն ինձ վրա չվերցնեմ, բայց ես մի կերպ դիմանալով՝ այդպես էլ ինձ վրա չվերցրի չարած բանը:
Ինձ տարան քննիչ Իգոր Ալավերդյանի մոտ, որն, ի դեպ, Անդրանիկի հոր ընկերն է. նա էլ էր ստիպում, որ այդ գողությունն ինձ վրա վերցնեմ:
Հունվարի 31-ին կալանավորման սանկցիա կիրառեցին իմ հանդեպ և տարան Շուշիի բերդ: Ասեմ նաև, որ իր կողմից պաշտպան էր ներգրավել քննիչը, բայց ես հրաժարվեցի: Նա էլ, իմ փոխարեն որպես պաշտպան ներկայանալով, ստորագրում էր ինչ-որ թղթերի տակ: Ես ասում էի, որ չեմ ուզում պաշտպան, իսկ նա ինձ ասում էր՝ ուզես-չուզես, պաշտպանի ներգրավվածությունը պարտադիր է: Բերդի օպեր բաժնի պետը՝ Մարատ Շաբոյանը, բերդի պետը՝ Ասեյանը , վարչության պետի տեղական Ղուլյանը ինձ հանգիստ չէին տալիս, գալիս, խցից հանում էին ու սկսում էին ոտքերով հարվածել, պահում էին մի սենյակում որտեղ ահավոր ցուրտ էր. Դա՝ շուրջ 4 ամիս: Աբոյանը նստում էր ծնկներիս վրա ու բռնում աթոռը , իսկ Ասեյանն էլ՝ հարվածում էր. նաև ուզում էին ռետինե մահակը մտցնել բերանս: Այլևս անհնար էր ամիսներ շարունակ դիմանալ այդօրինակ խոշտանգումներին, չէի կարողանում…։
Բերեցին մի տետր ու կարդացին մի շարք գողություններ, ասացին՝ գրի, որ դու ես արել՝ տանենք Երևան: Ես էլ Ղուլյանին ասացի, որ համաձայն եմ գողությունն ինձ վրա վերցնել, մենակ թե այն սենյակից ինձ հանեն և տանեն նորմալ բանտախուց: Մի քանի օր անց եկավ Շաբոյանն ու ասաց՝ վեր կաց, գնում ենք Երևան՝ Նուբարաշենի ՔԿՀ, որտեղ և այժմ ես գտնվում եմ:
Ինձ մոտ եկավ Արտակ Իսկանդարյան անունով մի քննիչ ու ասաց՝ ինձ մոտ պետք է վերջնական ցուցմունք տաս, ես էլ իրեն ասացի, որ ոչ մի բան էլ չեմ հաստատի, որ այնտեղ ես սուտ եմ ասել Հայաստան տեղափոխվելու համար միայն: Ես պատրաստ էի նույնիսկ մարդասպանություն ինձ վրա վերցնել, միայն թե ինձ տեղափոխեին Երևան: Քննիչն էլ ինձ սպառնաց ետ ուղարկել Շուշիի բերդ: Ես հացադուլ հայտարարեցի… Ինձ խոստացան գործը վերանայել, բայց հայտնվեց քննիչ Իսկանդարյանն ու ասաց, որ գործն ընդունվել է վարույթ… Անիմաստ դարձավ ինձ համար ապրելն ու չարած բանի համար պատասխան տալը, որոշեցի ինքնասպանություն գործել…»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս գործում ներգրավել են փաստաբան Մուշեղ Շուշանյանին, սակայն վերջինիս վատառողջ լինելու պատճառով դատական նիստը կկայանա փետրվարի 1-ին: