Ժիրայր Սեֆիլյանի եւ Գագիկ Ծառուկյանի նմանությունը` իշխանության աչքերով
20:00, April 7, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Հիմնադիր Խորհրդարան«Իշխանությունը, հանձինս Սերժ Սարգսյանի, նստած է վառոդի տակառի վրա»,-Aravot.am-ի հետ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան, Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն` անդրադառնալով Հիմնախնդիր Խորհրդարանի գրասենյակներում կատարված խուզարկություններին ևորոշ անդամների ձերբակալություններին: Հիշեցնենք, որ այսօր Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ 2 տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ և ներկայացրել են Հիմնադիր խորհրդարանի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ:
Ձերբակալված են Հիմնադիր խորհրդարանի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Թորոս Սեֆիլյանը եւ Պավլիկ Մանուկյանը. այս մասին լրատվամիջոցներին է հայտնել Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը:
«Չտեսնելու տալ, որ ապրիլի 7-ի առավոտյան Հայաստանի հանրապետությունում իշխանությունն իրականացրեց «բեսպրեդել», բացարձակապես ապօրինություն, անհնար է: Որևէ իրավական հիմքեր չունենալով, այլ զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քաղաքական հրահանգ կատարելով, իշխանությունը անցկացրեց ապօրինի խուզարկություններ Հիմնադիր խորհրդարանի անդամների բնակարաններում և նաև Հիմնադիր խորհրդարանի գրասենյակներում, առանց իրավական հիմնավորման բերման ենթարկեց և հիմա էլ շարունակում է ապօրինությունները ձերբակալությունների ձևով»,-մեզ հետ զրույցում նկատեց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքերով` Հիմնադիր խորհրդարանի կարծիքների հետ համաձայն են մարդիկ, թե` ոչ, այլ է, բայց Հիմնադիր խորհրդարանը բացարձակապես որևկէ ապօրինի գործողություն չի կատարել: Նշենք, որ այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:
Aravot.am-ի այն հարցին` արդյոք Հիմնադիր խորհրդարանն իսկապե՞ս վտանգ էր ներկայացնում, որ իշխանությունները նման քայլի դիմեցին, պարոն Սաքունցն ասաց. «Ճիշտն ասած, չեմ էլ ուզում կապել այս գործողությունները ապրիլի 24-ի հետ, որովհետեւ սրանից առաջ փետրվարի 12-էր, երբ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ ընդամենը 1 հայտարարություն թույլ տվեց` իշխանությունների հրաժարականի պահանջ, այդ թվում` արտահերթ ընտրություններ` ՀՀ նախագահի եւ Ազգային Ժողովի: Եվ դա բավարար էր, որպեսզի իշխանությունը հաշվեհարդար տեսնի Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո նա բնականաբար պետք է լռեր, եւ դա մենք գիտեինք: Բայց խնդիրը հետեւյալն է` բոլորը պետք է լավ հասկանան, որպեսզի ավելորդ մանիպուլյացիաների զոհ չդառնան, իշխանությունը, հանձինս Սերժ Սարգսյանի, ինքը առավել քան որեւէ մեկը, լավ գիտակցում է, որ ինքը նստած է վառոդի տակառի վրա: Այս վառոդի տակառն այնքան պայթունավտանգ է, դա տակառիկ չէ, տակառ է, ամբողջ Հայաստանի հանրապետությունը դա վառոդի տակառ է` սոցիալական, տնտեսական, իրավական, անապահովվածության մակարդակն հասել է այն աստիճանի, հետո նաեւ անվտանգության համակարգը, նկատի ունեմ սահմանային լարվածությունը, որ ցանկացած մի լուցկու հատիկ, որ վառվի կարող է պայթեցնել այն:
Ինքը շատ լավ գիտի, թե ինչպիսին է իրավավիճակը, եւ տարբեր պրոպագանդիստական ուղեղները լվանալն, այդ թվում լրատվական միջոցներով, այդ իրավիճակը նենգափոխել եւ ներկայացնել այնպես, որ իբր կան խնդիրներ, բայց դրանց լուծման ուղղությամբ քայլեր են կատարում եւ այլն, սա նշանակում է ճշմարիտ պատկերը չվերարտադրել: Եվ սրան լծված բոլոր քաղաքական ուժերը եւ գործիչները, որոնք մեղադրում են Հիմնադիր խորհրդարանին, որը կարող էր այդ լուցկու հատիկի դերը կատարել, դրանք ուրեմն, ծառայում են ռեժիմի իշխանության շարունակությանը, որովհետեւ վախենում էին պատասխանատվություն վերցնելուց, որովհետեւ այդ վառոդի տակառից պայթելու է ոչ թե Հայաստանի հանրապետությունը, պայթելու է իշխանությունը, եւ նրան սպասարկողները, նրանք են վերանալու»:
Aravot.am-ի այն հարցին էլ` արդյոք այս վերջին դեպքերից հետո հանրային ընդվզում, բողոքի ալիք կբարձրանա՞, թե հանրությունն անտարբեր կմնա, պարոն Սաքունցն ասաց. «Այդ հարցին, ցավոք սրտի, որեւիցե պատասխան չունեմ, բայց, որ անհետեւանք չի մնա, միանշանակ է»:
Աղբյուրը՝ www.aravot.am