ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Հրաչյա Գևորգյանի գործով բողոքը
17:13, December 18, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Իրավունքների չարաշահման արգելում, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Քրեակատարողական հիմնարկներ2014 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր Հ. Տեր-Ադամյանի, քննության առնվեց կալանավոր Հրաչյա Գևորգյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թ. հոկտեմբերի 28-ին կայացրած դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ Հ. Գևորգյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց հետո այնտեղ այցելած ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին պատմել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժանմունքի քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանի հետ 2013 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ունեցած կարճատև տեսակցության մասին: Տեսակցության ընթացքում վերջինս սպառնացել էր քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների միջոցով հաշվեհարդար տեսնել Հ. Գևորգյանի նկատմամբ՝ պահանջելով հետ վերցնել իր դեմ ներկայացված բոլոր բողոքները և ինքնախոստովանական ցուցմունք տալ իր նկատմամբ հարուցված գործով դատաքննության ժամանակ: ՄԻՊ գրասենյակի հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որոնց շրջանակներում, սակայն, կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, որն էլ օրինական ուժի մեջ էր թողնվել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բողոքարկված որոշմամբ:
Վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցում էին Հ. Գևորգյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը և վարույթն իրականացրած Ա. Մաթևոսյանը: Դատաքննության սկզբում նախագահող դատավորը հրապարակեց ստորադաս դատարանի դատական ակտի հիմնավորումները, վերաքննիչ բողոքի էությունը:
Հ. Գևորգյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը հրապարակեց վերաքննիչ բողոքը, ներկայացրեց այն հիմնավորումները, որոնք դրված էին բողոքի հիմքում և որոնք, ըստ բողոքաբեր կողմի, քննության առարկա չէին դարձել թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում: Հաշվի առնելով վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ Հ. Գևորգյանի ներկայացուցիչը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն և խնդրեց բեկանել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը, ընդունել նոր դատական ակտ, վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի քննիչ Ա. Մաթևոսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2014 թվականի հունիսի 24-ի որոշումը և գործն ուղարկել նախաքննության:
Վարույթն իրականացրած Ա. Մաթևոսյանն առարկեց վերաքննիչ բողոքի դեմ, նշեց, որ կատարված քննությամբ կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, քանի որ սպառվել էին այլ ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները:
Դատարանը փորձեց պարզել, թե արդյոք կողմերն ունեն այլ ապացույցներ, որոնք կարող են վկայել արարքի առկայության կամ բացակայության մասին: Հ. Գևորգյանի ներկայացուցիչը հայտնեց, որ նման ապացույցներ չկան, միաժամանակ նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է միջոցներ ձեռնարկեր ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու և րոպեներ անց հրապարակեց կայացված որոշման եզրափակիչ մասը, որով մերժեց ներկայացված բողոքը և օրինական ուժի մեջ թողեց ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թ. հոկտեմբերի 28-ին կայացրած որոշումը: